Շնչառական համակարգ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Շնչառություն, մարմնի և միջավայրի միջև տեղի ունեցող գազափոխանակությունը։ Նորմալ կենսագործունեության համար մարմնին անհրաժեշտ է էներգիա։ Սննդանյութերից էներգիայի ստացումն ընթանում է թթվածնի կլանմամբ և ածխաթթու գազի անջատմամբ։ Քանի որ մարմնում չկա թթվածնի պաշար և առանց որի բջիջները մահանում են, ապա անհրաժեշտ է թթվածնի անընդհատ մուտք դեպի օրգանիզմ։ Մյուս կողմից ածխաթթու գազը պետք է հեռացվի մարմնից, քանի որ նրա զգալի քանակության կուտակումը վտանգավոր է կյանքի համար։ Օդից թթվածնի կլանումը և ածխաթթու գազի արտազատումը իրագործվում է շնչառական համակարգի միջոցով։ Շնչառական համակարգը կազմում են շնչուղիները (քթի խոռոչ, քթաըմպան, ըմպան, կոկորդ, շնչափող, բրոնխներ) և թոքերը։ Շնչուղիներով օդը հասնում է թոքեր, որտեղ իրականանում է գազափոխանակությունը։
Քթի խոռոչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քթի խոռոչի ներքին մակերեսը պատված է արյունատար անոթներով հարուստ լորձաթաղանթով։ Ներշնչվող օդը քթի խոռոչում տաքանում է, խոնավանում, մաքրվում փոշուց և մասամբ վարակազերծվում։ Ապա այն անցնում է քթաըմպան, ըմպան, իսկ հետո՝ կոկորդ։ Կոկորդում գտնվում են ձայնալարերը, որոնք թրթռում են իրենց միջով օդ անցնելիս և առաջացնում ձայն (արտաշնչման ժամանակ)։ Կոկորդով օդն անցնում է շնչափող, որը գտնվում է կերակրափողի առջևում։ Կլման ժամանակ մակկոկորդը կափույրի նման փակում է կոկորդի մուտքը և խոչընդոտում շնչառական ուղիների մեջ օտար մասնիկների ու հեղուկների թափանցմանը։ Կրծքավանդակի խոռոչում շնչափողը բաժանվում է երկու՝ աջ և ձախ բրոնխների։ Բրոնխները ճյուղավորվում են՝ առաջացնելով բրոնխիալ ծառ, որի ծայրամասային օդատար խողովակները վերածվում են թոքաբշտերի (ալվեոլների)։ Թոքաբշտերը (ալվեոլները) մանրագույն բրոնխների ողկույզանման վերջավորություններն են, որտեղ կատարվում է գազափոխանակություն։ Թոքաբշտերը պատված են արյունատար անոթների խիտ ցանցով։
Կոկորդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոկորդը տեղավորվում է չորրորդ, հինգերորդ և վեցերորդ վզային ողերի մակարդակի վրա, պարանոցի առաջնային երեսին, գոյացնելով այնտեղ մի բարձրություն, որը պարզ նկատելի է մաշկի տակից։ Նրա ետևում ընկած է ըմպանը, որի հետ նա կոկորդի միի բացվածքի՝ կոկորդամուտքի միջոցով անմիջապես հաղորդակցության մեջ է։ Կոկորդի կողքերով անցնում են պարանոցի արյան խոշոր անոթները, իսկ առջևից կոկորդը պատված է ստոր-կորճային մկաններով։ Դեպի վեր կոկորդը վերածվում է շնչափողի։ Կոկորդը բաղկացած է մի քանի շարժուն աճառներից, կապված միմյանց կապանների միջոցով։ Բացի այդ կոկորդն ունի փոքր մկաններ, որոնք շարժում են աճառիկները մեկը մյուսի նկատմամբ։ Ներքին կոկորդուն են գտնվում ձայնալարերը։ Կոկորդի ներքին խոռոչը ծածկված է լորձաթաղանթով։ Նրա երկարությունը վահանաճառի վերին եզրից մինչև մատանիաձևի ստորին եզրը հավասար է 44 մմ-ի տղամարդու և 36 մմ-ի կնոջ մոտ։
Շնչափող
