Բազմացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաղողի խխունջների խաչասերումը

Բազմացում, բոլոր կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկություն, որով կենդանի օրգանիզմը վերարտադրվում է՝ ապահովելով սերունդների հաջորդականությունն ու անընդհատությունը։ Բազմացման տիպերը բաժանվում են երկու հիմնական խմբի մեջ՝ անսեռ և սեռական բազմացում։ Բջջային կառուցվածք ունեցող օրգանիզմների համար, բազմացման բոլոր տիպերի հիմքում ընկած է բջջի բաժանումը։ Բազմացման ընդունակ են առանց բացառության բոլոր օրգանիզմները՝ բակտերիաներից մինչև կաթնասունները ։ Առանձին անհատներ կարող են լինել ոչ բեղուն, սերունդ չթողնել, սակայն եթե այդ ընդունակությունը կորցնում են տեսակի բոլոր ներկայացուցիչները, ապա տեսակը դադարում է գոյություն ունենալ։ Հետևաբար, բուսական, կենդանական տեսակների գոյության անընդհատությունը, սերունդների հաջորդականությունը պայմանավորված են բազմացմամբ։ Բազմացումը տեսակների գոյության անհրաժեշտ պայմանն է։

Բազմացման շնորհիվ ապահովվում են ոչ միայն տեսակների գոյությունը և զարգացումը, այլև անընդհատելիությունը մեր մոլորակի վրա։ Բնության մեջ բուսական և կենդանական յուրաքանչյուր տեսակ ունի բազմացման իր յուրահատկությունները. օրգանիզմն իր կյանքի ընթացքում պատրաստվում է դրան։ Բոլոր դեպքերում բազմացման արդյունքը տեսակի անհատների քանակի ավելացումն է։

Նյութափոխանակությունը, գրգռականությունը և այլ առանձնահատկություններ ամեն մի կենդանի էակի մեջ դրսևորվում են անընդհատ, օրգանիզմների կենսագործունեության և զարգացման յուրաքանչյուր փուլում։ Նրանք համարվում են օրգանիզմի գոյության անհրաժեշտ պայմանը։

Տեսակները[խմբագրել]

Առանձնացնում են բազմացման 2 տեսակ՝

  1. Անսեռ բազմացում
  2. Սեռական բազմացում

Անսեռ բազմացումը կատարվում է 4 եղանակներով՝

  1. Բողբոջումով - խմորասնկեր, ինֆուզորիա, հիդրա և այլն։
  2. Միտոզով - ամեոբա, կանաչ էվգլենա, քլամիդոմոնադ և այլն։
  3. Սպորագոյացմամբ - քլորելլա, մալարիայի պլազմոդիում և այլն։
  4. Վեգետատիվ բազմացում -կարտոֆիլ, հասմիկ, ուռենի, կոկռոշենի, սոխ, հիրիկ, էլոդեա և այլն։

Անսեռ բազմացման ժամանակ բազմացումը կատարվում է 1 առանձնյակի օգնությամբ, իսկ սեռական բազմացման ժամանակ մասնակցում են 2 առանձնյակ՝ արական և իգական սեռի ներկայացուցիչներ։

Մեխանիզմ[խմբագրել]

Մոլեկուլային մակարդակով բազմացումը արտահայտվում է ԴՆԹ-ի՝ իր մոլեկուլը կրկնապատկելու ունակությամբ, բջջի մակարդակով՝ կիսմամբ։ Բազմացման ընդունակ են նաև որոշ օրգանոիդներ՝ միտոքոնդրիումները, քլորոպլաստները։

Ամբողջական օրգանիզմների բազմացման ձևերը բազմազան են, բայց նրանց բոլորի հիմքում ընկած է բջիջների միտոտիկ բաժանումը։

Այսպիսով, կենդանի բնության կատարելագործման և բարդացման համապատասխան, մշակվել են կենդանի համակարգերի բազմացման տարբեր եղանակներ։ Դրանցում ընթացող բոլոր պրոցեսները միտում ունեն կենդանի համակարգերի ժառանգական տեղեկատվության սերնդեսերունդ փոխանցելուն։ Տեսականորեն պետք է ընդունել, որ օրգանիզմի յուրաքանչյուր մաս, որը պարունակում է գեների ամբողջ հավաքը, կարող է սկիզբ դնել նոր օրգանիզմի, քանի որ գեները պարունակում են դրան անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը։

Սակայն բազմաբջիջ օրգանիզմների մոտ բջիջների մեծ մասը այնքան է մասնագիտացել տարբեր ուղղություններով, որ կորցրել է նոր օրգանիզմ վերարտադրելու ունակությունը։

Նրանց մոտ, որպես կանոն, բազմացման պրոցեսը տեղի է ունենում հատուկ օրգաններում և հյուսվածքներում։ Այդ հյուսվածքների բջիջները, որոնք պահպանել են աճի և կիսման ընդունակությունը, բացի բազմացումից, այլ ոչ մի ֆունկցիա չեն կատարում։

Բազմացման բոլոր գոյություն ունեցող ձևերը միավորվում են երկու հիմնական տիպերում՝ անսեռ բազմացում և սեռական բազմացում, որոնց հիմքում ընկած են բջիջների բաժանումը՝ միտոզի և մեյոզի ճանապարհներով։

Միտոզի և մեյոզի ընթացքում ամենագլխավորը գենետիկական նյութի հավասար և կանոնավոր բաշխումն է դուստր բջիջների միջև։

Անսեռ բազմացման ժամանակ սերնդի վերարտադրումը տեղի է ունենում մեկ անհատի հաշվին, որի մարմնի առանձին մասերը սկիզբ են տալիս նոր անհատների. ընդ որում, որոշ դեպքերում բազմացումը իրականանում է միաբջիջ գոյացությունների՝ սպորների հաշվին։ Բույսերի մոտ նրանք առաջանում են հատուկ օրգաններում՝ սպորանգիումներում։ Սա սպորառաջացման եղանակն է։

Սեռական բազմացումը բնորոշվում է երկու ծնողների մասնակցությամբ. դա տեղի է ունենում հատուկ սեռական բջիջների առաջացմամբ։ Երկու ծնողական անհատներից յուրաքանչյուն արտադրում է սեռական բջիջներ՝ գամետներ (հուն. gametus - ամուսին)։ Բեղմնավորման ժամանակ սեռական բջիջները միաձուլվում են և առաջացնում զիգոտ (հուն. zigote - զուգավորում), որից զարգանում է նոր օրգանիզմը։ Սեռական բազմացման հատուկ ձև է պարթենոգենեզը (հուն. partenos – կույս, genes – ծնունդ)՝ կուսածնություն։ Այս դեպքերում սերունդն առաջանում է չբեղմնավորված սեռական բջջի զարգացման հաշվին, ծնողներից մեկի մասնակցությամբ։ Ինչպես նշել է Կ. Ա. Տիմիրյազևը, պարթենոգենեզը մոտ է վեգետատիվ բազմացմանը։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]