Ժամանակակից գիտական անվանումը՝ տվել է Կասպեր Բաուգին[1] 1596 թվականին իր «Theatri botanici» աշխատությունում, ավելի ուշ այդ անվանումը օգտագործեց Կառլ Լիննեյը իր «Species Plantarum»[2] (1753) աշխատությունում;
«Կարտոֆիլ» բառը նկարագրում է բուն կարտոֆիլ բուսատեսակը, սակայն առավել հաճախ մարդիկ «կարտոֆիլ» ասելով հասկանում են ուտելի պալարները։ Գյուղատնտեսության ասպարեզում կարտոֆիլը մշակվում է պարենային, կերային և տեխնիկական նպատակների համար։ Կարտոֆիլը մարդու կողմից տասնյակ կերակրատեսակների ձևով օգտագործվում է ամբողջ տարվա ընթացքում, ինչի համար այն հաճախ անվանվում է «երկրորդ հաց»։
Արմատային համակարգը թույլ է զարգացած, ցողունը երկկող է, քառակող կամ կլոր, բարձրությունը՝ 50-80 սմ, հիմնականում՝ կանաչ, երբեմն՝ նաև կարմրամանուշակագույն կամ կապտամանուշակագույն։ Տերևներն ընդհատվող կենտփետրաձև են, կտրտված։ Ծաղկաբույլը ոլորք է, ծաղիկները՝ սպիտակ, կարմրամանուշակագույն, կապտամանուշակագույն։ Պտուղը մանր սերմերով երկբուն հատապտուղ է։ Պալարը ձևափոխված ստորգետնյա ցողուն է։ Լինում է տարբեր գույների (սպիտակ, կարմիր, վարդագույն, կապտամանուշակագույն և այլն) և ձևերի (կլոր, ձվաձև, երկարավուն, տակառաձև և այլն)։
Կարտոֆիլը մշակվում է պարենային, կերային և տեխնիկական նպատակներով։
Կարտոֆիլի պալարը պարունակում է մինչև 75% ջուր, 25% չոր նյութեր, որից օսլա՝ 17-22%, սպիտակուցային նյութեր՝ 2%։ Այն պարունակում է C, B1, B2, B6, PP և A վիտամինները։ 300գ եփած կարտոֆիլը պարունակում է 21մգ ասկորբինաթթու, որը 30-50%-ի չափով բավարարում է մարդու օրական C վիտամինի պահանջը։
Կարտոֆիլի հայրենիքը Հարավային Ամերիկան է (Չիլի, Պերու, Բոլիվիա), որտեղ դրա մշակությունը բնիկներին հայտնի է եղել դեռ մեր թվարկությունից առաջ։ Եվրոպական երկրներում կարտոֆիլի մշակությունը սկսվել է 16-րդ դարի վերջերին։
Բելգիայում գոյություն ունի կարտոֆիլի թանգարան։ Ի թիվս իր ցուցանմուշների - հազարավոր իրերի, որոնք պատմում են կարտոֆիլի ստեղծման պատմության մասին, ինչպես նաև կան այդ թեմայով բազմաթիվ նկարներ։
2008 թվականին Մարինսկ քաղաքում բացվել է Կարտոֆիլի հուշարձան[4]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 349)։