Դեբեդի կիրճ
Դեբեդի կիրճ | |
---|---|
Տեղադրություն | Հայաստան Լոռու մարզ |
Խորություն | 250-350 մ |
ԲԾՄ | նվզ․ 375 մ |
Երկարություն | 178 կմ |
Լայնություն | 20-700 մ |
Պատկերներ Վիքիպահեստում |
Դեբեդի կիրճ կամ Լոռու ձոր կամ Դեբեդի ձոր[1], զառիթափ կիրճ Հայաստան Հանրապետության հյուսիսում՝ Լոռու մարզում։ Այն ձևավորել է Դեբեդ գետը, որը հոսում է Հայաստանով և Վրաստանով։ Կիրճը ձգվում է Լոռու մարզի վարչական կենտրոն Վանաձոր քաղաքից՝ դեպի հյուսիս, մինչև հայ-վրացական սահմանը[2]։ Կողերն ուղիղ են ու աստիճանաձև[1]։ Կիրճի կողերը տեղ-տեղ ծածկված են անտառներով, տեղ-տեղ թփուտներով, իսկ տեղ-տեղ էլ խոտածածկ են[1]։ Դեբեդի կիրճը հարուստ է բազմատեսակ հատապտուղներով՝ մոշով, մոռով, հոնով։ Ծառերից տարածված են վայրի տանձենին, խնձորենին։ Հովտում տարածված է դեղձի, սերկևիլի, թզի, խնձորի, ընկույզի մշակությունը[3]։
Դեբեդի կիրճում են գտնվում Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի, Թումանյան[4] քաղաքները, Նեղոց ու Քարկոփ գյուղերը, սարահարթների վրա՝ նույն մարզի Ախթալա[5] քաղաքը, Օձուն, Ակներ, Հաղպատ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան գյուղերը և այլ բնակավայրեր։ Դեբեդի կիրճով՝ Դեբեդ գետի ափով են անցնում Երևան-Թբիլիսի երկաթուղին և ավտոմայրուղին։ Դեբեդի կիրճում են գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի և Սանահինի վանական համալիրները, ինչպես նաև Քոբայրի ու Ախթալայի[6] վանքերը, 13-րդ դարում կառուցված Սանահինի միակամար կամուրջը[7] և այլն։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեբեդի կիրճը Ալավերդի քաղաքից ներքև լայնանում է և արդեն իբրև հարթություն միանում է Մերձկուրյան դաշտին[1]։ Կիրճը նեղ և խորն է՝ մինչև 350 մ (Թումանյան քաղաքի մոտ), իսկ երկարությունը 178 կմ է։ Կիրճի լայնությունը գետի վերին հատվածում չի գերազանցում 600-700 մետրը, իսկ ստորին մասում 20-40 մ է[3]։ Կիրճում է գտնվում Հայաստանի Հանրապետության ամենացածրադիր հատվածը՝ ծովի մակարդակից 375 մ բարձրությամբ[2]։ Կիրճով հոսում է Դեբեդ գետը, որը ձևավորվում է Ձորագետի և Փամբակի միախառնումից և թափվում է Խրամ գետը։ Գետի երկարությունը 178 կմ է՝ սկսած Փամբակի ակունքից, որից 152 կմ-ը Հայաստանի, իսկ մնացածը՝ Վրաստանի տարածքում։ Գետի ավազանը 4080 կմ² է, որից 3790 կմ²-ը՝ Հայաստանում[8]։
Լոռու կիրճը երկհարկանի հովիտ է։ Նրա վերին հարկը հին Դեբեդի հովիտն է, որը տարածվում է Վիրահայոց ու Գուգարքի և Արևմտյան ու Արևելյան Բազումի լեռնաշղթաների միջև։ Կիրճի հատակը երկրաբանական մոտիկ անցյալում լցվել է Խոնավ լեռներից բազմաթիվ փուլերով ժայթքած անդեգիտա-բազալտային և բազալտային լավաներով։ Դեբեդի Ձորագետ, Փամբակ, Ալարեքս, Մարց վտակների ստորին հոսանքներում մերկացող լճա-գետային նստվածքները ցույց են տալիս, որ լավայի հոսքերը այդ տեղերում արգելափակել են գետերն ու առաջացրել լճակներ։ Նստվածքների շերտերի մեծ հաստությունը խոսում է երբեմնի լճակների տևական գոյության մասին[3]։
Ձորի ստորին հարկը՝ Դեբեդի ժամանակակից հովիտը, ձևավորվել է լավաների ժայթքումից հետո և մխրճվել ինչպես լավաների, այնպես էլ նրանց տակ փռված ավելի հին ապարների մեջ։ Զգալի տարածության վրա գետահովիտը աչքի է ընկնում անհամաչափ լայնական կտրվածքով[3]։ Ժամանակի ընթացքում լավայի շերտերը ծածկվել են բերուկային ապարներով ու սևահողով, ինչի շնորհիվ դրանք դարձել են մշակության համար պիտանի տարածքներ[9] և որպես այդպիսին էլ օգտագործվում են ներկայում։
