Մեղուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մեղուների նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղրատու (ընտանի) մեղուն թաղանթաթևավորների կարգի մեղվանմանների ընտանիքի մեղուների ցեղի միջատ է։ Մեղուները մեղրատու բույսերի ծաղիկների նեկտարից պատրաստում են մեղր։ Մարդիկ վաղուց են գնահատել մեղրի արժեքավոր հատկությունները և ընտելացրել մեղուներին։ Սրանք գրեթե ընտանի են և ապրում են մեղվանոցներում՝ փեթակների մեջ (վայրի մեղուներն ապրում են փչակներում, քարայրերում և ժայռերի ծերպերում)։ Մեղրը ստանում են փեթակում եղած մոմեղեն բջիջներից՝ մեղրահացից (մոմահաց)։ Միայն 1 փեթակից ստացվում է մինչև 20–25 կգ մեղր։ Մեղվաընտանիքը կենսաբանական ամբողջություն է, որտեղ բոլոր անհատները փողկապված են և ընդունակ չեն ինքնուրույն գոյության։ Բաղկացած է 1 մայր մեղվից, 60–80 հզ. աշխատավոր մեղուներից և մի քանի հարյուր (երբեմն՝ հազար) բոռերից։ Աշխատավոր մեղուն ապրում է 26–40 օր։ Ձմռանը մեղուները չեն քնում և սնվում են իրենց պատրաստած մեղրով։ Այդ նպատակով էլ մեղրը քամելիս մեղվապահը մեղուներին ձմռան պաշար է թողնում։ Բացի այդ, մեղրահացերում են աճում թրթուրները՝ ապագա մեղուները։ Հասուն մեղուները նրանց ևս կերակրում են մեղրով ու ծաղկափոշիով։ Հետաքրքրական է, որ հատուկ ազդանշանային համակարգի օգնությամբ մեղուները կարող են միմյանց հայտնել իրենց գտած մեղրատու բույսի տեղը։ Աշխատավոր մեղուների միջև աշխատանքի խիստ բաժանում կա. մի մասը նեկտար ու ծաղկափոշի է հայթայթում և բերում փեթակ, մյուսները վերցնում են այն և լցնում մեղրահացերը, երրորդները մաքրում են մեղրահացերը, չորրորդները թևերով օդափոխիչի նման օդափոխում են փեթակը, հինգերորդները պահակ են կանգնում փեթակի մուտքի մոտ, վեցերորդները կերակրում են թրթուրներին։ Միայն մայր մեղուն է, որ ոչ մի աշխատանք չի կատարում, և դեռ ինքն է մշտական հոգատարություն պահանջում։ Սակայն նա միակն է, որ փեթակում ձվեր է դնում։ Սեռահասուն է դառնում մայրաբջջից (որը հյուսում են աշխատավոր մեղուները) դուրս գալուց 5–7 օր հետո և ապրում 5 տարի։ Առավել արդյունավետ է մինչև 2 տարեկան մայր մեղուն։ Բոռերը նույնպես միայն մեկ պարտականություն ունեն՝ բեղմնավորում են մայր մեղվին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղուների հայրենիքը Հարավային Ասիան է, որտեղից նրանք տարածվել են ամենուրեք։ Մեղրատու մեղուները բաժանվում են եվրոպական, կովկասյան, աֆրիկյան և ասիական խմբերի։ ՀՀ-ում տարածված են հայկական դեղին մեղուն և նրա տարատեսակ կովկասյան գորշ մեղուն։ Հայկական դեղին մեղուն տարածված է Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում, նաև դաշտավայրային և տաք շրջաններում։ Մաքրացեղ պահպանվել են հատկապես Մեղրիում։ Հայկական դեղին մեղուների պահպանման և տոհմային աշխատանքով զբաղվում են Երևանի «Նեկտար» մեղվաբուծական գիտահետազոտական պետական ձեռնարկության Մեղրիի հենակետում։


Կատարած աշխատանքի նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարևոր նշանակություն ունեն մեղուների կենսագործունեության նյութերը՝ ծաղկափոշին, մեղվակաթը, ակնամոմը և այլն։ Ծաղկափոշին պարունակում է կենսաբանորեն ակտիվ նյութեր և, ունենալով բուժիչ հատկություններ, օգտագործվում է մի շարք հիվանդությունների բուժման համար։ Մեղվակաթը (ապիլակ) աշխատող մեղուների գեղձերի արտազատուկն է, որով մեղուները կերակրում են ապագա մայրերին։ Այն արժեքավոր դեղամիջոց է. ունի օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող, զարկերակային արյան ճնշումը կարգավորող ներգործություն։ Թողարկվում է նաև հաբերի ձևով։ Ակնամոմն օժտված է հակամանրէային հատկությամբ և կիրառվում է այրվածքների, մաշկի, մարսողական օրգանների հիվանդությունների բուժման համար։ Արժեքավոր է նաև մեղվի թույնը. ճիշտ օգտագործելու դեպքում կարող է շատ հիվանդություններ բուժել։ Սակայն պետք է իմանալ, որ, օրինակ, 400 մեղվից բաղկացած պարսի հարձակումը մարդու համար կարող է մահացու լինել։ Գիտնականներն ուսումնասիրում են մեղուների վարքը՝ որոշակի իմաստ ունեցող բզզոցը, «պարը»։

Մեղուները և մարդկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղուները նշանակալի տեղ են զբաղեցնում դիցաբանության և բանահյուսության մեջ և քաղաքական տեսաբանների կողմից կիրառվել են որպես մարդկային հանրության մոդել։ Լրագրող Բի Ուիլսոնը նշում է, որ մեղուների համայնքի պատկերը «հանդիպում է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, Արիստոտելի և Պլատոնի, Վերգիլիոսի և Սենեկայի, Էրասմուսի և Շեքսպիրի, Տոլստոյի, ինչպես նաև սոցիալական տեսաբաններ Բերնար Մանդևիլի և Կարլ Մարքսի աշխատություններում»[1]:
Մեղուներն ինդուստրիալացումը խորհրդանշող հերալդական պատկերների տեսքով հանդիպում են Մանչեսթերի քաղաքապետարանի տանիքի կատարին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wilson Bee (2004)։ The Hive: the Story of the Honeybee։ London: John Murray։ ISBN 0-7195-6598-7 
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Մեղուներ հոդվածին