Jump to content

Թումանյանի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թումանյանի շրջան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԿարգավիճակՇրջան
Մտնում էՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հայաստան Հայաստան
ՎարչկենտրոնԱլավերդի
Խոշորագույն քաղաքԱլավերդի
Հիմնական լեզուՀայերեն
Բնակչություն (1987)58 200
Խտություն51,9
Ազգային կազմՀայեր
Տարածք1 121
(3,8 %)
Հիմնադրված է1930-1995 թ.
Պատմական շրջան(ներ)Գուգարք

Թումանյանի շրջան (մինչև 1969 թվականը՝ Ալավերդու շրջան), Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Լոռու մարզի հյուսիսում։ Գտնվում էր ՀԽՍՀ հյուսային մասում, սահմանակից էր Վրացական ԽՍՀ-ին։ Կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին՝ Ալավերդի և Դսեղ գավառներից։ Տարածությունը 1 121 կմ² է, բնակչություն՝ 58 200 (1987), խտությունը՝ 51,9 մարդ։

Թումանյանի շրջանի վարչական կենտրոնը Ալավերդի քաղաքն էր։ Ուներ 1 քաղաք (Ալավերդի), 3 քտա (Ախթալա, Թումանյան, Շամլուղ), 1 քաղաքային, 3 ավանային, 13 գյուղական խորհուրդ։ Բնակավայրերն են՝

Կան նաև ձմեռանոցներ, որոնցից էր, օրինակ, «Գյուղի տակ» կոչվող ձմեռանոցը, որը 1926 թվականին ուներ 7 բնակիչ։ Հետագայում լքվել է[1]։

Թումանյանի շրջանի տարածքը հին ժամանակներից ի վեր եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Թումանյանի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառի մի մասը։ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, 972-1113 թվականը՝ Կյուրիկյան թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։

Պարսկական տիրապետության ժամանակ Թումանյանի շրջանը Վրացական թագավորության կազմում էր, իսկ 1801 թվականից Վրաստանի և Հայաստանի հյուսիսարևելյան մի քանի գավառների հետ միացվել է Ռուսական կայսրությանը՝ Թիֆլիսի նահանգի Լոռի-Բորչալուի գավառի, 1919-20 թվականներին՝ Լոռու «Չեզոք գոտու» մեջ։

Ճարտարապետական հուշարձաններից նշանավոր են Օձունի միանավ եկեղեցին (5-րդ դար), Հաղպատի (10-13-րդ դարեր), Սանահինի (10-13-րդ դարեր), Քոբայրի (12-13-րդ դարեր) վանքերը, Սանահինի կամուրջը (13-րդ դար), Ախթալայի ամրոցն ու եկեղեցին և այլն։

1930 թվականին ստեղծված շրջանային կուսակցական կազմակերպությունը 1987 թվականին ուներ 95 սկզբնական կուսակցական, 150 կոմերիտական կազմակերպություն։ Լույս էր տեսնում «Լոռի» շրջանային թերթը։

Ռելիեֆ և կլիմա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումանյանի շրջանը գտնվում է Վիրահայոց լեռների հարավային, Գուգարաց լեռների արևմտյան լանջերին 375-2545 մ (Լալվար լեռ) բարձրությունների վրա։ Ռելիեֆի հիմնական տարրերից է Դեբեդի կիրճը (խորությունը մինչև 350 մ), որի երկու կողմերում ձգվում են 700-1100 մ բարձրության լավային սարավանդներ։ Տիրապետում են լեռնատափաստանային և լեռնաանտառային լանդշաֆտները։ Կան պղնձածծմբահրաքարերի, բազմամետաղային հանքանյութի, հրակայուն կավերի, բարիտի, գիպսի, տուֆի պաշարներ։

Կլիման բարեխառն է, հյուսիսային ցածրադիր մասերում՝ չոր մերձարևադարձային։ Հունվարի միջին ջերմաստիճանը 1 °C-ից մինչև -8 °C է, հուլիսինը՝ 10-23 °C, տարեկան տեղումները՝ 450-750 մմ, վեգետացիայի շրջանը՝ 120-200 օր։ Գլխավոր գետը Դեբեդն է՝ Շնող և Մարց վտակներով։ Տարածքում է Լոռու ջրանցքը։ Գործում է 14 ջրհան կայան։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության առաջատար ճյուղերն են գունավոր և սև մետալուրգիան, թեթև և սննդի արդյունաբերությունը, բուսաբուծությունն ու անասնապահությունը։ Գործում են 15 արդյունաբերական ձեռնարկություն (6-ը՝ Ալավերդիում)։ Արտադրանքի ծավալով առաջնակարգ են Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատը, կարի արտադրական միավորումը, Թումանյանի հրակայուն նյութերի գործարանը, Ախթալայի բազմամետաղային հանքահարստացուցիչ ֆաբրիկան, պահածոների գործարանը։

Գյուղատնտեսության առաջատար ճյուղերն են բուսաբուծությունն ու անասնապահությունը (առավելապես տավարաբուծությունը)։ Զգալի տեսակարար կշիռ ունեն ոչխարաբուծությունը, տավարաբուծությունն ու թռչնաբուծությունը։ Մշակում են հացահատիկ, կարտոֆիլ, բանջարեղեն, կերային կուլտուրաներ, պտուղ, խաղող։ Կա 23 խորհրդային տնտեսություն։ Ավտոճանապարհների երկարությունը 978 կմ է, երկաթուղին՝ 34 կմ (Երևան-Թբիլիսի երկաթուղու հատվածը)։ Գործում է կապի հանգույց՝ 26 բաժանմունքով։

1986-87 ուսումնական տարում կար 21 միջնակարգ, 17 ութամյա, 1 տարրական, 2 հեռակա միջնակարգ, 2 մարզական, 4 երաժշտական, 1 գեղարվեստի, 1 կերպարվեստի դպրոց։ Գործում էր Ալավերդու ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումը, 1 պրոֆտեխնիկական ուսումնարան, 1 մշակույթի պալատ, 16 մշակույթի տուն, 23 ակումբ, 47 գրադարան, 1 կինոթատրոն, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը (Դսեղում), Միկոյան եղբայրների տուն-թանգարանը (Սանահինում), Լեռնամետալուրգիական կոմբինատի պատմության թանգարանը (Ալավերդիում), հայրենագիտական թանգարան։ 1987 թվականին կար 6 հիվանդանոց, 6 ամբուլատորիա, 18 բուժական մանկաբարձական կայան, 1 պոլիկլինիկա։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 237
  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 912 — 992 էջ։