Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանք
Bardzraqash Monastery 85.JPG
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Լոռու մարզ, Դսեղ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԳուգարաց
Հոգևոր կարգավիճակՎանական համալիր
Ներկա վիճակԿիսավեր
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբXIII դար
Կառուցման ավարտX դար
Կոորդինատներ: 40°57′47.998800099995″ հս․ լ. 44°39′6.001200100012″ ավ. ե. / 40.96333300002777378° հս․. լ. 44.65166700002777844° ավ. ե. / 40.96333300002777378; 44.65166700002777844

Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքը (X-XIII դդ) գտնվում է Լոռու մարզի Դսեղ գյուղից 2 կմ հյուսիս-արևելք (Սաղուձոր գետի (Ձաղիձոր)) Մարց գետի ձախակողմյան ձորալանջին, անտառի մեջ։ Վանական համալիրը նվիրված է հայ առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգորին:

Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանքը 19-րդ դարավերջին («Արաքս» հանդես, 1897, Բ)

Համալիրն` ըստ երևույթի, երկար կյանք չի ունեցել, պատերի վրայի ամենաուշ արձանագրությունները վերաբերում են XIII դարին: Վանքը մեր ժամանակներն է հասել ամբողջովին ավրակ վիճակում (անցյալի տեղեկագիրներից մեկը այն նմանեցնում է "կանաչ մահճում պառկած, ժպիտը դեմքին ջահել ու գեղեցիկ ննջեցյալի" [2] ): Մասնակիորեն նորոգվել է 1939 թ., Մաքրման աշխատանքներ կատարվել են 1950 և 1969 թվականներին:

Համալիրը կազմում են երկու եկեղեցիները, գավիթը, մատուռը, Մամիկոնյանների տոհմական գերեզմանոցը, ձիթհանը և խաչքարերի մնացորդները ։ Հիմնական խումբը կազմող 2 եկեղեցիները տեղադրված են իրար կից` մեկ շարքում (տես` հատակագիծ):

Սբ. Աստվածածին եկեղեցին[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր եկեղեցին Սբ. Աստվածածինն է (այդ անունով է ավանդված պատերի վրա պահանված մեծ թվով արձանագրություններում), որը գտնվում է նախորդ եկեղեցու և գավիթի միջև: Ըստ հարավային պատի ստորին մասի 1221 թ. արձանագրության՝ բարձրաքաշ վանքի կառուցումն սկսել է Համազասպ Մամիկոնյանի թոռ և Սարգսի որդի Մարծպանի կողմից, Թամարի որդի Գիորգիի թագավորության և Իվանե Զաքարյանի աթաբեկության ժամանակ [3]:

Սուրբ Աստվածածին Կաթողիկեն աչքի է ընկնում իր յուրօրինակությամբ։ Նրա ուշագրավ առանձնահատկություններից են հնգանիստ խորանն ու մույթերի փոխարեն զույգ սյուների կիրառումը։ Կաթողիկեն հարուստ է քանդակներով և մեծ թվով ընդարձակ արձանագրություններով, որոնք պատմական հարուստ տեղեկություններ են պարունակում։

Պահանված են պատերը (հարավային և արևմտյան կողմերում մասնակիորեն), մույթերը` կամարների մի մասով, հրավարևմտյան անկյունային մասի ծածկը, կենստրուկտիվ և ճարտարապետական տարրեր, զարդաքանդակների մեծ թվով բկորներ, որոնք հավաքված են ինչպես աղոթասրահում, այնպես էլ դրսում` պատերի շուրջ: Երբեմնի գմբեթից ոչինչ չի պահպանվել: Սբ. Աստվածածինը հատակագծային հորինվածքով քիչ ընդհանրություններ ունի նմանօրինակ հուշարձանների հետ:

