Jump to content

Որդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Որդից)

Որդեր ( (լատին․՝ Vérmes, նաև՝ հելմինթներ, ճիճուներ), առաջնաբերանային անողնաշարավոր կենդանիների ընդհանուր անվանումն է։

Հայտնի է որդերի մոտ 40 հզ. տեսակ։ Որդերն ունեն մաշկածածկույթով պատված և հաճախ օղակաձև հատվածների բաժանված երկար մարմին։ Վերջավորություններ չունեն, շարժվում են հիմնականում մարմնի գալարակծկանքների շնորհիվ։ Տարբերում են ստորին որդեր, որոնց մարմնի կառուցվածքը շատ պարզ է, և բարձրակարգ որդեր, որոնք ունեն հատվածավոր մարմին, մարմնի երկրորդային խոռոչ (ցելոմ) և արյունատար համակարգ։ Որդերի որոշ տեսակներ ապրում են հողում։ Նրանք կուլ են տալիս և աղիքներով անցկացնում բնահողը՝ այնտեղից կորզելով օրգանական մնացորդները։ Ստորգետնյա անցուղիներ բացելով՝ որդերը փխրեցնում են հողը և այն հարստացնում թթվածնով, նպաստում բերրիության բարձրացմանը։

Տափակ որդերն ընդգրկում են մակաբույծ որդերի 2 դաս՝ ծծող որդեր (տրեմատոդներ) և երիզորդեր կամ ժապավենաձև որդեր (ցեստոդներ)։ Մարդու մակաբույծ ծծող որդերից հաճախ հանդիպում են օպիսթորխիսները, ֆասցիոլաները և այլն, երիզորդերից՝ եզան, խոզի և թզուկ երիզորդերը, էխինոկոկի ու ալվեոկոկի թրթուրները և այլն։

Որդերի տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տափակ որդերն ապրում են ջրում։ Նրանցից շատերն ունեն ոչ մեծ չափեր և վառ գունավորում։

Ծծող որդերի շատ տեսակներ հայտնի են որպես մարդկանց և կենդանիների տրեմատոդոզների հարուցիչներ. մակաբուծում են մարդու լյարդում, ենթաստամոքսային գեղձում, աղիներում արյան մեջ, առաջացնում են տարբեր խանգարումներ և հիվանդություններ։ Երիզորդերը սեռահասուն փուլում մարդու և կենդանիների աղիների մակաբույծներ են, առաջացնում են տենիոզ, տենիարինխոզ, էխինոկոկոզ և այլ հիվանդություններ։

Կլոր որդերի (նեմատոդներ) շարքին են դասվում ասկարիդները, մազագլուխները, սրատուտները, ֆիլարիաները, տրիխինելները և այլն։ Սրանք մեծ քանակությամբ ապրում են հողում, ծովերում և քաղցրահամ ջրերում։ Շատերը բույսերի, կենդանիների և մարդկանց մակաբույծներ են. առաջացնում են ասկարիդոզ, տրիխինելոզ, ֆիլարիատոզ և այլ հիվանդություններ։

Փշագլուխները (գլանաճիճուներ) ապրում են անողնաշարավոր կենդանիների աղիներում։ Մարմինը երկարավուն է (1–65 սմ), առջևի ծայրին գտնվում է կեռիկներով կնճիթը, որով կպչում է տիրոջ աղիների պատին։ Կենդանիների ականտոցեֆալոզ հիվանդության հարուցիչներ են, երբեմն հիվանդանում են նաև մարդիկ։

Օղակավոր որդերը (անելիդներ) բաժանվում են 4 դասի. բազմախոզանավորներ, որոնք առավելապես ծովային տեսակներ են, սակավախոզանավորներ՝ անձրևորդեր (հիմնականում ապրում են հողում և քաղցրահամ ջրերում), տզրուկներ (ապրում են քաղցրահամ ջրերում և ծովերում), էխիուրիդներ՝ ոչ մեծ քանակով ծովի գրունտում ապրող որդեր, որոնք կորցրել են մարմնի հատվածավորությունը։

Առանձին հետաքրքրություն են ներկայացնում տզրուկները, որոնց մեծամասնությունը սնվում է կենդանիների, երբեմն՝ մարդու արյունով[1]։

Որդերի մի քանի տեսակի նկարներ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Տիգրան Մեծ հրատարակչության» Դպրոցականի Մեծ հանրագիտարան գիրք 1, հատոր 2 2008 թ գլխավոր տնօրեն Վ.Վ.Մարկոսյան, գլխավոր ճարտարապետ Ա.Ս. Գասպարյան, արտադրության պետ Լ.Ս.Ղազանչյան, գունային կարգավորող Ա.Կ. Գրիգորյան, տպագրիցներ Ա.Ա. Խուրշուդյան, Տ.Լ Դավթյան
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Որդեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 644