Մեծ Պարնի
Գյուղ | |||
---|---|---|---|
Մեծ Պարնի | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Գյուղ | Սպիտակ (համայնք) | Սպիտակ համայնք[1] | ||
Մակերես | 66.35 կմ² | ||
ԲԾՄ | 1680 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1839[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Մեծ Պարնի, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ համայնքում[1]։
Մարզկենտրոն Վանաձորից հեռու է 33 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը գտնվում է Փամբակ գետի աջ ափին՝ ծովի մակերևույթից 1680 մ բարձրության վրա։
Գյուղում են գտնվում Սբ. Սարգիս (19 դ.) և Մեծ Պարնու եկեղեցիները (13-14 դդ.)։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մեծ Պարնիի մշտական բնակչությունը կազմել է 1839, առկա բնակչությունը՝ 1656 մարդ[2]։1831 թվականից ի վեր բնակիչները հայեր են[3], որոնց մի մասի նախնիները տարբեր ժամանակներում եկել են Արցախից, Արևմտյան Հայաստանի Մուշի և Վանի շրջաններից, Իրանից[4]։
Մեծ Պարնիի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 505 | 1693[3] | 2420 | 2760 | 2686 | 2313 | 2511 | 2153 | 785 | 2171 | 1839[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը Հայաստանի հնագույն բնակավայրերից է, այն գտնվում է Գյումրի-Վանաձոր կենտրոնական մայրուղու մոտ, գյուղի մոտով է անցնում Երևան-Թբիլիսի երկաթգիծը։ Նախքան 1988-ի երկրաշարժը գյուղում գյուղատնտեսությանը զուգահեռ գործում էին արդյունաբերական 2 արտադրամասեր՝ Արզնու բյուրեղապակյա գործարանի մասնաճյուղը և կարի ֆաբրիկան, որոնք այսօր չկան։ Բարենպաստ կլիման հնարավորություն է տալիս զբաղվելու գյուղատնտեսությամբ։ Հիմնական զբաղվածության ոլորտը դաշտավարությունն է և անասնապահությունը, որոնց զարգացման համար ստեղծվել են շատ բարենպաստ պայմաններ։ Գյուղի հողատարածությունների մեծ մասը ոռոգվող են և բերրի, իսկ արոտավայրերը՝ առատ անասնակերով։ Հիմնականում արտադրվում է հացահատիկ, կարտոֆիլ և կերային կուլտուրաներ։ Կազմակերպված են ֆերմերային սերմնաբուծական 2 տնտեսություններ, որոնց շնորհիվ արտադրվում է բարձրորակ կարտոֆիլ և հացահատիկ սերմացուներ ու բավարարվում է ինչպես գյուղի, այնպես էլ հանրապետության շատ բնակիչների պահանջը։ Եթե բնական աղետներ չլինեն, ապա համայնքի բնակիչները կարողանում են բավարարել իրենց պահանջները և մի մասն էլ դուրս է գալիս շուկա։ Երկրաշարժից հետո ժամանակավոր վագոն-տնակում շարունակվեց նախադպրոցական տարիքի երեխաների և դպրոցականների դաստիարակության և ուսման գործը։ Սակայն ֆինանսական միջոցների սղության և ժամանակավոր կացարանի շարքից դուրս գալուց հետո փակվեց մանկապարտեզը, իսկ դպրոցական ուսուցումը շարունակվում է նոր կառուցված 450 տեղանոց միջնակարգ դպրոցում։ Գյուղում գործում է մեկ բուժկետ 15 մահճակալով և մեկ ամբուլատորիա։ Առողջապահական կենտրոնը ապահովված է մասնագետներով՝ մանկաբույժ, թերապեվտ, ատամնաբույժ։ Գործում է ծննդատունը, բուժ. սպասարկման գործը բավարար է։
Անվան ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարնին հին հայկական բնակավայր է, դա երևում է նրա ՆԻ վերջածանցից։ Ինչպես Արմենի անվան կազմությունը ցույց է տալիս, որ այն՝ իբրև ցեղային երկիր, գոյություն է ունեցել հայկական լեռնաշխարհում Ուրարտական պետության անկումից շատ առաջ, այնպես էլ Պարնի անունը հին հայկական անուն է։ ՆԻ նշանը հոգնակիի նշան է։ Այդ նշանը կա հին հայկական և նույնիսկ նախահայկական տեղանունների մեջ։ Օրինակ՝ Գառնի, Պտղնի, Բջնի, Արմանի, Բագրատունի, Արածանի, Գնունի, Արծրունի, Սյունի, Սահառունի, Ռշտունի, և այլն։ Հավանական է՝ Պարնին իր անունը ստացել է Փամբակի գետահովտի տարածքի անվանումից, որը շրջապատված է մի քանի լեռնապարերով։ Նրա հյուսիս-արևմուտքից ձգվում են Բազումի, իսկ հարավ արևելքից՝ Փամբակի լեռները, որոնք երեք պատով շրջապատում են Փամբակի գետահովիտը։ Քանի որ Պարնին Փամբակի գետահովտի ամենահին բնակավայրն է, հավանական է, որ լեռնապարերից էլ ստացել է իր անունը։ Գ. Ղափանցյանն իր մի աշխատության մեջ(Г. Капанцян - "Историко лингвистические работы") նշում է, որ ՊԱՐՆԻ նշանակում է լեռնապարերով պատած։ Փամբակի կամ Բազումի լեռների ցանկացած գագաթից դիտելիս երևում է լեռների պարերով շրջապատված մի հովիտ։ Հայտնի է նաև մեկ այլ վարկած, ըստ որի, առաջին անգամ գյուղում եկել և հաստատվել է մի մարդ, ով գյուղում կառուցել է տներ և աջակցել, որ մի քանի ընտանիքներ գան և հաստատվեն գյուղում։ Այդ մարդուն իր մեծ արարքի համար կոչել են Մեծ Պարոն, որտեղից էլ առաջացել է գյուղի անվանումը՝ Մեծ Պարնի։ Մեծ Պարնին՝ որպես բնակավայր, գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից, որի մասին են վկայում Ծաղկաբեր գյուղից եկող գետի հունի մեջ և գյուղում շինարարության ժամանակ հայտնաբերված գերեզմաններն ու նյութական մշակույթի նմուշները։ Հավանական է՝ մի քանի անգամ քանդվել ու նորից է վերաշինվել։ Մինչև 18-րդ դարի վերջը և 19-րդ դարի սկիզբը Փամբակի գետահովտի հարթավայրում Մեծ Պարնիից բացի, հայկական բնակավայրեր եղել են, որոնց բնակիչները հավանաբար թշնամիների ասպատակություններից ոչնչացել կամ տեղափոխվել են ուրիշ բնակավայրեր։ Մասնավորապես՝ գյուղի արևելյան կողմում գտնվում է բարձր բլուր, որ հաճախ պաշտպանել է բնակիչներին թշնամիներից։
Հայտնի անձինք, որ ծնվել են Մեծ Պարնի գյուղում՝
- Աշոտ Բայադյան
- Ռազմիկ Դավոյան
- Պարույր Թևոսյան
- Միքայել Կոծինյան
- Մհեր Մելքոնյան
- Գեղամ Մուղնեցյան
- Միքայել Ջոթյան
- Պարույր Ջոթյան
- Շավարշ Քոսյան
- Վաղարշակ Քոսյան
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Սպիտակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 02․07․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 317
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 136» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 27-ին.
|