Քառակուսուն մոտ համաչափություններով աղոթասրահը (9.6 X 10.2մ) զույգ կամարաշարերով հյուսիս-հարավ ուղղությամբ բաժանված է եղել 3 նավի: Դրանցից միջինը՝ մոտ 3 անգամ լայն եզրայիններից, ավարտվել է լայն բացվածք, բայց փոքր խորություն ունեցող հնգանիստ խորանով, իսկ եզրայինները՝ կրկնահարկ ավանդատներով: Վերջիններիս ստորին հարկի մուտքերը եզրային նավերից են, իսկ վերին հարկինը՝ խորանից: 

Գմբեթը հենվել է արևմտյան կողմում գտնվող զույգ սյուներից և խորանի եզրին կից որմնասյուներից բարձրացող կամարների վրա: Գմբեթատակ մասի և խորանի միջև տարածության բացակայությունը պայմանավորել է գմբեթի տեղադրությունը արևելք-արևմուտք առանցքի միջին մասում, որի շնորհիվ հուշարձանը եղել է հավասարակշռված նաև այդ ուղղությամբ: Սյուները կամարներով կապված են եղել նաև պատերին կից որմնասյուների հետ՝ կրելով միաժամանակ եզրային ծածկերի բեռի մի մասը: Թաղերի մնացորդներից երևում է, որ դրանք ունեցել են տարբեր հորինվածք՝ կիսագլանաձև, հարթ, շթաքարե, անցումով և այլն:  Սյուների և որմնասյուների բները, որոնց բարձրությունը հասնում է մոտ 3 մետրի, ինչպես նաև զարդաքանդակներն ու շթաքարով մշակված խոշոր խոյակներն ու խարիսխները միակտոր քարից են: 

Հուշարձանն ավերակ վիճակում էլ աչքի է ընկնում հարդարման բարձր մակարդակով, գեղարվեստական արտահայտչամիջոցների առատ և տեղին կիրառմամբ:

Կաթողիկեին հարավից կից է քառասյուն գմբեթավոր գավիթը (1259 թ), իսկ հյուսիսից՝ թաղածածկ դահլիճ տիպի ավանդատներով եկեղեցին (X դ.)։

Գավիթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդարձակ գավիթը սբ. Աստվածածին եկեղեցուն կից  է հարավից, շեղվելով արևմուտքից կցվելու ավանդական սովորույթից: Այն ունի XIII դ. լայնորեն տարածված կենտրոնակազմ հորինվածք, որտեղ ծածկը հենվել է միջին մասի 4 սյուներից և պատերին կից որմնասյուներից բարձրացող կամարների վրա՝ կենտրոնում ունենալով երդիկ: Այն հատակագծում ուղղանկյուն է 11.3X14.3 մ չափերով: Ծածկը և թաղակիր կամարներն ավերված են, կանգուն են միայն հարավային կողմի զույգ սյուները կապող կամարը և որմնակամարների մի մասը:

1950 թ մաքրության աշխատանքների ժամանակ ի հայտ են եկել մեծ թվով նկարազարդ և զարդաքանդակներով պատած խոշոր սալեր, որոնք, հավանական է, հանդիսացել են հարթ առաստաղի մասեր:

Արևելյան կողմում առանցքով գտնվում է կիսաշրջանաձև ոչ մեծ բացվածքով խորանը, որը երկլանջ կտուրկ տակ առնված իր հնգանիստ ծավալով դուրս է գալիս պատի սահմաններից: Դա խոսում է այն մասին, որ այն կառուցել են հետագայում՝ որպես հավելված: Ստացվում է, որ գավիթը նախապես ունեցել է երեք մուտք, որից արևելյանը հետագայում առնվել  է խորանի բացվածքի մեջ:

Գավիթի արևելյան անկյունային մասերում եղել են քառակուսի հատակագծով կրկնահարկ ոչ մեծ ավանդատներ:

Բոլոր մուտքերը և պատուհանները պսակված են եզրակալնորով: Հատկապես ուշագրավ է արևմտյան շքամուտքը, որի տիպանի որմնակամարով եզերված հարթությունը պատած է վառ կարմիր ֆելզիտե հնգաթև աստղերով: Բարձր ճաշակով և նրբագեղությամբ են լուծված ու հարդարված խորանի արտաքին ճակատային հարթությունները: Քանդակագործական արվեստի կատարյալ նմուշ է արևելյան նիստի պատուհանների պսակների հետ հորինվածքայի սերտ կապի մեջ գտնվող Մամիկոնյանների տոհմանշանը հանդիսացող ՝ մագիլներով գառ պահած երկգլխանի արծվի բարձրաքանդակը: 

Պատերը հարուստ են արձանագրություններով, որոնցում շատ են գավթի առանձին մասերի կառուցմանը իրենք մասնակցությունը ունեցած անձանց (Սևչի, Համլիկ, Մամքան, Ջատկեր, Ասանեթ, Կիկո և ուրիշներ ) վերաբերող հիշատակություններ, որպիսիք հանդիպում են նաև Սանահին գավթի արձանագրություններում: Կառուցման հետ կապված արձանագրություններից ամենաուշը վերաբերում է 1247 թվականին, որը կարելի է համարել գավիթի կառուցման ավարտի ժամանակը: 

Միանավ դահլիճի տիպի եկեղեցին[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահպանված հուշարձաններից ամենից վաղ կառուցվածը հյուսիսային կողմի միանավ դահլիճի տիպի եկեղեցին է (X դ.) , որից պահպանվել են միայն պատերը` 3-4 մ բարձրությամբ: Արևելյան կողմում ավարտվում է խորն ընկած կիսաշրջանաձև խորանով, որին 2 կողմից կից են ուղղանկյուն փոքր ավանդատներ խորանից իրար հանդեպ բացվող մուտքերով: Աղոթասրահի միջին մասում և արևմտյան անկյուններում պահպանվել են ուղղանկյուն կտրվածքով որմնամույթերի մնացորդներ, որոնց վրա հենվել են կիսագլանաձև թաղը գոտկող կամարները: Ի տարբրություն մյուս հուշարձանների, որոնք կառուցված են սրբատաշ դեղնավարդագույն ֆելզիտե բազմերանգ խոշոր քարերով, միանավ դահլիճը կառուցված է կոպիտ մշակված բազալտե մանր քարերով (հետագա նորոգումների ժամանակ օգտագործված է նաև ֆելզիտ) և ներսից եղել է սվաղված: Կառուցման վերաբերյալ տեղեկություններ հայտնի չեն: Հորինվածքային և կառուցողական տվյալներով հավանական է 10-րդ դարին պատկանելը:

Սբ. Հարություն մատուռը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքից դեպի հարավ գտնվում է միջնադարյան գերեզմանոց, որտեղ բացի տապանաքարերից շատ կան ուշագրավ խաչքարեր` կանգուն կամ պատվանդաններից ընկած, մեծ մասը` XIII դարին վերաբերող:

Գերեզմանոցի տարածքում է գտնվում Սբ. Հարություն մատուռը։ Տեղացիները այն “Ագռավի տապան” են անվանում` կապված հանրահայտ ավանդազրույցի հետ: Նրա երեք պատերը և ծածկը իրականացված են մեծաչափ բազալտի քարերից, իսկ արևմտյան կողմից ողջ լայնությունը գրավում է մուտքի բացվածքը: Ծածկի սալի աստիճանաձևությունը խոսում է այն մասին, որ մատուռը միաժամանակ ծառայել է որպես խաչքարի պատվանդան: Արևելյան սալաքարի արձանագրության համաձայն կառուցվել է 1234 թ Հովհաննես վարդապետի և նրա եղբայր Սարգսի կողմից:

Ձիթհան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սբ. Հարություն մատուռի հարավային կողմում եղել է ձիթհան, որից պահպանվել են պատերի ստորին մասը ` խոշոր որձաքարերով, և 2 մ տրամագծով բազալտե մամլաքարը` եզրագծով գոտևորող 1266 թվակիր շինարարական արձանագրությամբ: Վերջինիս համաձայն ձիթհանը կառուցվել է Մարծպանի որդիներ Վահրամի և Մամիկոնի պարոնության ժամանակ` Գորգ վարդապետի կողմից[4]:

1245 թ. Մարզպանի որդի Ասլանբեկ Մամիկոնյանը կառուցել է երկու մատուռ և վանքին նվիրել ոսկով և մարգարիտներով զարդարված Ավետարան։

Ձորում պահպանվել են Սմբատ Մամիկոնյանի որդի Համլիկի ու նրա կնոջ՝ Մամքանի կառուցած Սաղուձորի վանքապատկան կամուրջի մնացորդները։

Վանքի բոլոր շինությունները կառուցված են տուֆից, ֆելզիտից և բազալտից։ Սպիտակ երանգի համար անվանվել է նաև Ճերմակ վանք։ Միջնադարում Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը Հայաստանի հոգևոր և կրթական օջախներից մեկն էր։ Այստեղ կրթություն էին ստանում Մամիկոնյանների իշխանական տոհմի ներկայացուցիչները, իսկ հոգևորականները զբաղվում էին գիտական աշխատանքով։

Վանքը մասամբ վերակառուցվել է 1939 թ-ին, իսկ 1969 թվականին նրա տարածքը պեղվել է։ Ներկայումս վանքի պատերը կիսաքանդ են ու թեքված։ Մասնագետների կարծիքով փլվելու պատճառներից մեկն է նստվածքային երևույթները հիմքերում։

Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանք՝ Եվրոպա Նոստրայի 2014 թ. «7 առավել վտանգված» 11 հուշարձաններից մեկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպա Նոստրա մշակութային ժառանգության եվրոպական առաջատար կազմակերպությունը և Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտը հայտարարել են 2014 թ. «7 առավել վտանգված» ծրագրում ընդգրկված 11 հուշարձանների և տեսարժան վայրերի նախնական ցանկը[5]։ Միջազգային հանձնաժողովի փորձագետների կողմից ընտրված վտանգված հուշարձանների անհետացման ցանկում է նաև ՀՀ Լոռիի մարզի Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը։

Եվրոպա Նոստրայի «7 առավել վտանգված» ծրագիրը մեկնարկել է 2012 թ. հունվարին, որի հիմնական նպատակներից էր միևնույն գաղափարի շուրջ միավորել մասնավոր և պետական մի շարք կազմակերպությունների՝ բացահայտելու ժառանգության պահպանության համար ֆինանսական նոր աղբյուրներ։ Վերջնական յոթնյակի ընտրությունից հետո Եվրոպա Նոստրայի» ժառանգության փորձագետներից, կազմակերպության անդամներից, ինչպես նաև ֆինանսական ու տեխնիկական մասնագետներից բաղկացած թիմն այցեր է կատարում բոլոր 7 ընտրված վայրերով, որտեղ տեղի մասնագետների հետ միասին անցկացվում են ուսումնասիրություններ և մշակվում են կոթողները փրկելու նախագծեր։ Հուշարձանի վերականգնումը կնպաստի Դսեղը որպես զբոսաշրջության կենտրոն հաստատելուն և տեղական տնտեսությունը զարգացնելուն։ Գործընթացն առավել արդյունավետ կանցկացվի միջազգային փորձաքննության և աջակցության շնորհիվ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Monuments database — 2017.
  2. Շախկյան Գառնիկ (1986)։ Լոռի, Պատմության քարակերտ էջերը։ Երևան "Հայաստան" 
  3. Գ. Սարգսյան (1951)։ Բարձրաքաշ վանքը և նրա վիմագրությունը։ “էջմիածին”։ էջեր հուլ.–օգ. Էջ57, սեպտ–հոկտ, էջ 44 
  4. Կարախանյան Գ.։ Դսեղի միջնադարյան ձիթհանը և նրա շինարարական արձանագրությունը:։ “ՊԲՀ"։ էջեր .N4, էջ 253–254 
  5. http://www.europanostra.org/11-european-sites-shortlisted-for-the-7-most-endangered-programme