Խոսրովի անտառ պետական արգելոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խոսրովի անտառից)
Picto infobox plant.png
Խոսրովի անտառ պետական արգելոց
Azat at Garni.jpg
Տեսակ արգելոց
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Վարչատարածք Արարատի մարզ
Հիմնվել է սեպտեմբերի 13, 1958
Մակերես 23 213,5 հեկտար[1]
Անվանված է Խոսրով Գ
Կոորդինատներ: 39°49′ հս․ լ. 44°49′ ավ. ե. / 39.817° հս․. լ. 44.817° ավ. ե. / 39.817; 44.817
Խոսրովի անտառ պետական արգելոցը գտնվում է Հայաստանում
Խոսրովի անտառ պետական արգելոց
Խոսրովի անտառ պետական արգելոցը գտնվում է Արարատի մարզում
Խոսրովի անտառ պետական արգելոց

Խոսրովի անտառ պետական արգելոց (նաև Խոսրովի անտառ) բնության հատուկ պահպանվող տարածք Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում: Խոսրովի անտառը ստեղծվել է 334-338 թվականներին Խոսրով Բ Կոտակ թագավորի հրամանով : Այն ունի շուրջ 1700 տարվա պատմություն: Արգելոցի ներկայիս տարածքը պատմական անցյալում գտնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգում:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը ստեղծվել է 1958 թվականին Խորհրդային Հայաստանի կենտրոնական մասի չոր նոսրանտառային, ֆրիգանային և կիսաանապատային լանդշաֆտների, բուսական և կենդանական եզակի համարվող համակեցությունների պահպանության նպատակով: Արգելոցը տեղակայված է Հայաստանի Արարատի մարզի հյուսիսարևելյան մասում, Գեղամա լեռնավահանի և Մերձարաքսյան ծալքաբեկորավոր լեռնաշղթաների միջև: Արգելոցն ունի հարավարևելյան ձգվածություն, զբաղեցնում է 23,213․5 հա տարածք։Տարածվում է ծովի մակարդակից 700-2800մ բարձրություններում։

Արգելոցի գիտական, գործնական և կազմակերպչական աշխատանքներն 2002 թ․-ից իրականացվում են ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կաղմակերպության կողմից։

ՀՀ կառավարության 2002թ․ մայիսի 30-ի թիվ 925-Ն որոշման համաձայն արգելոցի ստեղծման հիմնական նպատակը Ազատ և Վեդի գետերի ավազանների ջրային և ցամաքային էկոհամակարգերի զարգացման բնական ընթացքի ապահովումը, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության , այդ թվում հազվագյուտ և անհետացող բույսերի և կենդանիների գենոֆոնդի և ապրելու միջավայրի պահպանությունը, գիտական ուսումնասիրությունների իրականացումը, գիտաճանաչողական զբոսաշրջության և էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար անհրաժեշտ նախադրյալների ապահովումը։[2]

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ենթակայության տակ են գտնվում՝

  • «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, որը կազմված է 4 տեղամասերից՝ Գառնի (4253 հա), Կաքավաբերդ (4745 հա), Խոսրով (6860,8 հա), Խաչաձոր (7354,7 հա ) տեղամասերից[3]:
  • «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայր՝ 95,99 հա
  • «Խոր Վիրապ» պետական արգելավայր՝ 50,28 հա

2013 թվականի օգոստոսի 26-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ շնորհվել է Պահպանվող տարածքների Եվրոպական դիպլոմ[4]:

Հիմնադրում ու անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խոսրովի անտառ» անվանումն ստացել է Խոսրով Բ Կոտակ թագավորի պատվին։ Ըստ Խորենացու` Խոսրովի գահակալության ժամանակ ներկայիս արգելոցի տարածքում կատարվել են մասշտաբային անտառատնկումներ։

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգելոցի տարածքի մակերևույթը լեռնային է և գետային ցանցի շնորհիվ մասնատված խորը ձորերի, որն երկրաբանական անցյալի ակտիվ տեկտոնական գործունեության արդյունք է: Ներկայումս շարունակվում են լավ արտահայտված էրոզիայի գործընթացները։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքի մեծ մասը տեղաբաշխված է զառիվայր թեք լեռնալանջերի վրա՝ 30˚ և բարձր թեքությամբ:

Արգելոցը գտնվում է Գեղամա լեռնավահանի հարավային հատվածի բարձրադիր լեռնաբազուկների Ուղտուպար, Տասանորդ (Դահնակ), Խոսրովասար և լեռնային համեմատաբար ցածրադիր համակարգի Արարատյան դաշտն արևելյան կողմից երիզող Երանոսի և Երախի լեռների և դրանց լեռնաբազուկների վրա: Լեռնագագաթները, որոնք գտնվում են համանուն լեռնաբազուկների և լեռնաշղթաների  վրա, հետևյալն են. Ուղտուսար (3170 մ), Մանկունք (2927 մ), Տասանորդ (Դահնակ 2535 մ),Կոտուց (2061 մ), Խոսրովասար (1988 մ), Երանոս (1824 մ), Իլկասար (1462 մ), Երախ (1419 մ):

Արգելոցի տարածքի մոտ 50%-ը զբաղեցնում է միջին լեռնային գոտին (1500-2300 մ), որը բնութագրվում է ռելիեֆի խոր մասնատվածությամբ:

Նախալեռներում բավական զարգացած են բեդլենդները , իսկ հարթ տարածություններում տիրապետում են տեղատարվող նյութի կուտակումները:[5]

Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգելոցի կլիման չոր ցամաքային է, ամառային բարձր ջերմաստիճաններով և ցուրտ ձմեռներով։Արգելոցի տարածքում ձևավորվում է կլիմայի հետևյալ տիպերը՝ չոր ցամաքային, չափավոր տաք՝ չոր, բարեխառն և չափավոր ցուրտ կլիման:

Չոր ցամաքային կլիման ընդգրկում է նախալեռնային գոտին ՝ 900մ-ից մինչև 1300մ. բարձրությունները: Կլիմայի այս տիպը բնութագրվում է մեղմ ձմեռներով, անկայուն ձնածածկույթով: Ամառը շոգ է,  հաճախակի են  երաշտները: Գարունը և աշունը կարճատև է և խոնավ: Տեղումների տարեկան միջին քանակը 350-450մմ.:

Ծովի մակերևույթից 1400-ից մինչև 2000մ բարձրությունները  տարածվում է  չափավոր տաք՝ չոր և բարեխառն կլիմայական գոտին: Ձմեռը ցուրտ է, գոյանում է կայուն ձյունածածկույթ: Գարունը խոնավ է , հաճախակի ցրտահարություններով: Ամառը տաք և չոր։ Աշունը տաք է , երկրորդ կեսից բավական խոնավ։Տարեկան տեղումների միջին քանակը 500-600մմ է:Անսառնամանիք օրերի քանակը 200 օր։

2000-ից մինչև 2500մ բարձրությունների վրա տարածվում է չափավոր ցուրտ կլիմայական գոտին: Ձմեռը խիստ է, բացարձակ նվազագույն ջերմաստիճանը -42˚C: Գարունը  ցուրտ է, ցրտահարությունները ավարտվում են մայիսի վերջերին։ Ամառը զով է և խոնավ։Աշունը կարճատև է: Տարեկան տեղումների միջին քանակը մինչև 800մմ:[6]Անսառնամանիք օրերի քանակը 90-120 օր։[7]

Ջրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգելոցի տարածքով հոսում են Ազատ ( երկարությունը 55 կմ) և Վեդի ( երկարությունը 58կմ) գետերը իրենց բազմաթիվ վտակներով: Ազատ գետը իր Գողթ վտակով երիզում է արգելոցը հյուսիս-արևմուտքից և դրա համար հանդիսանում բնական սահման։

Ազատ գետը սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի Սպիտակասար գագաթի հարավարևմտյան լանջերից։Ունի խառը(ձնա-անձրևային, ստորերկրյա) սնուցում։Ջրհավաք ավազանի մակերեսը 550 կմ²։

Գողթ գետը ունի 16 կմ երկարություն։Սկիզբ է առնում Գեղամա լեռների կենտրոնական մասի արևմտյան լանջերից։

Քաջառու գետը ունի 15 կմ երկարություն։ Սկիզբ է առնում Գեղամա լեռների հարավ-արևմտյան լանջերից։Ջրհավաք ավազանի մակերեսը 25կմ²։

Վեդի գետը սկիզբ է առնում Մանկունք լեռնագագաթի հարավ- արևելյան լանջից՝ մոտ 2700 մ բարձրությունից։ Վեդի գետի վտակներից արգելոցի տարածքով հոսում են Խոսրովը ( երկարությունը 18 կմ) , Սպիտակաջուրը ( երկարությունը 16 կմ), Մանկուկը (երկարությունը 16 կմ): Արգելոցի տարածքում կան մեծ քանակությամբ փոքրադեբիտ , քաղցրահամ և հանքային աղբյուրներ, որոնք առանձնանում են ռեժիմի կայունությամբ։

Արգելոցի տարածքում են գտնվում Ջղինի երկու բնական լճակները , Վահագնի, Աստղիկի ջրվեժները:[8]

Հողային ծածկույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում առանձնացվում  է  հողերի հետևյալ տիպերը ՝

  • Կիսաանապատային գորշ հողեր
  • Լեռնատափաստանային շագանակագույն հողեր
  • Լեռնանտառային դարչնագույն  հողեր
  • Գորշ անտառային հողեր
  • Լեռնամարգագետնային սևահողեր

Կիսաանապատային գորշ հողերը տարածվում  են  ծովի մակարդակից  մինչև 1250մ բարձրությունները: Կիսաանապատային գորշ հողերը ձևավորվում են հիմքերով հարուստ   հրաբխային ապարների  վրա, չոր ցամաքային կլիմայի և կիսաանապատային բուսականության պայմաններում: Այս հողերում հումուսի պարունակությունը 1-2%  է, ունեն սակավ հզորություն, կարբոնատների մեծ պարունակություն: Մեխանիկական կազմը կավավազային է:

Լեռնատափաստանային շագանակագույն հողերը տարածվում են ծովի մակերևույթից 1250մ-ից  մինչև 1500-1600մ բարձրությունները: Այս հողերը ձևավորվում են չափավոր տաք և չոր կլիմայական պայմաններում, չոր տափաստանային բուսականության տակ , տեղակուտակ, ողողաբերուկ և հեղեղաբերուկ գոյացությունների վրա: Հումուսի պարունակությունը այս հողերում 2-3.5% է: Այս հողերը ունեն կավավազային մեխանիկական կազմ:

  Լեռնանտառային դարչնագույն  և  գորշ անտառային  հողերը տարածվում են ծովի մակերևույթից 1600-2200մ բարձրությունները:

Լեռնանտառային դարչնագույն  հողերը ձևավորվում են չափավոր տաք և ոչ կայուն խոնավության  պայմաններում, թփուտներով հարուստ կաղնու, բոխու անտառներում: Հումուսի պարունակությունը 4-10% է: Այս հողերը գլխավորապես ունեն կավավազային մեխանիկական կազմ:

Անտառային գորշ հողերը ձևավորվում են տաք և  խոնավ  կլիմայական  պայմաններում, ստվերահայաց լանջերին լայնատերև ծառատեսակների տակ:Այս հողերում հումուսի պարունակությունը 5-12% է:

2200-2600մ բարձրություններում տարածվում են լեռնամարգագետնային սևահողերը: Սրանք ձևավորվում են ցուրտ և խոնավ կլիմայական պայմաններում: Հումուսի պարունակությունը 10-15% է, ունեն կավային և կավավազային մեխանիկական կազմ: [9]

Բուսական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսական աշխարհն ընդգրկում Է բարձրակարգ բույսերի 588ցեղի և 107 ընտանիքի շուրջ 1849 տեսակ (ՀՀ բուսական աշխարհի ավելի քան 50%-ը), որոնցից 80-ը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։ Արգելոցի տարածքում աճող բուսատեսակներից 24 էնդեմիկ են:

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված  տեսակներից են՝

  •  Ադիանտում Վեներայի վարս(Adiantum capillus-veneris)
  • Խինձ Շովիցի (Scorzonera  szowitzii)
  • Ծովակաղամբ հայկական (Crambe a
  • Սապնարմատ արեցանման (Gypsophila aretioides
  • Սզնի  պոնտական (Crataegus pontica)
  • Խռնդատ  մերկացողուն (Verbascum nudicaule)
  • Տերեփուկ Արփայի (Centaurea arpensis)
  • Ստեպտորամֆուս պարսկական  (Steptorhamphus persicus)
  • Գազ տարօրինակ (Astragalus Paradoxus ) և այլ տեսակներ:

Էնդեմիկ տեսակներից են՝

  • Տանձենի  Ֆյոդորովի (Pyrus fedorovii )
  •  Տանձենի խոսրովյան (Pyrus chosrivica)
  • Գազ Մասալսկու  (Astragalus Massalskyi)
  • Ստեպտորամֆուս  Չերեպանովի (Steptorhamphus czerepanovii )
  • Տոմանթեա  Դարեղեգիսի  (Tomanthea  daralaghezica)
  • Խոզափուշ դարալագյազի (Cousina daralaghezica )
  • Չմենի հայկական (Cotoneaster armena )

Տարածքի մոտ 64%-ը զբաղեցնում են լեռնային չորասեր համակեցությունները, 16%-ը՝ անտառները, 20%-ը՝ թփուտները։

Արգելոցի տարածքում ծովի մակարդակից 800մ մինչև 1200-1300 մ, երբեմն նույնիսկ 1400 մ բարձրությունների վրա տարածվում են կիսաանապատային բուսականությունը՝  օշինդր բուրավետ (Artemisia fragrans  ), օշան ծառանման (Salsola dendroides) , աղածաղիկ նոսրատերև (Halanthium rarifolium), բորբոսատեսուկ գորշ (Eurotia ceratoides), տերեփուկ երևանյան (Centaurea erevanensis), դաշտավլուկ սոխուկային (Poa bulbosa), եղեսպակի (Salvia), կապարի (Capparis), դժնիկի (Rhamnus), փշամանդիկի (Acantholepis ),  գազերի (Astragalus), իշակաթնուկի (Euphorbia), կակաչի (Papaver) և այլ ցեղերի տեսակներ:

Կիսաանապատային գոտուց վեր՝ 1400-1700 մ բարձրությունների վրա տարածվում է Արմենա-իրանական  ֆրիգանան (հունարեն չորացած) իր բազմաթիվ տեսակներով:

Ֆրիգանան բնութագրվում է որպես  չորասեր, ցածրահասակ, խիտ ճյուղավորված, հաճախ փշոտ թփերի ու թփիկների համակեցություն: Այն արգելոցում ներկայացված է  Ֆենցլի նշենու (Amygdalus fenzliana), մահալեբյան և ալեհեր բալենիների (Cerasus  incana, mahlebi), Պալլասի դժնիկի (Rhamnus   pallasii), ասպիրակի (Spiraea), տանձենու (Pyrus) ավելի հաճախ ուռատերև տեսակով: Նշված տեսակներին տեղ-տեղ զուգակցում են մերկատերև փռշնին (Celtis glabrata), բթատերև պիստակենին (խնկենի (Pistacia mutica), դաբաղային աղտորը (սմախ Rhus coriaria) , թալատերև զուգատերևը (Zygophyllum atriplicoides ), լեռնաչամիչը  (Ephedraceae) և այլ տեսակներ: Թփերն աճում են ցաք ու ցրիվ, երբեք չեն առաջացնում համատարած ծածկոց:

Արգելոցում 1400-2200մ.ծ.մ. բարձրության վրա ներկայացված են լեռնային տափաստանները, արիդ նոսրանտառները և կաղնու անտառները:

Արգելոցի զարդն են հանդիսանում երրորդական  դարաշրջանի ռելիկտներ  գիհու և  կաղնու կղզիացած անտառները, որոնք բավականին խիտ են հատկապես  Խոսրով և Խաչաձոր տեղամասերում:

Արգելոցում աճում է գիհու 3 տեսակ՝ գիհի բազմապտուղ (Juniperus polycarpos C. Koch), գիհի երկարատև (Juniperus oblonga Bied) և գիհի ցածրաճ (Juniperus depressa Stev): Գիհու նոսրանտառներում որպես գերիշխող տեսակ հանդես է գալիս  բազմապտուղ գիհին (Juniperus polycarpos), հազվադեպ դրան խառնվում են գիհի երկարատերև (Juniperus oblonga), գիհի ցածրաճ (Juniperus depressa) տեսակները: Սովորաբար գիհուն ուղեկցում են թխկի վրացականը (Acer ibericum), փռշնի մերկը (Celtis glabrata), Ֆենցլի նշենին (Amygdalus fenzliana), Պալլասի դժնիկը (Rhamnus pallasii), ցախակեռաս վրացականը (Lonicera iberica), բռնչին (գերիմաստի) (Viburnum lantana), պիստակենի բթատերևը (Pistaca mutica) և այլն: Առանձին հատվածների վրա առատորեն ներկայացված են տանձենու (Pyrus) և արոսենու (Sorbus) տեսակները:Գիհու նոսրանտառները տարածվում են հարավային դիրքադրության արևկող, թեք և չոր լեռնալանջերին:

Արգելոցի տարածքում խոշորառէջ կաղնու անտառները տարածվում են 1600-2300մ բարձրություններում, որոնք առավել խիտ են Խոսրով  տեղամասի «Թռչնաբերդ» տեղանունով հայտնի  լեռնալանջին:

Կաղնու անտառներում որպես ուղեկցող տեսակներ հանդես են գալիս սովորական և կլորատերև հացենին (  Fraxinus excelsior, Fraxinus   rotundifolia), սովորական արոսենին (ծտի խնձոր, Sorbus aucuparia ), թխկենու (Acer) և տանձենու (Pyrus) տարբեր տեսակներ և այլն: Անտառում շատ են նաև թփերը` գերիմաստին (Viburnum lantana), ցախակեռասը ( Lonicera), մասրենու (Rosa), սզնու (ալոճենի, Crataegus) տարբեր տեսակները, իսկ խոտածածկը հարուստ է դաշտավլուկազգիներով:

 Արգելոցում (1300) 1400-2100 մ բարձրությունների վրա տարածվում են լեռնային տափաստանները,որոնք ներկայացված են տարբեր ֆորմացիաներով: Փետրախոտային տափաստաններում գերակշռող են փետրախոտի գեղեցկագույն, նեղատերև և այլ տեսակները:

Շյուղախոտային տափաստաններում գերակշռում է շյուղախոտի տարբեր տեսակները, իսկ հացազգատարախոտային տափաստաններում թեև գերակշռում են հացազգիները՝ բարակոտնուկ, սիզախոտ և այլ ցեղերի տեսակները, սակայն արդեն հանդես են գալիս տարբեր ընտանիքների պատկանող ցեղերի (ուրց, մակարդախոտ և այլն) տեսակները: Տարախոտային տափաստաններում, ինչպես անունն է հուշում, հացազգիներն իրենց տեղը զիջում են տարախոտերին` հատկապես կատվադաղձի (Nepeta), առվույտի (Medicago), երեքնուկի (Trifolium) տեսակներին:

Տրագականտային տափաստաններում գերակշռում են գազերը (Astragalus microcephalus, Astragalus lagurus), կորնգան եղջյուրավորը (Onobrychis cornuta), պրանգոս նարդեսանմանը (Prangos ferulavea) և այլ տեսակներ:

Մարգագետնային բուսականությունը հանդիպում է 2100-2200 մ-ից սկսած և տարածվում դեպի վեր՝ մինչև 2600-2800 մ բարձրությունները: Արգելոցի առանձին տեղամասերում (օրինակ` Մանկուկ և Խոսրով գետերի վերնագավառներում) այն բավականին բարձրահասակ է և կազմված տարբեր ընտանիքների ցեղերին (կղմուխ, թթվիճ, հազարատերևուկ, քոսքսուկ, հրանունկն և այլն), այդ թվում հացազգիներին (սիզախոտ մարգագետնային, գարի սոխուկավոր, տիվարսակ և այլն) պատկանող մարգագետնային տեսակներից:

Գետերի հուների երկարությամբ տարածվում է տուգայանման բուսականությունը, որը կազմված է հացենու  ( Fraxinus), բարդու ( Populus), ուռենու (Salix), փշատենու (Elaeagnus), կարմրանի (Tamarix) տարբեր տեսակներից, որոնց միանում են նաև արգելոցում մեծ տարածում ունեցող մասրենու (Rosa), սզնու ( Crataegus), կծոխուրի (Berberis)  տարբեր տեսակները:[10]

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսրովի արգելոցին նվիրված ՀՀ 1999 թվականի փոստային նամականիշ

Կենդանական աշխարհն ընդգրկում է թռչունների՝ 192, կաթնասունների՝ 44, սողունների՝ 33 , ձկների՝ 9 ,

երկկենցաղների՝ 5 տեսակներ: Ողնաշավոր կենդանիներից 58 տեսակ  գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում,

  իսկ 51 տեսակ Բնության Պահպանության Միջազգային Միության Կարմիր ցուցակում:  Հայաստանի Կարմիր գրքում գրանցված է կաթնասունների 13, թռչունների 37, սողունների 10 տեսակ, Բնության Պահպանության Միջազգային Միության Կարմիր ցուցակում կաթնասունների 11, թռչունների 37, սողունների 8 տեսակ:

Կաթնասուններից հանդիպում է կովկասյան ընձառյուծը, լուսանը, գորշ արջը, աղվեսը, հնդկական մացառախոզը, աքիսը, քարակզաքիսը, նապաստակը, գայլը, գորշուկը, բեզոարյան այծը, վայրի խոզը և այլ տեսակներ:

Կովկասյան ընձառյուծը գրանցված Է Հայաստանի Կարմիր գրքում: Արգելոցի տարածքում հանդիպում է չորասեր գիհուտներով ծածկված դարավանդներում:Որ­պես բույն օգտագործում են քարանձավները, ժայռաճեղքերը,

խիտ թփուտները:

Լուսանը նախընտրում է կերով հարուստ գիհու նոսրանտառները: Տաք ժամանակաշրջանում բարձրանում է նաև ենթալպյան և ալպյան մարգագետիններ:Լուսանները սնվում են կրծողներով, նապաստակներով, թռչուններով, կարող են նաև որ­սալ երիտասարդ բեզոարյան այծեր և վայրի խոզի ձագեր: Վարում է գիշե­րա­յին և մթնշաղային գաղտնի կյանք:

Արգելոցի ամենամեծ գիշատիչը գորշ արջն է: Նրա նախընտրած կենսամիջավայրերն են տերևաթափ և խառը ան­տառները, մշտադալար գիհուտները, քարանձավները և ժայռոտ վայրերը: Արեալը զգալի չափով նե­րա­ռում է այն վայրերը, որտեղ աճում են պտղատու ծառեր, հատապտուղներ և ընկու­զե­­նիներ, որոնցով արջը սնվում է: Գրանցված է Հայաստանի և նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքերում, ինչպես նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում:

Բեզոարյան այծը (Capra aegagrus) արգելոցի բնիկներից Է: Իր դիպուկ անունը ստացել Է ստամոքսում կերի մեջ գտնվող որևէ խտանյութից օրինակ բրդից, առաջացող գնդային պինդ զանգվածներից: Բնորոշիչ ապրելավայրերն են զառիթափ լեռները՝ դժվար հասանելի ժայ­ռերի և չորային նոսրանտառների առկայությամբ: Պարտադիր պայման է խիտ ծա­ռա­թփային բուսականության, քարաթափվածքների և թաքստոցների առկայությունը: Գրանցված է Հայաստանի և նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքերում, ինչպես նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում:

