Թռչնի գրիպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թռչնի գրիպ
Տեսակ հիվանդություն[1]
Ենթադաս գրիպ[1]
Բժշկական մասնագիտություն թոքաբանություն
MeSHID D005585
Disease Ontology DOID:4492
Avian influenza Վիքիպահեստում

Թռչնի գրիպը (լատ.՝ avian influenza) – սուր, բարձր վարակելիությամբ օժտված վիրուսային վարակ է՝ մարսողության և շնչական համակարգերի ախտահարմամբ, որին բնորոշ է բարձր մահացությունը։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

A (H5N1) virion, a type of bird flu virus which is a subtype of avian influenza A.jpg

Հարուցիչը՝ գրիպի Ա տիպի ՌՆԹ պարունակող վիրուսն է, որը պատկանում է Orthomyxoviridae ընտանիքին։ Վիրուսն առանձնանում է բարձր վիրուլենտությամբ։ Հատկապես դա վերաբերում է վիրուսի գլիկոպրոտեիններին` հեմագլյուտինին (HA) և նեյրամինիդազներ (NA), որոնք կարող են վերատեսակավորվել տարբեր համադրություններով։ Հայտնի է HA-ի (H1-H15) 15 անտիգենային ենթատիպ և NA-ի (N1-N9) 9 ենթատիպ, որը պայմանավորված է հեմագլյուտինինի (H) և նեյրամինիդազների (N) անտիգենային հատկություններով։ Վերջիններիս մոտ հանդիպում են հեմագլյուտինինի և նեյրամինիդազների 24 համակցություններ` H1N1 - H2N2- H2N3 - H3N2 - H3N8 - H4N2 - H4N4 - H4N6 - H4N8 - H5N1 - H5N2 - H5N9 - H6N1 - H6N2 - H6N5 - H6N9 - H7N1 - H7N2 - H7N3 - H7N7 - H9N2 - H9N8 - H10N7 - H11N9։ Թռչունների համար ավելի ախտածին են H5 և N7 ենթատիպերը։ Վիրուսին բնորոշ է բազմաձևությունը (պոլիմորֆությունը) գնդաձևի գերիշխումով, չափը՝ 60-180 նմ է։ Վիրուսն ունի լիպոպրոտեինային թաղանթ, որն իր վրա կրում է կեռիկներ՝ որոնք ներառում են ՌՆԹ-ի փաթաթված օղակ։ Թռչնի գրիպի Ա վիրուսների պաշար են հանդիսանում տարբեր չվող թռչունները, որոնք պատկանում են Anseriformes (վայրի բադեր և սագեր) և Charadriiformes (ձկնկուլներ, դաշտակտցարներ և այլն) կարգերին։ Կատարված հետազոտությունների արդյունքում վայրի թռչուններից անջատվել են բոլոր հայտնի սպիտակուցային համադրություններով վիրուսները։ Նույնիսկ այդ դեպքում վայրի թռչունների մոտ հիվանդությունն ընթանում է էնտերիտի ձևով, առանց տեսանելի փոփոխությունների։ Հայտնի է, որ վայրի ջրլող թռչունները միգրացիայի ընթացքում կարող են հաղթահարել մեծ տարածություններ և ընտանի թռչունների համար վարակի աղբյուր հանդիսանալ։ Վերջիններիս մոտ հիվանդության առանց ախտանշանների ընթացքը հանգեցնում է նրան, որ տվյալ տերը հարուցիչները կարող է կրել հարյուրամյակներ։ Այսպիսով՝ վիրուսների համար ստեղծվում է կենսաբանական անմահ պաշար։ Ընտանի թռչունների համար առավել վտանգավոր են վիրուսի H7N7 (հավերի ժանտախտի վիրուս) և H5N1 ենթատիպերը, որոնք ունակ են թռչունների շրջանում առաջացնել զանգվածային անկումներ։ Ընտանի թռչունների շրջանում վարակը կարող է լինել ոչ ակնառու՝ առանց ախտանշանների կամ կարող է առաջացնել ձվատվության նվազում և շնչական համակարգի հիվանդություններ, ինչպես նաև ընթանալ կայծակնային, առաջացնելով թռչունների անկում՝ առանց նախնական ախտանշանների (բարձր ախտածին թռչնի գրիպ)։ Թռչնագրիպի վիրուսները կայուն են արտաքին միջավայրում՝ տաքարյունների օրգանիզմից դուրս, հատկապես բավարար ջերմության պայմաններում։ Դրանք կարող են պահպանվել ջրում 0 °C ում 30 օր և ավելի (կարող է մինչև 6-8 ամիս), 220 °C ում՝ մինչև 4 օր։ Հատկապես հարուցիչների մեծ քանակություն պարունակվում է վարակված թռչունների արտաթորանքներում, այնտեղ պահպանվելով մինչև 3 ամիս։ Վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վիրուսը աճել է վիրուսի ախտածնությունը, կայունությունը և վիրուսակիրների քանակը։ Եթե 2003 թ վիրուսներն արտաքին միջավայրում պահպանվում էին 2 օր, ապա 2004 թ՝ 6 օր։ Եթե 2003 թ բադերը վիրուսներ արտազատում էին մինչև 10 օր, ապա 2004 թ՝ 17 օր։ Ներկայումս վիրուսը բարձր ախտածին է հավերի, բադերի, սագերի, հնդկահավերի, խոզերի, ձիերի և մարդկանց համար։ Քանի որ խոզերը կարող են վարակվել և՛ մարդկային, և՛ թռչնի գրիպով, ապա վերջինս կարող է ձեռք բերել թռչնի գրիպի վիրուսի միջտեսակային պատնեշի հաղթահարման հատկություն։ Ներկայումս առկա է այն վարկածը, որ գրիպի պանդեմիկ վիրուսի առաջացումը կարող է իրականանալ ջրլող թռչունների պաշարից խոզերի միջոցով մարդկանց վարակման ճանապարհով։ Հայտնի են մկների և կատուների վարակման դեպքեր։ Կապված վերջինիս բարձր հպավարակելիության հետ, վիրուսը կարող է արագ տարածվել մեխանիկական եղանակով և վարակված կերի, վանդակների, տրանսպորտի, սարքավորումների, տարողությունների ուղղակի շփումից։ Տարբեր թռչունների մոտ հիվանդություն առաջացրած վիրուսների հետազոտությունները ցույց տվեցին, որ Եվրոպայում և Ամերիկայում արձանագրված թռչնի գրիպի վիրուսներն էվոլյուցիայի տեսակետից անկախ են։ Այս ձևով երկու աշխարհամասերի միջև վիրուսի տարածման գործում միգրացիան գործնականորեն էական դեր չի խաղում։ Հավանական է, որ վիրուսը ոչնչանում է 560 °C ջերմաստիճանի պայմաններում՝ 3 ժամվա ընթացքում, 600 °C պայմաններում՝ 30 րոպեի ընթացքում։ Վիրուսն իր կենսագործունեությունը պահպանում է ախտահարված հողում, ցածր ջերմաստիճանի պայմաններում՝ 3 ամիս։ Հետազոտությունները ցույց են տվել, որ թռչնի գրիպի հարուցիչներով (H5N1) ախտահարված 1 գր կղանքում վիրուսի պարունակությունը բավական է 1 միլիոն թռչուն վարակելու համար։ Ջրի 220 °C պայմաններում վիրուսը պահպանում է իր կենսունակությունը 4 օր, ավելի ցածր ջերմաստիճանի պայմաններում (0 °C) ավելի քան՝ 10-30 օր։ Եղած տվյալների համաձայն, վիրուսը կարող է ջրում պահպանել իր կենսունակությունը 6-8 ամիս։ Վարակման ջրակղանքային մեխանիզմը բնության մեջ վարակի փոխանցման հիմնական ճանապարհն է։ Թռչնի գրիպի վիրուսն ի տարբերություն մարդկային վիրուսից, կայուն է արտաքին միջավայրում, նույնիսկ սատկած թռչունների դիակներում վերջիններս կարող են պահպանել իրենց կենսունակությունը մինչև մեկ տարի, որը մեծացնում է վարակվելու ռիսկը։ Վիրուսն արագ ապակտիվանում է 3%-անոց ֆենոլի և 0,1%-անոց ֆորմալդեհիդի, քլորամինի, քլորակրի 3-5%-անոց լուծույթների ազդեցությամբ՝ ողողելու, սրբելու, ջրի շիթով լվանալու պայմաններում։ Վերջին 7 տարիների ընթացքում թռչնի գրիպի H7N7 և H5N1 վիրուսները, մուտացիայի ընթացքում կտրուկ փոխել են իրենց կենսաբանական հատկությունները և ձեռք են բերել միջտեսակային պատնեշը հաղթահարելու հատկություն։ Վիրուսի ամբար հանդիսացող ջրլող թռչուններից դրանք անցնում են ընտանի թռչուններին, իսկ վերջերս նաև՝ վայրի թռչուններին, որոնք ապրում են ցամաքում և մարդուն։ Մինչև վերջերս կարծում էին, որ թռչնի գրիպի վիրուսն ախտածին չէ մարդու համար և ախտահարման ժամանակ վերջիններիս մոտ առաջանում են միայն թեթև կոնյուկտիվիտի երևույթներ, թեթև թուլություն, հազվադեպ՝ թույլ արտահայտված ռեսպիրատոր ախտանշաններ։ Այս կարծիքը հերքվեց 1997 թ., երբ Հոնգկոնգում պայմանավորված (H5 N1) վիրուսով արձանագրվեց բռնկում, հիվանդությունն ուներ ծանր կլինիկական ընթացք և դեպքերի 1/3-ն ունեցան մահացու ելք։ Քանի որ սովորաբար նախկինում վիրուսները մարդկանց չէին ախտահարել, ապա մարդկանց մոտ թռչնի գրիպի դեմ անընկալությունը փոքր է կամ լիովին բացակայում է։ Յուրահատուկ են իրենց բազմազանությամբ և փոփոխվելու հատկությամբ։ Դրանց գենետիկ անկայունությունը, անտիգենային ճկունությունը, վիբրիոնների բազմաձևությունը կարող են պատճառ դառնալ բազմաթիվ մուտացիաների և հիբրիդացման, որոնք նպաստում են փոփոխված (բարձր ախտածնությամբ) հատկություններով շտամների առաջացմանը։ 1997 թ. մինչ այսօր բնակչության շրջանում թռչնի գրիպի դեպքեր են արձանագրվել ներքոհիշյալ երկրներում՝ Բերված տվյալները վկայում են այն մասին, որ թռչնի գրիպի առանձին ենթատիպերն ազդել են նաև մարդու վրա։

Կլինիկական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիպի Ա H5N1 ենթատեսակի առաջացած հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար 2-3 օր է, որը կարող է տատանվել 1-7 օր։ Հիվանդությունը սկսվում է սուր՝ դողով, մկանացավերով, հնարավոր է ցավ կոկորդում, ռինորեա։ Հարավ-ասիական երկրներում արձանագրված հիվանդների մոտ նկատվել է դիարեա՝ առանց լորձի և արյան, որոշակի դեպքերում՝ փսխում։ Մարմնի ջերմաստիճանի բարձրացումը հանդիսանում է հիվանդության վաղ և մշտական ախտանիշը։ Բոլոր հիվանդացածների մոտ նկատվել է բարձր ջերմություն, ստամոքս-աղիքային խանգարումներ, հեպատիտ։ Մահվան պատճառ է հանդիսացել առաջնային վիրուսային պնևմոնիան։ Հիվանդության առաջին իսկ ժամերին ջերմաստիճանը բարձրանում է մինչև 380 և հաճախ հասնում է մինչև հիպերէրգիկ նշանակության։ Հիվանդության սրացման ժամանակ (հիվանդության 2-3 օր) բնորոշ է շնչական ուղիների ստորին հատվածի ախտահարում (ստորին ռեսպիրատոր ախտանիշ), առաջնային վիրուսային պնևմոնիայի հնարավոր զարգացում. հազ, հևոց և դիսֆոնիա։ Ուղեկցվում է հաճախ հազը խորխարտադրությամբ։ Թաց խորխում հազվադեպ նկատվում են արյան հետքեր։ Աուսկուլտացիայի ընթացքում հայտնաբերվում է կոշտ շնչառություն, խզզոցներ։ Կրծքավանդակի ռենտգեն նկարի վրա հիվանդության վաղ շրջանում թոքերում նկատվում են դիֆուզ, ոչ յուրահատուկ փոփոխություններ, բազմախոռոչային կամ առանձին ինֆիլտրատներ, որոնք ունակ են արագ տարածվելու և միաձուլվելու։ Որոշ դեպքերում կարող են հայտնաբերվել սեգմենտար կամ բլթային կարծրացումներ։ Հիվանդության զարգացումը ուղեկցվում է շնչառական անբավարարությամբ և սուր ռեսպիրատոր դիսթրես ախտանիշով։ Հիվանդների ծայրամասային արյան մեջ որոշվում է.

  • լեյկոպենիա (<21,0 . 109/լ)
  • լիմֆոպենիա. միջին մակարդակը 0,7.109/լ (0,25-ից մինչև 1,1 նորմայի ներքին սահմանի ժամանակ 1,2 . 109/լ)
  • թրոմբոցիտոպենիա. միջին մակարդակ 75,5 . 109/լ (45,0-ից մինչև 174,0 . 109/լ նորմայի ներքին սահմանի ժամանակ 180,0. 109/լ)։

Վիրուսի պանտրոպիզմի արտահայտմամբ և դրանով պայմանավորված ինտոքսիկացիայի գործընթացը կարող է ախտահարել լյարդը և երիկամները, հիվանդների ավելի քան 30%-ի մոտ զարգանում է սուր երիկամային անբավարարություն։ Արյան կենսաքիմիական հետազոտության ժամանակ, որպես կանոն, հայտնաբերվում է տրանսամինազի ակտիվության բարձրացում, հազվադեպ ՝ կրեատինինեմիա։ Վաղ հասակի երեխաների մոտ հիվանդությունն ընթանում է շատ ծանր։ Հիմնական ախտանշաններին միանում է նաև էնցեֆալիտը։ Այս դեպքում ավելանում են նաև սաստիկ գլխացավերը, սրտխառնոցը, փսխումը և գիտակցության խանգարումները։ Մահացությունը հասնում է 50-80%։ Մահացու ելքը սովորաբար նկատվում է հիվանդության երկրորդ շաբաթվա ընթացքում։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

H5N1 գրիպի շտամով հարուցված կլինիկական հաստատումը, հատկապես՝ առաջին դեպքերի, դժվար է։ Նախնական ախտորոշումը կարող է իրականացվել կլինիկական նշանների հիման վրա՝ համաճարակաբանական տվյալների համադրությամբ՝

  1. բարձր տենդ, համակցված դժվար շնչառությամբ և հազով։
  2. դիարեա՝ արյան հետքերի բացակայությամբ։
  3. կոնյուկտիվիտի և ցանի բացակայություն։
  4. տարածքում կենդանիների, առաջին հերթին թռչունների շրջանում գրիպի H5N1 բռնկման կամ ընտանի թռչունների անկման առկայություն։
  5. հիվանդության կլինիկական նշանների արտահայտումից շուրջ 7 օր առաջ հիվանդի հետ շփում, որի մոտ հաստատվել է գրիպի H5N1 ենթատեսակը,։
  6. հիվանդության կլինիկական նշանների արտահայտումից 7 օր առաջ անհայտ ծագումնաբանությամբ սուր ռեսպիրատոր ախտանշաններով հիվանդի հետ շփում, այդ թվում՝ մահացու ելքով,
  7. հիվանդը նշում է, որ եղել է կենդանիների, հատկապես թռչունների, շրջանում գրիպի H5N1 բռնկմամբ երկրներում կամ տարածքներում։
  8. Հիվանդի մասնագիտական ռիսկի առկայություն։ Գրիպ Ա H5N1-ը վերջնական ախտորոշվում է լաբորատոր հաստատումից հետո (H5 անտիգենի իմունոֆլորեսցենտային հետազոտություն՝ H5 մոնոկլոնալ հակամարմինների օգտագործմամբ կամ յուրահատուկ H5 հակամարմինների որոշում՝ հիվանդի շիճուկում) մոլեկուլյար - գենետիկ հետազոտություն պոլիմերազիային շղթայաձև ռեակցիա կան կամ վիրուսի անջատում դրական վիրուսային կուլտուրա A/H5։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՀԿ-ն (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) խորհուրդ է տալիս նպատակային իմունականխարգելում սեզոնային գրիպի դեմ այն տարածաշրջաններում, որտեղ արձանագրվել են ընտանի թռչունների շրջանում թռչնագրիպիի (H5N1) բռնկումներ, որպեսզի նվազեցվի թռչնի գրիպի և մարդկային գրիպի հանդիպման արդյունքում վիրուսի մուտացիայի առաջացման հավանականությունը։ Խոցելի խմբերին, որոնց ցուցված են պատվաստումները, պատկանում են՝

