Բնափայտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բնափայտ, քսիլեմա (հուն․ gvXov — կտրված ծառ), ծառաբույսերի և խոտաբույսերի բարդ հյուսվածք, որը փոխադրում է ջուրը և նրանում լուծված հանքային աղերը։ Բնափայտը անցկացնող խրձի մի մասն է, կազմված պրոկամբիումից (առաջնային բնափայտ) կամ կամբիումից (երկրորդային բնափայտ)։ Բնափայտը բնափայտային բույսերի բնի, արմատների և ճյուղերի հիմնական զանգվածն է։ Բնափայտի բջիջների ձևը և մեծությունը, կախված կատարվող ֆունկցիայից, տարբեր է։ Բնափայտը պարունակում է անցկացնող, մեխանիկական, պահեստավորող տարրեր և առաջանում է բույսերի օնտոգենեզում մերիսթեմային երկու տիպի՝ ապիկալ (առաջնային քսիլեմա կամ առաջնային բնափայտ) և լատերալ (երկրորդային քսիլեմա կամ երկրորդային բնափայտ) հյուսվածքների գործունեության հետևանքով։ Փշատերևազգի և երկշաքիլավոր բույսերի մեծամասնության բնափայտում առաջանում են աճման կամ տարեկան օղակներ և շառավղային կամ միջուկային ճառագայթներ։ Մեկ տարեկան օղակում տարբերում են վաղ (գարնանային) և ուշ (ամառային) գոտիներ։ Բնափայտի կառուցվածքն ըստ նրա տարրերի տեղաբաշխման և չափերի լինում է ցրիվանոթային (թխկի, կեչի) և օղականոթային (կաղնի, թեղի)։ Անոթները կարող են տեղադրված լինել մեկական (կաղնի) կամ խմբերով (կեչի, հացենի, բարդի)։ Ծառի աճման հետ նրա ներքին, ավելի հին բնափայտը մահանում է, անցկացնող և պահեստային համակարգերն աստիճանաբար դադարում են գործելուց, որի հետևանքով ջրի, օսլայի, մասամբ ճարպի պարունակությունը պակասում է, իսկ դաբաղանյութերինը, խեժերինը՝ ավելանում։ Բնափայտի բոլոր բջիջներին բնորոշ է Փայտացումը՝ թաղանթների ներծծումը լիգնինով։ Բնափայտը ունի ժողովրդատնտեսական մեծ նշանակություն։ Կիրառվում է որպես շինանյութ, վառելանյութ, հումք է թղթի արդյունաբերության համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png