Աթերոսկլերոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աթերոսկլերոզ
Endo dysfunction Athero.PNG
Տեսակ հիվանդություն[1]
Ենթադաս արթերիոսկլերոտիկ սրտանոթային հիվանդություն[1] և աթերոսկլերոզ
Բուն պատճառ C35768[1] և C35771[1]
Հիվանդության ախտանիշ աթերոմա
Բժշկական մասնագիտություն սրտաբանություն
Հիվանդությունների բազա 1039
MedlinePlus 000171
eMedicine 1950759
MeSHID D050197
Disease Ontology DOID:1936
NCI Thesaurus C35768[1] և C35771[1]
Atherosclerosis Վիքիպահեստում

Աթերոսկլերոզ, զարկերակների քրոնիկ հիվանդություն, որն աստիճանաբար հանգեցնում է դրանց լուսանցքի նեղացման և ֆունկցիայի խանգարման։ Արդյունքում լարված աշխատող օրգաններին թթվածին և սննդանյութեր մատակարարող զարկերակներում արյան հոսքը դառնում է անբավարար, իսկ համապատասխան օրգանի ֆունկցիոնալ հնարավորությունները երբեմն բավականաչափ նվազում են։

Զարկերակի պատի աթերոսկլերոզով ախտահարված հատվածներում միշտ հայտնաբերվում են խոլեստերինի կուտակումներ՝ թելքավոր (սպիական) հյուսվածքի բջիջների ու թելիկների հետ մեկտեղ։ Դա առիթ է հանդիսացել, որպեսզի խոլեստերինը համարվեր աթերոսկլերոզի առաջացման պատճառ։ Հետագայում սակայն պարզվեց, որ դա բոլորովին էլ այդպես չէ։

Խոլեստերին[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթերոսկլերոզը և լիպոպրոտեինները

Խոլեստերինը մեծ քանակությամբ արտադրվում և պարունակվում է գլխուղեղում, մակերիկամներում։ Այն առկա է կենդանի օրգանիզմի բջիջների գերակշռող մեծամասնության բջջաթաղանթներում։ Դրանով շատ հարուստ է նաև ճարպային հյուսվածքը։ Մարդու օրգանիզմում խոլեստերինը ենթարկվում է տարբեր փոխարկումների։ Այդ դեպքում, նյութափոխանակության առանձնահատկություններից կախված, կարող են առաջանալ խոլեստերինի այնպիսի միացություններ (գլխավորապես սպիտակուցային բնույթի նյութերի հետ), որոնց կազմում այն հեշտությամբ է թափանցում անոթի պատի մեջ։

Այդպիսի դեպքերում խոլեստերինի կոնցենտրացիան արյան շիճուկում, որպես կանոն, բարձր է, ուստի աթերոսկլերոզով հիվանդների մեծամասնության արյան մեջ խոլեստերինի քանակության ավելացումը (գերխոլեստերինարյունություն) համարվում է հիվանդության խորացումն արագացնող անցանկալի գործոն։

Հիվանդության պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթերոսկլերոզի առաջացման և հետագա խորացման համար կարևոր, եթե ոչ որոշիչ, դերը պատկանում է զարկերակի պատի հյուսվածքների բջիջների փոփոխություններին, գրանցում կատարվող կենսաքիմիական գործընթացների շեղումներին։

Ախտաբանական գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Աորտայի ուժեղ աթերոսկլերոզ

Աթերոսկլերոզի ախտաբան գործընթացն ունի 2 դրսևորում, մի դեպքում անոթի պատի փոփոխությունները խորանում են, և դրանում ավելանում են խոլեստերինի կուտակումները, մյուս դեպքում զարկերակի պատից խոլեստերինը դուրս է գալիս, կուտակումները ներծծվում են, և անոթի պատի վնասված հատվածները ապաքինվում են, իսկ վաղ սկզբնական փուլերում անոթի կառուցվածքը լրիվ վերականգնվում է։ Այլ կերպ՝ աթերոսկլերոզի բնորոշ առանձնահատկությունը ոչ միայն դանդաղ առաջացումն է, այլև այս կամ այն չափով հետզարգացման ունակությունը։

