Բարձրակարգ բույսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարձրակարգ բույսեր, տերևացողունայիններ (Cormophy- ta) կամ թելոմայիններ (Telo- mophyta), բուսական աշխարհի ամենատարածված և առավել կատարելագործված բաժին։ Մարդկությանը հայտնի մոտ 500000 բուսական տեսակներից համարյա 300000-ը պատկանում են բարձրակարգ բույսերին, որոնք շրջապատում են մեզ ամենուրեք և առաջացնում տարբեր բուսածածկեր՝ մարգագետիններ, անտառներ, տափաստաններ։ Բարձրակարգ բույսերը հարմարվում են երկրագնդի տարբեր պայմաններին, սկսած ալպյան գոտուց մինչև անապատները։ Բարձրակարգ բույսերի նախնիները հավանաբար եղել են գորշ կամ կանաչ ջրիմուռները։ Ի տարբերություն ստորակարգ բույսերի, բարձրակարգ բուսյսերն բարդ տարբերակված օրգանիզմներ են, հարմարված հիմնականում ցամաքում ապրելու պայմաններին և կազմված են արմատից, ցողունից, տերևներից ու ծաղիկներից։ Բացառություն են միայն մերկաբույսերը (պսիլոֆիտներ) և մամռանմանները, որոնք զուրկ են արմատներից։ Բարձրակարգ բույսերի զարգացման ցիկլում համարյա միշտ տեղի է ունենում սերունդների հաջորդականություն՝․ Անսեռ սերնդի բազմացման օրգանները սպորանգիումներն են, որոնց մեջ առաջանում են սպորները, իսկ սեռական սերնդինը՝ գամետանգիումները, որոնք սեռական բջիջներ կամ գամետներ (ձվաբջիջ և սպերմատոզոիդ) են արտադրում։ Անսեռ սերունդն ավելի փարթամ է զարգացած, իսկ սեռականը խիստ հետ է զարգացած։ Բացառություն են մամռանմանները, որոնց մոտ գերիշխում է սեռական սերունդը՝ գամետոֆիտը։ Բարձրակարգ բույսերի բաժնում միավորված են հետևյալ տիպերը՝ մերկաբույսեր (Psilopsida), մամռանմաններ (Bryopsida), գետնամուշկանմաններ (Lycopsida), պսիլոտանմաններ (Tme- sopsida), սեպատերեանմաններ կամ հատվածացողունայիններ (Sphenopsida), պտերանմաններ (Pteropsida), մերկասերմեր (Gymnospermae) և ծածկասերմեր կամ ծաղկավոր բույսեր (Angiospermae, Anthophy- ta)։ Վերջին երկու տիպերն ավելի կատարելագործված են և կարևոր, քանի որ ունեն այնպիսի նորագոյացություններ, ինչպես սերմնասկզբնակը, սերմը, ծաղիկը և պտուղը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png