[խմբագրել | խմբագրել կոդը]Շնչափողը սկսվում է 6-րդ պարանոցային ողի ստորին ողի մակարդակի վրա և վերջանում է 5-րդ կրծքային ողի վերին ողի բարձրության վրա։ Այստեղ նա բաժանվում է իր երկու՝ աջ և ձախ բրոնխներին։ Շնչափողի երկարությունը տատանվում է 9-ից մինչև 10 սմ, լայնական տրամագիծը միջին թվով 15-18 մմ։ Պարանոցային հատվածը ծածկված է վահանագեղձով, որի նեղուցը տեղավորվում է 2-4 ողերի վրա, այնինչ գեղձի կողմնային բլթերը իջնում են մինչև 5-րդ կամ 6-րդ ողը։
Շնչափողի կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Շնչափողի պատերը բաղկացած են 16-20 աճառային ոչ լրիվ օղերից, միացած են նյարդակազմ օղակաձև կապաններով։ Առաջին աճառային օղը սովորաբար քիչ ավելի լայն է մյուսներից։ Օղի միջին լայնությունը 3-4 մմ է։ Շնչափողի ետին նյարդակազմ պատը տափակ է և պարունակում է հարթ մսաթելեր, որոնք գլխավորապես լայնական ուղղություն ունեն։ Նրանք ոչ միայն միացնում են օղերի ծայրերը միմյանց այլ մաև ընդգրկում են միջօղային տարածությունները։ Լորձաթաղանթը վարդագույն է, ծածկված է թարթչավոր էպիթելով ր հարուստ է լիմֆոիդ հյուսվածքով ու լորձային գեղձիկներով։ Խոշոր գեղձիկները գտնվում են շնչափողի ետին պատին, սրանք դասավորված են ոչ միայն ենթալորձային հյուսվածքի մեջ, այլև մասամբ թափանցում են մինչև շարակցանյարդային շերտի արտաքին երեսը։
Բրոնխներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շնչափողը վերջանալով երկատվում է առաջացնելով զույգ բրոնխներ։ Նրանք հեռանում են իրարից համարյա 90 աստիճանի անկյան տակ և ուղղվում են դեպի համապատասխան թոքերը։ Աջ բրոնխը ձախից ավելի լայն է համապատասխան աջ թոքին, որն ավելի մեծ է, քան ձախը։ Միևնույն ժամանակ ձախ բրոնխը համարյա 2 անգամ երկար է աջից։ Աջ բրոնխի աճառային օղերի թիվը 6-8 է, իսկ ձախինը՝ 9-12: Աջ բրոնխը նույնիսկ կարելի է համարել շնչափողի շարունակություն։
Թոքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոքերը կրծքավանդակում տեղակայված սպունգանման, զույգ օրգաններ են, որոնք շնչառության միջոցով մարմինն ապահովում են թթվածնով և մարմնից դուրս են բերում ածխաթթու գազը։ Թոքերը պատված են թաղանթով՝ թոքամզով (պլևրա)։ Թոքամիզը, պատելով յուրաքանչյուր թոքը, անցնում է կրծքավանդակի ներքին պատերի վրա և թոքի շուրջն առաջացնում փակ թոքամզային խոռոչ։ Թոքամզային խոռոչում ճնշումը մթնոլորտայինից ցածր է։ Ճնշումների տարբերության շնորհիվ ապահովվում է օդի անցումը թոքեր։ Աջ թոքը կազմված է 3, իսկ ձախը՝ 2 բլթից։
Ներշնչման Ժամանակ կրծքավանդակի մկանները և ստոծանին կծկվում են՝ մեծացնելով կրծքավանդակի ծավալը։ Քանի որ թոքամզային խոռոչում ճնշումը մթնոլորտայինից ցածր է, կրծքավանդակի ծավալի մեծացման հետ մեկտեղ, լայնանում են նաև թոքերը, որի հետևանքով օդն անցնում է այնտեղ։ Արտաշնչման ժամանակ վերոհիշյալ մկանը թուլանում է, և օդը դուրս է գալիս թոքերից։ Թթվածինը՝ անցնելով ալվեոլի և արյունատար անոթի բարակ պատի միջով, ներթափանցում է օդից արյուն, իսկ ածխաթթու գազը՝ հակառակ ուղղությամբ։
