Կեչի թավոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեչի թավոտ
Brzoza omszona Betula pubescens.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Կեչածաղկավորներ
Ընտանիք Կեչազգիներ
Ցեղ Կեչի
Տեսակ Կեչի թավոտ
Լատիներեն անվանում
Betula pubescens
Հատուկ պահպանություն

Կեչի թավոտ (լատ.՝ Betula pubescens), կեչազգիներ ընտանիքի, կեչի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառեր են՝ մինչև 20 մ բարձրությամբ, դեպի վեր ուղղված կամ հորիզոնական ճյուղերով։ Բնի տրամագիծը հասնում է 20-40 սմ-ի, երբեմն թփանման է աճում։ Կեղևը սպիտակ է, շերտ-շերտ անջատվող։ Ծեր ծառերի բնի հիմքը մուգ է, խորդուբորդ։ Երիտասարդ ընձյուղները կարմրագորշավուն են, ծածկված խիտ աղվամազով, առանց խեժային ելունդների։ Տերևները ձվաձև են կամ շեղանկյուն-ձվաձև, 4-6 սմ երկարությամբ, 2,5-5 սմ լայնությամբ, կլորավուն, սրտաձև կամ հատված հիմքով, սրածայր գագաթով, զույգ սուր-ատամնաեզր, ամուր։ Նոր բացված ժամանակ կպչուն են։ Տերևակոթունները մազմզուկապատ են, 1,2-2,5 սմ երկարությամբ։ Պտղաբերող կատվիկները ունեն 2,5-3 սմ երկարություն, 9-10 մմ տրամագիծ, գտնվում են թավշամազմզուկապատ պտղակոթունների վրա։ Թեփուկները ունեն 3-5 մմ լայնություն, վերևի կողմից ծածկված են աղվամազով, թարթիչաեզր են, միջին բլթակը երկարացած է։ Ընկուզիկը երկարավուն-էլիպսաձև է, թևիկավոր։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Արևելյան Եվրոպայում, Սիբիրում, Անդրբայկալում, Սկանդինավիայում: Հայաստանի պայմաններում հանդիպում է Տաշիրի, Ստեփանավանի, Հրազդանի և Ապարանի շրջաններում, որտեղ աճում է անտառների վերին եզրերում, գլխավորապես կաղնու և սոճու ծառուտներում։ Լուսասեր է, խոնավասեր, ցրտադիմացկուն, պահանջկոտ է հողի նկատմամբ, բավականին արագ է աճում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Prestvannet-parkvei.jpg

Լայն կիրառում ունի նաև կանաչապատման բնագավառում, որտեղ օգտագործվում է ամենատարբեր տիպերում ու կատեգորիաներում։ Հատկապես բարձր են գնահայտվում թավոտ կեչու պարտիզային ձևերը, որոնք աչքի են ընկնում սաղարթի ձևով (նեղ բրգաձև), տերևների ձևով և այլն։

Կեղևը հյուսիսային շրջաններում օգտագործվում է որպես ծածկ, դրանից զանազան իրեր, նույնիսկ՝ թեթև նավակներ են պատրաստում։ Հատկապես բարձր են գնահատվում արմատի վրա գտնվող պալարաոստերը, որոնցից գեղեցիկ նախշերով զարդարված բնափայտ են ստանում։ Բնից ստացված հյութը օգտագործվում է զովացուցիչ ջրեր պատրաստելու համար[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 196-198, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985։