Տնային ճնճղուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ընտանի ճնճղուկ
Ընտանի ճնճղուկ
Ընտանի ճնճղուկ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Ճնճղուկանմաններ (Passeriformes)
Ընտանիք Ճնճղուկներ (Passeridae)
Ցեղ Իսկական ճնճղուկներ (Passer)
Տեսակ Ընտանի ճնճղուկ (P. domesticus)
Միջազգային անվանում
Passer domesticus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Տնային ճնճղուկ (լատ.՝ Passer domesticus)[1], ճնճղուկազգիների ընտանիքի (Passeridae) իսկական ճնճղուկների ցեղի (Passer) ամենատարածված տեսակը։ Սա մարդկանց տների հարևանությամբ ապրող ամենահայտնի թռչուններից մեկն է[2] (այստեղից էլ բխում է տեսակի անվանումը՝ «տնային»)։ Ճնճղուկներին հեշտությամբ կարելի է ճանաչել ինչպես արտաքին տեսքից, այնպես էլ նրանց առանձնահատուկ ծլվլոցից[3]:

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արու տնային ճնճղուկ
Էգ տնային ճնճղուկ
տնային ճնճղուկի ծլվլոցը

Ճնճղուկի մարմնի երկարությունը 14-18 սմ է [2][3], զանգվածը՝ 21-37 գրամ [3]: Փետուրների ընդհանուր գունավորումը վերևից շագանակագույն և մուգ դարչնագույն է՝ ժանգագույն և սև հետքերով, իսկ ներքևից սպիտակավուն կամ մոխրագույն է: Այտերը սպիտակ են, ականջի մասը՝ բաց մոխրագույն: Թևերն ունեն լայնակի դեղնասպիտակավուն գծեր[2]:

Արուն տարբերվում է էգից նրանով, որ ունի կզակը, վիզն ու կրծքի մեծ մասն ընդգրկող սև մեծ հետք[2][3][4], ինչպես նաև մուգ մոխրագույն (այլ ոչ թե մուգ դարչնագույն) գլուխ: Էգի գլուխն ու վիզը մոխրագույն են, իսկ աչքի վերևում բաց մոխրագույն-դեղնավուն գիծ կա[2][3]:

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում տնային ճնճղուկի բնակության տարածքը սահմանափակվում էր Հյուսիսային Եվրոպայով: Հետագայում լայն տարածում գտավ Եվրոպայում և Ասիայում[2][3][4] (բացառությամբ Արկտիկայի, հյուսիս-արևելյան, հարավ-արևելյան և կենտրոնական Ասիայի տարածքների)[4], ինչպես նաև Հյուսիսային[3][4] և Հարավային Աֆրիկայում[4], Սենեգալում[2], Փոքր Ասիայում, Արաբական թերակղզում և Ճավա կղզում[2]:

Սկսած 20-րդ դարից` ճնճղուկները տարվել են տարբեր երկրներ, այնտեղ լայն տարածում ստացել և ներկայումս, բացի վերը թվարկված վայրերից, բնակվում են նաև Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկայում և բազմաթիվ կղզիներում[2][3][4]:

Տնային ճնճղուկները գրեթե ամենուրեք համարվում են մշտաբնակ թռչուններ[3][4], միայն ծայր հյուսիսային մասերից ձմռանը չվում են հարավ (մինչև 1000 կմ), իսկ Միջին Ասիայից թռչում են Առաջավոր Ասիա և Հնդկաստան[4]:

Հետևելով մարդկային բնակությանը՝ հասել են հեռավոր հյուսիս՝ իրենց ոչ բնորոշ անտառատունդրա և նույնիսկ տունդրա՝ մինչև Մուրմանսկի մարզ, Պեչորայի գետաբերան, Յակուտիայի հյուսիս:

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար ճնճղուկները հազվադեպ են մարդկանց ձեռքից սնունդ վերցնում

Լինելով սինանտրոպ տեսակ[3][4], մարդկանց մշտական կենակից՝ տնային ճնճղուկը լավ ընտելացել է մարդու կենցաղային գործունեության ազդեցությամբ փոփոխվող կյանքի պայմաններին: Ամռանը հանդիպում է հիմնականում զույգերով կամ փոքր խմբերով։