  Վայրի խոզը (Sus scrofa)  հանդիպում է լայնատերև անտառում: Լեռնատափաստանային և մերձալպյան տարածքները նրանք օգտագործում են մի լանջից մյուսը անցնելու ժամանակ:[11]

Արգելոցի տարածքում հանդիպում է 192 տեսակի թռչուններ, որոնք պատկանում են  44  ընտանիքի, որն էլ կազմում է Հայաստանի թռչնատեսակների ընդհանուր քանակի 56 տոկոսը: Գիշատիչ թռչուններից արգելոցի տարածքում հանդիպում են մորուքավոր անգղը (Gypaetus barbatus), գիշանգղը (Neophron percnopterus), սպիտակագլուխ անգղը (Gyps fulvus), սև անգղը (Aegypius monachus), տափաստանային մկնաճուռակը (Circus macrourus), սապսանը   ( Falco peregrinus) , միջերկրածովյան  բազեն  (Falco biarmicus), դաշտային մկնաճուռակը (Circus cianeus), մեծ ճուռակը ( Buteo buteo), ցախաքլորաորսը (Accipiter gentilis), քարարծիվը (Aquila rapax) և այլ տեսակներ:

Արգելոցը միակ տարածքն է Հա­­յա­­­ս­­­­­տա­­նում, որտեղ բնադրում է սև անգղը: Բույնը կառուցում է գիհու ծառերի կատարին: Սև անգղի թևերի բացվածքը կարող է հասնել մոտ 3մ, իսկ քաշը մինչև 12.5 կգ: Մյուս անգղների համեմատ, գերադասում է սնվել կենդանիների մկանային հյուսվածքներով, ավելի քիչ քանակությամբ՝ մաշկով և ոսկորներով: Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում  և Բնության Պահպանության Միջազգային Միության Կարմիր ցուցակում:

Հավազգիներից՝ կասպիական ձնահավը (Tetraogallus caspius ) բնակվում է ժայռային ելքերով և քարքարոտ  զառիվայրերով  ենթալպյան մարգագետիններում: Մոխրագույն կաքավը (Perdix perdix) հանդիպում է անտառային տափաստաններում, թփուտներում, իսկ քարակաքավները (Alectoris chukar) հանդիպում են կիսաանապատների, լեռնային տափաստանների և մարգագետինների ժայռոտ բիոտոպներում: Քարակաքավի հիմնական պոպուլացիան գտնվում  է արգելոցի տարածքի սահմնաններում՝ Խոսրով, Խաչաձոր և Կաքավաբերդ տեղամասերում: Այս տեղամասերի բարձրախոտ մարգագետիններում բույն է դնում լորը (Coturnix coturnix):

Կիսաանապատներում և արիդային բիոտոպերում ապրում են երկբծավոր արտույտը  (Melanocorypha bimaculata), փոքր արտույտը (Calandrella  brachydactyla), փուփուլավոր արտույտը (Galerida cristata), կարճամատ ճնճղուկը (Carpospiza brachydactyla), մոնղոլական և անապատային խածկտիկը (Bucanetes  mongolicus, Bucanetes   githagineus), կարմրաթև ոսպնուկը (Rhodopechys    sanguineus), պարող, սևավիզ քարաթռչնակները (Oenanthe isabellina, Oenanthe finschii), շիկապոչ սոխակը (Cercotrichas galactotes): Այստեղ չորասեր թփուտներում հանդիպում են անապատային մորեհավը (Hippolais languida), սպիտակաբեղ շահրիկը (Sylvia mystacea), սևափոր դոլոնը (Pterocles  orientalis), սովորական այծկիթը  (Caprimulgus europaeus), տնային բվիկը ( Little owl), ներկարարը (Coracias garrulus), հոպոպը, (Upupa epops) ոսկեգույն մեղվակերը (Merops apiaster), չուի  ընթացքում հազվադեպ հանդիպում է նաև կանաչ մեղվակերը ( Merops persicus):

Անտառային գոտու կենդանական աշխարհը ավելի խայտաբղետ է, տեսակներով հարուստ։

Անտառային տարածքները բնակեցնում են կրետակերը (Pernis    apivorus), սև ցինը  (Milvus migrans), օձակեր արծիվը  (Circaetus gallicus),  սովորական ճուռակը (Buteo buteo), լորաճուռակը (Accipiter    nisus) և մեծ լորաճուռակը (Accipiter gentilis), գաճաճ արծիվը (Hieraaetus pennatus),  անտառային արտույտը (Lullula arborea), սպիտակախածի կեռնեխը (Turdus torquatus),  մորու շահրիկը (Sylvia curruca), կարմրաճակատ սերինոսը (Serinus pusillus), լեռնային դրախտապանը (Emberiza cia), խայտաբղետ նրբագեղիկը (Prunella ocularis), անտառային ձիուկը (Anthus trivialis), անտառային նրբագեղիկը (Prunella modularis), սովորական կարմրատուտը (Phoenicurus phoenicurus), երգող կեռնեխը (Turdus philomelos), դեղնափոր գեղգեղիկը (Phylloscopus trochiloides), սև երաշտահավը (Parus ater), երկնագույն երաշտահավը (Parus coeruleus), մեծ երաշտահավը (Parus major), սովորական խածկտիկը (Pyrrhula pyrrhula), հատբեկիչը (Coccothraustes coccothraustes), անտառային կաչաղակը (Garrulus glandarius), ամուրիկը (Fringilla coelebs), կանաչ սերինոսը (Carduelis Chloris), ձմռանը այստեղ  հանդիպում են ազնվասարեկը (Carduelis spinus), սովորական սերինոսը (Fringilla mantifringilla), դեղնագլուխ արքայիկը (Regulus regulus):    

Անտառաթփուտներում բնակվում են սև կեռնեխը (Turdus merula), մոխրագույն և այգու շահրիկները (Sylvia communis, Sylvia borin), եղնջաթռչնակը (Troglodytes troglodytes) և այլ տեսակներ:

   Լեռնային տափաստաններում լայն տարածում ունի հայկական չքչքանը (Saxicola maurus), կանեփնուկը (Carduelis cannabina), այգու դրախտապանը (Emberiza hortulana), սովորական տատրակը (Streptopelia   turtur):

      Բարձրլեռնային գոտիներում բնակվում են ժայռային ծիծեռնակները (Ptyonoprogne rupestris), ալպիական նրբագեղիկը (Prunella  collaris), սևուկ կարմրատուտը (Phoenicurus ochruros), խայտաբղետ քարակեռնեխը (Monticola saxatilis), փոքր ժայռային սիտեղը (Sitta  neumayer), կարմրաթև սիտեղը (Tichodroma                        muraria), ձյան ճնճղուկը (Montifringilla nivalis) և կարմրակտուց ճայը (Pyrrhocorax pyrrhocorax):

  Գարնանային և աշնանային չուերի ժամանակ արգելոցի բոլոր բաց լանդշաֆտներում հանդիպում են ճահճային  մկնաճուռակը (Circus aeruginosus), դաշտային մկնաճուռակը (Circus cyaneus) , տափաստանային մկնաճուռակը (Circus macrourus) , մարգագետնային մկնաճուռակը (Circus pygargus), տափաստանային  արծիվը (Aquila nipalensis) , տափաստանային հողմավար բազեն (Falco naumanni):

     Արգելոցի չվող թռչուններից հատկանշական են մոխրագույն կռունկը (Grus grus) , գեղանի կռունկը ( Anthropoides virgo), ճնճղուկ ավազակտցարը (calidris minuta), մորակտցարը  (Gallinago gallinago): [12]

Արգելոցում սողունները ներկայացված են 33 տեսակներով:

Կիսաանապատային գոտում հանդիպող տեսակներից են՝ Կովկասյան Լեռնային Ագամա ( Laudakia caucasia), Նաիրյան Ժայռային Մողես (Darevskia raddei ), Ռադդեի ժայռային մողես ( Darevskia raddei), բարեկազմ օձագլուխ (Ophisops elegans), բծավոր մողես (Lacerta  strigata), արևմտյան վիշապիկ (Eryx jaculus), զոլավոր մերկաչք (Ablepharus bivittatus) և այլ տեսակներ:

Անտառային գոտում հանդիպում է որդանման կույր օձը (Typhlops vermicularis), վզնոցավոր էիրենիսը ( Eirenis collaris), Հայկական էիրենիսը ( Eirenis punctatolineatus), կարմրափոր (Շմիդտի)  սահնօձը (Hidrophis schmidti), կովկասյան գյուրզան (Vipera lebetina), անդրկովկասյան մողեսիկը (Eremias pleskei), Շտրաուխի մողեսիկը (Eremias strauchi), ջարդվող իլիկամողեսը (Anguis fragilis) և այլ տեսակներ:

Լեռնատափաստանային գոտում հանդիպում են միջին մողեսը (Lacerta media), բազմագույն և կապարագույն սահնօձերը ( Coluber ravergieri, Columber  nummifer), քառաշերտ սահնօձը (Elaphe sauromates) և այլ տեսակներ:

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված տեսակներից  են՝

  • Միջերկրածովային կրիա   (Testudo graeca)
  • Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ (Phrynoephalus horvathi)
  • Առաջավորասիական մաբույա (Trachylepis septemtaeniata)
  • Երկարաոտ սցինկ    (Eumeces schneideri)
  • Անդրկովկասյան մողեսիկ (Eremias  pleskei)
  • Անդրկովկասյան սահնօձ   (Elaphe hohenackeri)
  • Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս (Rhynchocalamus melaibis)
  • Կովկասյան կատվաօձ (Telescopus fallax)
  • Հայկական կամ Ռադեի իժ   (Vipera (Montivipera) leucorodia)
  • Հայկական լեռնատափաստանային իժ  (Vipera (Pelias) eriwanensis)

Հայկական լեռնատափաստանային իժը  (Vipera (Pelias) eriwanensis) Հայկական բարձրավանդակի էնդեմիկ տեսակ է: Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում և Բնության Պահպանության Միջազգային Միության Կարմիր ցուցակում: Արգելոցի տարածքում հանդիպում է 1800-2500մ.ծ.մ. բարձրությունների վրա:Սնվում են  մողեսներով, մանր կրծողներով, թռչունների ձագերով:Գարնանը իժերը իրենց ապաստարաններից դուրս են գալիս,  երբ օդի ջերմաստիճանը հասնում է 6-80 C , իսկ ձմեռման գնում են հոկտեմբերի սկզբներին:

Հայկական կամ Ռադեի իժ (Vipera (Montivipera) leucorodia) Հայկական բարձրավանդակի էնդեմիկ:  Հանդիպում է գիհու նոսրանտառներում, լեռնային տափաստաններում, ծ.մ. 1300–1800 մ բարձրության վրա, երբեմն բարձրանում է մինչև 2500–2700 մ:Հայկական իժը գրանցված է Բնության Պահպանության Միջազգային Միության Կարմիր ցուցակում և Հայաստանի Կարմիր գրքում:

Արգելոցի տարածքում նոսր թփուտային և խոտային բուսականությամբ ծածկված լեռների և կիրճերի քարքարոտ լանջերին մինչև ծ.մ.  1500  բարձրության վրա հանդիպում է Կովկասյան գյուրզան ( Macrovipera  lebetina): Գյուրզաները սնվում են կրծողներով, թռչուններով, մողեսներով:

Արգելոցի երկկենցաղների ֆաունան ներկայացված է 5 տեսակներով՝ լճագորտը ,փոքրասիական գորտը, կանաչ դոդոշը, սիրիական սխտորագորտը,փոքրասիական ծառագորտ :

Ձկնա­տե­սակները ինն են. կարմրախայտը, Քուռի բեղլուն, Քուռի կողակ, Քուռի սպիտակաձուկ, անդր­կովկասյան սպիտակաձուկ, հայկական տառեխիկ, ոսկեգույն ծական, անգորական լերկաձուկ և կովկասյան լերկաձուկ:[13]

