Լորենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լորենի
Tilia insularis 3.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծաղկավոր բույսեր
Դաս Երկշաքիլավոր
Ընտանիք Լորենազգիներ
Ցեղ Լորենի
Լատիներեն անվանում
Tilia L.


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Լորենի (Լատիներեն՝ Tilia L.)։ Հայկական տարանունները - թմբի, լորի, լռնի, կակղի։

Դեղաբույսի նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորենազգիների ընտանիքին պատկանող, մինչև 40 մ բարձրության տերևաթափ ծառ է։ Կեղևը մոխրագորշագույն է, տերևները սրտաձև հիմքով, հերթադիր, սղոցաեզր կամ ամբողջաեզր։ Ծաղիկները երկսեռ են, դեղնասպիտակավուն, հոտավետ։ Մեր հանրապետությունում տարածված են կովկասյան և սրտաձև տեսակները, որոնք ապրում են 300-400 տարի, բուժական առումով ունեն նույն նշանակությունը և տարածված են հանրապետության սաղարթավոր անտառներում՝ բոխու, կաղնու, թխկու, հաճարի և փշատաձև ծառերի հետ՝ տեղ-տեղ առաջացնելով ոչ մեծ լորուտներ։ Կազմում են հանրապետության անտառային տարածության ընդամենը 0,5%-ը։ Լորենին ստվերադիմացկուն է, կայուն քամու, ցրտի և ծխի նկատմամբ, վատ է տանում ճահճային հողը։

Բազմանում է սերմերով, շիվերով և անդալիսով։ Պտուղները հասունանում են օգոստոս- սեպտեմբերին։ Ծաղկում է 20 տարեկան հասակից և ծաղկած մնում միայն 10-15 օր։

Քիմիական բաղադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորենու ծառի բույնը

Լորենու ծաղիկները պարունակում են 0,05% եթերայուղ, գլիկոզիդներ (տիլիացին, հեսպերիդին), սապոնիններ, դաբաղանյութեր, C, E վիտամիններ, կարոտին, շաքար, լորձանյութ։ Ծաղկի հոտը պայմանավորված է եթերայուղի մեջ մտնող ֆարնեզոլ սպիրտով։ Ծաղկատերևում հայտնաբերված են դաբաղանյութեր, E վիտամին, կարոտին, լորձ, պտուղներում՝ մինչև 12% հասնող ուտելի ճարպ, որը հիշեցնում է նշի յուղը, իսկ տերևներում՝ դաբաղանյութեր և ֆիտոնցիդներ։

Նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորենին տարբեր երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման նպատակով հիմնականում կիրառվում են ծաղկաբույլերը՝ ծաղկատերևներով, որոնք հավաքում են այգու մկրատով կամ դանակով, երբ ծաղիկների մի մասը դեռևս լրիվ բացված չէ։ Հավաքում են չոր եղանակին, չորացնում ստվերում՝ միջանցիկ քամու տակ։ Չորացած հումքը հակավորում են, պահում կիսամութ, քամահարվող տեղում։ Ճիշտ պահպանման դեպքում այն պիտանի է շուրջ 3 տարի։ Չոր հումքը սովորաբար կազմում է ելանյութի մոտ 29%-ը։ Լորենու ծաղիկը ժողովրդական բժշկության ամենահին և ամենատարածված միջոցներից մեկն է։ Տարբեր ազգերի ժողովուրդների մեջ լորենու ծաղիկների եփուկը և ջրաթուրմն օգտագործվում են որպես քրտնամուղ, միզամուղ, հակաբորբոքիչ, ցավը հանգստացնող և փափկացնող միջոց՝ ցրտառական բազմաթիվ հիվանդությունների, խոզուկի, կարմրուկի, ցնցումնային վիճակի, նյարդային որոշ հիվանդությունների, միզուղիների քարային դիաթեզի ժամանակ և այլն։ Թուրմը որպես մանրէասպան միջոց ողողումների ձևով դրականապես է ներգործում բերանի խոռոչի բորբոքումների և անգինայի ժամանակ։ Ծաղիկների պատրաստուկները գրիպի և սուր տրախեաբրոնխիտների ժամանակ ցուցաբերում են ջերմ իջեցնող, խուխը ջրիկացնող և խուխամուղ հատկություն՝ միաժամանակ փափկացնելով և հանգստացնելով չոր հազը։ Ծաղիկների, տերևների կամ կեղևի եփուկը թրջոցների ձևով օգտագործվում է այրվածքների, խոցերի, ռևմատիկ և պոդագրիկ հոդաբորբերի ժամանակ։ Նույն նպատակով օգտագործվում է տրորված թարմ բողբոջների եփուկը, իսկ թարմ տերևները՝ մտցնելով եռման ջրի մեջ, անմիջապես հանում և դնում են գլխի ցավոտ մասի վրա։ Միզուղիների բորբոքման ժամանակ դեղաբույսի պատրաստուկներն ի հայտ են բերում ոչ միայն միզամուղ, այլև հակաբորբոքիչ և միզարձակումը կանոնավորող հատկություն։

Գերմանիայում ծաղիկներն օգտագործում են որպես քրտնամուղ, կոկորդը ողողելու և լոգանքաջրին բուրմունք տալու միջոց, իսկ բնափայտի ածուխը՝ լուծի. աղիների բորբոքումների և որոշ թունավորումների ժամանակ։

Լեհաստանում լորենու պատրաստուկները հանրահայտ են վերին շնչուղիների հիվանդությունների, անգինայի, նևրալգիաների, գլխացավերի, իսկ արտաքին՝ հոդային ռևմատիզմի և մազաթափության ժամանակ։

