Ալավերդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ալավերդի
17.10.2010 Alaverdi (6).JPG
Ալավերդին Սանահին ավանից
41°05′42″ հս. լ. 44°39′21″ ավ. ե. / 41.095° հս. լ. 44.655833° աե. ե.
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Լոռու մարզ
Քաղաքապետ Արտավազդ Վարոսյան
Առաջին հիշատակում 17-րդ դար
Այլ անվանումներ մինչև 1935Մանես
Տվյալ կարգավիճակում 1938-ից
Մակերես 18 կմ²
Բարձր. ծովի մակ-ից 1 000 մ
Խոսվող լեզուներ Հայերեն
Բնակչություն 16 600 մարդ (2008)
Ազգային կազմ Հայեր, հույներ
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի,
Հույն ուղղափառ եկեղեցի
Տեղաբնականուն ալավերդցի
Ժամային գոտի UTC+4
Հեռախոսային կոդ +374 (253)
Փոստային ինդեքսներ 1701-1708
Պաշտոնական կայք www.alaverdi.am
##Ալավերդի (Հայաստան)
Red pog.png
##Ալավերդի (Լոռու մարզ)
Red pog.png

Ալավերդի (նաև Մանես), հանքարդյունաբերական, երկաթուղային քաղաք Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում, Դեբեդ գետի նեղ կիրճի զառիթափ լանջերին և Սանահինի սարահարթում։

Անվան ստուգաբանություն[խմբագրել]

Ալավերդին հնուց հայտնի է որպես Ալվերդ, որը բառացի նշանակում է կարմիր քար։ Այս անվանման ստուգաբանությունը հաստատվում է Ալավերդու մոտակայքում գտնվող կարմիր քարի հանքով, ինպես նաև դեռևս մ. թ. ա 2-րդ հազարամյակից շահագործվող պղնձի հանքերի առկայությամբ, որոնց երևակումները նույպես ունեն կարմիր երանգ։

17-րդ դարում տարածաշրջան ներխուժած բորչալու թուրքական ցեղերը բնակավայրի անվանումը աղավաղեցին՝ կոչելով այն Ալլահվերդի։ ԽՍՀՄ տարիներին պաշտոնապես քաղաքը ստացավ Ալավերդի անունը[1]։

Պատմություն[խմբագրել]

Վաղնջական ժամանակներ[խմբագրել]

Ալավերդին և նրա մերձակայքը բնակեցված են եղել դեռևս հին ժամանակներից։ Հայտնաբերված հնագիտական նյութերն ընդգրկում են պատմական համարյա բոլոր դարաշրջանները։ 1931 թվականին շինարարական աշխատանքների ժամանակ գտնված պղնձե և բրոնզե առարկաներ, այդ թվում՝ աշխատանքային գործիքներ, զենքեր, զարդեր, որոնցից ամենահինը պղնձե կտցավոր կացինն է։ Այն թվագրվում է մ. թ. ա. 3–րդ հազարամյակի երկրորդ կեսին, իսկ մյուսները՝ մ. թ. ա. 13-10–րդ դարեր։

Վաղ միջնադարից արդեն Ալավերդին եղել է Հարավային Կովկասի և, ընդհանրապես, ամբողջ Առաջավոր Ասիայի մետաղագործական կարևոր օջախ։

Միջնադար[խմբագրել]

Ժամանակակից Ալավերդու տարածքը հայտնի էր դեռևս Արտաշես Ա-ի ժամանակվանից (մ. թ. ա. 189 - 160), որպես Մեծ Հայքի թագավորության մի մասը Գուգարքի նահանգի Ձորոփար գավառում։ 387 թվականին Հայաստանի առաջին բաժանումից հետո այն անցել է Սասանյաններին։ Արաբական արշավանքների ժամանակ մինչև 9–րդ դարի վերջերը եղել է Արմինիա վարչական միավորի կազմում։

10–11–րդ դարերում այդտեղ իշխել են Կյուրիկյանները։ 1118 թվականին այն Վրաստանին միացրեց Դավիթ Շինարարը։ 12-14–րդ դարերում եղել է Զաքարյան Հայաստանի կենտրոնական շրջաններից մեկը։

