Մեյոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ընդհանուր նկարագրություն[խմբագրել]

Այն բանը, որ սեռական բջիջները հապլոիդ են և դրա համար պետք է ձևավորվեն բջիջների բաժանման հատուկ մեխանիզմով, ի հայտ է եկել հետազոտությունների արդյունքում, որոնք և տարել են այն եզրակացությանը, որ քրոմոսոմները պարունակում են ժառանգական տեղեկատվություն։ 1883 թվականին հայտնաբերվել է, որ թե ձվաբջիջները, և թե սպերմատոզոիդները իրենց մեջ պարունակում են երկուական քրոմոսոմներ, իսկ բեղմնավորումից հետո այն դառնում է չորսը։ Քրոմոսոմային տեսության հետազոտությունները կարող էին բացատրել նաև այն պարադոսը, որ չնայած սպերմատոզոիդների և ձվաբջիջների չափսերի հսկայական տարբերությանը, հաճախ մայրական և հայրական առանձնյակների դերերը միանման են ազդում նոր օրգանիզմի հատկանիշների ձևավորման վրա։

Այս բացահայտման իմաստը կայանում էր նաև նրանում, որ սեռական բջիջները պետք է ձևավորվեն կորիզի բաժանման հատուկ եղանակով, որի ժամանակ քրոմոսոմների ամբողջ հավաքակազմը հավասարապես է բաշխվում առաջացած նոր բջիջներին։ Բաժանման այդպիսի տիպը կոչվեց մեյոզ (հունարեն մեյոզ «փոքրանալ» բառից)։ Քրոմոսոմների գործունեությունը մեյոզի ժամանակ, երբ տեղի է ունենում նրանց թվի կրճատում, պարզվում է, որ ավելի բարդ է, քան պատկերացնում էին անցյալում։ Դրա համար մեյոտիկ գործընթացները ամբողջությամբ բացահայտվեցին միայն 30-ականներից հետո։

Մեյոզի առաջին բաժանումից հետո երկու դուստր բջիջները ստանում են հոմոլոգ ԴՆԹ։ Հապլոիդ կորիզների ձևավորման համար գամետներն անցնում են մեյոզի երկրորդ փուլը, որտեղ առանց ԴՆԹ-ի կրկնապատկման քրոմատիդներն իրարից հեռանում են, ինչպես միտոզում, և առաջանում են ԴՆԹ-ի հապլոիդ հավաքակազմով կորիզներ։

Նշանակում է` մեյոզը քրոմոսոմների կրկնապատկումից հետո ընթանում է երկու փուլով, որի ընթացքում ձևավորվում են չորս հապլոիդ բջիջներ։

Մեյոզի ժամանակ կարող են դիտվել նաև անոմալիաներ, երբ հոմոլոգները իրարից չեն կարողանում անջատվել։ Դա կոչվում է քրոմոսոմների ոչ ճիշտ բաշխվածություն։ Այդ դեպքում նոր ձևավորված բջիջների մի մասը ստանում է քրոմոսոմների անբավարար քանակ, իսկ մյուսները` քրոմոսոմների ավելցուկ։ Ձևավորվում է ոչ լիարժեք սաղմ, որը այնուհետև մահանում է։

Մեյոզի փուլերը[խմբագրել]

Պրոֆազ[խմբագրել]

Մեյոզի առաջին փուլում` պրոֆազում, կոնյուգացիայի ժամանակ, երբ քրոմոսոմները բաշխվում են, տեղի են ունենում մորֆոլոգիական բարդ փոփոխություններ։ Ըստ այդ փոփոխությունների` պրոֆազը բաժանվում է հինգ փուլի`

  1. Լեպտոտեն
  2. Զիգոտեն
  3. Պախիտեն
  4. Դիպլոտեն
  5. Դիակինեզ

Լեպտոտեն[խմբագրել]

Առաջին բաժանման պրոֆազը սկսում է լեպտոտենից։ Այդ ժամանակ քրոմոսոմները, ձևափոխվելով, անցնում են կոնդենսացված վիճակի` դառնալով երկար, բարակ թելիկներ` կազմված սպիտակուցի առանցքային թելիկներից։ Բոլոր քրոմոսոմները միացած են կորիզային թաղանթին հատուկ ամրացնող սկավառակներով։ Թեպետ քրոմոսոմների ռեպլիկացիան արդեն տեղի էր ունեցել, և քրոմոսոմները կազմված են երկու քրոմատիդներից, սակայն այդ քրոմատիդնրերը իրար այնքան են մոտեցած, որ քրոմոսոմները թվում է, թե կազմված են մեկ քրոմատիդից (քրոմատիդները իրարից հեռանում են միայն պրոֆազի դիպլոտենի և դիակինեզի փուլերում)։

Զիգոտեն[խմբագրել]

Քրոմոսոմների կրկնապատկման փուլը։ Լեպոտենից զիգոտեն անցումը համարվում է կոնյուգացիայի սկիզբը։ Մինչև կոնյուգացիան քրոմոսոմների սպիտակուցային թելիկներն իրարից առանձնացված էին։ Կոնյուգացիայի ժամանակ դրանք իրար ենմոտենում։