Սիրիական սխտորագորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիրիական սխտորագորտ
Սիրիական սխտորագորտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Երկկենցաղներ
Կարգ Անպոչ երկկենցաղներ
Ընտանիք Սխտորագորտեր
Ցեղ Սխտորագորտեր
Տեսակ Սիրիական սխտորագորտ
Լատիներեն անվանում
Pelobates syriacus
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Սիրիական սխտորագորտ (Pelobates syriacus), սխտորագորտերի ընտանիքի սխտորագորտերի ցեղի անպոչ երկկենցաղ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Սիրիայում, Փոքր Ասիայում, Հարավային Կովկասում։ Հայաստանում հանդիպում է Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում։ Տարածված է Հայաստանի հարավարևելյան շրջաններում։ Շատ հազվադեպ հանդիպում է հանրապետության կենտրոնական և հարավային շրջաններում՝ Ջրվեժ, Առինջ, Ողջաբերդ, Ռինդ գյուղերի շրջակայքում, Սիսիանի տարածաշրջանում[1]: Արցախում տարածված է անտառային, տափաստանային շրջաններում և լեռնային հարթավայրերում[2], քչաքանակ է։

Բնակության պայմաններ և կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում է կանգուն, հոսող, համեմատաբար խորը ջրավազաններում, նաև ափամերձ վայրերում։ Սեփական բուն չի ունենում և վարում է մթնշաղագիշերային և գիշերային կյանք[2]: Սնվում է մանր անողնաշարավորներով։ Ձմեռում է հոկտեմբերի վերջից մարտի կեսերը՝ թաղվելով փխրուն հողի մեջ կամ թաքնվելով քարակույտերում և այլ թաքստոցներում։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինը լայն է, կլորավուն, երկարությունը՝ 2-7,9 սմ։ Մաշկը հարթ է կամ թեթևակի բշտավոր։ Գլուխը խոշոր է, ճակատային մասը՝ առանց արտափքվածության, որով էլ տարբերվում է սովորական սխտորագորտից[3]։ Աչքերը խոշոր են, բիբը՝ ուղղահայաց։ Ականջի թմբկաթաղանթը բացակայում է։ Հետևի վերջավորությունները համեմատաբար կարճ են, միջմատային լողաթաղանթները՝ խորը կտրված։ Աչքի է ընկնում փորելուն հարմարված խոշոր կրնկային թմբիկը։ Մեջքային մակերեսի ընդհանուր գունավորումը գորշ կամ դեղնավուն է, առկա է բազմաթիվ մուգ կանաչավուն, տձև սալերից բաղկացած նախշ։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուգավորումը և ձվադրումը տեղի են ունենում մարտի վերջից մայիսի կեսերը՝ կախված միջավայրի ջերմաստիճանից, ակտիվանում են +13-+14 °C պայմաններում։ Գորտնկիթներն անկանոն դասավորված են մինչև 1 մ երկարությամբ երշիկանման երիզներում, որոնք փաթաթվում են ջրային բույսերին։ Շերեփուկները շատ արագ են աճում և կերպարանափոխությունից առաջ դառնում են մոտ 14,3 սմ, այսինքն՝ մոտ 3 անգամ խոշոր են, քան սեռահասուն գորտերը։ Կերպարանափոխությունը տեղի է ունենում հունիսից սեպտեմբեր, սակայն շերեփուկները կարող են նաև ձմեռել։ Սաղմնային զարգացումը տևում է 5-7 օր՝ +22-+22 °C ջերմաստիճանում, թրթուրների զարգացումը տևում է 65-85 օր։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտակար է, ոչնչացնում է վնասատու միջատներին, մեծ օգուտ է տալիս այգիներին ու բանջարանոցներին։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում[2], Ղարաբաղի կենդանիների կարմիր գրքում[1]։ Քանակապես կրճատվող տեսակ է։ Գրանցված է նախկին ԽՍՀՄ –ի և Ադրբեջանի Կարմիր գրքերում։ Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցանկում (3.1) «Least Concern» կարգավիճակով։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով է խոցելի տեսակ է՝ VU B2ab (ii, iii)։ Գրանցված է Բեռնի կոնվենցիայի II հավելվածում։ Տեսակի տարածման վայրերը չեն պահպանվում։ 1985–1986 թթ –ին Ազատի ջրամբարում (Արարատի մարզ) բաց է թողնվել լաբորատոր պայմաններում աճեցված շուրջ 1500 առանձնյակ, որտեղ պոպուլյացիան գտնվում է բարվոք վիճակում[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Սիրիական սխտորագորտ»։ www.mnp.am։ Վերցված է 2016-05-16 
  2. 2,0 2,1 2,2 2,3 Յավուրյան, Է.Գ. (հեղ., խմբ.), Հայրապետյան, Վ.Տ., Յավուրյան, Դ.Է, Հարությունյան, Մ.Կ. (2012)։ Ղարաբաղի կենդանիների Կարմիր գիրք: Ողնաշարավորներ (հայերեն)։ Երևան: Էդիթ Պրինտ։ էջ 14։ ISBN 978-9939-52-603-4 
  3. Arnold Nicholas; Denys Ovenden (2002)։ Reptiles and Amphibians of Britain and Europe։ London: Harper Collins Publishers Ltd։ էջ 70 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png