Հայաստանի Կարմիր գիրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ՀՀ Կարմիր գիրքից)

Հայաստանի Կարմիր գիրք, բուսական և կենդանական աշխարհների հազվագյուտ, անհետացած ու անհետացող, կրճատվող, անորոշ տեսակների հաշվառման գիրք, որը փաստացի տվյալներ է պարունակում դրանց կենսաբանության, թվաքանակի, տարածման վայրերի, ձևաբանության վերաբերյալ։ Նշվում են նաև թվաքանակի կտրուկ նվազման հիմնական պատճառները։ Հայտնի են կարմիր գրքի միջազգային և ազգային տարբերակները։ Կարմիր գիրքը կազմվում է կենսաբազմազանության պետական հաշվառման արդյունքների հիման վրա։

Հայաստանի կենդանիների կարմիր գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանաբանության ինստիտուտը կազմել և 1987 թվականին հրատարակել է Հայաստանի կենդանիների կարմիր գիրքը։ 2010 թվականին հրատարակված Կարմիր գրքում ընդգրկված է 308 տեսակի կենդանի՝ 155 անողնաշարավոր (16 տեսակի փորոտանիներ և 139 միջատներ) և 153 ողնաշարավոր, կաթնասունների՝ 29 (անդրկովկասյան գորշ արջ, կովկասյան ջրասամույր, հովազ, հայկական մուֆլոն և այլն), թռչունների՝ 96 (սովորական ֆլամինգո, մոխրագույն սագ, հայկական որոր, սև անգղ, կովկասյան մայրեհավ և այլն), սողունների՝ 19 (հայկական իժ, կովկասյան կատվաօձ, պարսկական կլորագլուխ մողես, փոքրասիական մողես և այլն), երկկենցաղների՝ 2 (սիրիական սխտորագորտ) և ձկների 2 (իշխան, Սևանի բեղլու) տեսակներ։[1]

Հայաստանի բույսերի կարմիր գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայաստանի բույսերի Կարմիր գիրք

Բուսաբանության ինստիտուտը կազմել և 1989 թվականին հրատարակել է Հայկական ՍՍՀ Կարմիր գիրքը, որտեղ ընգրկվել են 387 տեսակի անոթավոր բույսեր։ 2007–2009 թթ. ժամանակահատվածում առկա տվյալների և նոր դաշտային ուսումնասիրությունների հիման վրա՝ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի մասնագետների կողմից տպագրվել է Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքը։ 2010 թվականին հրատարակված Կարմիր գրքում ընդգրկված է 452 բուսատեսակ և 40 սնկերի նկարագրություններ և 223 առանձին մտահոգիչ կարգավիճակով բուսատեսակներ[1]։ Կարմիր գրքում գրանցված 675 բուսատեսակները ներկայացված են միջազգայնորեն ընդունված 6 կարգավիճակով՝ կրիտիկական վիճակում գտնվող, վտանգված, խոցելի, վտանգման սպառնացող վիճակին մոտ, տվյալների անբավարարությամբ և քիչ մտահոգող տեսակներ[2]։ Կարմիր գրքում մանրամասն տեղեկություններ են տրված արգելոցների, Սևան ազգային պարկի, մշակաբույսերի վայրի ցեղակիցների, բուսական ծածկույթի վերաբերյալ։ ՀՀ բույսերի Կարմիր գիրքը հաստատվել է ՀՀ կառավարության 29.01.10 թ. թիվ 72– որոշմամբ[3][4]:

Հայաստանի տարածքի բույսերի ու կենդանիների որոշ տեսակներ (հայկական արոսենի, արարատյան և ուրարտական ցորեններ, Վավիլովի տարեկան, հայկական լեռնատափաստանային իժ, գանգրափետուր հավալուսն, հովազ) գրանցվել են նաև Բնության պահպանության միջազգային Կարմիր գրքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png