Ճնճղուկին հավասարապես կարելի է տեսնել ինչպես գյուղերում, այնպես էլ քաղաքներում, Միջին Ասիայի և Հեռավոր Հյուսիսի բնակավայրերում: Այնուամենայնիվ, Միջին Ասիայում նա մարդկանցից հեռու է մնում:

Հողագործության ընդլայնմանը զուգընթաց դեպի հյուսիս և հարավ ճնճղուկի լայն տարածմանը նպաստում է նրա բարձր պտղաբերությունը։

Տնային ճնճղուկը վարում է նստակյաց կյանք[3][4], ինչին նպաստում են մարդկանց բնակավայրերում բնակալման պայմանները և լիառատ կերը։

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճնճղուկը հիմնականում սնվում է բուսական սնունդով, միայն գարնանը՝ մասամբ միջատներով, որոնցով սնում է նաև ձագերին[3][4]։

Ճնճղուկի սննդակարգի մեջ մտնում են գյուղատնտեսական մթերքների սերմեր[2][3][4], տարբեր մթերքների թափոններ, որոնք նա հավաքում է մարդկանց բնակավայրերում[3], դաշտերի հացազգիներ[2][4], բալ[2], հաղարջ, խաղող և այլ հատապտուղներ[2], իսկ գարնանը՝ ծաղիկների բողբոջներ: Մոտակա դաշտերի բացակայության դեպքում սնվելու նպատակով թռչում է մարգագետիններ, անտառամատույցներ, տափաստաններ, որտեղ հավաքում է վայրի բույսեր, երբեմն նաև որսում է միջատներ[4]:

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճնճղուկը բույն է դնում առանձին զույգերով, երբեմն էլ՝ գաղութներով։ Հաստատվում է անմիջապես մարդկանց բնակավայրերում կամ դրանց մոտակայքում: Արեալի հարավում հաճախ բույն է կառուցում փայտերի և թփերի մեջ, ձորակներում, դաշտերի մոտ գտնվող կավային խոշոր զառիթափներում:

Բները կառուցում է զանազան վայրերում՝ կառույցների ճեղքերում, ձորակների կավճային և կավե բներում[3][4], խոշոր թռչունների (արագիլներ, արծիվներ) բների պատերի մեջ, ծառերի փչակներում[4], կարող է զբաղեցնել սարյակաբները և ափային ծիծեռնակների բները[3]: Հարավում տարբեր ծառերի ճյուղերի վրա հաճախ բները բաց է կառուցում[4]:

Մի շարք ուսումնասիրություններ վկայում են, որ ճնճղուկները զույգեր են կազմում ամբողջ կյանքի համար: Նրանց կյանքի տևողությունը շատ երկար չէ․ սովորաբար ապրում են մինչև 4 տարի, սակայն եղել են նաև 9 և 11 տարեկան ճնճղուկներ: Շատ երիտասարդ ճնճղուկներ մահանում են դեռ իրենց առաջին ձմռանը, այնպես որ ճնճղուկների կյանքի միջին տևողությունը կազմում է 9-21 ամիս[5]:

Բույնը, որի կառուցմանը երկու սեռերն էլ մասնակցում են, կոպիտ կառույց է՝ պատրաստված ծղոտից, ճիլոպից, չոր խոտերից, բմբուլներից։ Կենտրոնում ունի ոչ մեծ խորություն[3]: Ճյուղերի վրա կառուցված բները խոշոր են, ունեն ոչ ճիշտ գնդի տեսք և խոտածածկ հաստ պատեր, ինչպես նաև կողմնային մուտք:

Տնային ճնճղուկները վաղ են անցնում բազմացման: Ռուսաստանում նախաամուսնական աշխուժացումը սկսվում է մարտին, երբեմն էլ փետրվարին, և ուղեկցվում է ճիչերով ու կռիվներով: Մարտի երկրորդ կեսին թռչունները բաժանվում են զույգերի և անցնում բների կառուցմանը։ Ձվադրումը կատարվում է ապրիլին[3]:

Սովորաբար դնում են 4-10, հաճախ 5-7 ձու՝ սպիտակ՝ դարչնագույն բծերով։ Թուխս նստելը տևում է 11-13 օր:

Ճտերին կերակրում են էգը և արուն, մեծ մասամբ կերակրում են միջատներով[3][4]: Ձվից դուրս գալուց 10 օր հետո (միջինում մայիսի վերջին և հունիսի սկզբին) ճտերը հեռանում են բնից:

Ճնճղուկները շատ պտղաբեր են և ամռան ընթացքում ածում են երկու (հյուսիսում) կամ երեք (հարավում) ձագակազմ[3]։ Երկրորդ ձվադրումը լինում է հունիսի երկրորդ կեսին, ձագերի թռիչքը՝ հուլիսին։

Ձագակազմերը սովորաբար կազմում են երամներ, երբեմն էլ մի քանի հազար առանձնյակներից կազմված կուտակումներ, և սնվելու նպատակով թռչում են արտեր[3]։

Ուշ աշնանը դիտարկվում է թերզարգացած սեռական շրջան։ Երբ թռչունները նորից աշխուժորեն ծլվլում են, արուները խնամում են էգերին և շինարարական նյութեր բերում բների մեջ։ Այդ ձևով վերանորոգված բները ձմռանը ծառայում են որպես գիշերային սառնամանիքներից պաշտպանվելու ապաստարաններ։

Տաքսոնոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակի նախնական անվանումը՝ Fringilla domestica, տվել է Կառլ Լիննեյը, ով տնային ճնճղուկին դասել է ամուրիկների ցեղին (Fringilla

Ենթատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կա տնային ճնճղուկի 12 ենթատեսակ[6]

  • Passer domesticus bactrianus Zarudny & Kudashev, 1916
  • Passer domesticus balearoibericus von Jordans, 1923
  • Passer domesticus biblicus Hartert, 1904
  • Passer domesticus domesticus (Linnaeus, 1758)
  • Passer domesticus hufufae Ticehurst & Cheesman, 1924
  • Passer domesticus hyrcanus Zarudny & Kudashev, 1916
  • Passer domesticus indicus Jardine & Selby, 1831
  • Passer domesticus niloticus Nicoll & Bonhote, 1909
  • Passer domesticus parkini Whistler, 1920
  • Passer domesticus persicus Zarudny & Kudashev, 1916
  • Passer domesticus rufidorsalis Brehm, 1855
  • Passer domesticus tingitanus Loche, 1867

Նախկինում հնդկական ճնճղուկը, որը տարածված է Միջին Ասիայում, գունավորմամբ նման է տնային ճնճղուկին, բայց չվող է և պակաս սինանտրոպ, դիտարկում էին որպես ինքնուրույն տեսակ (P. indicus)[4]:

Գենետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիոտիպ- 76-78 քրոմոսոմ[7]

Մոլեկուլային գենետիկա

Տնային ճնճղուկին՝ որպես ճնճղուկազգիների ընտանիքի՝ գենետիկորեն առավել հետազոտված ներկայացուցչի, դասում են Passer ցեղին և ընդհանուր ընտանիքին։

Գենոմ- 1,26-1,57 պգ[7]

11 հազար տարի առաջ տնային ճնճղուկը սկսեց Մերձավոր Արևելքից տարածվել դեպի Եվրոպա և Ասիա։ Այդ ժամանակ առանձնացավ Passer domesticus bactrianus ենթատեսակը։ Տնային ճնճղուկներն ունեն AMY2A, որը հնարավորություն է տալիս արտադրել ենթաստամոքսային գեղձի ֆերմենտի առավել արդյունավետ տարբերակ, որն իր հերթին թույլ է տալիս օսլայի երկար մոլեկուլները դարձնել ավելի կարճ[8]։

Մարդիկ և ճնճղուկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնային ճնճղուկի զույգը Ֆարերյան կղզիների նամականիշի վրա

Մարդկանց և ճնճղուկների հարաբերությունները, որոնք կարող են լինել ինչպես օգտակար, այնպես էլ վնասակար, տատանվում են հույժ դրականից մինչև բացասական։

