Բաղնիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Բաղնիք (այլ կիրառումներ)
1920-ական թվականների գյուղական բաղնիք Ռուսաստանում, Բորիս Կուստոդիև, «Ռուսական Վեներա»

Բաղնիք, հատուկ սարքավորված շինություն, որը նախատեսված է մարմինը ջրով (տաք օդի կամ գոլորշու զուգակցմամբ) լվանալու համար։ Հայտնի է եղել դեռևս հին ժամանակներից, միջնադարյան Հայաստանում բաղնիք եղել է նաև բուժման, հանդիպումների, մրցումների և ծիսակատարությունների վայր։ Ճարտարապետական արժեք ունեն Գառնիի (2-3-րդ դարեր), Դվինի (6-7-րդ դարեր), Ամբերդի (10-11-րդ դարեր), Անիի Բագրատունիների պալատի (9-12րդ դարեր) և Հոնենց տոհմի (12-13-րդ դարեր), Երևանի (13-19-րդ դարեր), Գյումրու (19-րդ դար) բաղնիքները։

Բուժական ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական բաղնիքի ներքին կահավորանք

Բաղնիքների հիմնական ազդող գործոնը գոլորշին է (շոգեբաղնիք)։ Բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ արյունատար անոթները լայնանում են, բարելավվում է մաշկի, մկանների, հոդերի, ներքին օրգանների արյունամատակարարումը, հաճախանում է սրտի կծկումների թիվը, արագանում է նյութափոխանակությունը, ավելանում թթվածնի հանդեպ պահանջը և ածխաթթու գազի հեռացումը։ Ուժեղանում է քրտնագեղձերի և ճարպագեղձերի գործունեությունը, սկսվում է առատ քրտնարտադրություն, որը նպաստում է ոչ միայն մաշկի լավ մաքրմանը, այլև նյութափոխանակության արգասիքների արագ հեռացմանը։

Շատ հետազոտողների կարծիքով, բաղնիքում սրտի և թոքերի գործունեության ակտիվացումը նպաստում է սիրտանոթային և շնչառական համակարգերի մարզմանը։ Բաղնիքում գոլորշու ազդեցությունից մկանունքը թուլանում են, մկանային հոգնածությունն արագ վերանում է, և աշխատունակությունը վերականգնվում, քանի որ բարձր ջերմաստիճանը նպաստում է հոգնածությունից մկաններում կուտակված կաթնաթթվի արագ հեռացմանը։ Բացի այդ, բարձրացնելով նյութափոխանակության ուժգնությունը և առաջացնելով առատ քրտնարտադրություն, բաղնիք նպաստում է ճարպային կուտակումների նվազմանը։

Ուստի կանոնավոր հաճախումները բաղնիք նպաստում են մարմնի քաշը կայուն պահելուն։ Սակայն նիհարելու նպատակով բաղնիքային արարողություն չի կարելի կատարել առանց բժշկի խորհրդի։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից սաունա

Առավել տարածված են ռուսական (գոլորշիով) և ֆիննական (չոր օդով՝ սաունա) բաղնիքները։ Դրանք տարբերվում են շոգեսենյակում օդի ջերմաստիճանով և խոնավությամբ։ Եթե ռուսական բաղնիքում ջերմաստիճանը հասնում է 55-60 °C (առավելագույնը՝ 70 °C), հարաբերական խոնավությունը՝ 80-90 %, ապա սաունայում համապատասխանաբար 70-90 °C, 5-15%։ Սաունայում բարձր ջերմաստիճանն ավելի տանելի է, քան գոլորշիով բաղնիքում, որտեղ բարձր ջերմաստիճանից սահմանափակվում է քրտնարտադրությունը։ Միևնույն ժամանակ, այդպիսի ջերմաստիճանը բարձրացնում է բաղնիքային արարողության ազդեցությունը։ Դրա համար ավելով շոգեհարվելը, ինչպես ռուսական բաղնիքում, սաունայում խորհուրդ չի տրվում, քանի որ նման դեպքում, կապված մերսման և բարձր ջերմաստիճանի ազդեցության զուգակցման, ինչպես նաև խոնավության բարձրացման հետ, աճում է օրգանիզմի բեռնվածությունը։ Սաունա հաճախելիս հարկավոր է մերսում կատարել անպայման շոգեսենյակից դուրս գալուց 10-15 րոպեից ոչ շուտ։ Խորհուրդ չի տրվում նաև սաունայի շոգեսենյակում ջերմաստիճանը հասցնել 90 °C-ից բարձր, թեպետ նշված է, որ վերականգնող, գործընթացների ուժգնությունը սաունայում պայմանավորված է բարձր ջերմաստիճանով։

Օգտագործման կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գառնիի հեթանոսական տաճարի բաղնիքի խճանկարով հատակից հատված

Բաղնիքային արարողության բուժիչ հատկությունների արդյունավետ օգտագործումը պահանջում է որոշակի կանոնների պահպանում, այլապես այն կարող է անուղղելի վնաս հասցնել։ Չի թույլատրվում բաղնիք հաճախել քաղցած կամ կուշտ կերած, ինչպես նաև անմիջապես քնելուց առաջ։ Սաունայի շոգեսենյակ ցանկալի է մտնել չոր, իսկ ռուսականինը՝ նախապես տաք ջրով թրջված մարմնով։ Գլուխը չպետք է թրջել։ Չոր մազերը, ֆետրե կամ բրդե գլխարկը գլուխը պահպանում են ջերմահարությունից։ Շոգեսենյակում մնալու տևողությունը խիստ անհատական է. նույնիսկ բացարձակ առողջ մարդկանց խորհուրդ չի տրվում սաունայում գտնվել 10 րոպեից, ռուսական բաղնիքում 5-7 րոպեից ավելի։ Շոգեսենյակից դուրս գալու ազդանշանն առատ քրտնարտադրությունն է։ Բաղնիքի սիրահարները, սովորաբար, շոգեսենյակից դուրս գալուց հետո, անմիջապես ջրցողվում են սառը ջրով։ Դա լավ կոփող և մարզող միջոց է, սակայն նորեկներին խորհուրդ չի տրվում այն կատարել միանգամից։

Հակացուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած մի շարք բուժիչ հատկություններին՝ բաղնիք օգտակար է ոչ բոլորին։ բաղնիքից պետք է խուսափեն սուր շնչառական հիվանդություններով տառապողները, իսկ տարեց և գեր մարդիկ նախապես պետք է խորհրդակցեն բժշկի հետ։ Վահանագեղձի հիվանդությամբ, հիպերտոնիկ հիվանդության ծանր ձևերով, սրտի և գլխուղեղի արյան անոթների արտահայտված աթերոսկլերոզով, սրտի արատով և որոշ այլ հիվանդություններով տառապողները բաղնիք պետք է հաճախեն միայն բժշկի թույլտվությամբ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дубровский В. И., Дубровская А. В. Русская баня и массаж. — М.: Владос-пресс, 2008. — 312 с. — ISBN 978-5-305-00221-8
  • Фальковский Н. И. (1950)։ «Бани и портомойни»։ Москва в истории техники։ Московский рабочий։ էջեր 162—167։ Վերցված է 2013-11-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png