Դսեղ
Գյուղ | |||
---|---|---|---|
Դսեղ | |||
![]() Դսեղ գյուղի համայնապատկեր | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Լոռու | ||
Մակերես | 39.47 կմ² | ||
ԲԾՄ | 1250-1350 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 2137[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | դսեղցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Պաշտոնական կայք | lori.mtad.am/about-communities/497/ (հայ.) | ||
| |||
Դսեղ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում։ Գտնվում է Ալավերդի քաղաքից մոտ 13 կմ հարավ, Դեբեդ գետի բարձրադիր աջ ափին՝ անտառներով շրջապատված սարավանդի վրա, որի արևմտյան կողմում Դեբեդի կիրճն է։ 1938-1969 թվականների կոչվել է Թումանյան[2]։
Գյուղն ըստ բազմաթիվ հավաստի աղբյուրների, հիմնադրվել է դեռևս մ.թ.ա., որի վերաբերյալ կան գիտական հիմնավորումներ ունեցող տվյալներ[3]։
Ընդհանուր տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բնակչությունը՝ 2137[1]
- Մակերեսը՝ 39.47 կմ2
- Գյուղի մակարդակը ծովից բարձր է՝ 1250-1350 մ
Գոյություն ունի Դսեղ անվան ստուգաբանության հետ կապված երկու տարբերակ. ա) Դսեղ նշանակում է դուրս տեղ, այսինքն՝ բնակավայրերից զատված, առանձնացված տեղ, բ) ըստ ավանդազրույցների՝ ձորի գյուղերից տարբերելու համար սարահարթի գյուղը կոչել են Դրսի գեղ կամ Դսեղ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Դսեղի մշտական բնակչությունը կազմել է 2137, առկա բնակչությունը` 1960 մարդ[1]։ Հին հայաբնակ գյուղ է[4]։
Դսեղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 473 | 1231 | 2655 | 3482 | 2990 | 3114 | 2554 | 2573 | 2137[1] |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը հիմնականում զբաղվում է հացահատիկի, կարտոֆիլի, բանջարաբոստանային և կերային կուլտուրաների մշակությամբ։ Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, ձու, բուրդ և մեղր։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1853 թվականին՝ Զաքար քահանա Եգանյանի հովանավորությամբ, Դսեղում բացվել էր երկսեռ դպրոց։ 1859-1864 թվականներին գյուղի դպրոցն սովորոլ են միայն տղաները։ Այնուհետև շուրջ 10 տարի գյուղում դպրոց չի եղել։ 1877 թվականին տիրացու Գրիգոր (Գրիշկա) Թումանյանը՝ բանաստեղծի հորեղբայրը, իր տանը հավաքում է երեխաներին և գրագիտություն է սովորեցնում։ Հովհաննես Թումանյանը գրել-կարդալ սովորել է Գրիշկա բիձու դպրոցում։ 1878 թվականին բանաստեղծի մոր նախաձեռնությամբ գյուղում բացվում է Սահակ վարժապետի դպրոցը։ Սկսած 1891 թվականից՝ գյուղի դպրոցը գործել է առանց ընդհատվելու։ Աշակերտների թվով պայմանավորված 1904 թվականին Թումանյանի նախաձեռնությամբ գյուղում կառուցվում է դպրոցի նոր շենք։ Այն գոյատևում է մինչև 1970 թվականը։ 1910 թվականին դպրոցի 5 դասարաններում արդեն սովորում էր 50 աշակերտ՝ 40 տղա և 10 աղջիկ։ Դպրոցի առաջին աշխարհիկ դասատուն եղել է Երևանի Գարանյան դպրոցի շրջանավարտ Կատարինա Մամիկոնյանը[6]։
1912-1913 ուսումնական տարում Դսեղի դպրոցում դասավանդվել է 4 առարկա՝ գրաճանաչություն, թվաբանություն, կրոն և ռուսաց լեզու։ 1932-1937 թվականների ընթացքում բարձր դասարանների աշակերտների պարապմունքներն անց են կացվել մասնավոր տներում, որովհետև նույնիսկ երկհերթ աշխատանքի դեպքում անգամ դասասենյակները չեն բավականացրել։ 1932 թվականին մասնավոր տներում պարապել են 11 խումբ[6]։
1937 թվականին Դսեղի դպրոցը տվել է միջնակարգ կրթությամբ իր առաջին շրջանավարտները։ 1938 թվականին հին դպրոցի հարևանությամբ կառուցվում է միջնակարգ դպրոցի գեղեցիկ ու բարեկարգ երկհարկանի նոր շենքը։ Շենքը նախատեսված էր 300 աշակերտի համար և ուներ մարզադահլիճ, գրադարան, ֆիզիկայի և քիմիայի կաբինետներ։ Օժանդակ օբյեկտները՝ պիոներ տունը, փայտամշակման արհեստանոցը և պահեստները, տեղադրված էին «հին շենքում»։ 1963 թվականին դպրոցն ունեցել է 40 ուսուցիչ և 950 աշակերտ[6]։
Դպրոցի նոր մասնաշենքը կառուցվել է 1972 թվականին և նախատեսված էր 660 աշակերտի համար։ Այն հիմնանորոգվել է 2011 թվականին։ Միջնակարգ դպրոցն իր գործունեության ողջ ընթացքում տվել է 32 մեդալակիր շրջանավարտ, որից 13-ը՝ ոսկի, 19-ը՝ արծաթե[6]։
Դպրոցում դասավանդած մաթեմատիկայի ուսուցիչներից առանձնանում են Աշոտ Թումանյանը, Մարուսյա Թումանյանը,Արմենակ Պապոյանը և վերջինիս դուստրը՝ Անահիտ Պապոյանը[6]։
2019-2020 ուստարում դպրոցն ունեցել է 218 աշակերտ և 29 ուսուցիչ։
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի տարածքում կա չորս եկեղեցի։ Ամենամեծը Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր եկեղեցին է` կառուցված 13-րդ դարում Մամիկոնյանների տոհմի կողմից գյուղի հյուսիսային նույնանուն ձորում (գտնվում է կիսաքանդ վիճակում)։ Գյուղի հին մեծ գերեզմանատանն են գտնվում 645 թվականին կառուցված համեմատաբար փոքր միանավ եկեղեցու ավերակները։
Դեբեդի ձորում՝ գյուղի արևմտյան կողմում, կիսաքանդ վիճակում կանգնած է Քառասնից Մանկաց եկեղեցին։ Ըստ ճակատի արձանագրության՝ օծվել է 1256 թվականին Հաղպատի վանքի վանահայր Համազասպի կողմից։ Գյուղի տարածքում կա չորս մատուռ։ Կանգուն են մնացել Սուրբ Սարգիս և Դդի գլխի Բալա Գիքորի կառուցած մատուռները։
Գյուղի կենտրոնում՝ Թումանյանի տուն թանգարանի հարևանությամբ, գտնվում է գործող եկեղեցին։ Սկզբնական շինությունից մնացած մասերը վերագրվում են VII դարին։ Եկեղեցին մի քանի անգամ ենթարկվել է վերանորոգման, իսկ 20-րդ դարի սկզբին` վերակառուցման։
Գյուղի շրջակայքում կան նաև քարանձավներ, որոնք օգտագործվել են մարդկանց կողմից հնագույն ժամանակներից ի վեր որպես կացարան, իսկ հետագայում միայն անասունների համար։ Դրանցից են «Դռնավոր էրը», Ծակ քարը և գյուղից Ձորագես իջնելու Մուտի աջ կողմի ցածր քարայրը, որը կրում է նաև մարդու կողմից հարմարեցման հետքեր։
Բնական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղից հարավ արևելյան կողմի Ծովաքար կոչվող սարի ստորոտում է գտնվում «Ծովեր» կոչվող գեղեցիկ լիճը։ Սովետական կարգերի ժամանակ այն մտնում էր ոռոգման համակարգի մեջ։
Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի կենտրոնական հրապարակի վրա է գտնվում մշակույթի տունը՝ 250 տեղանոց դահլիճով և 11000 գիրք ունեցող գրադարանով, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի բրոնզյա արձանը։
2013 թվականի դրությամբ գյուղում կա միջնակարգ դպրոց, որտեղ աշխատում են մոտ 50 ուսուցիչ։ Դսեղի նոր հիվանդանոցը կառուցվել է «Կարմիր Խաչի» միջոցներով՝ Սպիտակի ավերիչ երկրաշաժից հետո որպես օգնություն գյուղին[3]։
2014 թվականից համայնքում հիմնվել է Ստեղծագործարան դպրոցում՝ տեխնոլոգիայով հագեցած դասասենյակ, Արվեստի սենյակ, վերանորոգվել է դպրոցական ճաշարանն ու ստողծվել ատամնակայան տարրական դպրոցականների համար։ Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի ջանքերով գյուղում գործում է նաև բուժկետ։
Նշանավոր անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հովհաննես Թումանյան - հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ
- Գևորգ Առաքելյան -նկարիչ
Պատկերադարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 143 — 992 էջ։
- ↑ 3,0 3,1 «Դսեղ»։ Վերցված է 2013 Դեկտեմբերի 24
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 70»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2013 Նոյեմբերի 9
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Սերգեյ Քոչարյան, Թումանյանի բնաշխարհը Դսեղ, 2009 թվական, էջ 27-30
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դսեղ գյուղի քայլարշավային ձևաչափը
- Ս. Քոչարյան «Հովհաննես Թումանյանի բնաշխարհը. Դսեղ» (էջ 28)։
- Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ
|