Գանգրափետուր հավալուսն
Գանգրափետուր հավալուսն | |
Գանգրափետուր հավալուսն | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Հավալուսնանմաններ (Pelecaniformes) |
Ընտանիք | Հավալուսներ (Pelecanidae) |
Ցեղ | Հավալուսն (Pelecanus) |
Տեսակ | Գանգրափետուր հավալուսն (P. crispus) |
Միջազգային անվանում | |
Pelecanus crispus | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Գանգրափետուր հավալուսն (լատին․՝ Pelecanus crispus), հավալուսների ընտանիքին պատկանող, բնադրող-չվող և հազվագյուտ թռչուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը 160-180 սմ է, թևերի բացվածքը՝ 310-345 սմ, կենդանի զանգվածը՝ 13-14 կգ։ Կտուցը շատ մեծ է՝ նարնջագույն կոկորդային պարկով։ Ոտքերը և թևատակը մոխրագույն են, թևատակի կենտրոնում կա բաց գույնի երկայնակի շերտ։ Բնադրման շրջանում փետրածածկը խամրած սպիտակ է, ներքևից՝ մոխրավուն երանգով։ Գագաթի և վզի հետին մասում կան գանգուր փետուրներ։ Աչքերի շրջանի մաշկը բաց վարդագույնից մանուշակագույն է։ Առաջնային փետուրները և նրանց ծածկողները վերևից սև են։ Երիտասարդը վերևից բաց մոխրագույն-դարչնագույն է, ներքևից՝ աղոտ սպիտակ։ Գագաթը տափակ է, գլխի հետին մասում կան կարճ ցցուն փետուրներ։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջում են խմբերով (10-ից ոչ ավելի թռչուններ), առանձին անհատներ հաճախ չվում են վարդագույն հավալուսների երամներում։ Բնակվում է Սևանա և Արփի լճերում, բաց և խորը ջրային տարածքներում (նոսր բուսականությամբ ծանծաղուտներ)։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է ձկներով։
Բնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնադրումը հայտնի է միայն Արփի լճում։ Բնադրազույգերը կայուն են ողջ կյանքի ընթացքում։ Բույնը գաղութային է. ճյուղերի ու խոտաբույսերի փոքր կույտ է (տրամագիծը՝ 56-57 սմ)։ Ձվերը բներում հայտնվում են ապրիլի վերջին։
Բազմացում և զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դնում է 95 մմ տրամագծով, սպիտակ 2-3 ձու։ Ձագերը ձվից դուրս են գալիս մայիս-հունիսին։
Ներկայումս աշխարհում գանգրափետուր հավալուսնի թվաքանակի անկումը շարունակվում է, իսկ որոշ վայրերում անհետացման վտանգն անխուսափելի է, ուստի անհատական պաշտպանության կարիք ունի։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հազվագյուտ տեսակ է։ Գրանցված էր նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։
Սպառնացող վտանգներից է ամռան ամիսներին Արարատյան հարթավայրում ձկնաբուծական տնտեսությունների աշխատակիցների կողմից հետապնդվելը, իսկ ձմռանը` որսագողությունը։ Լճի գրեթե ողջ տարածքում ձկնորսությունը լուրջ անհանգստացնող գործոն է։
Գրանցված է CITES-ի Հավելված 1-ում և Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում։ Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գանգրափետուր հավալուսն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գանգրափետուր հավալուսն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |