Հիդրոէլեկտրակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիդրոէլեկտրակայան (հէկ), ջրի հոսքի էներգիան էլեկտրական էներգիայի փոխակերպող կառույցների և սարքավորումների համալիր։

Հիդրոէլեկտրակայան

10 կՎտ հզորության առաջին պարզունակ հէկը Հայաստանում կառուցվել է Դիլիջանում (1903Աղստև գետի ջրերով աշխատող սղոցարանի հիման վրա։ Դրան հաջորդել են Ողջիի, Ջրախորի և Սյունիքի հէկերը։ 1908-09-ին Դեբեդ գետի վրա կառուցվել է Ալավերդու հէկը (1080 կՎտ)՝ հզորությամբ երկրորդը Ռուսական կայսրությունում։ 1908-11-ին Հրազդան գետի վրա կառուցվել են կոնյակի և կաշվի գործարանների էլեկտրամատակարարման համար նախատեսված հէկեր՝ համապատասխանաբար 50 և 25 կՎտ հզորություններով։ Մինչև առաջին համաշխարհային պատերազմը Հայաստանում կառուցվել է 9 հէկ՝ 2150 կՎտ ընդհանուր հզորությամբ։

1923-26-ին կառուցված առաջին հիդրոհանգույցը Երևանի հէկ-1 էր (4,56 ՄՎտ)՝ ԽՍՀՄ հիդրոէներգետիկայի առաջնեկը։ 1932-ին շարք է մտել Երևանի հէկ-2 (2,4 ՄՎտ)՝ ԽՍՀՄ առաջին ավտոմատացված հէկը։ Երկուսն էլ էլեկտրաէներգիա են մատակարարել Երևանին, Արարատի ցեմենտի գործարանին և Այղր լճի ջրհան կայանին։ 1928-ին ավարտվել է Գյումրու հիդրոէլեկտրակայանի (5,28 ՄՎտ) շինարարությունը։ 1928-32-ին կառուցվել է Ձորագետի հիդրոէլեկտրակայանը (22 ՄՎտ), որի արտադրած էլեկտրաէներգիան բարձր լարման էլեկտրահաղորդման գծերով հաղորդվել է Վանաձոր, Ալավերդի և Ստեփանավան։ 1936-ին՝ միաժամանակ շարք են մտել Քանաքեռի հիդրոէլեկտրակայանը (102 ՄՎտ) և Շաքիի հիդրոէլեկտրակայանը (840 կՎտ)։ 1938-ին էլեկտրահաղորդման գծերով միմյանց են միացվել Երևանի, Գյումրու, Ձորագետի և Քանաքեռի հէկերը՝ սկիզբ դնելով Հայկական էներգահամակարգին։ 1948-ին շարք է մտել Սևան-Հրազդան կասկադի գլխային հիդրոհանգույցը՝ Սևանի հիդրոէլեկտրակայանը (34,2 ՄՎտ), որը ԽՍՀՄ-ում կառուցված առաջին ստորգետնյա հէկն էր։ 1946-53-ին կառուցվել է կասկադի ամենահզոր՝ Գյումուշի հիդրոէլեկտրակայանը (224 ՄՎտ)։ Հետագա տարիներին շարք են մտել Սևան-Հրազդան կասկադի մնացած հիդրոհանգույցները․ 1956-ին՝ Արզնիի հիդրոէլեկտրակայանը (70,5 ՄՎտ), 1959-ին՝ Աթարբեկյանի հիդրոէլեկտրակայանը (81,6 ՄՎտ), 1962-ին՝ Երևանի հիդրոէլեկտրակայանը (88 ՄՎտ)։ 1970-ին գործարկվել է Որոտանի կասկադի երրորդ հիդրոհանգույցը՝ Տաթևի հիդրոէլեկտրակայանը (157,2 ՄՎտ), 1977-ին՝ կասկադի երկրորդ, ամենահզոր կայանը՝ Շամբի հիդրոէլեկտրակայանը (171 ՄՎտ), իսկ 1988-ին՝ կասկադի գլխային հիդրոհանգույցը՝ Սպանդարյանի հիդրոէլեկտրակայանը (76 ՄՎտ)։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png