Մոխրագույն սագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մոխրագույն սագ
Մոխրագույն սագ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Բադեր
Լատիներեն անվանում
Anser anser
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Մոխրագույն սագ (լատ.՝ Anser anser), բադերի ընտանիքի ջրլող թռչուն։ Նստակյաց է, տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը՝ 75-90 սմ է, թևերի բացվածքը՝ 147-180 սմ, կենդանի զանգվածը՝ 2,5-4,4 (հազվադեպ՝ 6) կգ։ Փետրածածկը դարչնագույն-մոխրագույն է, ոտքերը՝ վարդագույն, գլուխը և կտուցը՝ մեծ։ Թռչելիս վերևից ակնառու են բաց մոխրագույն դաստակաթևը և գոտկատեղը։ Կտուցը նարնջագույն է։ Երիտասարդը թվացյալ խայտավոր է, մեջքին և կողքերին ցայտուն բաց գույնի գծերը բացակայում են։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիստ հնչեղ ձայնով թռչուն է, թռիչքի ընթացքում լսելի են եռահնչյուն ճիչեր։ Մոխրագույն սագերը թռչում են՝ սեպաձև երամ կազմած (30-100 թռչուն)՝ սագերին բնորոշ կռնչոցով։ Բնակվում է եղեգի ու ջրեղեգի առկայությամբ ջրային տարածքներում, կեր է փնտրում դաշտերում։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է ջրային և դաշտային խոտաբույսերով, անողնաշարավորներով, սերմնահատիկներով։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույնը բավական ծավալուն է (տրամագիծը՝ 110-180 սմ)՝ եղեգի ցողունների և այլ ջրային բույսերի կույտ՝ լճակների ափեզրի խիտ եղեգնուտում։ Ձվերը բներում հայտնվում են մարտի վերջից մայիսի 1-ին կեսին։ Դնում է 86 մմ տրամագծով, սպիտակ 4-6 ձու (1 ձվի զանգվածը՝ 167,8-185 գ է՝ մայր թռչունի միջին կենդանի զանգվածի 5,3%-ը)։ Թխսակալում է էգը՝ 27-28 օր. բնից հեռանալիս ձվերը քողարկում է սեփական աղվափետուրներով ու եղեգի տերևներով։ Ձագերը բներում հայտնվում են մայիսի վերջ հունիսին։

Ներկայումս ՀՀ տարածքում մոխրագույն սագերի թվաքանակը և բնադրման համակեցությունները խիստ կրճատվել են։ 1998-2005-ին կենսապայմանների և պահպանության միջոցների բացակայության, որսագողության ու տնային պայմաններում բազմացնելու նպատակով ձվերը հավաքելու հետևանքով Արարատյան դաշտում բնադրումը խիստ կասկածելի է։ Կարիք ունի անհատական պաշտպանության։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Չուի ժամանակ հանդիպում է Ախուրյանի ջրամբարում հատկապես գարնանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png