  • բոլոր անձինք, այդ թվում թռչնաֆաբրիկաների աշխատակիցներ, ովքեր շփվում են թռչնի գրիպ (H5N1), վարակի կասկածով ընտանի թռչունների հետ։
  • առողջապահության համակարգի աշախատակիցները, ովքեր ամեն օր խնամում են թռչնի գրիպով H5N1 կասկածելի կամ հաստատված ախտորոշմամբ հիվանդների։
  • եվ այլք։

Քիմիականխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռչնի գրիպի քիմ կանխարգելումը իրականացվում է ինտերֆերոնի հավելյալների (ցիկլոֆերոն և ամիկսին), Օզելտամիվիրի (Տամիֆլյու), Ամանտանդինի, Ռեմանտադինի, Ալգիրեմի և Արբիդոլի, որպես հակավիրուսային պատրաստուկներ, ընդունումով։ Քիմկանխարգելումը ավելի արդյունավետ է խոցելի խմբերում, հիվանդների հետ շփված անձանց շրջանի դեպքում իրականացնելու։ Ընդունման տևողությունը հավասարազոր է առողջացման փուլին։ Քիմ․կանխարգելումը ցուցված է H5N1 շտամով վարակված կասկածելի անձանց, թռչնաֆաբրիկաներում աշխատողներին, այդ թվում հավաքարարներին և այլոց։

Տարբերակիչ ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տենդը և շնչական ուղիների ախտահարումը հանդիպում է շատ հիվանդությունների ժամանակ։ Գրիպի (H5N1) և այլ վիրուսային ռեսպիրարտոր վարակիչ հիվանդությունները տարբերակիչ ախտորոշման ժամանակ զգալի դժվարություններ են առաջացնում։ Տարբերակիչ ախտորոշուման դժվարությունը կայանում է նրանում, որ թռչնի գրիպը շատ հաճախ շփոթում են սուր շնչառական վիրուսների հետ։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդների բուժումն իրականացվում է հիվանդանոցային պայմաններում։ Հիվանդները կարող են դուրս գրվել հիվանդանոցից ոչ շուտ, քան մարմնի ջերմաստիճանի նորմալացումից 7 օր հետո։ Իրականացվում է հակավիրուսային պատրաստուկներով յուրահատուկ թերապիա։ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս առաջին հերթին նեյրամինիդազների հավելյալներ՝ կապված վերջիններիս լայն սպեկտորի ազդեցության հետ. 1. Օզելտամիվիր (Ozeltamivir Տամիֆլյու), 75 մգ օրվա մեջ 2 անգամ, 5 օրվա ընթացքում, ընդունելիս հիվանդության վաղ շրջանում, հատկապես առաջին օրերին, արտահայտված արդյունավետություն։ Տամիֆլյուն ցուցված է գրիպ Ա H5N1-ով հիվանդ մեծահասակներին, մինչ և 12 տարեկան և բարձր երեխաներին։ Տամիֆլյուն մինչև 12 տարեկան երեխաներին ցուցված չէ։ Չնայած ներկայում աշխատանքներ են տարվում երեխաների համար Տամիֆլյու-օշարակ ստանալու ուղղությամբ։ Զանամիվիր (Zanamivir, Ռելենզա). պատրաստուկը նշանակվում է ինհալյացիայի ձևով՝ ինտրանազալ։ Ռուսական արտադրության լայն սպեկտորի ազդեցության հակավիրուսային պատրաստուկներից գրիպի բուժման համար նախապատվությունը տրվում է Արբիդոլին։ Այս պատրաստուկի դեղաչափն անհրաժեշտ է ավելացնել 2 անգամ։ Թռչնի գրիպի բուժման համար, խորհուրդ են տրվում բոլոր ադամանտանային խմբի պատրաստուկները ներառյալ՝ Ռեմանտադինը և Ալգիրեմը Ցուցված են նաև օգտագործել սիմպտոմատիկ միջոցներ։ Հիպերթերմիայի ժամանակ ցուցված են ջերմիջեցնող պատրաստուկներ՝ per os (պարացետամոլ, իբուպրոֆեն և այլն)։ Հակաբորբոքային միջոցները հակավիրուսային բուժման վրա ունեն կողմնակի (ադիտիվ) արդյունք։ Գրիպ (H5N1) բուժման ժամանակ չեն օգտագործվում. սալիցիլատը (ասպիրին), անալգինը։ Անալգինը և հակագրիպինները խստիվ հակացուցված են թռչնի գրիպի բուժման համար։ Գրիպի ժամանակ դեսենսիբիլիզացված թերապիան բժշկի նշանակմամբ ցուցված է ժամանակակից պատրաստուկների ցանկից։ Հակաբիոտիկներ նշանակվում են միայն խառը թոքաբորբերի կասկածի ժամանակ։ Կորտիկոստերոիդները ցուցաբերում են որոշակի կլինիկական արդյունավետություն օրգան համակարգերի ախտահարման նախանշաններով գրիպային թոքաբորբերի ծանր ձևերի ժամանակ։ Հիվանդներին, որոնց մոտ զարգացած է սուր ռեսպիրատոր -դիսթրեսախտանիշ՝ օգնությունը ցուցաբերվում է ինտենսիվ թերապիայի պայմաններում՝ զուգորդված ռեսպիրատոր աջակցությամբ։ Նպատակահարմար է թոքերի ոչ ինվազիվ օդափոխության օգտագործումը, թոքերի արհեստական օդափոխությունը (ԹԱՕ) պահպանող միջոցներով, էքստրակորպորալ օքսիգենացիա և սուրֆակտանի ներարկումը (Բիոսուրֆ)։ Կանխարգելիչ բուժում կամ արտակարգ կանխարգելում. արտակարգ կանխարգելման համար ցուցված է Ցիկլոֆերոնը և Ինտերֆերոնի այլ հավելյալներ։ Ցիկլոֆերոնի և ինտերֆերոնի հավելյալների արդյունավետությունը բարձր կլինի, եթե վերջիններս նշանակվեն որքան հնարավոր է շուտ։ Ցուցված են խոցելի խմբերում և բուժաշխատողներին, ինֆեկցիոն պրոֆիլի ԲԿԿ-ների աշխատակիցներին, որոնք շփվում կամ խնամում են գրիպային թոքաբորբերով հիվանդներին։

Պայքարի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռչունների շրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռչուններին վարակից զերծ պահելու համար անհրաժեշտ է իրականացնել հիգիենիկ մի քանի միջոցառում. առանձնացնել կոշիկներ ու հագուստ թռչնանոց մտնելու համար։ Այդ հագուստը և կոշիկները պետք է պահել թռչնանոցի մուտքի մոտ փակ դույլի մեջ կամ պահարանում։ Հակառակ դեպքում յուրաքանչյուր անգամ թռչնանոց մտնելիս անհրաժեշտ է մաքրել և մանրէազերծել կոշիկները և լվանալ հագուստը։ Կոշիկները պետք է լվանալ քերող խոզանակով, որպեսզի բոլոր մնացորդները, ցեխը մաքրվեն, ապա մանրէազերծող նյութով՝3%-անոց ֆորմալինի լուծույթով դրանք պետք է սրբել, իսկ հագուստը պետք է լվանալ լվացքի մեքենայով՝ որևէ լվացքի փոշու օգտագործմամբ։ Նախքան թռչնանոց մտնելը օճառով, ջրով ու համապատասխան մանրէազերծող միջոցով պետք է լվանալ ձեռքերը։ Թռչունների վանդակները, կերն ու ջուրը, կերամանները, բահերը, թիերը, փոցխերը, ավելները և այլ գործիքները միշտ անհրաժեշտ է մաքուր պահել։ Նախքան մանրէազերծելը, պետք