Դեբեդի կիրճում և սարահարթների վրա տեղակայված են մի շարք բնակավայրեր, այս թվում՝ Լոռու մարզի Ալավերդի քաղաքը, Նեղոց, Քարկոփ, Օձուն, Ակներ, Հաղպատ, Մեծ Այրում և այլն։ Դեբեդի կիրճով անցնում են Երևան-Թբիլիսի երկաթուղին և ավտոմայրուղին (կառուցվել է 19-րդ դարի վերջին)[10], ինչպես նաև էներգետիկ կոմունիկացիաներ[9]։
Դեբեդ գետի ջրի աղտոտման մակարդակը 21-րդ դարում բարձր է, քանի որ այնտեղ են թափվում այդ գետի ավազանի բնակավայրերի կենցաղային աղբն ու կոյուղաջրերը, ինչպես նաև հարակից տարածքներում տեղակայված գործարանների ու այլ ընկերությունների արտադրական թափոնները[11][12][13]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեբեդի կիրճը գոյացել է պլիոցենում, որից առաջ նրա տեղում հոսել է Պալեո-Դեբեդը լայն հովտով, որը հետագայում լցվել է վերին պլիոցենի ստորին չորրորդականի բազալտային լավաներով, իսկ այնուհետև կտրվել է ժամանակակից Դեբեդի էրոզիայի շնորհիվ։ Էրոզիան կատարվել է գլխավորապես լավային հոսքի՝ նախկին հովտի լանջի հետ շփման տեղում[10]։ Դեբեդի հին հունը լցրած լավայի հոսքերի վրա ձևավորվել են սարահարթեր։ Միլիոնավոր տարիների ընթացքում գետը կիսել է լավաների հզոր շերտերը, իսկ լավայի դաշտերը ծածկվել են բերուկային ապարներով և սևահողով՝ վերածվելով մշակության համար հարմար դաշտավայրերի[9]։
Դեբեդի կիրճի լանջերի վրա նեղ գոտով տարածվում են Օձունի, Աքորիի, Սանահինի, Հաղպատի, Շնողի հրաբխային սարավանդները, որոնք ունեն վերին պլիոցենյան հասակ[14]։
Կանյոնի լանջերի քարափներում հողմնահարության հետևանքով գոյացել են ընդարձակ խոռոչներ, որոնք պատմական ժամանակներում բնակիչներն օգտագործել են թշնամիներից պաշտպանվելու, ձեռագիր գրքեր և այլ իրեր թաքցնելու համար[10]։
Ալավերդու մետաղաձուլական գործարանների գազային արտանետումների պատճառով ժամանակի ընթացքում ոչնչացել է Դեբեդ գետի ձախ ափին հարող լեռնալանջերի բուսականությունը, և դրանք վերածվել են մերկ տարածքների[9]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեբեդ գետի հովտին բնորոշ է չոր մերձարևադարձային կլիման, որը տիպական է Հայաստանի հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջանների համար՝ մինչև 700-900 մ բարձրություններում[15]։ Տարեկան միջին տեղումները տատանվում են 350 մմ-ի սահմաններում։ Մթնոլորտային ճնշումն առավելագույնը դիտվում է ամռանը, իսկ նվազագույնը՝ ձմռանը՝ պայմանավորված սիբիրյան անտիցիկլոնի ազդեցությամբ։ Մերձարևադարձային գոտու հյուսիսում գտնվելու շնորհիվ Հայկական լեռնաշխարհում, ինչպես և մասնավորապես Դեբեդի կիրճում պարզորոշ արտահայտված են տարվա չորս եղանակները[16], և տարվա ընթացքում դիտվում են Արեգակի ճառագայթների անկման անկյան զգալի տարբերություններ (հունիսին՝ 74°, դեկտեմբերին՝ 27°)՝ պայմանավորելով Արեգակից ստացվող ճառագայթային էներգիայի մեծ տարբերությունները. ամռանը, երբ Արեգակի բարձրությունը հորիզոնից հասնում է առավելագույնին, տարածքն ստանում է շատ ջերմություն, իսկ ձմռանն այն հասնում է նվազագույնի[16]։ Ամենատաք ամիսը հուլիսն է, երբ օդի միջին ջերմաստիճանը 24-26 °C է, իսկ առավելագույնը՝ 41 °C[15]։ Ձմեռը մեղմ է, կարճատև, լինում է անկայուն ձնածածկույթ։ Ամենացուրտ ամիսը հունվարն է, երբ օդի միջին ջերմաստիճանը 1-ից մինչև -1 °C է, իսկ նվազագույնը՝ -25 °C[15]։
Բուսական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեբեդի կիրճում առանձնանում են բնական բուսածածկերի երեք գոտի՝ հացազգի-տարախոտային տափաստանային բուսածածկ, որտեղ երկարատև մշակության հետևանքով կորել է բնական բուսածածկը (Ակների, Հաղպատի, Մեծ և Փոքր Այրումների ու Ճոճկանի սարահարթեր), սաղարթավոր խառը մասնակցությամբ քսերոֆիլ նոսրանտառային բուսածածկ (Հաղպատից հետո), հունամերձ անտառային բուսածածկ (Դեբեդ գետի ափերին)[9]։
Դեբեդի կիրճի աջ կողմում տարածվում է սաղարթավոր նոսրանտառի ենթատիպը, որտեղ հանդիպում են և՛ սաղարթավոր անտառին բնորոշ բուսական համակեցություն, և՛ ՀՀ հյուսիսային կողմի ցածրադիր քսերոֆիլ նոսրանտառներին բնորոշ չորադիմացկուն բուսական համակեցություն։ Սաղարթավոր նոսրանտառում հանդիպում են ցաքի, դժնիկ, ցախակեռասներ, փռշնի, ասպիրակ, հասմիկի (սրնգենի), վրացական թխկի, ինչպես նաև խնկենի (պիստակենի) և դրախտածառ, իսկ դրա առաջին շարահարկը կազմում են ֆրիգանտային խոտաբույսերը՝ փետրախոտը, գազերը, շյուղախոտը, աբեղախոտը, և այլն[9]։
Դեբեդի կիրճի աջ կողմում կան նաև ասեղնատերև նոսրանտառներ կամ գիհուտներ, հանդիպում են փակ անտառներին բնորոշ կաղնի վրացական (Quercus iberica), կաղնի խոշորառէջ (Quercus maeranthera), թխկի վրացական (Acer iberica), բոխի արևելյան կամ ղաժի (Carpinus orientalis): Չորասեր նոսրանտառներում հանդիպում են՝ ցաքի կամ ժանտափուշ (Paliurus spinachristi Mill), ասպիրակ աղեղնաեզր (Spiraca crenata), սզնի հայկական (Crataegus armena), սզնի Մեյերի (Crataegus Meyeri), սզնի արևելյան (Crataegus Orientalis), սզնի Սյուզանկլեյմի (Crataegus Susanykleinae), նշենի Ֆենցլիի (Amygdalus fenzliana), ճապկի հարավային (Swida australus), չմենի անդրկովկասյան (Cotoneaster Transcaucasica), փռշնի կովկասյան (Celtis caucasica), պիստակենի բթատերև (Pistacia mutica), տանձենի ուռատերև (Purus salicifolia), կծոխուր սովորական (Berberis vulgaris), կծոխուր ամբողջաեզր (Berberis integerrima), սրնգենի սովորական (Ligustrum vulgais), բալենի ալեհեր (Cerasus incana), բալենի մանրապտուղ (Cerasus microcarpa), վարդակակաչ Յուլիայի (Tulipa Julia), Էֆեդրիա ժայռային (Ephedra procera), շրջահյուս հունական (Periploca graeca), լոշտակ սպիտակ, ալոխրուզա տարագույն (Allocrusa versicolor), կտավատ կամ վուշ սրոհունդատերև (Linum hipericifolium), կորնգան ճառագայթավոր (Onobrychis radiata), ոզնաթուփ Թախտաջյանի (Acanthalomon Takhtajani), ոզնագլխիկ անդրկովկասյան (Echinops transcacasicus), հազարատերևուկ ասպիրակի (Achiellea filipendulina), փետրաագրոխոտուկ մանրափետրավոր (Stipagrostis Plumosa), կտավատ կամ վուշ ավստրիական (Linum austriacum), փշամանդիկ փշավոր (Atraphaxis spinosa), սոխ կեղծ դեղին (Allium pseudoflavium), սոխ սրտանման առէջավոր (Allium caridiostemon), սոխ մուգ մանուշակագույն (Allum atroviolaceum), եղբայրարյուն Տուրնեֆորի (Phelypaea tournefortic), թանթռնիկ սպիտակ (Sedum Album), թանթռնիկ կովկասյան (Sedum caucasicum), երկնափուփուլ գեղեցկագույն (Atheopappus pulcherimus), մեխակ արևելյան (Dianthus orentalis), անթառամ կարմրավուն (Helichrysum rubicundum), դժնիկ Պալասի (Rhamnus pallassi) և այլն[9]։
Դեբեդի հունամերձ անտառում առավել շատ հանդիպող բույսերն են՝ փշատենի նեղատերև (Elaeagnus angustifolia), մամրիչ արևելյան (Clematis orientalis), կարմրան ճյուղառատ (Tamarix ramosissima), այծուռենի (salix caprea), չիչխան դժնիկանման (Hippophae rhamnodies), շնախոտ սուր (Cunanchum acutum), ուռենի եռառէջ (Salix triandra), ուռենի էլբրուսյան (Salix elbursensis), մորենի քարոտ (Bubus saxtatilis), ապուզան թավոտ (Epilobium hirsutum), կեղծ փիփերթ (Malva sylvestris), դաղձ երկարատերև (Mentha longifolia), կերոն դոմինիկյան (Typha domingensis), տմնտաշ օղակավոր (Lysimachina verticillaris) և այլն[9]։