Երբեմն ճնճղուկները կարող են հանդիսանալ որոշ հիվանդությունների հարուցիչներ: Թռչելով մի էլեվատորից մյուսը՝ նրանք կարող են իրենց փետուրների վրա տեղափոխել հացահատիկի համար վտանգավոր տզեր: Բացի այդ, ճնճղուկները տարածում են բնական ծաղիկ, դիֆթերիա և տնային թռչունների այլ հիվանդություններ: 2004 թվականին, երբ Չինաստանում առաջին անգամ հայտնաբերվեց թռչնի գրիպի H5N1 վիրուսը, փորձարկվել է 38 ճնճղուկ, և որոշ նմուշների մոտ հայտնաբերվել է վտանգավոր վիրուսը[9]։

Վաղ առավոտյան ճնճղուկները լվացվում են՝ լողալով ավազի մեջ, մաքրում փետուրները և ազատվում մակաբույծերից:

Ամռանը տարբեր վայրերում, հատկապես հարավում, որտեղ ճնճղուկները մեծաթիվ են, կարող են զգալի վնասներ հասցնել հասունացող հացահատիկներին (հաց, ոլոռ)[2][4], ինչպես նաև հատապտուղներին[2], արևածաղիկներին և կանեփին։

Խորհրդային տարիներին Միջին Ասիայում հացահատիկների վնասատուն համարվում էր հնդկական ճնճղուկը, որն տնային ճնճղուկի ենթատեսակ է։ Դրա դեմ պայքարում էին թունավորված խայծերի միջոցով[4]։

Տարվա մնացած եղանակներին նրանց հատուցած վնասն աննշան է։ Ձվադրման ժամանակ ճնճղուկները մեծ օգուտ են բերում՝ ոչնչացնելով բազմաթիվ վնասակար միջատների, մասնավորապես՝ քաղաքներում, որտեղ ուրիշ միջատակեր թռչունները քիչ են։ Ճնճղուկների բնաջնջումը որևէ տարածքում միշտ ուղեկցվում է վնասատու միջատների չափազանց արագ բազմացմամբ[2]։

Տնային ճնճղուկ

1950-ական թվականներին Չինաստանում լայն ճանաչում ուներ ճնճղուկներին՝ որպես գյուղատնտեսության վնասատուների ոչնչացնող կազմակերպությունը։ 1958 թվականի մարտ-ապրիլ ամիսներին կազմակերպությունն ընդամենը երեք օրվա ընթացքում Շանհայում և Պեկինում ոչնչացրեց 900 հազար թռչուն, իսկ նույն թվականի նոյեմբերին Չինաստանում ոչ ամբողջական հաշվարկներով ոչնչացվեց 1,96 միլիարդ ճնճղուկ։ Աակայն այս պայքարը հանգեցրեց գարնանը և հաջորդ տարվա ամռանը միջատների զանգվածային տարածմանը Շանհայում և մյուս քաղաքներում։ 1960 թվականի մարտի 18-ին Մաո Ցզեդունը որոշում կայացրեց դադարեցնել ճնճղուկների դեմ պայքարը[10][11][12][13][14]։

Կան ճնճղուկների հուշարձաններ, որոնք կառուցվել են մարդկանց կողմից՝ ի նշան վնասատու միջատների դեմ պայքարում օգնելու համար շնորհակալության։ Նման հուշարձան առաջին անգամ կառուցվել է 19-րդ դարի կեսերին Բոստոնում։ 2003 թվականին նմանատիպ հուշարձան է կառուցվել «Բելառուսի թռչունների պաշտպանություն» կազմակերպության կողմից Բարանովկա քաղաքում[15]։

Ճնճղուկի միսը հազվադեպ է օգտագործվում սննդի մեջ, քանի որ կոշտ է և անհամ[2]։

Ճնճղուկների անհետացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի կարծիք, որ տնային ճնճղուկը՝ որպես մարդկանց փետրավոր մոտ ընկերներից մեկը, կարող է հանդես գալ որպես «կենսաբանական ինդիկատոր», և այս տեսակի պոպուլյացիայի վիճակից կարելի է եզրակացություն անել շրջապատող միջավայրի փոփոխությունների մասին։ 21-րդ դարի սկզբում տնային ճնճղուկի համաեվրոպական պոպուլյացիան զգալի կրճատվել է[16], իսկ մի շարք երկրներում այս տեսակը հայտնվել է անհետացման եզրին[17]: Այսպես, 1980-ական թվականների կեսերից ճնճղուկների պոպուլյացիան Չեխիայում փոքրացել է 75%-ով[18], Մեծ Բրիտանիայում՝ 68%-ով[19], իսկ Մեծ Բրիտանիայի խոշոր քաղաքներում դրանք գրեթե անհետացել են[20]։ Որպես պատճառներ՝ ներկայացվում են նրանց բազմացման շրջանում միջատների քանակի նվազումը, հացահատիկների մեջ պեստիցիդների բարձր պարունակությամբ պայմանավորված հիվանդությունները, վերակառուցումների պատճառով բույն կառուցելու վայրերի բացակայությունը, քաղաքներում կանաչապատ տարածքների սակավությունը և ծառահատումները, որոնք ևս հանգեցնում են ճնճղուկների սնվելու համար անհրաժեշտ միջատների ոչնչացման[20][21][22]։

