Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Մողեսներ
Ընտանիք Ագամաներ
Ցեղ Կլորագլուխներ
Տեսակ Անդրկովկասյան
տակիրային կլորագլուխ
Լատիներեն անվանում
Phrynocephalus horvathi
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում


NCBI 1104165
EOL 1275618

Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ կամ Հորվաթի տակիրային կլորագլուխ (լատին․՝ Phrynocephalus horvathi), ագամաների ընտանիքի կլորագլուխների ցեղի (Prynocephalus) մողես։ Նախկինում համարվել է տակիրային կլորագլխի (Phrynocephalus helioscopus horvathi) կամ պարսկական կլորագլխի ենթատեսակ (Phrynocephalus persicus horvathi)[1][2][3]: 2008 թվականին ստացել է տեսակի կարգավիճակ[1][4][5]։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում[2][6]։

Նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայն մարմնով փոքր մողես է. երկարությունը տարիքի հետ փոխվում է (2.5-6.5 սմ), պոչը գրեթե նույն երկարության է և չի ինքնահատվում. նրա բազմազան շարժումներով ապահովվում է հաղորդակցումը։ Արտաքին ականջ և թմբկաթաղանթ չունի։ Մեջքային մակերեսին կան բազմաթիվ փշանման թեփուկներ։ Մեջքի գունավորումը բազմազան է, սովորաբար հողագույն է։ Ընդհանուր գորշավուն կամ մոխրագույն գունավորման վրա կա համաչափ մուգ և բաց բծերից կազմված նախշ։ Պարանոցի հատվածում կան կապույտ եզրագծով 2-3 կարմրավուն բծեր։ Պոչն ունի արտահայտված լայնակի զոլավոր նախշ։ Որովայնային մակերեսը սպիտակավուն է, հաճախ՝ խոշոր նարնջագույն բծով[7]։

Ակտիվանում են գալիս մարտի սկզբին և ակտիվ են մինչև նոյեմբեր։ Սնվում են մանր հոդվածոտանիներով (մրջյուններ, մանր բզեզներ, նեպուկներ, ճանճերի թրթուրներ, սարդեր և այլն)։ Տարվա ընթացքում ձվադրում է 2-3 անգամ, ձվակույտում` 2-7 (հիմնականում՝ 3-5) ձու։ Բնության մեջ կյանքի տևողությունը մինչև 3 տարի է։ Բնական թշնամիներից են սովորական մողեսօձն ու արևմտյան վիշապիկը, ինչպես նաև՝ գիշատիչ թռչուններն ու փոքր գազանները[2][8]։

Տարածվածություն և թվաքանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Արաքս գետի հովտում՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի և Արարատի մարզերում, Թուրքիայի հյուսիսարևելյան շրջաններում, Նախիջևանում, ինչպես նաև՝ Իրանի հյուսիսարևմտյան շրջաններում (Ուրմիա լճի ավազան)։ Բնակվում է տակիրային կիսաանապատներում և նոսր քսերոֆիտ բուսածածկով ավազուտների ու աղուտների ռելիկտային կղզյակներում՝ ծովի մակարդակից 800-1050 մ բարձրությունների վրա[1][2][4][5]։

ԲՊՄՄ գնահատմամբ Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ ընդհանուր թվաքանակը չի գերազանցում 1500-2000 առանձնյակը[1]։ Հայաստանում այժմ հայտնի են Արաքս գետի հովտում պահպանված միայն 6 պոպուլյացիաներ, որոնցում թվաքանակը խիստ փոքր է։ «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում խտությունը կազմում է 1-2, Արմավիրի շրջակայքում` 1-2, Բագարանի շրջակայքում` 2-3, Արարատի մարզի ավազուտներում՝ 1.5-2 առանձնյակ 1 հա վրա[2]։

Կարգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1894 թվականին հունգարացի կենդանաբան Լայոշ Մեհեյը Արաքս գետի հովտում արած հետազոտությունների հիման անդրկովկասյան կլորագլուխը նկարագրեց որպես առանձին տեսակ կամ տակիրային կլորագլխի ենթատեսակ՝ Phrynocephalus helioscopus horvathi[4][5][9]: Սակայն 1950-ականներից սկսած բազմաթիվ կենդանաբաններ Անդրկովկասից մինչև Իրանի Կենտրոնական սարահարթ հանդիպող բոլոր կլորագլուխները նկարագրեցին Phrynocephalus persicus ձևով՝ Հորվաթի կլորագլուխը բնորոշելով պարսկական կլորագլխի ենթատեսակ՝ Phrynocephalus persicus horvathi, սակայն այլ գիտնականներ կասկածի տակ էին առնում այդ պոպուլյացիաների ընդհանրությունը[1][4][5][10][11][12]։