Դեղաբույսեր և ուտելի բույսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեբեդ գետի ստորին հոսանքի տարածքը հարուստ է այնպիսի բույսերով, որոնք օգտագործվում են որպես որպես դեղաբույսեր, ուտելի են կամ ունեն տեխնիկական նշանակություն։ Այդ տարածքի անտառներում հանդիպում են տարբեր տեսակի վայրի պտղատու ծառեր, այդ թվում՝ հոնի, տանձենի, խնձորենի, ընկուզենի, ինչպես նաև հատապտուղներ՝ մոշ, մորի։ Տվյալ տարածաշրջանին հատկապես բնորոշ են մարդու կյանքում որոշակի կիրառական նշանակություն ունեցող հետևյալ բույսերը՝ հոն սովորական (Cornus mas), նռնենի սովորական (Punica granatum), ընկուզենի հունական (Juglans regia), թխենի սովորական (Padus racemosa), ազնվամորի սովորական (Rubus idaeus), արջընկույզ սովորական (Dauga stramonium), աղտոր դաբաղային (Rhus corieria)[9]: Դեբեդի կիրճում հանդիպում են նաև Հայաստանի ամբողջ տարածքում հանդիպող այլ օգտակար բույսեր, այդ թվում՝ խատուտիկ դեղատու (Taraxacum officinalis), ուրց Կոչիի (Thymus Kotschyanus), բանգի սև (Hyoscyamus niger), ճարճատուկ սովորական (Cichorium intybus), եղինջ երկտուն (Urtica dioica), սրոհունդ խոցված (Hypericum perforatum), դանդուռ բանջարեղենային (Portulaca oleraceae), օշինդր դառը (Artemisia absinthinum), ավելուկ գանգուր (Rumex crispus), մոշենի թխակապույտ (Rubus caesius), փիփերթ արհամարհված (Malva neglecta), սիբեխ սովորական (Falcaria vulgaris)[9]:
Կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեբեդ գետում հանդիպում են հետևյալ ձկնատեսակները՝ հայկական տառեխիկ, Քուռի բեղլու, Քուռի կողակ, կարմրախայտ, մուրծա, սովորական քառթակ[17][18], կովկասյան թեփուղ, Քուռի նեղիրան ենթաբերան[19]։ Ջրային տարածքներում կան նաև լճագորտ, ջրային լորտու։
Զոոբենթոսի ներկայացուցիչներից Դեբեդի կիրճում հանդիպում են ինչպես մեգաբենթոսի, այնպես էլ մակրոբենթոսի ներկայացուցիչներ` սակավախոզան որդեր, տզրուկներ, ճպուռներ, միօրիկներ և այլն։ Գետերի արագահոս լինելու պատճառով ֆիտոպլանկտոնն ու զոոբենթոսի ներկայացուցիչներն այստեղ քիչ են։
Շատ են միջատները (մրջյուններ, մորեխներ, ծղրիդներ, ճանճեր, ճթթաններ և այլն)։
Դեբեդի կիրճի սարահարթային ռելիեֆում դիտարկվել են սովորական և հասարակական դաշտամուկ, մոխրագույն առնետ, սովորական լորտու, իսկ կիրճի քարքարոտ լանջերին՝ ժայռային մողես, աղվես, սկյուռ։ Նկատվել են նաև աքիսի, քարակզաքիսի կենսագործունեության հետքեր։ Հնարավոր է, որ Դեբեդի ստորին հոսանքի տարածքներ մտնեն գայլ և անտառաբնակ այլ կենդանիներ, ինչպես նաև կարող են հանդիպել շնագայլեր։ Նեղոց գյուղի այգիներից վեր դիտարկվել է ոզնի, Ճոճկանի սարահարթում նկատվել են նապաստակների կենսագործունեության հետքեր։
Դեբեդ գետի ափին թռչուններից հանդիպում են տնային ճնճղուկը, մոխրագույն ագռավը, թխակապույտ աղավնին, վայրի բադը, կիրճում՝ գորշ կաքավը, փայտփորիկը, խածկտիկը։ Սարահարթերում կարելի է հանդիպել արտույտ, լոր, երաշտահավեր։ Գիշատիչ թռչուններից Դեբեդի կիրճում հանդիպում են բուն, բվեճը, մորաճուռակը և այլն։
Ունենալով տաք կլիմա՝ Դեբեդի հովիտը վաղ գարնանը կարող է միգրացիոն ուղի և ժամանակավոր ապաստան հանդիսանալ որոշ ջրլող թռչունների համար[19]։