Լորենի

Ռուսական ժողովրդական բժշկության մեջ լորենին լայն կիրառում ունի նաև ստամոքսային կծկողական ցավերի և միզաքարային հիվանդության ժամանակ։ Ն.Գ. Կովալևայի տվյալներով, դեղաբույսի կիրառումը դրականապես է անդրադառնում նաև մի շարք նևրոզների ժամանակ։ Ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ ծաղիկներն օգտագործվում են ստամոքսի, լյարդի, աղիների և երիկամների մի շարք հիվանդությունների ժամանակ։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ լորենու ծաղիկներն օգտագործվում են նաև թոքաբորբերի ժամանակ։ Ժողովրդի մեջ մեծ համբավ ունի նաև լորենու ծաղիկներից պատրաստվող թեյը՝ որպես հիանալի բուժամիջոց։ Այն թոքերը մաքրում է խուխից, դրականապես ներգործում թոքերի մի շարք քրոնիկական հիվանդությունների ընթացքի վրա։ Թեյի պարբերաբար օգտագործումը լավացնում է սակավարյունությամբ տառապող հիվանդների արյան պատկերը։ Լորենու մեղրից պատրաստված թեյը հաճախ խառնում են կաթի հետ և ըմպում կարմրուկի ու ջղաձիգ հազի ժամանակ։ Կան տվյալներ, որ ծաղկաթեյն իջեցնում է շաքարախտով հիվանդների շաքարի քանակությունն արյան մեջ։ Պտուղները՝ փոշու ձևով կամ քացախի հետ խառնված, օգտագործում են վերքային, քթի և բերանի արյունահոսությունները դադարեցնելու նպատակով, մանրացրած տերևները կամ բողբոջները որպես փափկացնող և ներծծող միջոց՝ թարախապալարների, նրբակեղևի փոշին՝ այրվածքների բուժման ժամանակ։ Վերոհիշյալ դեպքերում հումքը կարելի է խառնել նաև խմորին և դնել բորբոքված մասերի վրա։ Թորման եղանակով բնափայտից ստացվում է հեղուկ, որը ժողովրդի մեջ հայտնի է «արքայաջուր» անունով և օգտագործվում է վարակիչ հիվանդությունների ժամանակ հիվանդի իրերը և հագուստը ախտահանելու համար։ Բնափայտի ածխափոշին օգտագործվում է ստամոքսի ցավերի, բքնածության, բղկոցների և արյունային լուծի ժամանակ։ Այս փոշիով մաքրում են ատամները, բուժում կոկորդի պալարախտը։

Լորենին բժշկության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորենու ծաղիկները մեծ ճանաչում են գտել նաև գիտական բժշկության մեջ։ Նրանք օֆիցինալ են աշխարհի շատ երկրներում, իսկ մեզ մոտ պետական ֆարմակոպեայի մեջ մտել են 1946 թվականին։ Lորենու ծաղիկը ջրաթուրմի ձևով օգտագործվում է որպես քրտնամուղ միջոց մի շարք ցրտառական և ջերմային հիվանդությունների ժամանակ և մտնում է ստամոքսային, լյարդային, աղիքային, երիկամային և քրտնամուղ մի շարք հավաքածուների կազմի մեջ։ Մեր տվյալներով, շնչական օրգանների մի շարք հիվանդությունների ժամանակ լորենու ծաղկի քրտնամուղ, ջերմ իջեցնող և խուխամուղ հատկություններն ավելի ակնառու են դառնում, երբ այն զուգակցվում է հակաջերմային և հակաբորբոքիչ դեղամիջոցների հետ, իսկ շաքարախտով հիվանդների մոտ նկատվել է ինքնազգացման լավացում, որոշ վեգետատիվ երևույթների պակասում, արյան մեջ շաքարի քանակի որոշակի իջեցում։

Լորենու ծաղիկները

Այլ օգտակար հատկանիշները[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով գեղեցիկ սաղարթավոր ծառ, լորենին դեկորատիվ ձևով զարդարում է մայթուղիներն ու պուրակները, ճամփեզրերն ու փողոցները՝ կլանելով փողոցների փոշին ու մուրը։ Ծառը շրջապատի վրա ունի առողջարար ներգործություն՝ շնորհիվ տերևների ֆիտոցիդային հատկության։ Ծաղիկներն օգտագործվում են պարֆյումերիայում, կոնյակի, գինու և լիկյորի արտադրության մեջ և որպես թեյի փոխարինիչ։ Սակայն լորենու ամենամեծ օգտակար հատկանիշը նրա բարձր մեղրատվությունն է։ Իզուր չէ, որ ժողովուրդն այս ծառն անվանել է «մեղրաբեր բույսերի թագուհի»։ Նշենք, որ մեղուները 1 լորենու ծառից կարող են հավաքել այնքան բերք, որքան 1 հ հնդկացորենի դաշտից։ 1 ծառից մեղուն կարող է հավաքել մինչև 12 կգ, իսկ 1 հ լորուտից՝ մինչև 650-1000 կգ մեղր։ Վերջինս շատ հոտավետ է, գերազանց համի, թափանցիկ, դեղին կամ կանաչավուն. պարունակում է 36% գլյուկոզա և 39% ֆրուկտոզա։ Բնափայտը հեշտ ենթարկվում է մշակման։ Նրանցից պատրաստում են կահույք, նրբատախտակ, երաժշտական գործիքներ, տակառ, խաղալիքներ, տնային գործածության բազմապիսի իրեր, գծագրական տախտակ, մատիտ և այլն, իսկ կեղևից՝ ճիլոպ, խսիր, պարան, զամբյուղ և այլն։ Բնափայտը տալիս է նաև բարձր որակի ածուխ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]