Աբեղախոտ (Stachys), եզնախոտ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի և թփիկների ցեղ։ Հայտնի է մոտ 200, Հայաստանում՝ ավելի քան 14 տեսակ։ Առավել տարածված են աբեղախոտ փքված (stachys inflata), աբեղախոտ սևաբաժակ (stachys atherocalyx), աբեղախոտ վրացական (stachys iberica), աբեղախոտ թավոտ (stachys pubescens), աբեղախոտ ճահճային (stachys palustris) և այլ տեսակներ՝ գրեթե բոլոր մազերում։ Աճում է անապատայինից մինչև ենթալպյան գոտիներում, չոր, խոտածածկ լանջերին, անտառներում, թփուտներում, խոնավ մարգագետիններում, գետերի և ջրամբարների ափերին, քարքարոտ վայրերում։ Որոշ տեսակներ մոլախոտեր են, աղտոտում են արոտավայրերը, հացաբույսերի ցանքսերը, խոտհարքները։
Ցողունը կանգուն է, քառանիստ, ճյուղավորվող, բարձրությունը՝ 10-100 սմ։ Տերևները հակադիր են, նստադիր կամ կոթունավոր, ատամնաեզր։ Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ վարդագույն, ալ կարմիր, սպիտակ կամ դեղին՝ կեղծ տերևանութներում։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը քառընկույզիկ է։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են․ պարունակում են ալկալոիդներ, եթերայուղեր, աղաղանյութեր և այլն։ Պատրաստուկներն օգտագործվում են որպես արյան ճնշումն իջեցնող, արյունահոսությունը դադարացնող միջոց է։ Մեղրատու է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։