Սանահինի վանական համալիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սանահինի վանքից)
Սանահինի վանական համալիր
Sanahin-external-view.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ վանք
Երկիր Հայաստան Հայաստան
Տեղագրություն Հայաստան Հայաստան Լոռու մարզ, Սանահին
Հոգևոր կարգավիճակ Գործող
Ներկա վիճակ Կանգուն
Մասն է Հաղպատի և Սանահինի վանքեր
Ժառանգության կարգավիճակ ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան[1]
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճ Հայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ 10-րդ դար
Կառուցման ավարտ 1181 թ
Հիմնադրված 10-րդ դար
Սանահինի վանական համալիրը գտնվում է Հայաստանում
Սանահինի վանական համալիր
Կոորդինատներ: 41°5′13.999200099989″ հս․ լ. 44°39′57.999600100003″ ավ. ե. / 41.08722200002777214° հս․. լ. 44.66611100002777590° ավ. ե. / 41.08722200002777214; 44.66611100002777590

Սանահինի վանքային համալիր, միջնադարյան հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոն Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիրք գավառում: Այժմ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում (նախկին Սանահին գյուղ), Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր սարավանդի վրա:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանական համալիրի առաջին՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 10-րդ դարի 30-40-ական թվականներին (Աբաս Ա Բագրատունի թագավորի օրոք): 966 թվականին Աշոտ Գ Ողորմած թագավորն ու Խոսրովանույշ թագուհին կառուցել են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ իրենց որդիներ Կյուրիկեի (Գուրգենի) և Սմբատի արևշատության համար[2], հիմնադրել են միաբանություն և բարձրագույն կարգի հոգևոր դպրոց, հրավիրել եկեղեցականներ, գիտնական վարդապետներ, գրիչներ: Հիմնադիր վանահայրն էր Պոլիկարպոսը, որին հաջորդել է վարդապետ գիտնական Հովհաննեսը:

979 թվականին Սմբատ Բ թագավորի հրովարտակով Սանահինի վանական համալիրը դարձել է նորակազմ Կյուրիկյան թագավորության եպիսկոպոս. աթոռանիստը (մինչև 11-րդ դարի կեսը), և Տաշիրքի թեմակալ է ձեռնադրվել Եսային: Երևելի վանահայրերից էր «մեծ հռետոր» հռչակված Դիոսկորոս Սանահնեցին (1039–1063): Նրա օրոք կառուցվել են գրատունն ու Սուրբ Գրիգոր մատուռը, հոգևոր դպրոցը դարձել է ուսումնական մեծ կենտրոն, հարստացել է գրադարանը, գրվել, ծաղկվել և ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր: Նրան աշակերտել, դպրոցում դասավանդել ու ստեղծագործել են գիտնական վանականներ Անանիա Սանահնեցին և Հակոբոս Քարափնեցին: Աստվածաբանությունից բացի դպրոցում դասավանդվել են փիլիսոփայություն, հռետորական արվեստ, երաժշտություն, բժշկություն, տոմարագիտություն և այլ գիտություններ: Ըստ ավանդության՝ դպրոցում դասավանդել է նաև Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, նրա անունով էլ Սուրբ Աստվածածին և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիների միջև կառուցված սրահը կոչվել է «Մագիստրոսի ճեմարան»[3]:

11-րդ դարի 2-րդ կեսին սկսված սելջուկյան արշավանքների ու նրանց տիրապետության ընթացքում, ինչպես նաև Կյուրիկյան թագավորության անկումից հետո (1113) Սանահինի վանքը ապրել է տևական վատթար ժամանակաշրջան: 12-րդ դարի վերջին Տաշիրք գավառի կազմում դառնալով Զաքարյան իշխանների սեփականությունը՝ վանքը վերականգնել է իր դերը երկրի հոգևոր ու գիտամշակութային կյանքում: Այդ շրջանում կատարվել են նաև լայնածավալ շինարարական աշխատանքներ: 12-րդ դարի 80-ական թվականներից մինչև 13-րդ դարի 30-ական թվականներին կառուցվել են Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Աստվածածին եկեղեցիների գավիթները, զանգակատունը, գրատան արտաքին սրահը, հյուրատունը (չի պահպանվել), Զաքարյանների տոհմական դամբարանը, կանգնեցվել են Գրիգոր Տուտեորդու և Սարգսի բարձրարվեստ խաչքարերը, նորոգվել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: 12-րդ դարի վերջին Դեբեդ գետի վրա կառուցվել է Սանահինի նշանավոր կամուրջը, որով անցնում է վանք տանող ճանապարհը, իսկ գյուղում՝ աղբյուր:

12–13-րդ դարերում Սանահինի վանքում հայտնի էին վանահայրեր Գրիգոր Տուտեորդին, Հովհաննես Խաչենցին (Զաքարե և Իվանե Զաքարյան իշխանների ուսուցիչը), Վարդանը: Մեծ համբավ է ունեցել վանահայր Գրիգոր րաբունապետը, որի «Պատճառ լայն և նուրբ գրեանց, առեալ ի հարցն սրբոց և ի վարդապետաց» գիրքը ծառայել է նաև որպես ուսումնական ձեռնարկ: Գրիգոր րաբունապետը վանքին նվիրել է 13 ձեռագիր, գրել այլ աշխատություններ: Վանքի բնականոն գործունեությունը դարձյալ ընդհատվել է 1230-ական թվականներից սկսված մոնղոլական արշավանքների և նրանց տիրապետության ողջ ընթացքում: 14-րդ դարի սկզբին թուլացել և դարավերջին տրոհվել է Զաքարյանների իշխանական տունը, և Սանահին գյուղը շրջակայքով ու վանքով դարձել նրանց շառավիղների՝ Արղության-Երկայնաբազուկների սեփականությունը (մինչև 20-րդ դարի սկիզբը):

14–15-րդ դարերում Սանահինի վանքում նոր վերելք է ապրել գրչության արվեստը (այդտեղ գրչագրված ձեռագրերից 35-ը պահվում է Մատենադարանում): Առավել հիշարժան է Սանահինի «Քոթուկը» (ձեռ. № 3032), որը բովանդակում է վանքի ժամանակագրությունը, արժեքավոր տեղեկություններ միաբանության պատմության վերաբերյալ:

17-րդ դարի կեսին, Սարգիս արքեպիսկոպոս Արղությանի առաջնորդության օրոք, էապես նորոգվել են ժամանակի և երկրաշարժերի ազդեցությամբ վնասված վանքի հիմնական կառույցները: 1831 թվականին հյուսիսային պարսպին կից միակամար աղբյուր է կառուցել վանքի տոհմիկ առաջնորդ Հարություն արքեպիսկոպոս Տեր-Բարսեղյանցը (ճակատին պահպանվել է նրա չափածո արձանագրությունը), կատարել է նաև վիմագրությունների վերծանման և կառույցների նորոգման աշխատանքներ: 20-րդ դարի սկզբին վանքի գործունեությունը դադարել է:

Խորհրդային իշխանության ժամանակաշրջանում Սանահինի վանքը որպես պատմամշակութային հուշարձան եղել է պետական պահպանության ներքո, կատարվել են կառույցների ամրակայման և վերականգնման աշխատանքներ: 1998 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այն հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տնօրինությանը:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանահինի վանական համալիրի հատակագիծ

Սանահինի վանքի ճարտարապետական համալիրը ձևավորվել է շուրջ երեք հարյուրամյակի ընթացքում. յուրաքանչյուր նոր շինություն կառուցվել է նախորդների գործառնական դերը, զբաղեցրած տեղն ու ոճական հատկանիշները հաշվի առնելով: Համալիրն ընդգրկում է Սորբ Աստվածածին և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիներն իրենց գավիթներով, ճեմարանը, Սուրբ Գրիգոր մատուռը, գրատունը, զանգակատունը, Սուրբ Հակոբ եկեղեցին, Սուրբ Հարություն մատուռը, Կյուրիկյանների, Զաքարյանների և Արղության-Երկայնաբազուկների տոհմական դամբարանները:

Կառույցների հիմնական շինանյութը տեղական բաց մոխրագույն սրբատաշ բազալտն է, որն օգտագործվել է նաև տանիքների ծածկասալերի համար: Ճարտարապետական ձևերը և հարդարանքը, ընդհանուր առմամբ, պարզ են և մոնումենտալ՝ պատերի հարթ մակերեսների վրա քիվերի, դռների և պատուհանների շրջակալների զուսպ շեշտվածությամբ: Ներքին տարածքների գեղարվեստական արտահայտչականությունն ստեղծվել է ծածկերի՝ թաղերի, թաղակիր կամարների, գմբեթարդների և դրանք կրող հենարանների պարզ, տրամաբանական ու համաչափ կառուցվածքով և համադրությամբ:

Սուրբ Աստվածածին եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի շուրջը կազմավորվել է համալիրը, հայ միջնադարյան դասական ճարտարապետության բնորոշ գմբեթավոր դահլիճ տիպի խաչագմբեթ ենթատիպի վաղագույն օրինակներից է: Գմբեթի թմբուկն ի սկզբանե եղել է բազմանիստ, որը եկեղեցու 1652 թվականի նորոգման ժամանակ վերափոխվել է գլանաձևի և պսակվել պարզ կոնաձև վեղարով: Նրա ներսում պահպանվել են երբեմնի որմնանկարների որոշակի հետքեր:

Սուրբ Ամենափրկիչ (Կաթողիկե) եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Ամենափրկիչ (կոչվել է նաև Կաթողիկե) եկեղեցին համալիրի գլխավոր և ամենամեծ շինությունն է[4]. կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային կողմում՝ 4 մ հեռավորությամբ: Եկեղեցին իր հզոր ծավալով գերիշխող դիրք ունի և դարձել է համալիրի ընդհանուր հորինվածքի ծանրության կենտրոնը: Կառույցի տիպը դարձյալ խաչագմբեթն է, սակայն ի տարբերություն նախորդի, ունի երկհարկ ավանդատներ: Եկեղեցին ունեցել է երկու մուտք՝ հյուսիսային և արևմտյան կողմերում, որոնցից առաջինը հետագայում փակվել է եկեղեցիների միջև ճեմարանի սրահը կառուցելու պատճառով: Կառույցի արևելյան ճակատը և հարավային ու հյուսիսային ճակատների դրան կից հատվածները ձևավորվել են նրբագեղ որմնասյուների վրա հենված դեկորատիվ կամարաշարով: Հիմքեր կան ենթադրելու, որ այն ունեցել է շարունակություն և այդ կերպով հարդարված են եղել նաև եկեղեցու նախնական գմբեթի թմբուկն ու Ավագ խորանը, որոնք ավերվել են երկրաշարժից և վերականգնվել առավել պարզ ձևերով:

Եկեղեցու արևելյան ճակատի վերնամասում՝ ճակտոնը պսակող քիվի անմիջապես տակը, տեղադրված է ուղղանկյուն շրջանակի մեջ առնված մի խորաքանդակ՝ Կյուրիկեի ու Սմբատի պատկերներով (անունները փորագրված են շրջանակի վերին մասում): Քանդակի ստեղծումից տարիներ անց նրանցից առաջինը հիմնադրել ու գլխավորել է Կյուրիկյան թագավորությունը, իսկ երկրորդը՝ թագավորել Անիում և հռչակվել «Տիեզերակալ»: Խորաքանդակը նրանց պատկերում է ողջ հասակով դեմ-հանդիման կանգնած, ձեռքերին՝ եկեղեցու մանրակերտը: Իր բովանդակությամբ, հորինվածքային մտահղացմամբ և ոճավորմամբ այս ստեղծագործությունը նշանավոր երևույթ է դարձել հայ միջնադարյան մոնումենտալ արվեստում և նախադեպ հանդիսացել հետագա նմանատիպ քանդակների համար (Հաղպատ, Անի և այլն):

