Բարդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բարդի (այլ կիրառումներ)


Բարդի
PopulusNigra3.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Մալպիգիածաղկավորներ (Malpighiales)
Ընտանիք Ուռազգիներ (Salicaceae)
Ցեղ Բարդի (Populus)
L., 1753

Բարդի (լատ.՝ Pópulus), ուռազգիների ընտանիքի տերևաթափ ծառ։ Հայտնի է բարդիների մոտ 100, ՀՀ-ում՝ 12 տեսակ՝ անտառային կամ դողդոջուն (հայտնի է նաև կաղամախի անունով), նրբագեղ, հիբրիդային կամ գորշ, արծաթափայլ կամ սպիտակատերև և այլն։ Տարածված է գրեթե բոլոր մարզերում. խոնավասեր է, աճում է գերխոնավ վայրերում, գետերի ավազաններում, առուների ափերին։

Բարդին խոշոր ծառ է, բարձրությունը՝ 40–60 մ, բնի տրամագիծը կարող է հասնել 1 մ-ի։ Սաղարթը լինում է բրգաձև, վրանաձև, ցրված, ձվաձև։ Տերևները հերթադիր են, կոթունավոր, լայն եռանկյունաձև, ձվաձև, կլորավուն։ Բարդին ծաղկում է վաղ գարնանը։ Ապրում է 100–150 տարի։ Աճում է արագ, տարեկան՝ 1–1, 5 մ։ Բարդին ունի բուժիչ հատկություն. կեղևը պարունակում է աղաղանյութեր, տերևը՝ վիտամիններ, բողբոջը՝ եթերայուղեր։ Աճեցվում է որպես գեղազարդիչ բույս, կիրառվում է փլվածքների, ձորակների, ավազուտների ամրացման և դաշտապաշտպան անտառաշերտեր ստեղծելու նպատակով։ Բնափայտը բնամիջուկ չունի, թեթև է, ամուր, կիրառվում է որպես շինանյութ և վառելանյութ, լուցկու արտադրության մեջ և այլն։ Եփրատյան բարդին հազվագյուտ տեսակ է. հանդիպում է Երևանի շրջակայքում և Արաքս գետի ափին։ Այս ծառի վրա կարելի է տեսնել ուռենիներին և բարդիներին հատուկ բոլոր ձևերի տերևները։ Նման հետաքրքիր երևույթ քիչ բույսերի է հատուկ։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Վաղ անցյալում հայոց մեջ բարդին համարվել է «կենաց ծառ» և պատկերվել է բրոնզե գոտիների, արքայական սաղավարտների, պաշտամունքային քանդակների և որմնապատկերների վրա։ Հեթանոսական շրջանում (մինչև քրիստոնեության ընդունումը) գոյություն է ունեցել բարդու պաշտամունք, որը Հայաստանի առանձին վայրերում գոյատևել է մինչև XII դարը։ Հին Հայաստանում եղել է սրբազան բարդիների անտառ։ Միջնադարյան մանրանկարչության մեջ նույնպես հաճախ պատկերվել է որպես «կենաց ծառ»։ Բարդին խորհրդանշել է ժողովրդի հավերժությունը, նրա կենսունակ ոգին և գեղարվեստական մարմնավորում է ստացել հայ բանաստեղծների՝ Դանիել Վարուժանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Համո Սահյանի և ուրիշների ստեղծագործություններում։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png