Հեմոգլոբինը, որի ֆունկցիան է թթվածնի մատակարաումը բջիջներին և այնտեղից ածխաթթու գազի հեռացումն է, իրականանում է համապատասխանաբար օքսիհեմոգլոբին և կարբօքսիհեոգլոբին անկայուն միացությունների շնորհիվ։ Շնչառության ժամանակ հնարավոր է ներշնչել նաև թերայրումից առաջացած շմոլ գազ, որը հեմոգլոբինի հետ կազմում է կայուն կարբօքսիհեմոգլոբին կայուն միացությունը, որը վտանգավոր է կյանքի համար։
Մարդու շնչառության հաճախությունը և ծավալը կախված է մարմնի թթվածնի պահանջից։ Չափահաս մարդը հանգիստ վիճակում մեկ ներշնչման ընթացքում ներշնչում է մոտավորապես 500 մլ օդ։ Շնչառության հաճախությունը կախված է տարիքից.
- ծծկեր երեխաների մոտ՝ րոպեում 40-60 շնչառական շարժում,
- 1-8 տարեկան երեխաների մոտ՝ րոպեում 20-25 շնչառական շարժում,
- 8 տարեկանից բարձր երեխաների և չափահաս մարդկանց մոտ՝ րոպեում 14-18 շնչառական շարժում։
Շնչառությունն անընդհատ է և կառավարվում է նյարդային համակարգի կողմից։ Մարդու շնչառությունը կարող է դժվարանալ կրծքավանդակի վնասվածքների, շնչառական հիվանդությունների, ալերգիկ վիճակների, շնչուղիների խցանման և այլ պատճառներով։ Այս պատճառները կարող են հանգեցնել շնչառության կանգի, որը կյանքին անմիջական վտանգ սպառնացող իրավիճակ է։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ն. Կ. Լիսենկով, Վ. Ի. Բուշկովիչ- Մարդու նորմալ անատոմիան, Երևան, 1948, 482
- Шмальгаузен И. И. Основы сравнительной анатомии позвоночных животных. — 4 изд.. — М., 1947.
- Беклемишев В. Н. Основы сравнительной анатомии беспозвоночных: В 2 т. 3-е изд.. — М., 1964.
- Масенов Т. М. Биодинамика легких у млекопитающих. — А.-А., 1968.
- Gans С. Strategy and sequence in the evolution of the external gas exchangers of ectothermal Vertebrates // Forma et Functio. — 1970. — В. 3. — С. 61-104.
- Duncker H.-R. Structure of avian lungs // Respiration Physiology. — 1972. — В. 14. — № 1/2.
- Антипчук Ю. П., Соболева А. Д. Эволюция респираторных систем. — Новосиб., 1976.
- Иорданский Н. Н. Эволюция органов дыхания хордовых животных (Низшие хордовые и первичноводные позвоночные) // Биология в школе. — 1989. — № 1.
- Иорданский Н. Н. Эволюция органов дыхания хордовых животных (Наземные позвоночные) // Биология в школе. — 1989. — № 4.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- A high school level description of the respiratory system
- Introduction to Respiratory System Արխիվացված 2009-11-24 Wayback Machine
- Science aid: Respiratory System A simple guide for high school students
- The Respiratory System University level (Microsoft Word document)
- Lectures in respiratory physiology Արխիվացված 2020-04-27 Wayback Machine by noted respiratory physiologist John B. West (also at YouTube)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շնչառական համակարգ» հոդվածին։ |
|