է հեռացնել թռչնաղբը, ապա մաքրել մակերևույթը օճառով ու ջրով։ Սատկած թռչուններին պետք է թաղել կամ դիակիզել՝ բացառապես ձեռնոցներով և դիմակով պաշտպանված։ Անհրաժեշտ է փակ պահել հողամասի և թռչնանոցի մուտքերը։ Հարկ չկա, որ թռչնանոցներ մտնեն ընտանիքի բոլոր անդամները, այլ միայն նրանք, ովքեր խնամում են թռչուններին։ Վերջիններս պետք է խուսափեն թռչունների ցուցահանդեսներ, թռչնաշուկաներ հաճախելուց կամ վայրի թռչունների կուտակման վայրերում լինելուց։ Պետք է հնարավորինս խուսափել օտար անձանց ձեր թռչնանոց մտնելուց, կամ թույլատրել միայն վերջիններիս կոշիկները մաքրելուց և ախտահանելուց հետո կամ ցանկալի է այցելուներին տրամադրել մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային կրկնակոշիկներ։ Եթե այցելուներն իրենք ունեն թռչուններ, ապա չպետք է թույլ տալ, որ վերջիններս մոտենան տվյալ թռչնանոցին։ Պետք է առավելագույնս խուսափել թռչունների որսից։ Հակառակ դեպքում՝ որսած թռչուններին թույլ չտալ շփվել ընտանի թռչունների հետ։

Թռչուններին պահել փակ շինություններում, որպեսզի որսած կամ չվող թռչունները չմոտենան և չշփվեն թռչնանոցի թռչունների հետ, քանի որ դրանք կարող են վարակ բերել իրենց հետ։ Եթե թռչունները տեղակայված չեն փակ տարածքում և դրսում են, անհրաժեշտ է ցանկապատել այդ տարածքը։ Քանի որ ուղևորատար, բեռնատար և գյուղատնտեսական մեքենաների անվադողերը կամ առանձին պարագաներ կարող են աղտոտված լինել թռչնագրիպի վիրուսներով, այլ վայրերից վերադառնալիս անհրաժեշտ է մեքենայի անվադողերը և այլ պարագաները մաքրել և մանրէազերծել։ Նոր ձեռք բերված թռչունները պեռք է առնվազն մեկ ամիս պահվեն մյուս թռչուններից առանձին, որից հետո կարելի է խառնել դրանց հետ։ Հիվանդությունը կանխելու համար լավ կլինի տարբեր տարիքի, տարբեր ցեղերի պատկանող կամ էլ տարբեր աղբյուրներից ստացված թռչուններին իրար չխառնել։ Անբարենպաստ տնտեսություններում հարկ է սահմանել կարանտին։ Հիվանդ կամ կասկածելի թռչուններին պետք է ոչնչացնել «առանց արյուն» մեթոդով (թռչուններին լցնելով պոլիէթիլենային պարկերը), որը ներկայում թռչնի գրիպից պաշտպանության միակ հավանական միջոցն է։ Առկա են թռչունների համար պատվաստանյութերի մի քանի տեսակներ, բայց դրանց օգտագործումը տնտեսապես արդարացված չէ։ Հիվանդ թռչուններ նկատելիս, դրանց անկման դեպքում պետք է անհապաղ դիմել անասնաբույժի, քաղաքապետարան, թաղապետարան, գյուղապետարան արտակարգ իրավիճակների վարչություն։

