Սննդային թունավորումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սննդային թունավորումներ
Ենթադասթունավորում
Պատճառfood-borne transmission? և food contamination?
Բժշկական մասնագիտությունբժշկական թունաբանություն
MeSHIDD005517
Foodborne illness Վիքիպահեստում

Սննդային թունավորումներ, հիվանդություններ, որոնք առաջանում են բակտերիային թույներ պարունակող կամ թունավոր խառնուրդներով աղտոտված սննդամթերքների օգտագործումից։

Սննդային թունավորումների տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Թունավոր սնկեր

Բակտերիային ծագման սննդային թունավորումներն անվանում են սննդային տոքսիկո-ինֆեկցիաներ, երբ թունավորման երևույթների զարգացմանը մասնակցում են օրգանիզմ ներթափանցած կենդանի մանրէները, և տոքսիկոզներ՝ երբ թունավորումը պայմանավորված է սննդամթերքի մեջ միկրոբի արտադրած թույներով (օրինակ՝ բոտուլիզմ, ստաֆիլակոկային թունավորումները

Թունավորման տեսակը Թունավորման ենթատեսակը Հիվանդության պատճառային գործոն
Միկրոբային Տոքսիկո-ինֆեկցիաներ Էնտերոկոկեր, բացիլներ, վիբրիոններ և այլ միկրոօրգանիզմներ
Տոկսիկոզներ Բակտերիալ տոկսիկոզներ ստաֆիլակոկներ և բոտուլիզմի ցուպիկ
Միկոտոկսիկոզներ Մանրադիտակային սնկեր, ասպերգիլլներ, սպորներ և այլն
Ոչ միկրոբային Թունավորումներ ըստ բնույթի թունավոր սննդով Բուսական սնունդ թունավոր սնկեր, վայրի թունավոր բույսեր և այլն
Կենդանական սնունդ մարինկա ձկի ձկնկիթը, կաթ, փշամորթներ և այլ ձկների տեսակներ
Թունավորում այն սննդով որը թունավոր է որոշ պայմաններում Բուսական սնունդ կորիզավոր պտուղների դառը կորիզներ, հում լոբի, ծլած կարտոֆիլ
Կենդանական սնունդ լյարդ, ձկնկիթ, գայլաձուկ և այլն

[1][2]

Թունավորումների պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թունավոր հատապտուղ

Ոչ բակտերիային սննդային թունավորումի պատճառ կարող են դառնալ թունավոր սնկերը, որոշ թունավոր բույսեր, առանձին պտուղների (նուշ, ծիրան, դեղձ և այլն) դառը կորիզները, ձկների որոշ թունավոր տեսակներ (մարինկա և այլն) և խավիարը։ Թունավորումներ լինում են հացից և հացամթերքներից, եթե պարունակում են մոլախոտերի թունավոր սերմեր (օրինակ, սննդաթունային ալեյկիան), թունաքիմիկատներից, երբ դրանց մնացորդային քանակները գերազանցում են թույլատրվող նորմաները, ծանր մետաղներից (կապար, պղինձ, ցինկ), որոնք որոշակի պայմաններում անցնում են ամանեղենից, սննդարտադրության մեջ կիրառվող որոշ նյութերից (նիտրատներ, նիտրիտներ և այլն)։ Սննդային թունավորումների կլինիկական պատկերը պայմանավորված է ներմուծված թույնի բնույթով, քանակով, ինչպես նաև օրգանիզմի դիմադրողականությամբ։

Թունավորումների ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թունավոր հատապտուղ

Մեծ մասամբ սննդային թունավորումներն ունեն սուր սկիզբ, կարճ գաղտնի շրջան և ուղեկցվում են ստամոքսաաղիքային համակարգի գործունեության խանգարումներով (մետաղական համ բերանում, սրտխառնոց, փսխում, լուծ կամ փորկապություն, ցավեր որովայնում)։ Որոշ թունավորումների ժամանակ գերակշռում են կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման երևույթները՝ գլխացավ, գլխապտույտ, երբեմն զառանցանք, գիտակցության կորուստ, ցնցումներ, արյան ճնշման անկում և այլն։ Դժգույն սնկից և որոշ մոլախոտերից թունավորումների ժամանակ նկատվում է լյարդի ախտահարում և դեղնուկ։ Ոչ բակտերիային ծագում ունեցող թունավորումների և տոքսիկոզների ժամանակ, ի տարբերություն տոքսիկո-ինֆեկցիաների, ջերմաստիճանի բարձրացում չի նկատվում։

Թունավորումների ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոտուլիզմի ցուպիկ

Սննդային թունավորումների մի մասը խիստ վտանգավոր է և կարող է ունենալ մահացու ելք, ուստի հիվանդները պարտադիր պետք է գտնվեն բժշկի հսկողության տակ։

Առաջին օգնությունը թունավորումների ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին օգնությունը ստամոքսաաղիքային համակարգից թունավոր սննդի մնացորդների հեռացումն է (ստամոքսի լվացում, մաքրող հոգնաներ, լուծողական միջոցներ)։ Բուժումը կախված է թունավորում առաջացնող պատճառից։

Թունավորումների կանխարգելումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական սննդի ձեռնարկություններում սանիտարական խիստ հսկողություն և բնակչության մեջ այդ ուղղությամբ անհրաժեշտ գիտելիքների պրոպագանդում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. КЛАССИФИКАЦИЯ ПИЩЕВЫХ ОТРАВЛЕНИЙ(утв. N 2436-81 от 30.07.81 г.)
  2. Степанова Ирина Владимировна Санитария и гигиена питания: учебное пособие. — СПб: Троицкий Мост, 2010. — 224 с. — 1000 экз. — ISBN 978-5-904406-08-0
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 483 CC-BY-SA-icon-80x15.png