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու պատերը նույնպես ծածկված են եղել որմնանկարներով (պահպանվել են աննշան հետքեր): Ըստ վիմագրական տվյալների՝ եկեղեցին առաջին անգամ և հիմնավորապես նորոգվել է 1181 թվականին՝ վանքի առաջնորդ Հովհաննես վարդապետի ջանքերով ու Գրիգոր Տուտեորդու և Քուրդ ամիրայի օժանդակությամբ: Վերաշարվել են երկրաշարժից վնասված հարավային պատը, գմբեթը՝ ամբողջությամբ, ինչի հետևանքով այն դարձել է ավելի ցածր, ամրացվել և լրացվել են կառույցի մյուս կիսավեր կամ խարխլված հատվածները: Երկրորդ մեծ վերանորոգումը կատարվել է 1652 թվականին, վանքի ընդհանուր նորոգության ժամանակ՝ առաջնորդ Սարգիս արքեպիսկոպոս Արղությանի օրոք և ուստա Սարգսի ղեկավարությամբ: Փոքր նորոգումներ կատարվել են նաև հետագայում, 1815 թվականին՝ հազարապետ Սոլոմոն Արղությանի ու Զաքարե իշխանի ծախսերով և 1881 թվականին՝ Արղության Հովսեփ Փարսադանյանի ղեկավարությամբ ու ջանքերով:

Սուրբ Աստվածածին և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիները դեռևս 10-րդ դարի 80-ական թվականներին ունեցել են ընդհանուր գավիթ, ինչի մասին հիշատակվում է Կյուրիկե Ա թագավորի՝ Սանահինի «Քոթուկում» մեջբերված հրովարտակում, որով նա երկու շքեղ ջահ է նվիրել վանքին: Այդ կառույցը քանդվել է հավանաբար 1181 թվականի լայնածավալ շինարարական աշխատանքների ժամանակ՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նոր գավիթը կառուցելիս: Վերջինս քառակուսի հատակագծով կենտրոնակազմ և քառասյուն ընդարձակ դահլիճ է՝ կառուցված եկեղեցու արևմտյան պատին կից, նույն առանցքով և լայնությամբ: Արտաքին դուռը տեղադրված է հյուսիսային պատի կենտրոնում: Գավթի հաստահեղույս սյուները կամարներով կապվում են միմյանց և համապատասխան հանդիպակաց պատերի փնջաձև որմնասյուների հետ՝ ներքին տարածքը բաժանելով կենտրոնական մեծ և եզրային ութ փոքր քառակուսի հատվածների: Կենտրոնական քառակուսին պսակում է երդիկավոր ցածր գմբեթը, անկյունայիններն ունեն հարթ առաստաղ, իսկ առանցքային միջին հատվածները ծածկված են գլանաձև թաղերով: Տարածական այս բարդ և պլաստիկ կառուցվածքային հորինվածքին յուրահատուկ գեղարվեստական արտահայտչականություն են հաղորդում սյունախարիսխների և խոյակների հյուսածո զարդամոտիվները և կենդանիների գլուխների խորհրդանշանային քանդակները: Որմնակամարներից մեկի վրա փորագրված արձանագրությունը հիշատակում է ճարտարապետի անունը՝ Ժամհայր:

Սուրբ Աստվածածին եկեղեցու գավիթ

Սուրբ Աստվածածին եկեղեցու գավիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աստվածածին եկեղեցու գավիթը (կոչվում է նաև նախագավիթ) կառուցվել է 1211 թվականին, Վաչե Վաչուտյան իշխանի պատվերով, ինչը վկայում է գավթի ներսում, հարավային պատին պահպանված արձանագրությունը: Կառույցը տեղադրվել է այդ եկեղեցու արևմտյան և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գավթի հյուսիսային պատերին կից և գրավում է դրանց միջև գոյացած անկյունային տարածքը: Պահպանված են կից կառույցների առանցքների նկատմամբ սիմետրիան, իսկ արևելք-արևմուտք ուղղությամբ՝ նաև չափը, ինչի շնորհիվ այդ համադրությունը ընկալվում է որպես ամբողջական մի կառույց:

Գավթի հատակագիծը հյուսիս-հարավ ուղղությամբ մի փոքր ձգված ուղղանկյուն է, որը լայնական ուղղությամբ տարված երկու կամարակապ սյունաշարով բաժանվում է երեք հավասար նավերի: Դրանցից յուրաքանչյուրը ծածկված է գլանաձև թաղով և երկթեք տանիքով, որոնք արևմտյան ճակատի վրա կազմում են սուր գագաթներով բարձր ճակտոնների շարք: Գավթի այդ միակ ամբողջությամբ երևացող ճակատը ձևավորված է երեք զույգ լայն և կամարակապ բացվածքներով, որոնք ծառայել են ներքին տարածքի լուսավորության և ելումուտի համար: Գավիթն ունեցել է նաև միջանցիկ դեր՝ եկեղեցիներ, մյուս գավիթ և ճեմարան անցնելու համար: Ճարտարապետական ներքին հարդարանքը պարզ է և զուսպ. ցածրադիր և զանգվածեղ սյուները և որմնասյուները, լինելով միատիպ, տարբեր են խարիսխների, ֆուստերի (ֆուստ՝ սյան բունը) և խոյակների զարդաքանդակների մշակմամբ: Տիպաբանական առումով այս գավիթը եզակի նմուշ է հայկական ճարտարապետության մեջ[5]:

Ճեմարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճեմարանի կառուցման ստույգ ժամանակն անհայտ է, սակայն շինարարական-շերտագրական վերլուծությամբ թվագրվում է 11-րդ դարի 1-ին կեսով: Կառույցի հատակաձևը ստեղծվել է ինքնաբերաբար՝ պայմանավորված եկեղեցիների միջև ընկած նեղ, միջանցքաձև տարածքով, որը ճարտարապետն օգտագործել է հնարամտորեն և նպատակահարմար:

Գրատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրատուն
16-րդ դարի ձեռագիր Սանահինի վանական համալիրից, Չարտորիի թանգարան

Գրատունն ու Սուրբ Գրիգոր մատուռը կառուցվել են 1063 թվականին՝ վանահայր Դիոսկորոս Սանահնեցու նախաձեռնությամբ և ղեկավարությամբ, Դավիթ Անհողինի դստեր՝ Հրանույշ թագուհու միջոցներով: Շինությունները տեղադրված են համալիրի հյուսիսարևելյան մասում, միմյացից մոտ 3 մ հեռավորությամբ: Միջանկյալ այդ տարածքում, գրատան մուտքի առջև 8-րդ դարի 1-ին քառորդում կառուցվել է նախասրահ:

Գրատունը քառակուսի հատակագծով սրահ է, որի չորս պատերի կենտրոններում մեկական տեղադրված որմնասյուները միմյանց հետ կապվում են հատակագծում պատերի նկատմամբ 45օ թվականով շեղված կամարներով: Դրանցով կազմվում է սրահի եզրագծին ներգծված մի նոր՝ առավել փոքր քառակուսի, որի վրա առագաստների միջոցով հենվում է հիմքում՝ շրջանաձև, իսկ վերևում՝ ութանիստ, երդիկավոր գմբեթը: Սրահի անկյունային հատվածները ծածկված են մի դեպքում տրոմպով, մյուս դեպքում՝ հատվող կիսագլան թաղերով: Ցածրադիր և զանգվածային որմնասյուներն ունեն հարուստ և միմյանցից տարբեր զարդաքանդակային մշակում: Պատերի հարթությունը ջլատված է կիսաշրջան կամ սլաքաձև կամարներով պսակվող խոր որմնախորշերով, որոնք եղել են պահոցներ գրքերի և նշխարների համար:

Սուրբ Գրիգոր մատուռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Գրիգոր մատուռ

Սուրբ Գրիգոր մատուռը եռաստիճան գետնախարսխով, արտաքուստ՝ շրջանաձև, ներքուստ՝ խաչաձև, քառախորան կենտրոնագմբեթ փոքր կառույց է: Ճակատի գլանաձև հարթությունը և մուտքի շրջանակը մշակված են նրբագեղ, դեկորատիվ որմնասյուներով և կամարաշարով, իսկ պատի՝ խորանների միջև ընկած առավել թանձր հատվածները ակոսված են ուղղաձիգ, հատակագծում եռանկյունաձև խորշերով: 1652 թվականին վերակառուցվել են երկրաշարժից ավերված գմբեթն ամբողջությամբ և պատերի վերին հատվածները՝ աղճատելով մատուռի նախնական տեսքը և համաչափությունը:

Զանգակատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքի զանգակատունն (13-րդ դարի 1-ին քառորդ) այդ տիպի վաղագույն նմուշներից է, կառուցվել է Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Աստվածածին եկեղեցիների արևմտյան ճակատների եզրագծի շարունակությամբ, վերջինիս հյուսիսային պատի արևմտյան հատվածին կից: Այն քառակուսի հատակագծով եռահարկ կառույց է, որ պսակվում է վեց սյուների վրա հենված զանգաշտարակով: Առաջին հարկը պարզ թաղակապ սրահ է՝ հյուսիսային կողմից առանձին մուտքով: Արևմտյան ճակատին ասիմետրիկ տեղադրված շքամուտքը քարե աստիճաններով տանում է երկրորդ և երրորդ հարկերը: Երկրորդ հարկն են կազմում միմյանց կից երեք փոքր ավանդատները, որոնցից մեկի մուտքի ճակատին պահպանվել է շինարարական անթվակիր արձանագրություն, ըստ որի՝ զանգակատունը կառուցել է Աբասի որդի Վագը: Երրորդ հարկն ամբողջական մի սրահ է՝ ծածկված չորս զույգ որմնասյուների վրա հենված փոխհատվող կամարների կոնստրուկցիայով՝ իր վրա կրելով զանգաշտարակը: Արևմտյան ճակատի առանցքով, տրամատված լայն շրջանակի մեջ ագուցված է կարմիր գրանիտե քանդակազարդ մեծ խաչ, ճակատների դեկորատիվ հարդարանքի մյուս տարրերը՝ շքամուտքի և պատուհանների քանդակազարդ շրջանակները, ներդիր խաչքարերը տեղադրված են ասիմետրիկ, ազատ, բայց խիստ հավասարակշիռ հորինվածքով:

Սուրբ Հակոբ եկեղեցի և Սուրբ Հարություն մատուռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հուշարձանախմբից հարավ-արևելք, շուրջ 70 և 100 մ հեռավորությամբ[6] գտնվում են ևս երկու փոքր, կիսավեր կառույցներ՝ Սուրբ Հակոբ եկեղեցին և Սուրբ Հարություն մատուռը: Եկեղեցին 10-րդ դարի 2-րդ կեսին կառուցված գմբեթավոր դահլիճ է՝ արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով: 1753 թվականին ավերվել է, քարերի մի մասը 1815 թվականին օգտագործվել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նորոգման համար: Մատուռը (13-րդ դարի 2-րդ կես) պարզ, ուղղանկյուն թաղածածկ սրահ է՝ արևելյան երկու հավասարաչափ խորաններով և հարուստ մշակված արևմտյան շքամուտքով:

Զաքարյանների դամբարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյուրիկյան, Զաքարյան և Արղության-Երկայնաբազուկ իշխանների տոհմական դամբարաններից ճարտարապետական հորինվածքի առումով առավել յուրօրինակ ու հետաքրքիր է Զաքարյանների դամբարանը: Բաղկացած է միմյանց կից և հաղորդակից արևելյան ու արևմտյան մասերից: Առաջինը (կառուցված 10-րդ դարի վերջին կամ 11-րդ դարի սկզբին) կիսագետնափոր թաղածածկ սրահ է՝ տանիքին բարձրացրած երեք փոքր մատուռներով, որոնցից կենտրոնականն ունի ուղղանկյուն, իսկ եզրայինները՝ շրջանաձև հատակագծեր: Արևմտյան մասը քանդակազարդ շքամուտքով, երկթեք տանիքով թաղածածկ սրահ է. 1189 թվականին կառուցել են Իվանե և Զաքարե եղբայրները՝ իրենց պապի և հոր՝ Վահրամ ու Սարգիս իշխանների գերեզմանների վրա: Վերջինիս հիշատակին կանգնեցված է նաև արձանագիր խաչքար:

Ծիրանավոր խաչքարը Սուրբ Աստվածածին եկեղեցու գավիթի դիմաց

Խաչքարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուրջ 50 խաչքար է պահպանվել վանքի և շրջակա տարածքում: Պատմական արժեքով ու գեղարվեստական մշակմամբ առավել նշանավոր են Գրիգոր Տուտեորդու խաչքարը (գործ՝ Մխիթար Կազմիչի)՝ կանգնեցված 1184 թվականին, Սուրբ Հարություն եկեղեցու հյուսիսային պատի տակ, և ամիրայությունների դեմ մղվող պատերազմի զոհերից մեկի՝ Սարգսի գերեզմանի վրա 1215 թվականին կանգնեցված խաչքարը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու գավթի արևմտյան պատին կից:

Պահպանվել են 10-19-րդ դարերը ընդգրկող շուրջ 190 վիմագրեր[7] (կառույցների, խաչքարերի ու տապանաքարերի վրա): Դրանցից 19-ն ունեն շինարարական բնույթ (մինչև 1225 թվականը), մյուսները բովանդակում են թագավորական, իշխանական հրովարտակներ, աղոթքներ, հիշատակագրեր, վանքին նվիրատվությունների վերաբերյալ տեղեկություններ:

Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքի կառուցողները հայր ու որդի են եղել։ Հայրը պատերն է շարել, իսկ որդին՝ քար կտրել ու տաշել։ Վանքը չավարտած՝ որդին մեռնում է։ Առանց սկալաները քանդելու հայրը թողնում, հեռանում է։ Ժամանակ անց նա օտարության մեջ հանդիպում է մի շնողեցու և հայտնում վանքի սկալաները քանդելու գաղտնիքը։ Շնողեցին գալիս է Սանահին, վարպետի ասած ձևով քանդում վանքի սկալաները և մեծ փող ստանում դրա համար[8][9][10]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Monuments database — 2017.
  2. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 885 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։
  3. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 886 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։
  4. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 887 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։
  5. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 888 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։
  6. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 889 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։
  7. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 890 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։
  8. Արամ Ղանալանյան (1969)։ Ավանդապատում։ Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ 
  9. Մովսես Խորենացի։ Պատմութիւն Հայոց։ էջեր Գիրք Ա, Գլուխ Ի 
  10. Г. Халатьянц (1896)։ Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского։ Москва 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջալալյանց Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մաս 1, Տփղիս, 1842
  • Հարությունյան Ի., Սանահին, ԱՀ, գիրք 3, 1898
  • Լալայան Ե., Բորչալուի գավառ, ԱՀ, գիրք 7–8, 1901
  • Ղաֆադարյան Կ., Սանահնի վանքը և նրա արձանագրությունները, Երևան, 1957
  • Շախկյան Գ., Լոռի. պատմության քարակերտ էջերը, Երևան, 1986
  • Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, 1992, էջ 246–249, 295–298։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]