Մուրծա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուրծա

Մուրծի (լատին․՝ Barbus mursa), ծածանաձկների ընտանիքի ձուկ։

Կենսաբանական տարածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի հանրապետությունում հազվադեպ հանդիպում է Արաքս, Ախուրյան, Մեծամոր, Հրազդան, Արփա, Որոտան գետերում։ Հիմնականում բնակվում է արագահոս ու քարքարոտ հատակ ունեցող ջրերում՝ սակավաթիվ առանձնյակներից կազմված վտառներով։ Վարում է մերձհատակային կենսաձև։

Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռահասուն է դառնում 2-4 տարեկանում։ Բազմանում է ապրիլ-հունիսին։ Ձվադրում է բաժիններով, 1 տարվա ընթացքում՝ 2-3 անգամ։ Բեղունությունը կարող է հասնել 30 հզ և ավելի ձկնկիթի, որը նարնջագույն է կամ դեղնավուն, խոշոր, տրամագիծը՝ 1,3 մետր։ Սնվում է միջատներով ու նրանց թրթուրներով, որդերով, խեցգետնակերպներով, փափկամարմիններով, ջրային բույսերով, սերմերով։

Մարմնի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին չափի ձուկ է։ Մարմինը գլանաձև է, երկարությունը՝ 25-30 (երբեմն՝ մինչև 40 և ավելի) սմ, զանգվածը՝ մինչև 1 կգ և ավելի։ Մեջքը (ծոծրակից մինչև մեջքային լողակը) մի փոքր ուռուցիկ է։ Բերանը ստորին է՝ կիսալուսնաձև կտրվածքով։ Շրթունքները լավ են զարգացած, ստորինը եռաբլթակ է, որով տարբերվում է Հայաստանի մյուս բեղլուներից։ Բերանի անկյուններում և վերին շրթունքի վրա կան մեկական զույգ կարճ բեղիկներ։ Թեփուկները մանր են, կողագծում՝ 89-107 հատ։ Պոչային լողակը մկրատաձև է։ Մեջքային լողակում կա 11 ճառագայթ, հետնալողակում՝ 8։ Մեջքային լողակի վերջին չճյուղավորված ճառագայթը հաստացած է և կրում է մանր ատամիկներ։ Ալանային ատամները եռաշարք են։ Մեջքը սև է կամ սևագորշ։ Խոշոր առանձնյակների կողքերը մուգ մոխրագույն են, կանաչամոխրագույն կամ դեղնամոխրագույն՝ ոսկեգույն նրբերանգով։ Երիտասարդ առանձնյակների կողքերին կան համեմատաբար խոշոր և անկանոն տեղաբաշխված մուգ պտեր։ Փորիկը սպիտակ է կամ դեղնավուն, լողակները՝ մոխրագույն։ Աչքի ծիածանաթաղանթը ոսկեգույն է։ Ունի համային բարձր հատկանիշներ և համեմատաբար խոշոր չափեր, սակայն փոքրաքանակության պատճառով արդյունաբերական նշանակություն չունի։ Սիրողական ձկնորսության ցանկալի օբյեկտ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։