Շնող (Լոռու մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շնող (այլ կիրառումներ)
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Շնող | |||
| Երկիր | |||
| Մարզ | Լոռու մարզ | ||
| Համայնք | Ալավերդի | ||
| Մակերես | 41.28 կմ² | ||
| ԲԾՄ | 725 մ | ||
| Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
| Բնակչություն | 2561[1] մարդ (2011) | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
|
| |||
Շնող, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում[2]։
Ալավերդի քաղաքից հեռու է մոտ 14 կմ դեպի հյուսիս-արևելք։ Գտնվում է Գուգարաց լեռնաշղթայի արևելյան մասում, Դեբեդ գետի աջափնյա սարավանդի և հարակից՝ ձորերով ու բլուրներով պատած, բարդ և անհանգիստ ռելիեֆով տարածքի վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանման արմատաբանական բացատրությունը գալիս է «շեն հող» բառակապակցությունից։
Ունի միջնակարգ հանրակրթական և յոթամյա արվեստի դպրոցներ, մշակույթի տուն, 2 գրադարան, կապի բաժանմունք, կինո, ավտոմատ հեռախոսակայան, կենցաղասպասարկման տաղավար, 2 մսուր մանկապարտեզ, հիվանդանոց, ամբուլատորիա, դեղատուն, հայրենագիտական թանգարան։
Շնողի պատմությունը սերտորեն առնչվում է Մեծ քարի գլուխ թաղամասը երբեմնի բռնող միջնադարյան Կայծոն ամրոցի հետ, որի ծաղկման շրջանը վերաբերվում է X-XI դդ։ Կայծոն-Շնող անվանափոխությունը կատարվել է ուշ շրջանում. XIII դարի աղբյուրներում ամրոցը հիշվում է միայն Կայծոն անունով։ Շնող անունը վերաբերել է գյուղին, որը իր մեջ Բերդաթաղի հետ ներառել է նաև 19-րդ դարի վերջի աղբյուրներում հիշվող Նորաշենը (Փոքր քարի գլուխ թաղամասը և գյուղի ներկայիս կենտրոնական տարածքը)։ Կայծոն-Շնողը բաժանել է Հայաստանի վարուվերումներով լի ճակատագիրը։ X-XI դդ տարածաշրջանում իշխել են Կյուրիկյանները։ 1118 թվին Կայծոնը Վրաստանին միացրեց Դավիթ Շինարարը։ XII-XIV դդ այն եղել է Զաքարյանների տիրույթներից մեկը, XII դարի կեսից սկսած ասպատակվել է թուրք-սելջուկյան, թաթար-մոնղոլական հորդաների կողմից։
XVII դարի սկզբին պարսից շահ Աբասը, տեղահան անելով բնիկ հայ և վրացի բնակչությանը, նրանց հողերը բնակեցրել է թուրք քոչվորներով։ Հետագա դարաշրջաններում ևս բազմիցս ենթարկվել են հարձակումների։ 1919 թ.-ի հունվարին Լոռին Թուրքիայի սպառնալիքներից ապահովելու նպատակավ Սադախլոյից մինչև Ձորագետ հայտարարվեց չեզոք գոտի , փաստորեն անջատելով այն Հայաստանից։ 1920 թ.-ի վերջին Հայաստան ներխուժած թուրքական զորքերի առաջխաղացումը դեպի Վրաստան կանխելու պատրվակով Վրաստանի մենշևիկյան կառավարությունը զորքերը մտցրեց Լոռի, որով այն համարվեց ռազմական դրության մեջ։ Արևելյան Հայաստանի խորհրդայնացումից և Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրումից հետո Լոռվա նկատմամբ թուրքական սպառնալիքները այլևս իրական չէր։
Վրացական կողմը, խախտելով 1920 թ.-ի նոյեմբերի 13-ի հայ-վրացական համաձայնագիրը, գրավելով ևս 8 սահմանամերձ բնակավայրեր, չէր պատրաստվում հեռանալ Լոռուց, ձգտելով նրա բռնակցմանը Վրաստանին։ Ժողովրդական զինված ապստամբության, 11-րդ բանակի գործունեությունների հետևանքով 1921 թ.-ի փետրվարին Լոռին ազատագրվեց մենշևիկյան բռնակցումից, մտնելով Խորհրդային Հայաստանի կազմի մեջ։ Ապստամբության ընթացքում զոհվեցին Շնողի երկու բնակիչներ՝ Ներսես Բաբայանը և Աբգար Ոսկանյանը։