Միևնույն ժամանակ «Հին երկրից» Ավստրալիա տեղափոխած ճնճղուկների թվաքանակը անընդհատ աճում է, ինչը սպառնալիք է դառնում մայրցամաքի Էկոլոգիական հաշվեկշռի համար: Այդ կապակցությամբ երկրում իրականացնում են ճնճղուկների որս, բայց դա հատուկ հաջողության չի բերում[23]:

Մշակույթում և տեխնիկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճնճղուկը բազմիցս հանդիպում է մշակույթում․

Էդուարդ Ջոն Փոյնտեր. « Լեսբիան և իր ճնճղուկը»
  • Նոր կտակարանում Հիսուսն ասում է, որ անգամ ճնճղուկը չի կարող ընկնել երկնքից առանց տիրոջ կամքի (Լուկա 12:6, Մատթեոս 10:29)։
  • Լո Գուանչժունի «Եռաթագավորություն» գրքում պատմվում է, թե ինչպես է կայսրուհին երազում տեսել հասպիսի ճնճղուկին և ծնել Շունյային։ Պատմվում է նաև ճնճղուկի բրոնզե արձանի գտնելու մասին[25]:
  • Տարեգիրները պատմում են, թե ինչպես Օլգա իշխանուհին ամուսնու մահվան համար վրեժ լուծեց, իսկ ճնճղուկները աղավնիների հետ հանդես եկան որպես գործիք։ Տիրուհին իր թշնամիներից տուրք էր խնդրել՝ յուրաքանչյուր տանից մի քանի թռչուն, այնուհետև ամեն մեկից այրվող խծուծ կապել և բաց թողել: Թռչունները վերադարձել էին հարազատ տանիքները և այդ կերպ հրդեհել քաղաքը:
  • Կուպրինի «Ճնճղուկը» պատմվածքում թռչունը թռչում է թարմ գերեզման և հանդես գալիս որպես երիտասարդ կյանքի խորհրդանիշ՝ հերոսի մեջ առաջացնելով հակասական զգացմունքներ:
  • Դմիտրի Մամին-Սիբիրյակը գրել է «Հեքիաթ Ճնճղուկ Վորոբեյիչի, Երշա Երշովիչի և ծխնելույզ մաքրող ուրախ Յաշայի մասին»:
  • Հենրիկ Իբսենի «Կյանքի բարդություններ» բանաստեղծության մեջ մարմնավորվում է կարոտած թռչունը[26]:
  • Ճնճղուկը նաև Սերգեյ Միխալկովի «Չերգող ճնճղուկը» առակի հերոսն է:
  • Կոնստանտին Պաուստովսկին գրել է «Գզգզված ճնճղուկը» հեքիաթը:
  • Սամուիլ Մարշակը հրատարակել է «Ճնճղուկ» մանկական պարբերագիրը։ Նա գրել է նաև «Ճնճղուկը կենդանաբանական այգում» բանաստեղծությունը:
  • Գոյություն ունի թևավոր խոսք՝ «կրակոցի տակ ընկած ճնճղուկ», որը նշանակում է փորձված անձ, որին դժվար է խաբել:
  • Ֆիլմի հերոս նավապետ Ջեք Ճնճղուկը իր մականունը վերցրել է թռչունից, Չարլզ Բուկովսկու «Թղթաթափոն» վեպում կա հերոս՝ Կարմիր Ճնճղուկ անվամբ։ Ճնճղուկ մականունով հերոս կա նաև «ՇԿԻԴ հանրապետություն» ստեղծագործությունում, Ալեքսեյ Տոլստոյի «Միրաժ» պատմվածքում, Սերգեյ Կալեդինի «Խաղաղ գերեզման» գրքում: Այդպես են կոչում իրենց հերոսներից մեկին նաև Սինկեն Հոպը և Էլեոնորա Ռատկևիչը:
  • Էդիթ Պիաֆի կեղծանունը Ճնճղուկ է նշանակում:
  • «AIM-7 Sparrow»-ն ( անգլ. թարգմանաբար՝ «Ճնճղուկ») ամերիկյան «Air-to-air» դասի հրթիռ է:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., «РУССО», 1994. — С. 451. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 «Воробей»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 Назаренко Е. А., Бессонов С. А.