Դեղձենի (լատին․՝ Persica), Վարդազգիների ընտանիքի Սալորենի ցեղի բույսերի տեսակ։ Հայտնի է 5 ենթատեսակ։ Դեղձենին վայրի բնության մեջ չի հանդիպում. առաջացել է բազմաթիվ միջտեսակային խաչասերումների, հիբրիդացիայի արդյունքում։
Դեղձենին ծառ է՝ ոչ մեծ, բաժակաձև, կլորավուն պսակով, բարձրությունը՝ 3-8 մ։ Տերևները երկարավուն են, նշտարաձև, ատամնավոր եզրերով։ Ծաղիկները երկսեռ են, վարդագույն։ Ծաղկում է տերևակալումից առաջ, վարդագույն կամ կարմիր զանգականման ծաղիկներով։ Պտուղը խոշոր է, տարբեր չափի և ձևի՝ տափակավուն, ձվաձև, կլորավուն, կանաչասպիտակից մինչև ոսկենարնջագույն։ Հայտնի են բազմաթիվ սորտեր, որոնք աչքի են ընկնում հասունացման տարբեր ժամկետներով (վաղահաս, միջահաս և ուշահաս)։ Պտուղները բարձրորակ են, օգտագործվում են թարմ և վերամշակված վիճակում։ Ջերմասեր է, խիստ զգայուն ուշ գարնանային ցրտահարությունների նկատմամբ։ Գերադասում է սննդանյութերով հարուստ, հզոր հողեր՝ առատ ոռոգմամբ։ Բարձրակարգ գեղազարդիչ է և մեղրատու։
Պտուղը հյութալի կորիզապտուղ է, 60-200 գ և ավելի կշռով, գնդաձև, կլոր, երբեն ձվաձև, դեղնավարդագույն, դեղնակարմրավուն։ Կորիզը խոշոր է (պտղի կշռի 6-8%-ը)։ Սերմը հիմնականում դառն է։ Պտղամաշկը մեծ մասամբ թավոտ է, հազվադեպ անթավ (կոչվում է նեկտարին)։ Պտղամիսը սպիտակ է կամ դեղին։ Կան պճղովիներ, որոնց կորիզը հեշտությամբ անջատվում է պտղամսից, և հյուլիներ, որոնց կորիզը պտղամսից չի անջատվում։ Պտղամիսը համեղ է, հյութալի, քաղցր։ Օգտագործվում է թարմ և վերամշակված՝ չիր, կոմպոտ, ջեմ, ալանի, մուրաբա, պովիդլո, դոնդողակ (ժելե)։ Բազմացումը՝ աչքապատվաստով և սերմերով։ Բերքատվությունը՝ 200-400 ց/հա։
Հայաստանում մշակվող բոլոր սորտերը (Զաֆրանի, Լիմոնի, Նարնջի, Ճուղուրի, Ուսպեխ և այլն) հիմնականում թավոտ են։ Դեղձենու սերմերի յուղն օգտագործվում է դեղագործության մեջ, իսկ քուսպից ստացվող դառը ջուրը պարունակում է ցիանաջրածին (0,1%)։
Հայաստանում մշակվող բոլոր սորտերը (զաֆրանի, լիմոնի, նարնջի, ճուղուրի) թավոտ են, կան նաև մի քանի ցածրորակ, անթավ (մերկ) սորտեր։ Լինում են վաղահաս (հասունանում են հուլիսի կեսերից մինչև օգոստոս), միջահաս (հասունանում է օգոստոսի կեսերից մինչև սեպտեմբերի 2-րդ կեսը) և ուշահաս (հասունանում է հոկտեմբերին)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 338)։