Ջրի վարակազերծում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջրի վարակազերծում, սանիտարատեխնիկական միջոցառումներ, որոնց նպատակը խմելու ջրում գտնվող վարակիչ հիվանդությունների (խոլերա, դիզենտերիա, պարատիֆեր, ամեոբիազ, տուլարեմիա) հարուցիչների ոչնչացումն է։ Տարբերում են Ջրի վարակազերծման քիմիական կամ ռեագենտային և ֆիզիկական կամ ոչ ռեագենտային մեթոդներ։ Քիմիական մեթոդներից են՝ ջրի քլորացումը, օզոնացումը, ծանր մետաղների իոններով վարակազերծումը և այլն։ Ֆիզիկական մեթոդների դեպքում օգտագործում են ուլտրամանուշակագույն ճառագայթներ, գերձայն և այլն։ Քիմիական մեթոդների դեպքում վարակազերծման կայուն արդյունք ստանալու համար անհրաժեշտ է ներմուծվող ռեագենտի ճիշտ դոզավորում և ջրի հետ դրանց բավարար տևողությամբ շփման ապահովում։ Դոզան հաշվվում է ավելցուկով (մնացորդային քլոր և օզոն), որն ապահովում է վարակազերծումից որոշ ժամանակ անց ջրի մեջ թափանցող մանրէների ոչնչացումը։ Քլորացումը Ջրի վարակազերծման առավել տարածված մեթոդ է ազդեցությունը պայմանավորված է ազատ քլորի և նրա միացությունների հատկությամբ ընկճել մանրէների ֆերմենտային համակարգերը, որոնք կատալիզում են օքսիդա-վերականգնման պրոցեսները։ Օգտագործում են քլոր, քլորի երկօքսիդ, քլորամին և քլորակիր։ Ավելցուկային ազատ քլորի քանակությունը քլորացումից 30 ր անց պետք է լինի 0,3 մգ/լ-ից ոչ պակաս։ Վարակիչ հիվանդությունների վտանգի դեպքում կատարվում է ջրի գերքլորացում։ Քլորացումը կիրառում են նաև դաշտային պայմաններում (առավել հուսալի է գերքլորացումը)։ Օզոնացման դեպքում օզոնը ջրում տարրալուծվելով առաջացնում է ատոմական թթվածին, որը քայքայում է մանրէների բջիջների ֆերմենտային համակարգերը և օքսիդացնում ջրի տհաճ հոտը պայմանավորող որոշ միացություններ։ Օզոնացումը Ջրի վարակազերծման լավագույն մեթոդներից է, կիրառվում է միայն կենտրոնացված ջրամատակարարման դեպքում։ Ծանր մետաղների (պղինձ, արծաթ և այլն) իոնների փոքր կոնցենտրացիաները ես օժտված են մանրէասպան հատկությամբ։ 20-րդ դարի սկզբներին կիրառել են նաև Ջրի վարակազերծում, բրոմի և յոդի միացություններով։ ժամանակակից պրակտիկայում յոդատներով Ջրի վարակազերծում կիրառվում է հիմնականում խպիպի տարածման շրջաններում։ Քիմիական նյութերը (օրգանական քլորամիններ, յոդօրգանական միացություններ) կարող են օգտագործվել անհատական Ջրի վարակազերծման համար։ Դրանք օժտված են բարձր մանրէասպան ակտիվությամբ, անվնաս են մարդու համար, ջրում արագ են լուծվում, չեն փոխում ջրի օրգանոլեպտիկ հատկությունները և այլն։ Ուլտրամանուշակագույն ճառագայթներով վարակազերծման դեպքում քայքայվում են բակտերիային բջիջների ֆերմենտային համակարգերը, ոչնչանում են՝ բակտերիաների ոչ միայն վեգետատիվ, այլև սպորավոր ձևերը և չեն փոխվում ջրի օրգանոլեպտիկ հատկությունները։ Գերձայնով վարակազերծելիս ջրում ստեղծվում է ճնշումների մեծ տարբերություն, որի հետևանքով պատռվում է բակտերիաների բջջաթաղանթը և բջիջը մահանում է։ Ջրի վարակազերծման ֆիզիկական անհատական մեթոդներից ամենահուսալին և տարածվածը ջրի եռացնելն է, որի դեպքում ոչնչանում են մանրէները, հեռանում են լուծված գազերը, նվազում է ջրի կոշտությունը։ Պետական տիպօրինակի համաձայն պահանջվում է, որ 1 մլ չնոսրացված ջրում բակտերիաների ընդհանուր քանակությունը լինի 100ից, աղիքային ցուպիկինը (կոլի ինդեքս)՝ 3-ից, կախված նյութերինը՝ 1,5 մգ-ից ոչ ավելի, իսկ հեղուկ միջավայրերում որոշելիս (կոլի տիտրը) 300-ից ոչ պակաս։ ՀՍՍՀ-ում առավել տարածված է Ջրի վարակազերծման քլորացման մեթոդը՝ հիմնականում գազային քլորի և քլորակրի միջոցով, վերջին ժամանակներս՝ նաև օզոնով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 543