Սպերմատոզոիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպերմատոզոիդը և ձվաբջիջը բեղմնավորման պահին

Սպերմատոզոիդ, Սերմնաբջիջ (հունարեն՝ σπέρμα (սեռ. σπέρματος) - սերմ, ζωή - կյանք և εἴδος - տեսակ)՝ արական գամետը, մարդու, կենդանիների և բազմաթիվ բույսերի արական սեռական բջիջ։ Առաջանում է առաջնային սեռական բջիջներից, զարգացման հատուկ պրոցեսի ընթացքում։

Պարունակում է քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմ։ Կենդանիների սերմնաբջիջներն ընդունակ են ակտիվ շարժվելու (բարենպաստ պայմաններում 2—5 մմ/ր արագությամբ) և բեղմնավորում են անշարժ կամ պասիվ ձվաբջիջը։ Տարբերվում են ձևով և չափերով (50-500 մկմ, միջատներինը՝ մինչև մի քանի մմ)։

Բույսերի սերմնաբջիջն (անթերոզոիդ) առաջանում է անթերիդիումներում։ Սերմնավոր բույսերի մեծամասնության սերմնաբջիջները զուրկ են մտրակներից և չեն տեղաշարժվում։ Որոշ ջրիմուռներ, մամուռներ, սնկեր, պտերներ, սելագինելներ, սագոենիներ ունեն (շարժման ուղղությամբ) առջևում տեղադրված երկու (հազվադեպ մեկ) և ավելի մտրակիկներով սերմնաբջիջներ։ Ի հակադրություն այլ բուսական բջիջների, սերմնաբջիջները չունեն թաղանթանյութե պատյան։ Հատկանշական է մեծ կորիզը և ցիտոպլազմայի չնչին քանակությունը։ Սերմնաբջջի շարժումը դեպի ձվաբջիջ պայմանավորվում է քեմոտաքսիսով։

Տիպեր[խմբագրել]

Առանձնացվում են կենդանիների սերմնաբջիջների մի քանի տիպ․

  • մտրակավոր սերմնաբջիջ․ կազմված են գլխիկից, որտեղ գտնվում է կորիզը, միջին մասից և մտրակից, որի միջոցով և շարժվում են։ Գլխիկի առաջնային մասում հաճախ ունեն ձվաբջջի մեջ ներթափանցումը հեշտացնող հարմարանք։ Սերմնաբջիջը պատված է ցիտոպլազմայի բարակ շերտով։ Հատուկ են փշամորթներին, աղեխորշավորներին, միջատներին, ողնաշարավորներին և մարդուն։
  • Ամեոբաձե սերմնաբջիջ․ զուրկ են մտրակիկներից և տեղաշարժվում են կեղծ ոտիկների միջոցով։ Ավելի պարզ են կառուցված, քան մտրակավոր սերմնաբջիջները։ Հատուկ են նեմատոդներին, տգերին և այլն։
  • Պայթող սերմնաբջիջ, հազվագյուտ տիպ է, հատուկ է տասնոտանի խեցգետիններին։ Տեղաշարժվում է կեղծ ոտիկների օգնությամբ, ձվաբջջին հանդիպելիս սերմնաբջջի խիտինե պատիճը պայթում է և իրականացնում բեղմնավորումը։

Կառուցվածք[խմբագրել]

Սպերմատոզոիդի կառուցվածքը

Կազմված է՝ գլխիկից, վզիկից և պոչից։ Գլխիկի հիմնական մասը կազմում է կորիզը, որը շրջապատված է բջջապլազմայի բարակ շերտով, որը ծառայում է ձվաբջջի մեջ թափանցելուց։

Վզիկը կազմված է բջջապլազմայից, որը պարունակում է ցիտոսոմ և ԱԵՖ-ի պաշար. դա շարժման ժամանակ էներգիայի աղբյուր է ծառայում։ Վզիկի հետևում տեղավորված է սպերմատոզոիդի շարժման հարմարանքը՝ պոչը, որը հաճախ մեծ երկարության բարակ թելի ձև ունի։

Որոշ կենդանիների մոտ սպերմատոզոիդները լինում են այլ ձևերի. օրինակ՝ կաթնասունների մոտ գլխիկը կլոր է, թռչուններինը՝ երկար և սուր, երկկենցաղներինը՝ պտուտակաձև։ Կան նաև սպերմատոզոիդների ոչ տիպիկ ձևեր՝ աստղաձև, կոնաձև (խեցգետնակերպեր, որոշ որդեր

Սպերմատոզոիդը բնորոշ է իր շարժունությամբ և փոքր չափերով, որը բացատրվում է նրանում ներառումների բացակայությամբ։ Մարդու սպերմատոզոիդներն ունեն մոտ 50 միկրոն մեծություն։ Կան և մեծ չափերի հասնող սպերմատոզոիդներ, օրինակ՝ տրիտոնի մոտ հասնում է մոտ 500 միկրոնի։

Տղամարդու մոտ սերմնահեղուկում սեռական ակտից հետո սպերմատոզոիդների թիվը հասնում է մինչև 200.000.000-ի, իսկ կանանց մոտ ամբողջ կյանքի ընթացքում ձվաբջիջների թիվը հանում է ընդամենը 300-600։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png