Մակերիկամներ
Առաջարկվում է այս և Մակերիկամ հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Մակերիկամներ, բարձրակարգ ողնաշարավոր կենդանիների և մարդու ներզատիչ գեղձային զույգ օրգան։ Մարդու մակերիկամների կշիռը 12 գ է, երկարությունը՝ 25-30 մմ, հաստությունը՝ 6-10 մմ։ Գտնվում են որովայնի խոռոչում՝ ետորովայնամզայիը տարածությունում՝ կրծքային և գոտկային ողների սահմանում։ Աջը բրգաձև է, փոքր է ձախից և տեղադրված է երիկամի վերին բևեռին, ձախը կիսալուսնաձև է և հպվում է երիկամի առաջային միջային եզրին։ Մակերիկամի առաջային մակերեսին գտնվում է դրունքը, որով անցնում են նրա արյան և ավշային անոթներն ու նյարդերը։


Մակերիկամին արյուն են մատակարարում մակերիկամային վերին, միջին և ստորին զարկերակները, նյարդավորում ընդերային մեծ նյարդի ճյուղերը։ Մակերիկամները բաղկացած են կեղևային և միջուկային նյութից։ Կաթնասուն կենդանիների և մարդու մակերիկամի կեղևային նյութը կամ կեղևը կազմված է Էպիթելային բջիջներից գոյացած երեք գոտիներից (խրձային, կծիկային, ցանցային) և արտադրում է ստերոիդային ավելի քան 40 միացություն՝ կորտիկոստերոիդներ, որոնք ազդում են հանքային նյութերի և ածխաջրերի փոխանակության, ինչպես նաև սեռական ֆունկցիայի վրա։ Կեղևի ֆունկցիան կարգավորվում է հիպոֆիզի առաջային բլթում արտադրվող աղրենոկորտիկոտրոպ հորմոնով։ Միջուկային նյութը կազմված է հիմնականում էպիթելային բազմանկյուն խոշոր բջիջներից, որոնք գոյացնում են շարակցական հյուսվածքով և երակային մազանոթային ծոցերով միմյանցից սահմանազատված հանգույցներ։ Միջուկային նյութում արտադրվում են կատեխոլամիններ (ադրենալին, նորադրենալին), որոնք հաճախացնում և ուժեղացնում են սրտի կծկումները, բարձրացնում արյան ճնշումը, թուլացնում բրոնխների, միզապարկի հարթ մկանունքը, մասնակցում ածխաջրային փոխանակության կարգավորմանը։ Մակերիկամի ֆունկցիան գտնվում է նյարդային համակարգի և նրա բարձրագույն բաժնի՝ գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևի հսկողության տակ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 178)։ ![]() |