Եվրախորհրդի և Եվրամիության «Էմերալդ ցանց – բնապահպանական տարածքների պատրաստում, փուլ II» համատեղ ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» կողմից 2016 թվականին հրատարակված՝ Հայաստանի «Էմերալդ ցանցը»[20][21] աշխատությունում ներկայացված աղյուսակի համաձայն՝ Դեբեդի կիրճում կարող են հանդիպել նաև կասպիական կրիա և միջերկրածովյան կրիա, թռչուններից՝ եվրոպական ճնճղաճուռակ, սև անգղ, սովորական ալկիոն, դաշտային ձիաթռչնակ, քարարծիվ, բլրային արծիվ, փոքր շահնարծիվ, տափաստանային ճուռակ, սովորական այծկիթ, սև արագիլ, օձակեր արծիվ, ճահճային մկնաճուռակ և այլն, կաթնասուններից՝ գորշ գայլ, ջրասամույր, լուսան, սրականջ գիշերաչղջիկ, եռագույն գիշերաչղջիկ, մեծ պայտաքիթ, փոքր պայտաքիթ, գորշ արջ[22], որոնք բոլորը վտանգված կամ քիչ հանդիպող տեսակներ են։
Պատմական հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեբեդի կիրճում հնագույն ժամանակներից ապրել են մարդիկ, ինչի մասին վկայում են քարափներին եղած բազմաթիվ քարանձավները[1]։ Կիրճն ընդգրկում է պատմական Հայաստանի թագավորության Գուգարք և Ուտիք նահանգների մի մասը։ Լոռու մարզի այս տարածքը կառավարել են թագավորական ազդեցիկ տոհմեր՝ Բագրատունիները, Մամիկոնյանները, Զաքարյանները։ Միջնադարում շրջանը մտել է Հայաստանի Բագրատունյաց թագավորության թագավոր Աշոտ Բ-ի որդի Կյուրիկե Ա-ի հիմնադրած Տաշիր-Ձորագետի թագավորության տարածքների մեջ։ 11-րդ դարում հյուսիսային Հայաստանը միավորվել է Վրաստանի թագավորությանը։ Այդ պատճառով Դեբեդի կիրճի մի շարք եկեղեցիներ ունեն ամուր քաղկեդոնական կամ հունական ուղղափառ ավանդույթներ. Բյուզանդական ազդեցության հատկապես վառ օրինակներ են եկեղեցու ինտերիերը զարդարող որմնանկարներն, օրինակ՝ Քոբայրի[23] և Ախթալայի[24] վանքերում։ Այդ եկեղեցիների պատերը ծածկված են հայերեն և վրացերեն արձանագրություններով[25]։
Դեբեդի կիրճում են գտնվում միջնադարյան հայկական եկեղեցական ճարտարապետության մի շարք նմուշներ[26]՝ ընդարձակ գավիթներով, գմբեթների բարձր թմբուկներով և արտաքին մշակված զարդարանքներով, որոնցից երկուսը՝ Հաղպատի և Սանահինի վանքերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում են[27]։ Իսկ Դսեղ[28], Մարց և Հաղպատ գյուղերում եզակի Ամենափրկիչ խաչքարերն են։ Այս տիպի խաչքարերը շատ քիչ են հայտնի Հայաստանում, և դրանցից երեքը` թվագրված 1273, 1281 և 1285 թվականներին, հայտնաբերվել են Դեբեդի կիրճում[29]։
Արդվիի Սուրբ Հովհաննես վանքը (հայտնի է նաև Սրբանես վանք անունով) գտնվում է Արդվի գյուղի հյուսիսարևմտյան եզրին և կազմված է միմյանց կից երկու թաղածածկ եկեղեցիներից, զանգակատնից, վանական շինություններից։ Հյուսիսային եկեղեցու բեմի առջև գտնվում է Հովհաննես Գ Օձնեցու խոշոր տապանաքարը, իսկ համալիրից արևմուտք տեղակայված է միջնադարյան գերեզմանոց՝ գեղաքանդակ խաչքարերով[30]։
Ախթալայի վանքը (այլ անվանումներ՝ Պղնձահանքի վանք[31][32][33], Պղնձավանք, Ախթալա, Ախտալա, Մարիամ Աննայի վանք, Մեյրամխանա, Աղնձանանք[34]) 10-րդ դարում հիմնադրված պարսպապատ վանական համալիր է[35][36][37] Դեբեդի կիրճում՝ Ախթալա քաղաքում (տեղակայված է ոչ մեծ սարահարթի վրա)։ Ի սկզբանե եղել է Հայ առաքելական եկեղեցու վանք, 13-րդ դարում հանձնվել է հայ քաղկեդոնացիներին՝ երկար ժամանակ մնալով նրանց գլխավոր հոգևոր կենտրոնը[38], և գործել է Վրաց ուղղափառ եկեղեցու իրավասության ներքո[39]։ 18-րդ դարի սկզբին լքվել է, իսկ 1802 թվականին վերականգնվել է ու վերածվել Անդրկովկասում բնակվող հույների կրոնական կենտրոնի[40]։ Ներկայումս պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն[41]։ Սուրբ Աստվածածին գլխավոր եկեղեցին, որը կառուցել է Իվանե Զաքարյանը[24] 13-րդ դարի առաջին քառորդում[42], նկարազարդված են լավ պահպանված որմնանկարներով։