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

<<Խոսրովի անտառ>> պետական արգելոցը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով:Այստեղ հաշվառված է 312 հուշարձան, որոնցից 29-ը վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, 19-ը` բնակատեղի, 2-ը` ամրոց, 222-ը՝ խաչքարեր և տապանաքարեր, 40-ը` այլ բնույթի միջնադարյան հուշարձաններ, որոնք գտնվում են  կիսավեր վիճակում:

Հավուց Թառ վանական համալիրը /10-13-րդ/ գտնվում է պետական արգելոցի Գառնի տեղամասում, Ազատ գետի ձախ ափի՝ լեռան գագաթին:Այս վանական համալիրը հայտնի է նաև Ամենափրկիչ, Դարունից վանք, Կարմիր վանք անուններով:1013թ. այս վանական համալիրում Գրիգոր Մագիստրոսը կառուցել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: 1679թ. երկրաշարժից վանական համալիրը ավերվել է : 18-րդ դարում Աստվածատուր կաթողիկոսի կողմից այն վերանորոգվել է:

Հավուց Թառ վանական համալիրը բաղկացած է իրարից մոտավորապես հարյուր մետր հեռավորության վրա գտնվող երկու հուշարձանախմբից: 13-րդ դարում կառուցվել է արևմտյան հուշարձանախմբի եկեղեցին,որը արտաքուստ ունի ուղղանկյան տեսք, իսկ ներքուստ խաչաձև է:Հարավից կից են երկու մատուռներ,որոնք ներկայումս գտնվում են կիսավեր վիճակում:18-րդ դարի առաջին կեսին արևելյան հուշարձանախումբը վերակառուցվել է, իսկ նրա հյուսիսային մասի ավերակների վրա Աստվածատուր կաթողիկոսը 1721թ. հիմնել է Սուրբ Կարապետ եկեղեցին:

Վանական համալիրից պահպանվել են մուտքի հաղթակամարը և կիսաքանդ պատերը: Վանական համալիրի տարածքը հարուստ է խաչքարերով:

Աղջոց վանքը գտնվում է Գեղարդից 7 կմ հարավ՝ լեռան լանջին:Այն եղել է միջնադարյան Հայաստանի կարևոր հոգևոր կենտրոններից մեկը: Գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Ստեփանոսը կառուցվել է 13-րդ դարի սկզբին: Այն խաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ կառույց է՝ անկյուններում չորս ավանդատներով:1270թ. Վասակ Խաղբակյանի օգնությամբ Սուրբ Ստեփանոս եկեղեցու հյուսիսային մասում կառուցվել է Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին:Սուրբ Ստեփանոս եկեղեցու արևմտյան ճակատին «Ահեղ Դատաստանից» դրվագ է քանդակված:Աղջոց վանքը հանդիսացել է ոչ միայն հոգևոր այլ նաև դպրական կենտրոն:

Գեղմահովիտ գյուղատեղին և համանուն եկեղեցին գտնվում է պետական արգելոցի Գառնի տեղամասում: Գյուղի կենտրոնական մասում գտնվող եկեղեցին ունի միանավ բազիլիկ հորինվածք, դրսից հնգանիստ է:Եկեղեցին 5-7-րդ դարերի կառույց է:Միակ մուտքը բացվում է հարավային ճակատից:

Հուշարձանի ուսումնասիրության ժամանակ հայտնաբերվել է հունարեն արձանագրությունով մի քար, որը շրջված տառերով հայերեն նշանակում է <<Առողջություն>> և <<Երանություն>>:

Ավանիկ կան Փոքր Շեն գյուղատեղին գտնվում է Կաքավաբերդ տեղամասում՝ Միլի գետի հովտում: Գյուղատեղիի արևելյան մասում կիսավեր եկեղեցին է, որն ըստ պատմաճարտարապետական վերլուծության տվյալների՝ կառուցվել է 6-7-րդ դարերում:Պահպանվել են փորագիր խաչերով կառույցների ավերակներ և 9-10-րդ դարերի խաչքարերի բեկորներ:

Կաքավաբերդը /Գեղի բերդ/ պատմական Հայաստանի ամրոցաշինության փայլուն նմուշներից է:Գտնվում է Գառնիից 12 կմ հարավ-արևելք, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Կաքավաբերդ տեղամասում՝ 2075 մ բարձրությամբ լեռնագագաթին :Կաքավաբերդ ամրոցի մասին հիշատակել է Հովհաննես Դրասխանակերտցին (IX-X դդ.)՝ որպես Բագրատունիների տոհմական տիրույթ:Ամրոցը երեք կողմից անմատչելի է, իսկ 4-րդ կողմը պարսպապատված է, պարիսպները ունեն 2-2.5 մ հաստություն և 8-10մ բարձրություն:<<Կաքավաբերդ>> անվանումը բերդը ստացել է շրջակայքում կաքավների բազմազանության պատճառով: Պահպանվել են ամրոցի ներսում գտնվող եկեղեցու և տնտեսական շինությունների ավերակները:[14]

Բերդատակ գյուղատեղին գտնվում է Միլի գետի գեղատեսիլ հովտում՝ նշանավոր Կաքավաբերդի ստորոտում, որտեղից էլ ծագել է անվանումը:Բերդատակից բացվում է հիասքանչ համայնապատկեր դեպի Հազարաձոր, Կաքավաբերդի քարափներ և Քաջառուի կիրճ:

Խոսրով գյուղատեղին գտնվում է պետական արգելոցի Խոսրով տեղամասում, Խոսրով գետի աջ ափին:Ըստ պատմաճարտարապետական վերլուծության տվյալների՝ գյուղատեղին հիմնադրվել 13-րդ դարում:Կիսավեր վիճակում պահպանվել է եկեղեցին, գերեզմանատունը, ժայռափոր մատուռը (11-13-րդ դար ):

Խոսրով գյուղատեղիի եկեղեցին կենտրոնագմբեթ է , չորս անկյուններում՝ ուղղանկյունաձև ավանդատներով:Եկեղեցուց պահպանվել է միայն հյուսիսային հատվածի պատերը: Տարածքում կան նաև բազմաթիվ արձանագիր խաչքարեր, անկյունաքարեր ու քիվեր:Թվագրված խաչքարերն ունեն 1501թ.և 1530թ. արձանագրություններ:

Սպիտակ վանք և համանուն գյուղատեղին գտնվում է պետական արգելոցի Խաչաձոր տեղամասում, Մանկուկ գետի աջափնյակի անտառապատ լեռնալանջին:Եկեղեցին կառուցվել է 1301թ.:«Սպիտակ վանք» անունը հավանաբար ծագել է այն պատճառով , որ եկեղեցին կառուցվել է սպիտակ սրբատաշ ավազաքարով: Եկեղեցին քանդվել է 1679թ. երկրաշարժից: Ներկայումս պահպանվել են հյուսիսային և արևելյան պատերը, իսկ մյուս երկու պատերից միայն հիմքերը:[15]

Մանկունք գյուղատեղին գտնվում է Մանկուկ գետահովտամասի վերնամասում՝ գեղեցիկ տափարակի վրա: Որպես բնակավայր այն գոյատևել է 9-10-րդ դարերից մինչև 1940-ական թվականները:Գյուղի ավերակների արևելյան բարձրադիր հարթության վրա տարածված է ընդարձակ ու հին գերեզմանոցը՝ բազմաթիվ նրբաքանդակ խաչքարերով, որոնց մեծ մասը հարուստ է արձանագրություններով: Այստեղ գտնվում է կիսով չափ վնասված 10-11-րդ նրբահյուս մի խաչքար, որին քանդակած արձանագրության մեջ հիշատակվում է <<Սակռաբերդ>> անունը:

Սակռաբերդ ամրոցը գտնվում է Մանկուկ գետի գեղատեսիլ հովտում:Ամրոցը կառուցվել է բարձր, ժայռոտ սարի գագաթին:Սակռաբերդ հնավայրի ավերված հուշարձանախումբը թվագրվում է 4-16-րդ դարերին:Ըստ պատմական տվյալների՝ Սակռաբերդը եղել է Ուրծեաց նախարարության իշխանանիստ կենտրոններից մեկը: Այն Այրարատ նահանգի հինավուրց և նշանավոր կենտրոններից մեկն է:Սակռաբերդն ամայացել է 1604թ. բռնագաղթից հետո:

Վտանգներ և արգելոցային պահպանության ռեժիմի խախտումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որսագողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն բնապահպանների՝ բնապահպանական կազմակերպությունների հայտարարությունների և լրատվամիջոցների հրապարակումների՝ Խոսրովի անտառ պետական արգելոցը տարբեր տարիներին եղել է որսագողերի, այդ թվում՝ նաև Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ու մեծահարուստների սիրված վայր[16][17][18][19][20][21]:

Հրդեհներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 12-ին Խոսրովի անտառ պետական արգելոցում տեղի են ունեցել մասշտաբային հրդեհներ, որոնք հանգեցրել են էկոլոգիական խոշոր աղետի[22]: Հրդեհի առաջացման ստույգ պատճառը հայտնի չէ, և շրջանառվում են հակասական կարծիքներ:

Պատմամշակութային հուշարձանների պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքում գտնվում են բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, որոնք պարբերաբար ենթարկվում են վանդալիզմի: Այդպիսի հուշարձաններ են 11-րդ դարում հիմնադրված Հավուց Թառի վանքը, 13-րդ դարում հիմնադրված Աղջոց վանքը և այլն[23][24]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ 2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐՆ ՈՒ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
  2. http://www.arlis.am/
  3. Խանջյան Նազիկ (2009)։ Խոսրովի անտառ արգելոց։ էջ 12։ ISBN 978-99941-889-1-8 
  4. «www.khosrovreserve.am» 
  5. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» 2010-2014թթ․ կառավարման պլան
  6. «Խոսրովի անտառ» պետական արգելոց 2010-2014թթ. կառավարման պլան , էջ 16
  7. «Խոսրովի անտառ » պետական արգելոց» 2010-2014թթ․ կառավարման պլան
  8. Խանջյան Նազիկ (2009)։ Խոսրովի անտառ արգելոց։ «Վարդ Հրատ» ՍՊԸ։ էջ 12։ ISBN 978-99941889-1-8 
  9. «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 2010-2014թթ. կառավարման պլան էջ 17,18
  10. http://khosrovreserve.am/
  11. «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 2010-2014 թթ. կառավարման պլան, էջ 34,35
  12. Խանջյան Նազիկ (2009)։ Խոսրովի անտառ արգելոց։ «Վարդ Հրատ» ՍՊԸ։ էջ 17։ ISBN 978-99941-889-1-8 
  13. «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 2010-2014թթ. կառավարման պլան, էջ 42,43,44
  14. Բայբուրդ գյուղատեղի, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ
  15. <<Խոսրովի անտառ>> պետական արգելոց 2010-2014թթ. կառավարման պլան էջ 196,197,200,204, 211
  16. «Ոստիկանությունը կոծկո՞ւմ է. Բնապահպանների նոր աղմկահարույց տեսանյութը` Խոսրովի արգելոցից - MediaLab Newsroom-Laboratory» (en-US)։ Վերցված է 2018-03-26 
  17. «Խոսրովի անտառ» արգելոցում տեղի է ունեցել որսագողություն:
  18. «Խոսրովի անտառ» արգելոցի «Խոր Վիրապ» արգելավայրում որսագողության դեպքեր են արձանագրվել:
  19. Ինչպես կմեկնաբանի բնապահպանության նախարարը:
  20. Սպանություն Խոսրովի անտառում:
  21. Ապօրինի որս եւ խրախճանք Խոսրովի արգելոցում:
  22. «Հրդեհ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ» (Հայերեն)։ Վերցված է 2018-03-26 
  23. «Վանդալիզմ դարձող ուխտագնացություն - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ» (Հայերեն)։ Վերցված է 2018-03-26 
  24. «PanARMENIAN.Net - Mobile»։ panarmenian.net։ Վերցված է 2018-03-26 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png