Այգեհատ
Գյուղ | ||
---|---|---|
Երկիր | ![]() | |
Մարզ | Լոռու | |
Այլ անվանումներ | Իգահատ, Իգոկաթ, Իկհատ, Դանուշավան | |
Մակերես | 6.1 կմ² | |
ԲԾՄ | 1150 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 263[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | այգեհատցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | lori.mtad.am/about-communities/476/ (հայ.) | |
| ||
Այգեհատ, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանում, Ալավերդի քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք, իսկ մարզկենտրոնից 43 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը տեղադրված է Դեբեդ գետի ձախ ափին, բարձրադիր սարավանդում՝ ծովի մակարդակից 1150 մ բարձրության վրա։
Գյուղը նախկինում Այգեհատ կամ Իգահատ անվան տակ մտել է Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մեջ։ Այն վերանվանվել է Դանուշավան 1963 թվականին հեղափոխական Դանուշ Շահվերդյանի անունով[2]։ Գյուղն կրկին անգամ Այգեհատ է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին[3]։
Հին գյուղատեղի ավերակները տարածված են Քոբայրավանքից շուրջ երկու կիլոմետր հյուսիս, պահպանվել են առանձին շինությունների հետքեր, Գողգոթավանք եկեղեցին և մի քանի խաչքար։ Հնագույն վիմագիր արձանագրությունը գրվել է 1211 թվականին, իսկ վերջինը` 1579-ին։
Վերջին ժամանակների տեղազննություններից և պեղումներից պարզ է դարձել, որ այս տարածքը՝ Դեբեդի ձախափնյա բարձրադիր լանջը, XIII-XIV դարերում եղել է հայաստանի հյուսիսարևելյան խաղողագործության ու գինեգործության կարևոր մասերից մեկը (հատկապես խաղողի սև տեսակի)։ Իգահատ գյուղատեղից դեպի հյուսիս՝ Դեբեդի ձախափնյա լանջին, որոշ ընդհատումներով, այգիները շարունակվել են մինչև Սանահին կայարան։ Այդ այգիների ընդհանուր տարածքը (միջին բարձրությունը` 850 մ) 20-25 հեկտար է եղել՝ փռված Դեբեդի ձախափնյա արևելահայաց լանջին։
Քանի որ Իգահատին հարող այգիները վերջինն էին, դրանից դեպի հարավ խաղող չէր աճում, հետևաբար ստացել է նման անվանում` իգի (այգի) և հատնել (վերջանալ) բառաբարդումից։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման մերձարևադարձային է, չափավոր շոգ և չորային ամառներով, մեղմ ձմեռներով։ Տարեկան թափվում են 500-600 մմ մթնոլորտային տեղումներ։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Այգեհատի մշտական բնակչությունը կազմել է 263, առկա բնակչությունը` 243 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].
Պատմամշակութային կառույցները[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում են գտնվում Սբ. Սարգիս (VI-VII դդ.), Գողգոթավանք (X-XVII դդ.) եկեղեցիները և Ս. Սարգիս մատուռը (XVI-XVIIդդ.)։ Գյուղից ոչ հեռու գտնվում է “Քոբայրի” վանքը։
Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղատնտեսական հողերը գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 281 հա։ Պետական հողերը հիմնականում օգտագործվում են արոտավայրերի և վարելահողերի համար՝ համապատասխանաբար կազմելով 132 և 58 հեկտար։
Գյուղի մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, սալոր), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ։ Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ, թռչնաբուծությամբ։
Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թ.-ի դրությամբ գյուղն ունի դպրոց, գրադարան, բուժկետ և կապի հանգույց[6]։
Հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սիմոն Զավարյան - Հ.Յ.Դաշնակցության ղեկավարներից մեկը։
- Դանուշ Շահվերդյան - XX դարի 20-30-ականների հասարակական-պետական գործիչ, նա 1936 թ. Մարսելից Կոմիտասի աճյունը տեղափոխել է Երևան, որի համար էլ Բերիան նրան չի ներել և ինքն էլ, կինն էլ զրկվեցին կյանքից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 25 — 992 էջ։
- ↑ 3,0 3,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 207»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2013 Նոյեմբերի 12
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «Այգեհատ»։ Վերցված է 2013 Նոյեմբերի 22
|