2008 թվականին ձևաբանական և մոլեկուլա-գենետիկական անալիզը ամփոփող գրականության տվյալների հիման վրա Ռուսաստանի ԳԱ Կենդանաբանական ինստիտուտի աշխատակիցներ Մելնիկովը և Անանևան, ՀՀ ԳԱԱ աշխատակից Աղասյանը և Շահիդ Բեհեշտիի համալսարանի աշխատակից Ռաջաբիզադեն առաջարկում են Phrynocephalus helioscopus horvathi և Phrynocephalus persicus տերմինները որպես առանձին կարգաբանական ձևեր, և ըստ այդ տվյալների՝ Արաքսի հովտում «պարսկական կլորագլխի» վերաբերյալ հավաքագրված ամբողջ նյութը հարկավոր է վերագրել անդրկովկասյան կլորագլխին։ Այսպիսով, անդրկովկասյան տակիրային կլորագլուխը բնորոշվեց որպես առանձին տեսակ (Phrynocephalus horvathi Mehely, 1894)[4][5]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիստ սակավաթիվ, անհետացող տեսակ է, ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում, գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ (անգլ.՝ Critically Endangered), որովհետև վերջին 10-15 տարվա ընթացքում կորցրել է արեալի ավելի քան 80 %-ը հողատարածքները գյուղատնտեսական և քաղաքաշինական նպատակներով օգտագործելու հետևանքով[1][2][13]։

Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում[ն 1]: Պահպանվում է «Գոռավանի ավազուտներ» և «Որդան կարմիր» արգելավայրերում։ Որոշակի պայմաններ ստեղծելու դեպքում հնարավոր է բազմացումը տերարիումներում[2]։ «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառած վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի համաձայն անդրկովկասյան տակիրային կլորագլխի յուրաքանչյուր առանձնյակի և ձվի ոչնչացման համար սահմանվում է 15000 դրամ հատուցման վճար[15]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԽՍՀՄ Կարմիր գրքում և Հայաստանի Կարմիր գրքի մինչև 2009 թվականի հրատարակությունում անդրկովկասյան տակիրային կլորագլուխը գրանցված է Phrynocephalus helioscopus persicus կամ Phrynocephalus persicus ձևով[7][8][14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Phrynocephalus horvathi; ԲՊՄՄ Կարմիր գիրք (անգլ.): Վերցված է 2018-02-24
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ; ՀՀ Կարմիր գիրք։ Վերցված է 2018-08-19
  3. Phrynocephalus persicus DE FILIPPI, 1863; reptarium.cz (անգլ.): Վերցված է 2018-08-19
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 История изучения и таксономический статус персидской круглоголовки Phrynocephalus persicus De Filippi, 1863 и такырной круглоголовки Хорвата Phrynocephalus helioscopus horvathi Mehely, 1894; zin.ru (ռուս.), էջ 286-297
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Taxonomic revision of Phrynocephalus persicus De Filippi, 1863 complex with description of a new species from Zagros, Southern Iran; zin.ru (անգլ.), էջ 34-46
  6. Որոշում Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրքը հաստատելու մասին; arlis.am: Վերցված է 2018-08-19
  7. 7,0 7,1 Պարսկական կլորագլուխ մողես; Հայերեն վիքիդարան, էջ 482
  8. 8,0 8,1 Закавказская такырная круглоголовка (Phrynocephalus helioscopus persicus); herpeton.ru (ռուս.): Վերցված է 2018-08-19
  9. Beiträge zur Herpetologie Transkaukasiens und Armeniens; biodiversitylibrary.org (գերմ.), էջ 78-79
  10. Molecular Differentiation and Taxonomy of the SunwatcherToadHeaded Agama Species Complex Phrynocephalus Superspecies helioscopus (Pallas 1771) (Reptilia: Agamidae); researchgate.net (անգլ.), էջ 842-856
  11. Habitat Suitavility for Reptiles in the Goravan Sands Sanctuary, Armenia; herpconbio.org (անգլ.), էջ 39-44
  12. Такырная круглоголовка — Phrynocephalus helioscopus (Pallas, 1771); ecosystema.ru (ռուս.): Վերցված է 2018-08-19
  13. Современное состояние и перспективы охраны герпетофауны заказника «Гораванские пески»; sci.am (ռուս.), էջ 17-19
  14. Род круглоголовки Genus Phrynocephalus Kaup, 1825; zoofirma.ru (ռուս.): Վերցված է 2018-08-19
  15. Հայաստանի Հանրապետության օրենքը բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառած վնասի հատուցման սակագների մասին; parliament.am: Վերցված է 2018-08-19
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ» հոդվածին։