Պղնձահանքերի օգտագործման մասին տեղեկություններ են պահպանվել Կիրակոս Գանձակեցու և Վարդան Պատմիչի աշխատություններում։ Ալավերդին պատմական աղբյուրներում հիշատակվում է Մանես կամ Մանասգոմեր անուններով։

17-20–րդ դարեր[խմբագրել]

Ալավերդու շրջակա լեռները

Օգտվելով հայերի պառակտումից և թուլությունից՝ վրաց Հերակլ II թագավորն պղնձի հանքերն օգտագործելու համար 1770 թվականին Պոնտոսից 800 հույն ընտանիք բերել և բնակեցրել է Ալավերդիում։ Նրանք 1763 թվականին կառուցեցին Ախթալայի արծաթագործական, 1770 թվականին՝ Ալավերդու և Շամչաղի պղնձաձուլական գործարանները, Մադան գյուղը։ Թագավորի շնորհած արտոնությունների դիմաց հույները պարտավոր էին նրան հանձնել ստացվող ոսկին։ Արխիվային նյութերում հանքագործները հիշատակվում են «արծաթաճորտ» անունով։

1795 թվականին Ալավերդին ասպատակեց Աղա-Մահմեդ խանը՝ ավերելով հանքերն ու գործարանները, կոտորելով ու գերելով շատ հանքագործների։

1801 թվակաին Ալավերդին Վրաստանի հետ միացվեց Ռուսաստանին։ Ալավերդու հանքերը և ձեռնարկությունները պայմանագրով հանձնվեցին հույն կապալառուներին։ 1880-ական թվականներին ուժեղանում է արտասահմանյան և ռուսական կապիտալի ներթափանցումը Հայաստանի և մասնավորապես՝ Ալավերդու պղնձարդյունաբերության մեջ։

1887 թվականից գերիշխող դիրք է գրավում ֆրանսիական կապիտալը։ Ալավերդիում պղնձի արտադրության զարգացմանը խթանեց 1899 թվականին կառուցված Թիֆլիս–Ալեքսանդրապոլ երկաթուղին։

Ֆրանսիական ձեռնարկատերերի ջանքերով ծավալվեցին հանքահետախուզական աշխտանքներ, բացվեցին նոր հանքահորեր, կառուցվեցին հզոր հնոցներ, հալոցքային վառարաններ, արհեստանոցներ, օժանդակ շինություններ։ Ալավերդիում պղնձի արտադրությունը դրվեց արդյունաբերական հիմքի վրա։ 1909 թվականին Դեբեդի վրա կառուցած հիդրոէլեկտրակայանն սկսեց էլեկտրաէներգիա մատակարարել Ալավերդու ձեռնարկություններին։ Բնական հարստությունների և բանվորական ուժի շահագործմամբ հանդերձ այս միջոցառումներն խթանեցին պղնձի արտադրության արագ աճը՝ մեծ շահույթ բերելով ձեռնարկատերերին։ 1913 թվականին Հայաստանը տվել է Ռուսաստանում արտադրվող պղնձի մեկ հինգերորդը, որի 67 % բաժին էր ընկնում Ալավերդու և նրա շրջակայքի ձեռնարկություններին։

ԽՍՀՄ ժամանակաշրջան[խմբագրել]

Անգլիական զորքերի նախաձեռնությամբ 1919 թվականին հունվարին ստեղծվեց Լոոու «Չեզոք գոտին», որի մեջ 41 գյուղերի հետ մտավ նաև Ալավերդու արդյունաբերական շրջանը։ Իրենց տիրապետությունն ամրապնդելու համար անգլիական օկուպացիոն ուժերը ազգամիջյան կռիվներ էին հրահրում՝ ջանալով խախտել հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունը։ Անգլիացիների թողտվությամբ «Չեզոք գոտին» զավթեցին Վրաստանի մենշևիկյան կառավարության զորքերը։ 1921 թվականին փետրվարի 11-ին «Չեզոք գոտու» աշխատավորները Լոռու հեղկոմի ղեկավարությամբ ապստամբեցին և 11-րդ կարմիր բանակի օգնությամբ, համառ մարտերից հետո, տապալեցին օկուպանտների լուծը։ Ալավերդիում փետրվարի 12-ին հաստատվեց խորհրդային իշխանություն։