-
Հաղպատի վանք
-
Սանահինի վանք
-
Խաչքարներ Ադրվիի Սուրբ Հովհաննես վանքի բակում
-
Քոբայրի վանք
-
Ախթալայի վանք
Արտացոլումը գրականության մեջ և արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեբեդ գետը «բանաստեղծական շնչավորում» է ստացել Հովհաննես Թումանյանի ստեղծագործության մեջ[43]։ Այն նկարագրված է Հովհաննես Թումանյանի «Անուշ»[44] «Լոռեցի Սաքոն» պոեմներում (վերջինիս գլխավոր հերոսը, գիշերը մենակ մնալով Դեբեդի կիրճում, խելագարվում է)․
Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ։
Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի,
Խելագար թըռչում քարերի գըլխով,
Փըրփուր է թըքում անզուսպ երախով,
Թըքում ու զարկում ժեռուտ ափերին,
Փընտրում է ծաղկած ափերը հին-հին,
Ու գոռում գիժ-գիժ.
― Վա՜շ-վի՜շշ, վա՜շ-վի՜՜շշ․․․[45]
Հրանտ Մաթևոսյանը, որը ծնվել է Ահնիձոր գյուղում և իր ստեղծագործություններում պատկերել է հայրենի եզերքը, դրանցում բազմիցս հիշատակել է նաև Դեբեդի կիրճը․
Իջել էր Դեբեդի ձորը, պտտվել էր, պտտվել է՜ր՝ բարձրացել Սանահինի սարերը. ելել ու իջել, ելել ու իջել, ելել ու ելե՜լ մինչև Դժվար սար ու դրանից էլ դեսը մի գիշեր[46]։ - «Ալխո», Հրանտ Մաթևոսյան
|
Ինչո՞ւ մեր հայ ժողովուրդը, երբ տափաստաններն ազատ էին, չի գնացել, գնացել, գնացե՜լ մինչև մեծ ծովը դեմը կտրի, այլ մնացել է այս ձորի մեջ. որտե՞ղ է վերջանում աշխարհը, ինչո՞ւ է թպրտում, ի՞նչ է ուզում մեր սիրտը։ Հետո այդ բազեին նայում ես մոտիկից՝ և ձեռքերդ քաշվում են թևքերիդ մեջ – կտուցը, մագիլները, աչքերը ճանկռտում են։
Հեռու ծովերի երկնքում ամպերը բացում են իրենց թևերը և ճանապարհ են ընկնում գալու անձրևելու մեր ձորում մեր անտառի վրա։ Անձրևը խաղաղ խշշում է տերևների մեջ։ Եվ ապրում են, այդպիսով, մի հաճարկուտ, մի երկու եղնիկ, մի երկու կաղնի, մի քանի աղբյուր ու մի գետակ[47]: - «Սկիզբը», Հրանտ Մաթևոսյան
|
Դեբեդ գետը պատկերված է Փանոս Թերլեմեզյանի համանուն նկարում[48], իսկ Դեբեդի կիրճը՝ Առաքել Առաքելյանի «Լոռի» (1970) նկարում։
Դեբեդի կիրճում նկարահանվել են տեսարաններ «Գիքորը», «Տերը», «Աշնան արևը» ֆիլմերից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, Դեբեդի ձոր». www.nayiri.com. Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
- ↑ 2,0 2,1 «Visit Debed». 2020 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2022 թ․ մայիսի 20-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Թ․ Հ․ Հակոբյան, Կ․ Օ․ Օհանյան, Գ․ Ե․ Ավագյան, Խ․ Ե․ Նազարյան, Սովետական Հայաստան, Երևանի պետական համալսարան, Միտք հրատարակչություն, Երևան 1967, էջ 188-190
- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 27 դեկտեմբերի 2007 թվականի N 1590-Ն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյանի քաղաքային համայքնի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին
- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 9 օգոստոսի 2007 թվականի N 979-Ն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալայի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին
- ↑ Հայաստան հանրագիտարան, խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2012։
- ↑ Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան, Երևան, 2006, էջ 150։
- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 35 — 150 էջ։
