Նախակենդանիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Paramecium aurelia

Նախակենդանիներ կամ պարզագույն օրգանիզմներ, օրգանիզմներ, որոնք կազմված են մեկ բջջից և կարողանում են գոյատևել։ Նրանցից են ամեոբան, հողաթափիկ ինֆուզորիան, մտրակավորները, վոլվոքսը՝ մտրակավորների գաղութային ձևը։

Նախակենդանիները մանրադիտակային չափեր ունեցող միաբջիջ օրգանիզմներ են, որոնց մարմինը կազմված է մեկ բջջից, սակայն այն կատարում է ամբողջական օրգանիզմի ֆունկցիաներ (մարսողական, արտազատական, շարժողական և այլն)։ Բազմաբջիջ օրգանիզմների այս կամ այն բջիջների խումբը կատարում է որևէ մեկ ֆունկցիա, ուստի չի կարող մեկուսացված գոյություն ունենալ։ Ի տարբերություն դրա, նախակենդանիների մեկ բջիջը համարվում է ամբողջական օրգանիզմ. այն կարող է ինքնուրույն տեղաշարժվել, սնունդ ընդունել, պաշտպանվել կենդանիներից և այլն։ Բացի բոլոր բջիջներին բնորոշ օրգանոիդներից, ինչպիսիք են միտոքոնդրիումները, էնդոպլազմային ցանցը և այլն, նախակենդանիներն ունեն իրենց բնորոշ սեփական օրգանոիդները, ինչպես՝ շարժողական, մարսողական, արտազատիչ և այլն։

Շարժողական օրգանոիդներն են.

  1. կեղծ ոտքերը կամ պսևդոպոդները, որոնք ցիտոպլազմայի ժամանակավոր ելուստներն են
  2. մտրակները, որոնք երկար, բարակ թելիկներ են և սկիզբ են առնում ցիտոպլազմայում գտնվող կինետոպլաստից
  3. թարթիչներ, որոնք բազմաթիվ կարճ թելիկներ են (ֆիբրիլներ)՝ պատված բջջային մեմբրանով (թաղանթով)։

Էկտոպլազման միատարր է, ավելի հոծ, նրա արտաքին շերտը խտանում է և առաջացնում նախակենդանու արտաքին թաղանթը՝ պելիկուլան։ Երբեմն պելիկուլայի մակերեսին առաջանում է կուտիկուլա, որն արդեն կենդանի ցիտոպլազմայի հատկություններ չունի։ Վերջինս ունի պաշտպանական նշանակություն։

Էնդոպլազման կիսահեղուկ է, հատիկավոր, նրանում են գտնվում նախակենդանու կորիզը և օրգանոիդները։

Նախակենդանիների բջիջն ակտիվ գործունեության ժամանակ կոչվում է տրոֆոզոիտ, որի սնուցումը կարող է տեղի ունենալ.

ա) մարմնի մակերեսով սննդի ներծծման միջոցով
բ) ֆագոցիտոզով և պինոցիտոզով
գ) բջջաբերանով։

Արտազատիչ օրգանոիդը կծկողական կամ բաբախող վակուոլը (հեղուկով լցված ոչ մեծ բուշտ է), որը պարբերաբար կծկվում է և նրանում եղած նյութափոխանակության արգասիքներով հանդերձ բջջի մեջ եղած հավելյալ հեղուկը հեռացվում է։ Ի դեպ, նախակենդանիների ցիտոպլազմայում անօրգանական և օրգանական նյութերի քանակը ավելի բարձր է, քան միջավայրում, որով և պայմանավորված է օսմոտիկ ճնշումը։ Այսպիսով՝ կծկողական վակուոլը միաժամանակ կատարում է արտազատիչ և օսմոտիկ ճնշման կարգավորման ֆունկցիաներ։ Պարազիտ ձևերի, ինչպես նաև ծովում ապրող տեսակների մոտ, որտեղ օսմոտիկ ճնշումը բարձր է, կծկողական վակուոլը կարող է չլինել։

Նախակենդանիները բազմանում են անսեռ (միտոզ, ամիտոզ, շիզոգոնիա, էնդոգոնիա) և սեռական ճանապարհով (կոպուլյացիա և կոնյուգացիա)։ Որոշ ներկայացուցիչների մոտ նկատվում է անսեռ և սեռական բազմացման եղանակների հերթափոխություն։

Նախակենդանիների մեծ մասն անբարենպաստ պայմաններում առաջացնում է կայուն (ռեզիստենտ) ձև՝ ցիստ։ Նրանք ընդունում են կլոր ձև, դադարում են սնվելուց, նյութափոխանակությունը դադարում է, պատվում են ամուր թաղանթով, որը պաշտպանում է նրանց ջերմային և այլ վնասակար գործոններից։ Բացի պաշտպանական նշանակությունից, ցիստավորումը նպաստում է նաև նախակենդանիների տարածմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 156