Բոխի արևելյան
Բոխի արևելյան | |
Բոխի արևելյան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հաճարածաղկավորներ (Fagales) |
Ընտանիք | Կեչազգիներ (Betulaceae) |
Ենթաընտանիք | Coryloideae |
Ցեղ | Բոխի (Carpinus) |
Տեսակ | Բոխի արևելյան (C. orientalis) |
Միջազգային անվանում | |
Carpinus orientalis | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ ![]() Տաքսոնի տարածվածությունը |
Բոզի արևելյան (լատ.՝ Carpinus orientalis Mill), կեչազգիներ ընտանիքի, բոզի ցեղի բույս
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տերևաթափ, փոքր ծառ է՝ 5—18 մ բարձրությամբ, սակայն մեծ մասամբ թփանման տեսք ունի։ Սաղարթը ձվաձև է կամ կլորավուն։ Բունը ծուռումուռ է, անկյունավոր, ծածկված սևամոխրավուն կեղևով, 20—40 սմ տրամագծով։ Երիտասարդ ընձյուղները և տերևակոթունները ծածկված են թաղիքանման մազմզուկներով։ Բողբոջները մանր են, 3—4 մմ երկարությամբ, ձվաձև, կարմրադարչնագույն, թարթիչաեզր թեփուկներով ծածկված։ Տերևները մուգ կանաչ են, մերկ, աշնանը ստանում են կիտրոնադեղին գունավորում։ Օվալաձև են կամ օվալա-ձվաձև, 2—5 սմ երկարությամբ և 1,5—3 սմ լայնությամբ, սրածայր, սղոցաատամնաեզր։ Հիմքում կլորավուն են կամ թեթևակի թեք սրտաձև, կրկնակի-սուր սղոցաեզր։ Տերևակոթունների երկարությունը հասնում է 3—10 մմ-ի։ Պտղաբերող կատվիկները բաց կանաչավուն են, 3 —8 սմ երկարությամբ, նստած 1,2—2 սմ երկարությամբ պտղակոթունների վրա։ Տերևափաթթոցները օվալաձև են, առանց բլթակների, անհավասար-ատամնաեզր։ Ընկուզիկը վերևի կողմից մազմզուկապատ է, գորշգույնի։ Հանդիպում են խոշորատերև ձևեր, որոնց տերևների երկարությունը կազմում է 3—9 սմ, 1—2,5 սմ լայնությամբ։ Ծաղկում է ապրիլին, պտուղները հասունանում են հոկտեմբերին։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնական պայմաններում տարածված է Կովկասում Ղրիմում Միջերկրական ծովի ափերին Փոքր Ասիայում, Հարավային Եվրոպայում, Բալկաններում, Իրանում։ Հայաստանի սահմաններում հանդիպում է Իջևանի, Շամշադինի Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Գուգարքի շրջաններում՝ ծովի մակերևույթից մինչև 1200 մ, և Զանգեզուրում՝ մինչև 1500 մ բարձրությունների վրա։
Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջերմասեր է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ, չորադիմացկուն է։ Արտակարգ լուսասեր լինելով՝ գերադասում է անտառից դուրս աճել, որտեղ արևի լույսը առատ է։ Ընտանի և վայրի կենդանիները մեծ հաճույքով սնվում են ղաժու տերևներով ու մատղաշ ընձյուղներով, և քանի որ խիստ դանդաղ է աճում, ղաժու բուսուտները խոշտանգված տեսք են ունենում։ Անհրաժեշտ է լայնորեն օգտագործել մեր հանրապետության ցածրադիր շրջանների բնակավայրերի կանաչապատման բնագավառում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 202։
|