Jump to content

Կեչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեչի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հաճարածաղկավորներ (Fagales)
Ընտանիք Կեչազգիներ (Betulaceae)
Ենթաընտանիք Կեչայիններ (Betuloideae)
Ցեղ Կեչի (Betula)
L., 1753
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Կեչի (լատին․՝ Bétula), կեչազգիների ընտանիքի տերևաթափ միատուն ծառ է, երբեմն՝ փռվող թփիկ։ Հայտնի է շուրջ 120 (այլ տվյալներով՝ 140) տեսակ՝ հիմնականում տարածված Հյուսիսային կիսագնդի բարեխառն և ցուրտ գոտիներում։ Տեսակների ընդհանուր թիվը մոտ 100[1] է, կամ մի փոքր ավելի շատ[2]։

Կեչին կարևոր տեղ է զբաղեցնում սլավոնական, սկանդինավյան մշակույթում։ Հայաստանում հանդիպում է 3 տեսակ (ելունդավոր, թավոտ և Լիտվինովի)՝ վերին լեռնային գոտիներում։ Ամենատարածվածը Լիտվինովի կեչին է, որը Սևանի ավազանում և Մարմարիկի հովտում (1800-2400 մ բարձրություններում) առաջացնում է մերձալպյան անտառներ՝ կեչուտներ։

Հետերոտիպ հոմանիշներ[3]։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կեչի, Բուսաբանական նկարազարդում «Köhler’s Medizinal-Pflanzen» գրքից, 1887

Ցածրաբուն, հիմնականում սպիտակավուն կեղևով ծառ է, բարձրությունը՝ մինչև 20 (երբեմն՝ 30) մ։ Տերևները հերթադիր են, պարզ, ամբողջական, ատամնաեզր։ Ծաղիկները կատվիկներ են։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղն ընկուզանման է, միասերմ։ Կեչին ապրում է 50-80 տարի։ Հայաստանում աճող տեսակները էկոլոգակենսաբանական առումով մոտ են միմյանց. լուսասեր են, ցրտադիմացկուն, հողի նկատմամբ՝ խիստ պահանջկոտ։ Բազմանում է սերմերով ու մացառներով։

Ծաղկի բանաձև՝ և [4] Երիտասարդ ծառերի ճյուղերը շագանակագույն են, իսկ երբ ծառը դառնում է 8-10 տարեկան ճերմակում են։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը սպիրակ է, անջատվում է բարակ շերտով։ Ընձյուղները կարմրագորշավուն են։ Տերևները ձվաձև, ռոմբաձև են կամ եռանկյունի ձվաձև, 3,5-7 սմ երկարությամբ և 2,5-5-5 սմ լայնությամբ, սրածայր, կրկնակի ատամնեզր։ Ծաղիկները կատվիկներ են։ Սերմերն ունեն 2 թևեր։ Ծաղկում է ապրիլի վերջերին, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնափայտն սպիտակ է, կիրառվում է նրբատախտակի, մանրատախտակի, ծանր իրերի արտադրության մեջ։ Գեղազարդիչ է։ Կեչու պտուղը պարունակում է աղաղանյութեր, եթերայուղեր, ճարպեր,C վիտամին։ Պատրաստուկներն օգտագործվում են որպես լեղամուղ, ճիճվամուղ, վերքերն ապաքինող միջոց։ Կեչիների մեծ մասի կեղևը պարունակում է սպիտակ օրգանական պիգմենտ՝ տրիտերպենոիդ բետուլին։ Հայաստանի տարածքում հանդիպող Թավոտ կեչու (Betula pubescens) կեղևում բետուլինը կազմում է 44 %։ Բողբոջները պարունակում են մոտ 3—5 % եթերային յուղեր, ինչպես նաև խեժանյութեր, ալկալոիդներ, ասկորբինային թթու, ֆլավոնիդներ և ճարպաթթուներ։ Տերևներում կան եթերային յուղեր, կումարիններ, դաբաղանյութեր, ֆլավոնիդներ։

Վեգետացիայի շրջանի վերջում կեչիները կուտակում են շաքարանյութեր։ Գարնանը, մինչև տերևների բացվելը, երբ սկսվում է հեղուկի շարժը ծառի մեջ, շաքարանյութերը սկսում են բարձրանալ դեպի վեր։ Եթե այդ ընթացքում բնի վրա անել կտրվածքներ, ապա հյութը կհոսի դուրս։ Կեչու հյութի հավաքելը հյուծում է ծառը, ինչպես նաև ճեղքերից կարող են ներթափանցել հիվանդածին միկրոօրգանիզմներ և ախտահարել ծառը։ Հյութը հավաքելուց հետո պետք է ծառի վրայի ճեղքերը փակել կավով։

Տարածում և էկոլոգիական վիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեչուտները ձևավորում են յուրահատուկ էկոհամակարգ։ Տարբեր թրթուռներ և բզեզներ, այդ թվում նաև Եվրոպայի ամենամեծ բզեզը՝ եղջերուն, նախընտրում են հենց կեչու ծառը։ Կեչու տերևներով են սնվում նաև մայիսյան բզեզները, որոնց քանակության աճը կարող է վնասել կեչու պոպուլյացիային։ Սնկերի որոշ տեսակներ աճում են միայն կեչուտներում (Leccinum scabrum), (Leccinum holopus), (Lactarius necator), (Lactarius torminosus)։ Վնասված կեչիները կարող են ախտահարվել մակաբույծ սնկերով (Inonotus obliquus)։

