Jump to content

Հայաստանի Կարմիր գիրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև անգղ

Հայաստանի կարմիր գիրք, բուսական և կենդանական աշխարհների հազվագյուտ, անհետացած ու անհետացող, կրճատվող, անորոշ տեսակների հաշվառման գիրք, որը փաստացի տվյալներ է պարունակում դրանց կենսաբանության, թվաքանակի, տարածման վայրերի, ձևաբանության վերաբերյալ։ Նշվում են նաև թվաքանակի կտրուկ նվազման հիմնական պատճառները։ Հայտնի են կարմիր գրքի միջազգային և ազգային տարբերակները։ Կարմիր գիրքը կազմվում է կենսաբազմազանության պետական հաշվառման արդյունքների հիման վրա։

Հայաստանի կենդանիների կարմիր գիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանաբանության ինստիտուտը կազմել և 1987 թվականին հրատարակել է Հայաստանի կենդանիների կարմիր գիրքը։ 2010 թվականին հրատարակված Կարմիր գրքում ընդգրկված է 308 տեսակի կենդանի՝ 155 անողնաշարավոր (16 տեսակի փորոտանիներ և 139 միջատներ) և 153 ողնաշարավոր, կաթնասունների՝ 29 (անդրկովկասյան գորշ արջ, կովկասյան ջրասամույր, հովազ, հայկական մուֆլոն և այլն), թռչունների՝ 96 (սովորական ֆլամինգո, մոխրագույն սագ, հայկական որոր, սև անգղ, կովկասյան մայրեհավ և այլն), սողունների՝ 19 (հայկական իժ, կովկասյան կատվաօձ, անդրկովկասյան տակիրային կլորագլուխ, փոքրասիական մողես և այլն), երկկենցաղների՝ 2 (սիրիական սխտորագորտ) և ձկների 2 (Սևանի իշխան, Սևանի բեղլու) տեսակներ[1]։

Հայաստանի բույսերի կարմիր գիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսաբանության ինստիտուտը կազմել և 1989 թվականին հրատարակել է Հայկական ՍՍՀ Կարմիր գիրքը, որտեղ ընդգրկվել են 387 տեսակի անոթավոր բույսեր։ 2007-2009 թվականներին առկա տվյալների և նոր դաշտային ուսումնասիրությունների հիման վրա՝ Հայաստանի ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի մասնագետների կողմից տպագրվել է Հայաստանի բույսերի կարմիր գիրքը։ 2010 թվականին հրատարակված Կարմիր գրքում ընդգրկված է 452 բուսատեսակ և 40 սնկերի նկարագրություններ և 223 առանձին մտահոգիչ կարգավիճակով բուսատեսակներ[1]։ Կարմիր գրքում գրանցված 675 բուսատեսակները ներկայացված են միջազգայնորեն ընդունված 6 կարգավիճակով՝ կրիտիկական վիճակում գտնվող, վտանգված, խոցելի, վտանգման սպառնացող վիճակին մոտ, տվյալների անբավարարությամբ և քիչ մտահոգող տեսակներ[2]։ Կարմիր գրքում մանրամասն տեղեկություններ են տրված արգելոցների, Սևան ազգային պարկի, մշակաբույսերի վայրի ցեղակիցների, բուսական ծածկույթի վերաբերյալ։ Հայաստանի բույսերի Կարմիր գիրքը հաստատվել է Հայաստանի կառավարության 29.01.10 թ. թիվ 72– որոշմամբ[3][4]։

Հայաստանի տարածքի բույսերի ու կենդանիների որոշ տեսակներ (հայկական արոսենի, արարատյան և ուրարտական ցորեններ, Վավիլովի տարեկան, հայկական լեռնատափաստանային իժ, գանգրափետուր հավալուսն, հովազ) գրանցվել են նաև Բնության պահպանության միջազգային Կարմիր գրքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Կարմիր գիրքը հարստացել է նոր կենդանատեսակներով ու բույսերով
  2. «Հայաստանի բույսերի Կարմիր գիրք». www.mnp.am. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  3. «Կարմիր գիրքը հարստացել է նոր կենդանատեսակներով ու բույսերով». armenpress.am. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  4. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». www.arlis.am. 2010 թ․ փետրվարի 5. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։