Միս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մսեղենի բազմազան տեսականի
Խոզի միս

Միս, կենդանու սպանդից ստացված ելունք, որն օգտագործվում է որպես սնունդ։[1]
Այն կենդանական ծագման լիարժեք սպիտակուցների աղբյուր է, որն անհրաժեշտ է մարդու օրգանիզմի հյուսվածքների կառուցման, նյութերի սինթեզի և փոխանակման համար։ Հանդիսանում է նաև ֆոսֆորի աղբյուր։ Մասնակցում է նյարդային հյուսվածքների, ճարպերի, B - խմբի վիտամինների, միկրոտարրերի ֆիզիոլոգիական ֆունկցիաներում։

Հայաստանում 2002թ.-ի տվյալներով յուրաքանչյուր շնչի հաշվով սահմանված մսի սպառման տարեկան ֆիզիոլոգիական նորման 75կգ է, այդ թվում` տավարամսինը` 20.3, խոզի և թռչնի մսինը` 15-ական, ոչխարինը` 7.5, երշիկեղենինը և ապխտած ապրանքներինը` 13.5 և ենթամթերքներինը` 3.7 կգ։

Միսն օժտված է բարձր մարսելիությամբ, հեշտ է ենթարկվում խոհարարական մշակման։ Մսից կարելի է պատրաստել սննդի բազմազանություն ապահովող շատ ճաշատեսակներ։ Սակայն մսեղենի չափից ավելի օգտագործումը կարող է հիպերտոնիկ հիվանդությունների զարգացման նախապայման հանդիսանալ։ Մսի բիոգենային ամինները ուժեղացնում են արյունատար անոթների տոնուսը` բարձրացնելով երակային ճնշումը։ Մսի մեջ պարունակվող նուկլիեինաթթուները կարող են նպաստել մեծահասակ մարդկանց օրգանիզմում հոդատապ հիվանդության զարգացմանը, ուստի նպատակահարմար է այն փոխարինել կաթնեղենով և ձկնեղենով։

Սպանդի ենթարկված կենդանու տեսակից կախված` ստացվող միսը կարող է լինել տավարի, ոչխարի, խոզի, այծի, ձիու, ուղտի, եղնիկի, գոմեշի, ճագարի և այլն։

Մսի քիմիական բաղադրությունը 110 գրամում[խմբագրել]

Տեսակը Կալորիաներ Սպիտակուցներ Ածխաջրեր Ճարպեր
Ձկնեղեն 110–140 20–25 գ 0 գ 1–5 գ
Հավի կրծքամիս 160 28 գ 0 գ 7 գ
Ոչխարի միս 250 30 գ 0 գ 14 գ
Տավարի փափկամիս 210 36 գ 0 գ 7 գ
Տավարի ոսկրամիս 450 25 գ 0 գ 35 գ

Մսի համաշխարհային սպառումը (2003)[խմբագրել]

 Տեղը  Երկիրը 1 շնչի հաշվով մսի սպառումը (կգ)
1 ԱՄՆ 123
2 Իսպանիա 121
3 Ավստրալիա 118
4 Ավստրիա 112
5 Դանիա 111
6 Նոր Զելանդիա 109
7 Կիպրոս 108
8 Իռլանդիա 102
9 Կանադա 98
10 Ֆրանսիա 98

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Lawrie, 1.

Արտաքին հղումներ[խմբագրել]