Թխենի սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թխենի սովորական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Դաս Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Թխենի
Տեսակ Թխենի սովորական
Լատիներեն անվանում
Padus racemosa


Թխենի սովորական (լատին․՝ Padus racemosa), վարդազգիների ընտանիքի, թխենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ ծառ է՝ մինչև 17 մ բարձրությամբ և 30-40 սմ բնի տրամագծով։ Կեղևը գորշասևավուն է, ճաքճքված։ Երիտասարդ ճյուղերի և ընձյուղների կեղևը փայլուն շագանակագույն է։ Տերևներն էլիպսաձև են, 15 սմ երկարությամբ և 7 սմ լայնությամբ, աշնանը ստանում են նարնջակարմրավուն գունավորում։ Սպիտակ, հաճելի բուրմունքով ծաղիկները հավաքված են 8-12 սմ երկարությամբ և 2,5-3,5 սմ լայնությամբ հուրաններում։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Արևմտյան Սիբիրում, Արևմտյան Եվրոպայում, Բալկաններում, Հյուսիսային Անատոլիայում, Աֆղանստանում, Հիմալայներում։ Հանդիպում է Հայաստանի հյուսիսարևելյան անտառային շրջաններում, Ապարանում, Վայքում, Զանգեզուրում, Մեղրիում։ Սովորաբար աճում է վերին լեռնային գոտում՝ անտառների վերին եզրերին, հատկապես հյուսիսային լանջերում, գետափերին։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղրատու բույս է։ Բնափայտը օգտագործվում է ատաղձագործության բնագավառում։ Կեղևից ստանում են կանաչ և գորշավուն ներկեր։ Տերևները պարունակում են 154-280 մգ/տոկոս վիտամին C և պրունոզին կոչվող եթերայուղ։ Պտուղներն օգտագործվում են հրուշակեղենի արտադրության մեջ, հյութեր, խմիչքներ, լիկյորներ, օղի պատրաստելու համար։ Թխենին լայնորեն է օգտագործվում կանաչապատման բնագավառում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (384)։