Սև անգղ
| Սև անգղ | |
Սև անգղ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
| Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
| Դաս | Թռչուններ (Aves) |
| Կարգ | Ճուռականմաններ (Accipitriformes) |
| Ընտանիք | Ճուռակներ (Accipitridae) |
| Ցեղ | 'Aegypius' |
| Տեսակ | Սև անգղ (A. monachus) |
| Միջազգային անվանում | |
| Aegypius monachus | |
| Տարածվածություն և պահպանություն | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ Տաքսոնի տարածվածությունը | |
Սև անգղ (լատիներեն՝ Aegypius monachus), ճուռակների ընտանիքին պատկանող գիշատիչ թռչուններ։
Սև անգղը հզոր կտուցով, կարճ, բութ սրված պոչով խոշոր լեշակեր թռչուն է։ Մարմնի երկարությունը 75-100 սմ է, թևերի երկարությունը՝ 72-85 սմ, թևերի բացվածքը՝ 250-295 սմ։ Հասուն թռչունը ունի մուգ շագանակագույն գունավորում, իսկ երիտասարդ թռչունները ավելի սև են՝ կապտավուն փետրազուրկ կոկորդով։
Նախընտրում է նոսր բուսականությամբ պատված լեռներ, գետաձորեր։ Հայաստանում բնադրում է Խոսրովի անտառ պետական արգելոցում։
Բույնը պատրաստում է ծառերի գագաթին կամ ժայռաքիվերին, հիմնականում ճյուղերից՝ օգտագործելով նաև ծառերի կեղև, բուրդ, որսկորներ, գոմաղբ։
Հիմնականում դնում է 1 ձու, հազվադեպ նաև՝ 2։ Ձուն 90 մմ, թույլ սպիտակ գունավորմամբ՝ կարմիր-դարչնագույն խազերով և գծերով։
Սնվում են միայն լեշով։ Այլ լեշակերների համակարգում սև անգղերը կատարում են սանիտարի դեր, ուստի չի կարելի ոչնչացնել այդ թռչուններին և քանդել նրանց բները։
Սև անգղը պաշտպանության կարիք ունի և գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Հարավային Եվրոպայում, Կովկասում և Մերձավոր Արևելքում։ Հայաստանում նկատվել է հանրապետության տարբեր շրջաններում։ Բները հայտնաբերվել են Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների ճյուղերում, Աբովյանի, Արարատի, Արտաշատի, Վայքի և Եղեգնաձորի տարածաշրջաններում։ Դասվում է Հայաստանի նստակյաց և բնադրող թռչունների թվին[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրում են լեռնաշղթաների համեմատաբար փոքր թեքություն ունեցող լանջերին, լեռնատափաստանների տեղամասերով հերթափոխվող գիհու չորային նոսրանտառների սահմաններում և սովորաբար ծովի մակարդակից 1200-2000 մ բարձրություններում։ Բնադրավայրերը, կապված որպես արոտավայր տեղանքի ինտենսիվ օգտագործման հետ, զգալիորեն քայքայվել են։ Բույնը սովորաբար տեղադրվում է բլուրների լանջերին, ծառերի, ավելի հազվադեպ՝ ժայռերի կամ անմիջապես հողի վրա։ Ձվադրման շրջանը տատանվում է հավանաբար փետրվարի երկրորդ կեսից մինչև ապրիլի վերջը։ Հայաստանում հայտնաբերված բներում սովորաբար եղել է 1-2 ձու, որն էգը և արուն հաջորդաբար թխսում են 55 օրվա ընթացքում։ Ձագերը դուրս են գալիս ապրիլի երկրորդ կեսին կամ ամենաուշը հունիսի առաջին կեսին։ Թռչող, երիտասարդ թռչունները նկատվում են հուլիսի երկրորդ կեսից մինչև սեպտեմբերի վերջը[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հազվագյուտ, նկատելիորեն կրճատվող թվաքանակով տեսակ է, որը ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները հավանաբար չեն գերազանցում 50 բնադրող զույգը։
Վտանգման հիմնական գործոններն են վայրի սմբակավորների թվաքանակի կրճատման հետ կապված կերային բազայի վատթարացումը, ինչպես նաև ապօրինի որսը և թակարդներով բռնելը։
Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում, որտեղ կանոնավոր բնադրում է։ Անհրաժեշտ է հանրապետության սահմաններում, այդ թվում «Խոսրովի անտառ» արգելոցում բացահայտել և խստորեն պահպանել տեղադրված սև անգղի բնադրավայրերը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի շրջակա միջավայրի նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև անգղ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև անգղ» հոդվածին։ |
| ||||||||||