Փշատենի նեղատերև
Փշատենի նեղատերև | |
Փշատենի նեղատերև | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Փշատազգիներ (Elaeagnaceae) |
Ցեղ | Փշատենի (Elaeagnus) |
Տեսակ | Փշատենի նեղատերև (E. angustifolia) |
Միջազգային անվանում | |
Elaeagnus angustifolia | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Փշատենի նեղատերև (լատին․՝ Elaeagnus angustifolia), փշատազգիների ընտանիքին պատկանող փշատենի ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևաթափ ծառ է` մինչև 10 մ բարձրությամբ և 20-25 սմ բնի տրամագծով։ Երբեմն թփանման է։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մուգ կարմրագորշագույն է, փայլուն, 0,7-3 սմ երկարությամբ փշերով։ Ընձյուղները արծաթափայլ են` առատ թեփուկանման մազմզուկների առկայության շնորհիվ։ Բողբոջները մանր են, ձվաձև, նույնպես ծածկված արծաթափայլ թեփուկներով։ Տերևները գծանման են, նշտարաձև, երբեմն` նեղ էլիպսաձև կամ նեղ ձվաձև, 2,5-8 սմ երկարությամբ 0,4-1,8 սմ լայնությամբ, սեղմված հիմքով, կարճ կոթունավոր, վերևի կողմից մոխրականաչավուն, ներքևից` արծաթագույն։ Ծաղիկները բուրումնավետ են, 1-3-ական նստած տերևածոցերում, զանգականման, արտաքինից արծաթավուն, ներսի կողմից` նարնջագույն, առէջները չորսն են, սռնակը երկարավուն է, վերևի մասում կորացած, սերմնարանը 1 բնանի է։ Կորիզապտուղները կլորաէլիպսաձև են, դարչնադեղնավուն, համեղ պտղամսով, սկզբում արծաթավուն, հասունանալիս` դեղնագորշավուն, նոսր, գորշ թեփուկներով, վերևի մասում սռնակի մնացորդներով։ Կորիզը նեղ էլիպսոիդանման է, 8 երկայնական ակոսիկներով։ Ծաղկում է հունիսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Չինաստանում, Իրանում, Մոնղոլիայում, Հիմալայներում, Փոքր Ասիայում, Հնդկաստանում, Ճապոնիայում, Միջերկրական ծովի շրջակայքում։
Հայաստանի տարածքում հանդիպում է հյուսիսարևելյան շրջաններում, հատկապես Դեբեդ գետի հովտում, ինչպես նաև ստորին լեռնային գոտում։ Մշակվում է գրեթե ամենուրեք, բացառությամբ բարձր լեռնային շրջանների (ծովի մակերևույթից մինչև 1950 մ բարձրության վրա)։ Արագ է աճում։ Ապրում է 65-85 (հազվադեպ` 100) տարի։ Առատ պտղաբերում է մինչև խոր ծերություն։ Չափազանց լուսասեր է, չորադիմացկուն, աղադիմացկուն և գազադիմացկուն։ Չոր վայրերում դանդաղ է աճում և շատ փշեր է առաջացնում։ Լավ է աճում ջրաթափանց, օդաթափանց, սննդանյութերով հարուստ ավազակավային հողերում։ Դիմանում է մինչև - 30 °C-ի սառնամանիքներին, նույնիսկ այն վայրերում, որտեղ մնացած բոլոր ծառերը ոչնչանում են ծխից ու վնասակար գազերից[1]։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգտակար ծառատեսակ է։ Բնից և բազմամյա ճյուղերից ստացված խեժը օգտագործում են տպագրական ներկ ստանալու համար և տեքստիլ արդյունաբերության մեջ։ Կեղևը և տերևները օգտագործվում են կաշվի դաբաղման համար։ Տերևները պարունակում են 150-328 մգ/% C վիտամին։ Ծաղիկներից պարֆյումերային յուղ են ստանում։ Պտուղներից պատրաստված խաշիլանման զանգվածը պարունակում է 44 % շաքար, 11 % սպիտակուցներ, կալիումական և ֆոսֆորական աղեր և չափազանց սննդարար մթերք է համարվում։ Օգտագործվում է թարմ վիճակում և պահածոների ու հրուշակեղենի արտադրություններում։ Հրաշալի դեկորատիվ կուլտուրա է, քանի որ աչքի է ընկնում արծաթավուն սաղարթով, դեղնանարնջագույն, բուրումնավետ ծաղիկներով ու գեղեցիկ պտուղներով։ Օգտագործվում է նաև անտառամելիորատիվ նպատակներով` շարժվող ավազները, գետերի ափերն ամրացնելու համար[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 81։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փշատենի նեղատերև» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փշատենի նեղատերև» հոդվածին։ |
|
|