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 «Հայաստանի Հանրապետություն, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր փակ բաժնետիրական ընկերություն», Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագիր, 110կՎ Լալվար և Նոյեմբերյան գծի փոխարինում, Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն, Երևան, 2017։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ 9 օգոստոսի 2007 թվականի N 1032-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Դեբեդ գետի ավազանը մաքրություն է հայցում...
- ↑ «Դեբետ գետի ջրհավաք ավազանի էկոլոգիական վիճակի ազդեցությունը մարդու առողջության վրա» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Շնող համայնքի հողերը ոռոգող երկու գետերն աղտոտված են հանքարդյունաբերական թափոններով
- ↑ Պողոսյան Դ. Ա, Խոյեցյան Ա. Վ., Հայկական լեռնաշխարհի լանդշաֆտները և ֆիզիկաաշխարհագրական շրջանները, Երևան, 2008։
- ↑ 15,0 15,1 15,2 Հայաստան հանրագիտարան, խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2012։
- ↑ 16,0 16,1 Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան, Երևան, Հայկական Հանրագիտարանի հրատարակչություն, 2006, էջ 101։
- ↑ Աղստեւ եւ Դեբեդ գետերում ձկների կենսապայմանները տարեցտարի վատանում են
- ↑ Դեբեդի ձկների քաշը ավելացել է. ինչո՞վ են նրանք սնվում
- ↑ 19,0 19,1 ՀՀ Լոռու մարզի Ղազարասարի տուֆաավազաքարերի հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ
- ↑ Էմերալդ ցանց
- ↑ «Էմերալդ ցանց» Հայաստանում․ Առաջընթաց, մարտահրավերներ և ապագա
- ↑ Հայաստանի Հանրապետության «Էմերալդ ցանցը»
- ↑ ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ ԼՈՌՈՒ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
- ↑ 24,0 24,1 Հայաստան հանրագիտարան, խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2012, էջ 849։
- ↑ Շահնազարյան, Արտաշես (2009). «Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության առաջացումն ու հզորացումը». Պատմա-բանասիրական հանդես =Historical-Philological Journal: 10. ISSN 0135-0536.
- ↑ armeniangeographic (2015 թ․ հունիսի 19). «Դեբեդի Կիրճ - Լոռվա Մարզ - Armenian Geographic». Armenian Geographic - ArmGeo.am. Վերցված է 2022 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Centre, UNESCO World Heritage. «Monasteries of Haghpat and Sanahin». UNESCO World Heritage Centre (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Դսեղի Ամենափրկիչ խաչքար - Visit Debed». 2021 թ․ փետրվարի 15. Վերցված է 2022 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «12-13–րդ դդ․ Խաչքարերի կրոնական և աշխարհիկ թեմաներով պատկերաքանդակները». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, 1 հատոր, Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ, 2002։
- ↑ Հ. Եղիազարյան, Ախթլայի վանքը և նրա հետ կապված Ախթալա ավանի մյուս հուշարձանները
- ↑ Лидов, 2014, էջ 25: «Монастырь Ахтала первоначально назывался Плиндзаханк (в переводе с армянского «медная руда»), так как находился в ближайшем соседстве с известным рудником, где с древнейших времен добывались различные металлы. Под именем Плиндзаханк монастырь несколько раз упоминается у армянских историков XIII в.: Киракоса Гандзакеци, Вардана Великого, Степаноса Орбеляна. Кроме того, название встречается в эпиграфических памятниках и колофонах рукописей.»