Քանի որ աթերոսկլերոզ առաջանում է դանդաղ (երբեմն տասնյակ տարիների ընթացքում), և նրան բնորոշ է ալիքաձև ընթացքը (հիվանդության սրացման փուլերին հաջորդում են հանդարտման՝ ռեմիսիայի փուլերը), ուստի աթերոսկլերոզի կանխարգելումը չի կարող սահմանափակվել որևէ ժամկետով կամ կուրսով, այն պետք է սկսել պատանեկան հասակում և անընդմեջ շարունակել ամբողջ կյանքի ընթացքում։ Աթերոսկլերոզի կանխարգելման միջոցառումներն են առողջ ապրելակերպը, բժշկի խորհուրդների և հանձնարարականների կատարումը, որոնք նպաստում են զարկերակի պատի ամբողջականության պահպանմանը և դրանցում խոլեստերինի կուտակման կանխմանը։

Հաստատված է, որ արյան անոթի պատի փոփոխություններն առաջանում են բարդ նյարդային, ինչպես նաև հորմոնային ու այլ կենսաքիմիական (ծննդյան օրից սկսած մարդու սիրտանոթային համակարգի գործունեությունը կարգավորող) մեխանիզմների խանգարումների և գործունեության անհամամասնության հետևանքով։ Այդ կարգավորող մեխանիզմների «բեկումը» կարելի է ներկայացնել որպես բնական, բայց ուժից վեր «աշխատանքային» բեռնվածություն, այսպես կոչված, լարվածության արդյունք, որը բնույթով ֆիզիոլոգիական է, բայց չափից ավելի, ըստ ուժգնության և տևողության։

Էվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում ձևավորվել են ֆիզիոլոգիական և կենսաբանական կատարյալ մեխանիզմներ, որոնք ապահովում են նրա փոխազդեցությունը շրջապատող միջավայրի հետ։ Վերջինիս գործոնների ազդեցությունն ամենից առաջ ընկալվում է նյարդային համակարգով, որը և «կազմակերպում է» օրգանիզմի պատասխան հակազդեցությունները։ Նյարդային համակարգի գրգռիչ է նաև խոսքը։

Սիրտը և անոթային համակարգը գործնականում մասնակցում են շրջապատող միջավայրի գրգռիչների հանդեպ մարդու պատասխան հակազդեցությանը, հատկապես՝ նրա հուզումների, մկանային գործունեության իրականացմանը։ Ուստի բնական է, որ նյարդային համակարգի գերլարումն ուղեկցվում է սրտի և անոթային համակարգի լարված գործունեությամբ։

Արտաքին գրգռիչների հանդեպ հակազդեցություններն ընթանում են նվազ լարումով այն դեպքում, եթե տվյալ անհատի հիմնական ներքին համակարգերն իրենց տրամադրության տակ ունեն համապատասխան «հզորության պաշար» և ֆունկցիոնալ հնարավորությունների աղբյուր։ Հակառակ դեպքում բեռնվածությունն օրգանիզմի ներքին որևէ համակարգի համար թվում է ուժից վեր, որը հանգեցնում է մյուս (հաճախ նյարդային և սիրտանոթային) համակարգերի անհամաչափ գերլարվածության։

Հիվանդության կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթերոսկլերոզով աորտայի պատի միկրոլուսանկարը (էոզինով և հեմատոքսիլինով ներկում)

Նյարդահուզական լարումը կամ հոգեկան վիճակը խաթարող իրադրությունները դարձել են ժամանակակից մարդու անոթային համակարգի վրա բացասաբար ազդող հիմնական գործոններ։ Ուստի կենցաղում և արտադրության մեջ այդպիսի իրադրությունները նվազագույնի հասցնելը աթերոսկլերոզի կանխարգելման կարևորագույն խնդիրներից է։

Անձնական, անհատական կանխարգելման հիմքն օրգանիզմում նյարդային և հորմոնային կարգավորման ամենաբարենպաստ ակտիվության պահպանումն է, որի խանգարումը յուրաքանչյուր մարդու համար որոշվում է ոչ այնքան արտաքին գրգռիչների բնույթով, որքան դրանց հանդեպ օրգանիզմի հակազդեցությամբ։ Արտաքին, հատկապես խոսքային, գրգռիչների հանդեպ մարդկային հակազդեցությունների տարբերակներից ամենալավ նյարդահորմոնային ֆոնն ապահովվում է մարդկանց հանդեպ բարյացակամ վերաբերմունքով։

Մարդու կյանքում բացասական գործոններ են համարվում թերշարժունությունը, մեծ քանակությամբ ճարպեր և ածխաջրեր պարունակող առատ սննդի ընդունումը, սննդում վիտամինային հաշվեկշռի խանգարումը, ծխախոտի չարաշահումը։ Աթերոսկլերոզի կանխարգելումն ընդգրկում է այդ գործոնների վերացումը։