Քաղաքաշինություն[խմբագրել]

Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածներին նվիրված հուշակոթող

1920–1930 թվականներին Ալավերդու բանվորական ավանն ընդգրկում էր միայն Մանեսը։ Արդյունաբերական զարգացմանը զուգընթաց աճելով՝ Ալավերդին աստիճանաբար իր շրջագծի մեջ է վերցրել Լենհանքերը, Սանահինը, համանուն երկաթուղային կայարանը՝ ավանով հանդերձ, Ակները։ Ալավերդու հատակագծման աշխատանքներն սկսվել են 1929–1930 թվականներին՝ ճարտարապետ Մ.Մազմանյանի ղեկավարությամբ։ Այդ հատակագիծը վերահաստատվել է 1946 թվականին։

1959–1962 թվականներին ճարտարապետ Լ. Չերքեզյանի գլխավորությամբ կազմվել է Սանահինի սարահարթի կառուցապատման նախագիծը։ Քաղաքը կառուցվել է բավականին բարդ ռելիեֆում, որին բնորոշ են տարբեր մակարդակի բարձրությունները՝ 750-1400 մ և ընդգծված թեքությունները՝ մինչև 35 աստիճան։ Ալավերդին

Հաղթահարվել են ռելիեֆով պայմանավորված կառուցապատման դժվարությունները՝ վերակառուցվել ու վերափոխվել է, դարձել բարեկարգ քաղաք, ստեղծվել են տրանսպորտային կապեր տարբեր բարձրությունների վրա գտնվող քաղաքի թաղամասերի միջև։ Դեբեդի ձախ ափին նախահեղափոխական շրջանում ֆրանսիացիների կառուցած բանվորական անշուք բարաքների փոխարեն կառուցվել է քարակերտ բազմահարկ շենքերի բնակելի թաղամասը։ Նախագծվել և կառուցվել են բազմաթիվ հասարակական, արտադրական ու վարչական շենքեր, այդ թվում՝ քիմիական կոմբինատի համալիրը, մշակույթի պալատը, պիոներների պալատը, լայնէկրան կինոթատրոնը, կապի տունը, հանրախանութը, հյուրանոցը, քաղաքապետարանի շենքը։ Դեբեդ և Լալվար գետերի վրա կառուցվել են նոր կամուրջներ։ Ալավերդիում և Սանահինում կառուցվել են 1941–1945 թվականներին Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված աղբյուր-հուշսւրձաններ։ Սանահին Սարահարթումկառուցվել է երկու միկրոշրջան՝ 12 000 մարդու համար։ Սարահարթը քաղաքի հետ կապված է խճուղով և 1000 մ երկարությամբ մարդատար ճոպանուղով։

Բնակչություն[խմբագրել]

Ալավերդի քաղաքի տարածքը բնակեցված է եղել դեռևս վաղնջական ժամանակներից։ Այդ են վկայում կատարված պեղումների ընթացքում հայտնաբերված նյութերն ու հուշարձանները։ Այստեղ մշտապես բնակություն են հաստատել հայեր, որոնք կազմում են քաղաքի բնակչության գերակշռող մասը։ Բնակվում են նաև հույներ, որոնք տեղափոխվել են Պոնտոսից 1770–ական թվականներին։ Քաղաքի բնակչությունն աճել է արդյունաբերության զարգացման, հետևաբար՝ քաղաքի զարգացմանը զուգընթաց։

Ալավերդու ազգաբնակչության փոփոխությունը 1831–2010 թվականների ժամանակահատվածում[2][3]

Տարի 1926 1939 1959 1970 1979 2001 2004 2005 2006 2007 2008 2009 2010
Բնակիչ 45 00 10 010 16 805 23 311 23 182 14 835 17 000 17 000 16 800 16 700 16 600 16 500 16 400

Տնտեսություն[խմբագրել]

Հանքարդյունաբերություն[խմբագրել]