Գյուղի կենսագրությունում խոր, անդարմանելի հետք են թողել 1930-ական թթ բռնադատումները, Հայրենական պատերազմը, 1949 թ.-ի աքսորը, 1988 թ.-ի ահեղ երկրաշարժը, Արցախի ազատամարտի զոհերը։
Շնողի և ընդհանրապես Թումանյանի շրջանի պատմությունը, սկսած հնագույն ժամանակներից, սերտորեն կապված է եղել Գուգարաց աշխարհի, ավելի ուշ՝ Տաշիր-Ձորագետի թագավորության, ապա Զաքարյանների իշխանության ժամանակաշրջանի փառահեղ պատմության հետ։ Սակայն թերի կլիներ այդ պատմությունը, եթե հաշվի չառնենք նաև խաշնարած ու բարբարոս ցեղերի՝ թուրք-սելջուկների, թաթար-մոնղոլների, Լենկ-Թեմուրի, ինչպես նաև կարակոյունլուների ու ակկոյունլուների ասպատակությունների ժամանակաշրջանի անցքերը։

Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման բարեխառն է՝ չափավոր մեղմ ձմեռներով, մոտիկ չոր արևադարձայինին։ Տարեկան միջին ջերմաստիճանը՝ 11,1 աստիճան, առավելագույնը՝ 38 °C, նվազագույնը՝ -22 °C։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Շնողի մշտական բնակչությունը կազմել է 2561, առկա բնակչությունը՝ 2485 մարդ[1]։ Հին հայաբնակ գյուղ է[3]։
Շնողի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
| Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 538 | 1371[3] | 2205 | 2296 | 2758 | 2586 | 3142 | 2885 | 3328 | 3117 | 2561[1] |
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շնողին հարակից վայրերում կան օգտակար հանածոների՝ պղնձի, երկաթի, մոլիբդենի, օխրայի, փիրուզի հանքավայրեր, որոնց մի մասը հնում արդյունահանվել է և մշակվել տեղում։ Շնողը շրջապատող անտառները հարուստ են արժեքավոր ծառատեսակներով, վայրի պտուղներով, հատապտուղներով, անասնակերով։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեռնալանջերը, նախալեռնային տարածքները, գետահովիտները պատած են արգավանդ բարեբեր հողատարածություններով։ Բնակչությունը զբաղվում է հացահատիկների, տեխնիկական, բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ և այգեգործությամբ։ Շուրջն են գտնվում Գյոկդաղ Փոքր[5] և Գյոկդաղ Մեծ լեռները[6], որոնց լանջերը ծածկված են անտառներով և ծառայում են որպես անասնապահական ձմեռանոց։
Պատմամշակութային կառույցները
[խմբագրել | խմբագրել կոդը]Շնողի բուն տարածքում գտնվում են Կայծոն ամրոցի (10 դար), միանավ եկեղեցու մնացորդները, Սբ. Գևորգ (1893 թ.), Սբ. Սարգիս (1894 թ.) եկեղեցիները, Տերունական խաչարձան-մատուռը (1222 թ.), Ս. Սարգիս մատուռը (XVII դար), Նշան մատուռի մնացորդները (XVII դար)։ 1990 թվականին գյուղում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Տեղեկություններ Ալավերդի համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․06․2023 թվական)։
- ↑ 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի բնակավայրերի բառարան, էջ 159» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 12-ին.
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 893 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 925 — 992 էջ։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շնող (Լոռու մարզ)» հոդվածին։ |
| ||||||