Խոլեստերինի կուտակման կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրգանիզմի բոլոր նյութերի բնականոն կենսաքիմիական փոխակերպումներն ապահովող գլխավոր լաբորատորիան լյարդն է։ Դրա գործունեությունն ապահովելու համար խորհուրդ է տրվում սահմանափակել կամ բացառել գաստրոնոմիական վերամշակման ու խոհարարական մշակման ժամանակ սննդին ավելացվող բաղադրամասերը և սնունդը հարստացնել վիտամիններով։ Մարմնի ավելորդ քաշի ավելացումը զուգակցվում է արյան մեջ ճարպերի և ճարպանման նյութերի կոնցենտրացիայի աճով, որն անխուսափելիորեն դժվարացնում է աթերոսկլերոզային նստվածքի ներծծումը՝ նպաստելով դրանց կուտակմանը։ Ուստի օգտակար է սննդում բուս, յուղի օգտագործումը, որը խոչընդոտում է այդ կուտակմանը և կիսով չափ ապահովում ճարպերի օրական պահանջը։ Կարևոր է նաև մարմնի ավելորդ քաշից ազատվելը։

Զարկերակային ճնշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթերոսկլերոզի առաջացումը և խորացման արագությունը սերտորեն կապված են զարկերակային ճնշման բարձրացման հետ։ Անհրաժեշտ է ընդգծել, որ զարկերակային ճնշումն իջեցնելու նպատակով ինքնաբուժման փորձերն անվտանգ չեն և կարող են անբարենպաստ հետևանքներ ունենալ՝ հանգեցնելով գլխուղեղի, սրտի և այլ օրգանների արյունամատակարարման կտրուկ վատացման։

Շաքարախտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթերոսկլերոզի առաջացմանը նպաստում է նաև շաքարախտը։ Այդպիսի հիվանդները ենթակա են մշտական բժշկական հսկողության։

Աթերոսկլերոզի ժառանգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրտը սնող զարկերակներից մեկի լայնական կտրվածքի միկրոլուսանկարը։ Պարզ երևում է աթերոսկլերոզը և լուսանցքի նեղացումը։ Պատվաստուկը ներկված է Մասոնի եռագույն ներկով։

Աթերոսկլերրոզի ժառանգական փոխանցումը պարտադիր չէ, սակայն որոշ նախատրամադրվածություն կարող է փոխանցվել։ Նման դեպքերում պետք է հատուկ ուշադրություն դարձնել կանխարգելիչ միջոցառումներին։

Ախտաբանական փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր զարկերակները միասին ախտահարվում են հազվադեպ։ Առավել հաճախ նկատվում է գլխուղեղի, սրտի, երիկամների, ոտքերի արյան անոթների աթերոսկլերոզային ախտահարում։

Զարկերակներում աթերոսկլերոզային փոփոխությունների առաջացումը դրսևորվում է այնպես, որ օրգանի գործունեության ակտիվացման ժամանակ արյան հոսքը դեպի այդ օրգանը կարող է անբավարար լինել, որի հետևանքով նշված օրգաններում առաջանում են տհաճ զգացողություններ։ Նման դեպքերում անհրաժեշտ է դիմել բժշկի։

Հիվանդության բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անոթային համակարգն ունի աթերոսկլերոզից և նրա բարդություններից խանգարված արյան հոսքը վերականգնելու (փոխհատուցելու) հնարավորություններ։ Դրանցից ամենակարևորը՝ օրգանը սնող համակոդմային (կոլլատերալ) նոր ուղիներ ստեղծելու հատկությունն է։ Արյան հունի այդպիսի վերակառուցումը պահանջում է երկար ժամանակ և համապատասխան հնարքներ, որոնց ամենից լավ փոխարինում են տվյալ օրգանի համար բնական ֆունկցիոնալ բեռնվածությունները (օրինակ՝ քայլքը՝ ստորին վերջույթների զարկերակների և սրտի պսակային զարկերակների համար)։ Սակայն պետք է հիշել, որ չափից ավելի բեռնվածությունը վատացնում է արյունամատակարարումը և դանդաղեցնում արյան հոսքի համակոդմային ուղիների ձևավորումը։

Բժշկի հանգամանորեն չափավորած բեռնվածությունը, հիվանդի զսպվածությունն ու համբերությունը հիվանդության արդյունավետ կանխարգելման անհրաժեշտ և բավարար պայմաններն են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png