1934 թվականին շահագործման հանձնվեցին պղնձարջասպի, 1939 թվականին՝ ծծմբաթթվի, 1947 թվականին՝ սուպերֆոսֆատի գործարանները։ 1932 թվականին Ձորագետի հիղրոէլեկտրակայանի կառուցմամբ ընդլայնվեց Ալավերդու արդյունաբերության էներգետիկ հիմքը։ Երկրաբանական հետախուզությունների շնորհիվ հայտնաբերվեցին նոր հանքավայրեր։ 1945 թվականին պղնձարջասպի և ծծմբաթթվի գործարանների միացմամբ ստեղծվեց քիմիական գործարանը։ 1949 թվականին Ալավերդիում առաջին անգամ ստացվեց վայերբարսային պղինձ, որը որպես հումք օգտագործվում է հատկապես Երևանի կաբելի գործարանում։

1957 թվականին կազմակերպվեց Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատը։ Ալավերդին մտավ Խորհրդային Միության գունավոր մետաղագործության և քիմիական արդյունաբերության խոշոր կենտրոնների շարքը։ 1969 թվականին քաղաքի արդյունաբերական արտադրանքի մոտ 90 %–ը տվել են արտադրության այդ ճյուղերը։ ԽՍՀՄ–ում և արտասահմանյան տասնյակ երկրներում հայտնի էր Ալավերդու պղնձարջասպը։

Ալավերդիում զարգացել էր նաև թեթև ու սննդի արդյունաբերությունը։ Ստեղծվեցին հացի, պանրի, գարեջրի գործարաններ, տեքստիլ և կարի ֆաբրիկաներ, բնակչության կենցաղային սպասարկման ձեռնարկություններ։

1972 թվականին Ալավերդու ձեռնարկությունների բանվորների թիվն անցնում էր 5 հազարից, աշխատում էին բարձրագույն կրթությամբ ավելի քան 500 մասնագետներ՝ ուսուցիչներ, բժիշկներ, ինժեներներ, գյուղատնտեսներ։ Ալավերդիում գործում է Երևանի լեռնա-մետալուրգիական ԳՀԻ-ի բաժանմունքը։

Զբոսաշրջություն[խմբագրել]

Ալավերդու զբոսաշրջային երթուղիները

Ալավերդին գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս–արևելյան զբոսաշրջային ճանապարհի խաչմերուկում և շրջապատված է բնապատմական հարուստ միջավայրով։ Այստեղ կարելի է տեսնել ինչպես անտառապատ սարեր և ձորեր, այնպես էլ քչքչան գետեր և լեռնային լճակներ։ Բնությունը հարուստ է վայրի մրգերով և հատապտուղներով։ Քաղաքին մոտ են գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցուցակում ընդգրկված 10-րդ դարի Հաղպատի և 966 թվականի Սանահինի վանքային համալիրները, 6-րդ դարի Օձունի եկեղեցին, 1171թ․–ի Քոբայրի վանքը, 5–6-րդ դարի Հոռոմայրը, 1233 թվականի Կայան բերդը, 7–րդ դարի Սանահինի կամուրջը, Ախթալայի 10-րդ դարի վանքն ու բերդը, Դսեղ գյուղն իր պատմական հուշարձաններով և թանգարաններով։

Տրանսպորտ[խմբագրել]

Սանահին կայարանի գլխավոր շենքը

Ալավերդի քաղաքի ներքին և արտաքին տրանսպորտային համակարգը հիմնականում հարմարեցված է զբոսաշրջային ճանապարհներին։ Գործում է Երևան–Ալավերդի, Վանաձոր–Ալավերդի միկրոավտոբուսային ուղղությունները։ Վրաստանից Ալավերդի կարելի է հասնել Երևան–Թբիլիսի միկրոավտոբուսներով։ Ավտոբուսային ցանց է գործում նաև հարակից բնակավայրերի, այդ թվում՝ Հաղպատ, Սանահին, Օձուն գյուղերի, ինչպես նաև Ախթալա քաղաքի հետ տրանսպորտային կապը ապահովելու համար։ Օրվան ցանկացած ժամի աշխատում են տաքսիները, որոնք այցելուներին կհասցնեն վերընշված յուրաքանչյուր զբոսաշրջային օբյեկտ։ Ալավերդիով է անցնում նաև Երևան–Թբիլիսի երկաթուղին, որը կանգառ է կատարում Սանահին կայարանում։

Քաղաքի երկու մասերը՝ բուն քաղաքը և Սանահին ավանը միմյանց հետ կապվում են նաև ճոպանուղիով։

Մշակույթ[խմբագրել]

Թատրոն[խմբագրել]

  • Ալավերդու թատրոնը հիմնադրվել է 1934 թվականին ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Արմենյանի ղեկավարությամբ, որը գործել է մինչև 1952 թվականը։ 1953 թվականին թատրոնի փակվելուց հետո Ալավերդում մնացած դերասանները ստեղծում են ինքնագործ թատերախումբ, որը 1959 թվականին ստանում է ժողովրդական թատրոնի կոչում։ Այդ ժողովրդական թատրոնի բազայի վրա 1990 թվականին ստեղծվում է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի Ալավերդու մասնաճյուղը, որը 1993 թվականց դառնում է համայնքային թատրոն և մինչև այժմ գործում է որպես Ալավերդու քաղաքային թատրոն։ Ալավերդու թատրոն

Ալավերդու ժողովրդակն գործիքների համույթ[խմբագրել]

Հեռուստատեսություն և մեդիա[խմբագրել]

Կրթություն[խմբագրել]

Քաղաքում գործում է 6 մանկապարտեզ, որտեղ դաստիարակվում են 420 երեխա, 10 հանրակրթական դպրոց 2000 աշակերտով, արվեստի 3, այդ թվում՝ Ա. Պապոյանի անվան գեղարվեստի և Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցներ ընդհանուր 60 աշակերտով, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն 15 սանով։

Կրթական համակարգի մաս են կազմում նաև Հյուսիսային համալսարանի Ալավերդու «Թումանյան» մասնաճյուղը, Ալավերդու պետական քոլեջը ավելի քան 100 ուսանողով և Ալավերդու արհեստագործական ուսումնարանը[4]։

Կլիմա[խմբագրել]

Ալավերդու եղանակը հիմնականում խոնավ է, գարնանը և աշնանը հաճախակի են անձրևները և մառախուղը։


Nuvola apps kweather.svg Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները քաղաք
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին ջերմաստիճանը (°C) -7,4 -5,5 -1 6 11,1 14,3 17,6 17,7 13,6 7,9 1,9 -3,9 6,1
տեղումների քանակը (մմ) 23 27 35 67 111 104 64 49 45 41 31 22 615
Աղբյուր՝ [1]

Անվանի մարդիկ[խմբագրել]

Արտեմ Միկոյանի թանգարանը
  • Արտեմ Միկոյան, աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծող,
  • Անաստաս Միկոյան, Խորհրդային ականավոր պետական ու քաղաքական գործիչ։
  • Խաջիև Կոնստանտին Իլյայի, ԽՍՀՄ հերոս
  • Լևոն Սիմոնի Ալավերդյան,1963-1980 թ.-ներին եղել է Թումանյանի շրջանի առաջին քարտուղար, նրա կառավարման տարիներին կառուցվել են Սանահին Սարահարթ թաղամասը, ճոպանուղին, մի շարք գործարաններ(հացի, պանրի, գարեջրի) և ֆաբրիկաներ(տեքստիլ և կարի):Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանի արտադրանքը կրկնապատկվել է։ Առաջին անգամ Լոռում կառուցվել են ջրանցքներ։ Խորհրդային ականավոր պետական ու քաղաքական գործիչ։ Գրել է «Կյանքի դասեր» ինքնակենսագրական էսսեն։
  • Արշակ Ղազարյան-ԽՍՀՄ աշխատանքային հերոս։
  • Սվետլանա Նավասարդյան-ՀՀ ժողովրդական արտիստ, դաշնակահար
  • Վոլոդյա Գրիգորյան-ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան։
  • Վլադիմիր Մսրյան-ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան, համանուն ֆիլմում Պագանինիի դերակատարումով դարձավ հանրահայտ

Քույր քաղաքներ[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

Լոռի Լոռու մարզի քաղաքներ
Մարզկենտրոն՝ Վանաձոր
Քաղաքներ՝ Ալավերդի | Ախթալա | Թումանյան | Շամլուղ | Ստեփանավան | Տաշիր | Սպիտակ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png