Հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կառավարման համակարգն իրենից ներկայացնում է տվյալ երկրում իշխանության ձևավորման և ժողովուրդ-իշխանություն փոխհարաբերությունների համակարգ։ Ըստ կառավարման համակարգի պետությունները լինում են՝

  • հանրապետություններ,
  • միապետություններ։

Հանրապետություն[խմբագրել]

Հանրապետական կառավարման համակարգի պարագայում իշխանությունը ձևավորվում է ուղղակի կամ անուղղակի ընտրությունների միջոցով, որի դեպքում ժողովուրդը մասնակցում է իշխանության ձևավորման գործընթացին։ Առանձնացվում են հանրապետական կառավարման համակարգի 3 տեսակներ՝

  • նախագահական,
  • պառլամենտական,
  • խառը կամ կիսանախագահական։

Նախագահական կառավարման համակարգի դեպքում գործում է երկմանդատ կառավարման համակարգը, երբ և նախագահը, և խորհրդարանը ընտրվում են ժողովրդի կողմից։ Այստեղ նախագահը հանդիսանում է պետության գլուխը, ինչպես նաև գործադիր իշխանության ղեկավարը, նրան է վերապահված կառավարության ձևավորման իրավունքը և կառավարությունը իր գործունեության համար ավելի շատ հաշվետու է նախագահի առջև, քան պառլամենտի։ Նախագահական հանրապետություններին բնորոշ է օրենսդիր և գործադիր իշխանությունների անկախ գործակցությունը, ինչ նշանակում է, որ նախագահը իրավունք չունի ցրել պառլամենտը, իսկ պառլամենտը չի կարող անվստահություն հայտնել կառավարությանը, սակայն գոյություն ունեն փոխադարձ վերահսկման և հակակշռման մեխանիզմներ, մասնավորապես, նախագահը կարող է վետո դնել պառլամենտի ընդունած օրենքների վրա, իսկ խորհրդարանը իր հերթին կարող է գործի դնել իմփիչմենթի (aանվստահություն հայտնելու) գործընթացը։ Խորհրդարանական հանրապետություններում կառավարության ձևավորման իրավունքը պատկանում է խորհրդարանին։ Խորհրդարանական ընտրություններից հետո մեծամասնություն ստացած քաղաքական ուժը կամ մի քանի քաղաքական կուսակցություններ, կոալիցիոն սկզբունքով, ձևավորում են կառավարություն և կառավարությունը իր գործունեության համար հիմնականում հաշվետու է լինում խորհրդարանի առջև։ Խորհրդարանական հանրապետություններում կարող է գործել նախագահի պաշտոնը, որը ընտրվում է խորհրդարանի կողմից, որոշակի ժամկետով։ Նա հանդիսանում է պետության գլուխը, սակայն նա իրականացնում է զուտ ներկայացուցչական լիազորություններ և օժտված չէ իրական գործադիր լծակներով։ Խորհրդարանական հանրապետություններում, որպես կանոն, կառավարությունները ավելի հաճախ են փոփոխության ենթարկվում և կայուն կառավարման տեսանկյունից ավելի խոցելի են, սակայն ներկայացուցչական դեմոկրատիայի ապահովման տեսանկյունից՝ ավելի ընդունելի։ Կիսանախագահական կառավարման համակարգերը նույնպես շատ տարածված են։ Կիսանախագահական հանրապետությունները բաժանվում են 2 խմբի՝

  • նախագահական-խորհրդարանական,
  • խորհրդարանական-նախագահական։

Առաջինի պարագայում նախագահը ավելի մեծ լիազորություններ ունի կառավարության ձևավորման գործընթացում։ նա կարող է ձևավորել կառավարություն, նշանակել վարչապետին, իսկ խորհրդարանը արդեն երկրորդ փուլում կառավարության հաստատման ժամանակ կարող է անվստահություն հայտնել կառավարությանը։ Այդպիսի կարգ էր գործում ՀՀժում մինչջ սահմանադրական բարեփոխումները՝ 2005թ. նոյեմբերի 27-ին։ Սահմանադրության բարեփոխումներով կառավարության ձևավորման գործընթացում խորհրդարանի դերը ավելի մեծացավ։ Բարեփոխված սահմանադրությամբ նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական խումբ-խմբակցությունների հետ խորհրդակցելուց հետո, պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձի։ Ռուսաստանի Դաշնությունում, որը նույնպես կիսանախագահական հանրապետություն է, վարչապետի թեկնածությունը նախագահը առաջարկում է ՊետԴումային, որն էլ քվեարկում է վարչապետի օգտին։