Բնակչության շրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանի թռչունների շրջանում էպիզոոտիայի առկայության պայմաններում, վերջինիս վերացման և բնակչության շրջանում համաճարակի կանխարգելման նպատակով, անհրաժեշտ է իրականացնել համալիր միջոցառումներ։ Թռչունների հետ աշխատողները պետք է կրեն համապատասխան արտահագուստ՝ (կոմբինիզոն կամ վիրաբուժական խալաթ, անջրաթափանց գոգնոց, ձեռնոցներ, ակնոցներ, դիմակներ) և խստորեն պետք է պահպանեն անձնական հիգիենայի կանոնները, ձեռքերը հաճախակի լվանալ (օրական 10 անգամ և ավելի) օճառով և շփել սպիրտով, հատկապես՝ թռչունների և այլ ընտանի կենդանիների հետ շփվելուց հետո։ Գրիպի և սուր շնչառական հիվանդությունների նշաններով հիվանդներին անհապաղ պետք է մեկուսացնել և դիմել բժշկի։ Հայտնաբերված հիվանդներին պետք է հոսպիտալացնել և բուժել օզելտամիվիրով (Տամի ֆլյու)։ Բնակչությունը պետք է սահմանափակի վայրի թռչունների հետ շփումները։ Բնակչության շրջանում պետք է արգելվի թռչունների որսը։ Անհրաժեշտ է խուսափել հիվանդ, սատկած թռչնի հետ շփումից, չխնամել և չկերակրել հիվանդ ընտանի և վայրի թռչուններին։ Ոչ մի դեպքում չպետք է փետրահանել սատկած, թռչուններին, չմորթել և սննդում չօգտագործել հիվանդ, սատկած ընկած թռչունների միսը և ձուն։ Չնայած թռչնի գրիպի վիրուսը դիմացկուն է ցրտին և սառեցմանը, սակայն արագ ոչնչանում է բարձր ջերմաստիճանի պայմաններում՝ եռացող ջրում կամ տաք տապակի մեջ։ Թռչնի միսը կարելի է օգտագործել, եթե վերջինս ենթարկվել է պատշաճ թերմիկ մշակման՝ կեսից-մեկ ժամ տևողությամբ։ Վերոհիշյալ միջոցառումների իրականացումը թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում տեղայնացնել թռչունների էպիզոոտիան և բնակչության շրջանում հիվանդության դեպքերը (1997 թ. Հոնգկոնգ, 2003 թ-ին՝ Նիդերլանդներ)։ ԱՀԿ-ի փորձագետները խորհուրդ են տալիս կանխարգելիչ նպատակներով ուժեղացնել հսկողությունը թռչնի գրիպի նկատմամբ և գործադրել ազգային ահազանգման համակարգ՝ թռչունների շրջանում եզակի կամ զանգվածային անկումների հաղորդումների վերաբերյալ, ուժեղացնել համաճարակային հսկողությունը սեզոնային գրիպի նկատմամբ, այդ թվում՝ անհայտ ծագման թոքաբորբից մահացածների, հատկապես այն անձանց շրջանում, ովքեր ունեցել են շփում վարակված ընտանի թռչունների հետ։ Խորհուրդ են տրվում նաև իրականացնել սեզոնային գրիպի դեմ կանխարգելիչ պատվաստումներ, որպեսզի խուսափենք միաժամանակյա վարակումներից թե՛ սովորական գրիպով և թե՛ թռչնի գրիպով, որի արդյունքում կնվազի վիրուսի գեների վերատեսակավորումը և մուտացված վիրուսի առաջացումը։ Ինչպես նաև անհրաժեշտ է իրականացնել քարոզչական աշխատանքներ բնակչության շրջանում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • WHO-ի պաշտոնական ինտերնետային կայք՝ www.who.int
  • ՌՖ սանիտարահամաճարակային ծառայության պաշտոնական ինտերնետային կայք՝ www.gsen.ru
  • Киселев О,И, Малеев В, В, Рекомендации по клинике, дифференциальной диагностике и лечению людей, инфицированных высокопатогенным вирусом гриппа / Медицинский вестник N27 (344) 26 октября. 2005г
  • ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ ԳԱԱ-Ի կենդանաբանության ինստիտուտի նյութերը
    <a href="https://wikidata.org/wiki/Track:Q41516079"></a>