Jump to content

Եվրոպական ճնճղաճուռակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրոպական ճնճղաճուռակ
Եվրոպական ճնճղաճուռակ
Եվրոպական ճնճղաճուռակ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Ճուռականմաններ (Accipitriformes)
Ընտանիք Ճուռակներ (Accipitridae)
Ցեղ Իսկական սակռներ (Accipiter)
Տեսակ Եվրոպական ճնճղաճուռակ (A. brevipes)
Միջազգային անվանում
Accipiter brevipes
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Եվրոպական ճնճղաճուռակ (լատին․՝ Accipiter brevipes), ճուռակների ընտանիքին պատկանող բնադրող-չվող և քիչ տարածված թռչուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Accipiter brevipes

Արտաքին կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 32-38 սմ է, թևերի բացվածքը՝ 65-75 սմ, կենդանի զանգվածը՝ 100-200 գ։ Արուները վերևից բաց կապտավուն-մոխրագույն են, առաջնային փետուրները՝ մուգ, մարմինը՝ ներքևից սպիտակ, փորը և կուրծքը՝ նարնջագույն զոլերով։ Պոչի կենտրոնական փետուրները վերևից առանց զոլերի են։ Էգի մարմինը վերևից մոխրագույն-դարչնագույն է, ներքևից՝ սպիտակ, մինչև արտաքին թևը խիտ շիկակարմիր-դարչնագույն զոլերով։ Երիտասարդի մարմինը ներքևից սպիտակ է՝ ցայտուն, երկայնակի դարչնագույն պտերով, մոտիկից նկատելի է կզակի մուգ շերտը։ Արուի թևատակը սպիտակավուն է, էգինը՝ շիկակարմիր-դարչնագույն զոլերով։

Բնակվում է անտառներում, պտղատու այգիներում, գետաձորերում, պուրակներում և բաց տարածքներում։ Թռչում է ուղիղ գծով՝ թևերի հաճախակի թափահարումներով։ Որսի ընթացքում հաճախ սահասավառնում է, իսկ բաց տարածքներում զոհին բռնում գետնին։ Չվում է երամներով։

Սննդառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է միջատներով, մանր ողնաշարավորներով, մողեսներով, ուղղաթևավորներով և մանր թռչուններով։ Սնունդը հայթայթում է կիսաանապատներում և այգիներում[1]։

Գարնանային ամենավաղ վերադարձը նկատվում է մայիս ամսին։ Բները հայտնվում են ապրիլ-մայիսին։ Բույնը գավաթաձև է (տրամագիծը 50-40 սմ)՝ ճյուղերի կտորտանքների կույտ։ Բնադրում է ծառերին (6-12 մ բարձր), սակայն օրվա մեծ մասն անցկացնում է բաց տարածություններում։

Բազմացում և զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դնում է 40 մմ տրամագծով, բաց կապտականաչ և կանաչավուն պտերով 3-5 ձու։ Թխսակալում է էգը՝ 33-35 օր։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոպուլյացիայի հիմնական մասը տեղադրվում է Հարավարևելյան Եվրոպայում, բնակվում է Կովկասում և Միջին Արևելքում, իսկ Հայաստանում՝ հարավային և հյուսիսարևելյան շրջաններում[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիչ ուսումնասիրված, բնադրող չվող և քիչ տարածված տեսակ է։ Գրանցված էր նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում։ Քիչ մտահոգող կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակի գնահատման համար տվյալները անբավարար են։ Մեղրու շրջանում, համաձայն վերջին տվյալների, հաշվառվում են 20-25 բնադրող զույգ։

Տեսակի վրա բացասականորեն կարող են ազդել գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատները և ապօրինի որսը։

Բնադրում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներում։ Գրանցված է CITES-ի Հավելված 2-ում և Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպական ճնճղաճուռակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպական ճնճղաճուռակ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։