։ «Passer domesticus (Linnaeus, 1758) — Домовой воробей»։ Позвоночные животные России (информационно-поисковая система). Авторы общей концепции и разработчики информационно-поисковой системы: Павлов Д. С., Петросян В. Г., Дгебуадзе Ю. Ю., Рожнов В. В., Решетников Ю. С., Кузьмин С. Л., Варшавский А. А., Корнеева Т. М., Павлов А. В., Бессонов С. А., Вепринцева О. Д., Омельченко А. В., Павлинов, Игорь Яковлевич, Орлова В. Ф., Лоскот В. М., Дорофеева Е. А., Сиделева В. Г։ М.: Группа биоинформатики и моделирования биологических процессов; Федеральное государственное бюджетное учреждение науки Институт проблем экологии и эволюции имени А. Н. Северцова РАН։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-17-ին։ Վերցված է 2017-02-24 
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 Воробьи / Дементьев Г. П. // Вешин — Газли. — М. : Советская энциклопедия, 1971. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 5).(Ստուգված է 24 Փետրվարի 2017)
  5. Мамонов Г. А. Воробей
  6. Old World sparrows, snowfinches & weavers : [арх. 17.08.2017] : [англ.] // IOC World Bird List (v 7.3) : официальный сайт / F. Gill[en] and D. Donsker (Eds). — International Ornithologists' Union, 2017. — 31 July. — Дата обращения: 15.10.2017. — DOI:10.14344/IOC.ML.7.3.
  7. 7,0 7,1 «Detailed Record for Passer domesticus»։ Animal Genome Size Database[en] (անգլերեն)։ T. Ryan Gregory[en]։ Արխիվացված օրիգինալից-ից 2015-02-18-ին։ Վերցված է 2015-02-18 
  8. Успешность домовых воробьёв обеспечили два гена
  9. Информация отраслевого портала «Птицепром».
  10. Информация агентства «Синьхуа» от 2 марта 2007 года.
  11. McCarthy Michael (2010-09-03)։ «The sparrow that survived Mao's purge»։ Opinion. Commentators (անգլերեն) (Independent.co.uk)։ Վերցված է 2010-12-03 
  12. «Mao Zedong Great Leap Four Plagues Sparrows»։ DennisMathysen's Channel (անգլերեն)։ YouTube, LLC։ Վերցված է 2010-12-03 
  13. «Mao and the Sparrows»։ johnblackmusic's Channel (անգլերեն)։ YouTube, LLC։ Վերցված է 2010-12-03 
  14. В начале XXI века в Китае началась массовая кампания по защите воробьёв (см. заметку на сайте «Аккумулятор новостей»).
  15. «В Барановичах воздвигли памятник воробью» — сообщение РИА «Новости» от 13 октября 2003 года
  16. Домовой воробей исчезает из наших городов
  17. Сведения взяты из новостной заметки РИА «Новости».
  18. Чешские орнитологи бьют тревогу — Пресса — Радио Прага
  19. В Великобритании исчезают воробьи.
  20. 20,0 20,1 Истории Запада и Востока. В Британии исчезают воробьи — Радио Свобода.
  21. В городах исчезают воробьи
  22. Почему исчезают воробьи? Цветочные новости
  23. Информация
  24. «Михаил Гаспаров. Катулл, или изобретатель чувств»։ Արխիվացված օրիգինալից-ից 2009-03-12-ին։ Վերցված է 2008-11-23 
  25. Ло Гуань-Чжун. Троецарствие.
  26. Ибсен. Стихи.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Տնային ճնճղուկ