Բուժիչ նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես դեղամիջոց օգտագործում են կեչու տեղևները, հյութը, բողբոջները և կեղևի կուպրը։ Ռուսական գիտական բժշկության մեջ օգտագործում են կեչու բողբոջները։ Դրանք օգտագործում են եփուկների և թուրմերի տեսքով որպես քրտնաբեր, միզամուղ և լեղամուղ միջոց, այտուցների, երիկամների, միզապարկի, լեղապարկի և լյարդի հիվանդության ժամանակ։ Կեչու բողբոջների մեջ կան մինչև 8% եթերային յուղ, ֆլավոնոիդներ, խեժային և աղաղային նյութեր։ Սակայն անհրաժեշտ է հիշել, որ խեժային նյութերը գրգռող ազդեցություն ունեն հիվանդի երիկամների վրա, այդ պատճառով բուժումը պետք է անցկացնել բժշկի հսկողության ներքո։ Կեչու տերևները չունեն ոչ մի կողմնակի ազդեցություն։ Դրանք նպաստում են միզագոյացմանը՝ չգրգռելով երիկամները։ Տերևներից պատրաստած թուրմն օգտագործում են օրգանիզմից ջրի հեռացման, միզատար ուղիների լվացման համար՝ երիկամների և միզահան համակարգի վարակիչ և բորբոքային հիվանդությունների ժամանակ։ Տերևներն օգտագործում են նյութափոխանակության խախտումների ժամանակ, ինչպես նաև ավիտամինոզի կանխարգելման համար։ Իբրև կենսաբանական ակտիվ նյութեր դրանց մեջ մտնում են ֆլավոնոիդները, բուժիչ նշանակություն ունեն նաև եթերային յուղի դառնությունը, աղաղանյութերը, սապոնինը։ Տերևների մեջ կան ասկորիբինաթթու, պրովիտամին A և ուրիշ վիտամիններ։ Ժողովրդական բժշկության մեջ կեչու բողբոջները և տերևները, դրանցից պատրաստված դեղամիջոցներն օգտագործում են ստամոքսաբորբի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցի, հոդերի ռևմատիզմի, նաև դժվար ապաքինվող վերքերի, խոցերի, պառկելախոցի և այլնի ժամանակ։ Բողբոջներում և տերևներում կան ֆիտոցիդներ, ինչով և բացատրվում է դրանց՝ վերքերը լավացնող ազդեցությունը։ Օգտագործվում են նաև կոսմետոլոգիայի մեջ։ Ռուսաստանում շատ տարածված է կեչու հյութի օգտագործումը, որն ունի միզամուղ և հակալնդախտային ազդեցություն։ Հյութն իր մեջ պարունակում է օրգանական թթուներ, սպիտակուց, կալիումի, երկաթի, կալցիումի աղեր և տարբեր այլ միկրոտարրեր։ Այն օգտակար է պոդագրայի, այտուցների, ռևմատիզմի, թարախապալարների, անգինայի ժամանակ և բարենպաստ է ազդում նյութափոխանակության վրա։ Այն ոչ միայն խմում են, այլև օգտագործում են թրջոցների տեսքով մաշկային հիվանդությունների ժամանակ։ Հյութը նաև օգտագործում են իբրև անուշաջուր, որը խոչընդոտում է մազաթափությանը և թեփի առաջացմանը։ Կեչու կուպրն ունի ուժեղ արտահայտված հականեխիչ ազդեցություն և հանդիսանում է իբրև հումք քսուքների համար, որոնք օգտագործում են մաշկային հիվանդությունների ժամանակ։ Դրա հիմքի վրա արտադրում են օճառ և շամպուն։ Կեչու փայտից ստանում են ակտիվացված ածուխ կարբոլեն, որը նշանակում են թունավորման, կոլիտների, ստամոքսահյութի բարձր թթվայնության ժամանակ։ Գործածում են նաև ծանր մետաղներով, ալկալոիդներով և սննդային թունավորման ժամանակ։ Կեչու ծառաբնի վրա աճում է չագա սունկը, որը հավաքում են ամբողջ տարվա ընթացքում[5]։

  ընտանիք կեչազգիներ   մոտ 100 տեսակ  
         
  Կարգ Հաճարածաղկավորներ     դաս Կեչի     f1
               
  Բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր (համաձայն APG II Համակարգի դասակարգման)     7 ընտանիք     e2    
             
  ծաղկավոր բույսերի 44 կարգ, որոնցից հաճարածաղկավորներին ավելի մոտ են Վարդածաղկավորները, դդմածաղկավորները, Բակլածաղկավորները   ես 5 դաս   f2
     

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. World Checklist of Betula. The Board of Trustees of the Royal Botanic Gardens, Kew.
  2. Флора Восточной Европы, т. 11. / Под ред. Н. Н. Цвелёва. М.—СПб: Тов-во научных изданий КМК. 2004. — с. 65.
  3. World Checklist of Selected Plant Families. The Board of Trustees of the Royal Botanic Gardens, Kew. Published on the Internet; http://www.kew.org/wcsp/ accessed 11 November 2006; 19:30 GMT
  4. Андреева И. И., Родман Л. С. Ботаника. — 3-е, перераб. и доп. — М.: Колос, 2005. — С. 407. — 528 с. — ISBN 5-9532-0114-1
  5. Բնությունը հարուստ՝ դեղատուն, Չինար հրատարակչություն, Երևան-2007
Ընթերցե՛ք «կեչի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 383
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեչի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեչի» հոդվածին։