Աղտոր դաբաղային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աղտոր սովորական
Աղտոր սովորական
Աղտոր սովորական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Օճառածաղկավորներ (Sapindales)
Ընտանիք Աղտորազգիներ (Anacardiaceae)
Ցեղ Աղտոր (Rhus)
Տեսակ Աղտոր սովորական (R. coriaria)
Միջազգային անվանում
Rhus coriaria
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 VU hy.svg
Խոցելի տեսակ

Աղտոր դաբաղային (լատիներեն՝ Rhus coriaria), աղտորազգիներին պատկանող 3-6 մետր բարձրությամբ թուփ է։ Երբեմն ծառանման տեսք է ունենում։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առատ արմատային մացառներ է տալիս։ Այս հատկության շնորհիվ լայնորեն օգտագործվում է հակաէրոզիոն հողապաշտպան տնկարկներ ստեղծելուն։ Հին ճյուղերի և առանցքների կեղևը դարչնագույն է, ընձյուղները մոխրավուն կամ դեղնադարչնագույն են, ծածկված խիտ մազմզուկներով։ Տերևները բարդ են, 15-20 սանտիմետր երկարությամբ, կազմված 9-17 տերևիկներից։ Կոթունը ծածկված է թավշանման աղվամազով։ Ծաղիկները մանր են, կանաչասպիտակավուն, հավաքված խոշոր հուրաններում։ Կորիզապտուղները մանր են, գնդաձև կամ երիկամաձև, գորշակարմրավուն, ծածկված խիտ աղվամազով։ Ծաղկում է հունիս - հուլիսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր - հոկտեմբերին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Ղրիմում, Միջին Ասիայում, Իրանում, Միջերկրական ծովի ափերին, Փոքր Ասիայում։ Մեր հանրապետության տարածքում հանդիպում է հյուսիսային շրջաններում, Զանգեզուրում, Մեղրիում, Վայքում, չոր լանջերում, ավազոտ վայրերում, ծովի մակերևույթից մինչև 1200 մետր բարձրության վրա։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժեքավոր տեխնիկական կուլտուրա է. տերևները և մատղաշ ընձյուղները պարունակում են մինչև 11,5-33% տաննիդներ, որը լայնորեն օգտագործվում է կաշվի արտադրության մեջ որպես դաբաղանյութ։ Տերևները պարունակում են նաև 112 մգ/% C վիտամին։ Պտուղները օգտագործվում են որպես կծու համեմունք։ Լայնորեն օգտագործվում է նաև կանաչապատման և անտառապատման բնագավառում[1]։

Բժշկության մեջ օգտագործել են աղտորի տերևները և պտուղը։

Ռուսական բժշկության մեջ օգտագործել են լուծի, միզապարկի բորբոքումների, խոցերի, լնդախտի բուժման համար։

Հայկական բժշկության մեջ աղտորն օգտագործել են թքագեղձերի կենսագործունեության խանգարման, սրտխառնոցի, բերանի խոռոչում խոցերի, տեսողության վատացման, բշտիկային ցաների, սննդախանգար (տրոֆիկ) խոցերի, բորոտության, քոսի, չարորակ ուռուցքների, աղեստամոքսային խոցերի, միզասեռական օրգանների բորբոքային հիվանդությունների բուժման նպատակով[2]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ. Վ. Հարությունյան (1984)։ Քո շրջապատի թփերը։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 22 
  2. Հ. Ս. Հարությունյան (1990)։ Միջնադարյան հայկական բժշկարանների դեղաբույսեր։ Երևան: «Լույս»։ էջ էջ 17