- ↑ Монастырь Ахтала // Кавказская старина : журнал / Под редакцией А. Д. Ерицова. — Тифлис: Типография управления наместника кавказского, 1872. — № 1. — С. 22.
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 115 — 992 էջ։
- ↑ Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 28 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։
- ↑ Dr. F. Kanitz Über die kirchlichen Denkmale Armeniens // Mittheilungen der kaiserl. königl. Central-Commission zur Erforschung und Erhaltung der Baudenkmale / Herausgeber: Joseph Alexander Freiherrn von Helfert; Redacteur: Anton Ritter v. Perger. — Wien: Druck der K. K. Hof- und Staats-Druckerei, 1867. — Т. XII. Jahrgang. — С. LXIII.
Пожалуй, у половины старых армянских церквей отсутствует один из важнейших элементов византийского церковного строительства — притвор. Таковыми являются церкви Самтавис (см. план), Кабен, Ахтала, Сафара, Узунлар, Ани; Вагаршабад - Эчмиадзин и др.
Բնօրինակ տեքստ (գերմ.)Wohl der Hälfte der altarmenischen Kirchen fehlt eines der wesentlichsten Moments des byzantinischen Kirchenbaues, der Narthex. So den Kirchen von Samthawis (s. den Grundriss), Caben, Akhtala, Saphara, Usunlar, Ani; Vagarschabad - Edschmiadzim u. A.
- ↑ Лидов, 2014, էջ 23: «Сейчас монастырь Ахтала представляет собой полуразрушенный архитектурный комплекс, размещенный на плоской вершине высокого утеса, у основания которого виден заброшенный старинный рудник, в котором некогда добывали медь и другие металлы. Неприступность места подчеркивают мощные крепостные стены и монастырские ворота с башней. Возникновение крепости относят к X в., когда она входила в оборонительную систему царства Кюрикидов, контролируя проходы в ущелье реки. Внутри крепости помимо главного храма находятся небольшая зальная церковь св. Василия и руины двухэтажного жилого корпуса. Вокруг монастыря на разном расстоянии располагаются четыре маленькие церкви-часовни, посвященные Троице, апостолам, свв. Григорию Богослову и Иоанну Златоусту. Своим происхождением они связаны с ахтальской обителью.»
- ↑ Лидов, 2014, էջ 26—27: «Надпись на хачкаре доказывает, что в XII в. Плиндзаханк существовал как армянский монофизитский монастырь <...> Таким образом Плиндзаханк перешел к халкедонитам до смерти Ивана, случившейся в 1227 или 1231 году.»
- ↑ Marina Bulia, Mzia Janjalia Medieval Art and Modern Approaches: a New Look at the Akhtala Paintings // The medieval South Caucasus : artistic cultures of Albania, Armenia and Georgia / I. Foletti, E. Thuno. — Turnhout, 2016. — 115-116 с. — ISBN 978-80-210-8322-6
- ↑ Лидов, 2014, էջ 33: «С XIV в. название «Плиндзаханк» исчезает из исторических источников. В 1438 г. впервые упоминается деревня Ахтала, ставшая собственностью грузинского католикосата в Мцхета. В начале XVIII в., по свидетельству Вахушти Багратиони, монастырь был оставлен, а при Атенском Сионе существовало подворье епископа Ахтальского. В 1802 г. повелением Александра I церковь восстанавливается и превращается в главный религиозный центр проживающих в Закавказье греков, которые до сих пор каждый год 21 сентября съезжаются со всех концов страны на церковный праздник «Рождества Богоматери».»
- ↑ Marina Bulia, Mzia Janjalia Medieval Art and Modern Approaches: a New Look at the Akhtala Paintings // The medieval South Caucasus : artistic cultures of Albania, Armenia and Georgia / I. Foletti, E. Thuno. — Turnhout, 2016. — С. 3. — 115-116 с. — ISBN 978-80-210-8322-6
- ↑ Պատմական ակնարկ Լոռու մարզի հուշարձանների մասին Լոռու մարզպետարանի կայքում
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 3, խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, Երևան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, 1977, էջ 322։
- ↑ «Անուշ», Հովհաննես Թումանյան
- ↑ «Լոռեցի Սաքոն», Հովհաննես Թումանյան
- ↑ Հրանտ Մաթևոսյան, «Ալխո»
- ↑ Հրանտ Մաթևոսյան, «Սկիզբը»
- ↑ Արձակուրդները Հայաստանում․ կիրճեր ու գետեր
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեբեդի կիրճ» հոդվածին։ |