Սպիտակագլուխ անգղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակագլուխ անգղ
Սպիտակագլուխ անգղ
Սպիտակագլուխ անգղ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Neoaves
Կարգ Ճուռականմաններ (Accipitriformes)
Ընտանիք Ճուռակներ (Accipitridae)
Ցեղ Արծվառյուծներ (Gyps)
Տեսակ Սպիտակագլուխ անգղ (G. fulvus)
Միջազգային անվանում
Gyps fulvus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Սպիտակագլուխ անգղ (լատին․՝ Gyps fulvus), ճուռակների ընտանիքին պատկանող գիշատիչ, նստակյաց և քիչ տարածված թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Gyps fulvus

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 95-105 սմ է, թևերի բացվածքը՝ 240-280 սմ, կենդանի զանգվածը՝ 6-8 կգ։ Խոշոր անգղ է, գլուխը՝ փոքր, թռչում է երկար վիզը ներս քաշած, թևերը լայն բացած։ Հասուն թռչնի գլուխը և վիզը բաց մոխրագյուն են, վզի հիմքում կա նուրբ փետուրների սպիտակ օձիք, մարմինը բաց դարչնագույն է, թևատակի ծածկողների բաց գույնի զոլերը ցայտերանգ են՝ մուգ թափահարողների համադրությամբ։ Երիտասարդ թռչունը նման է հասունին, սակայն մարմինը վերևից ավելի մուգ է, ներքևից՝ թևատակի ավելի բաց գույնի զոլերով։ Գետնից պոկվում է թափավազքով, սավառնում մեծ բարձրություններում՝ վեր պարզած թևերով, հաճախ՝ փոքր խմբերով։

Սնման ձև[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեշի վրա հավաքված անհատները նախահարձակ են միմյանց նկատմամբ։ Իշխում է գիշանգղի վրա։ Սնվում է լեշերով (հատկապես՝ ներքին օրգաններով և փափուկ հյուսվածքներով)։ Սպիտակագլուխ անգղը կենդանի որսի չի հետապնդում, գոյության միակ նախապայմանը դաշտում լեշերի առկայությունն է, որն արդի պայմաններում խիստ կրճատվել է, ուստի ողջ տարվա ընթացքում լրացուցիչ կերակրման կարիք ունի։ Օգտակար է որպես բնական սանիտար։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում տարածված է խոշոր ժայռագոյացումներով լեռնազանգվածներում՝ Սյունիքի մարզից Տավուշի մարզ։

Տեսակի պոպուլյացիայի հիմնական մասը տարածված է Հյուսիսային Աֆրիկայից` Հարավային Եվրոպայով դեպի հարավ` մինչև Կենտրոնական Ասիա, Տաջիկստան և Ալթայ[1]։

Սերունդ և նրա խնամք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճյուղերից, խոտաբույսերից, լաթերից պատրաստված և 40-46 սմ տրամագծով բույնը հիմնականում գաղութային է։ Բնադրում է ժայռերի խորշերում, քիվերին, ճեղքերում։ Ձվադրում է փետրվար-մարտ ամիսներին, հազվադեպ՝ ապրիլին։ Դնում է 90 մմ տրամագծով, սպիտակ 1-2 ձու։ Թխսակալում են արուն և էգը՝ 55 օր։ Ձագերը բներում հայտնվում են ապրիլ-մայիս ամիսներին, բնից հեռանում՝ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին (110-117, հազվադեպ՝ 122-124 օրականում), կերակրվում են ծնող թռչունի փսխման զանգվածով։ Այդ շրջանում բները լցվում են անտանելի գարշահոտությամբ։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակագլուխ անգղը սակավաթիվ և վտանգված տեսակ է։ Քիչ մտահոգող կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Ենթադրվում է, որ թվաքանակը կազմում է 35-40 բնադրող զույգ։ 15 առանձնյակ պահվում է Երևանի կենդանաբանական այգում, և 110 առանձնյակ՝ Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում։

Սպառնացող վտանգներից է գյուղատնտեսական և անտառային տնտեսություններում վնասատուների դեմ պայքարի նպատակով թունաքիմիկատների օգտագործումը, ապօրինի որսը և սպանելը, թակարդներով բռնելը և թակարդներում դրված կերով թունավորումը, ինչպես նաև կերային ռեսուրսների կրճատումը։

Առնվազն 5 զույգ բնադրում են «Խոսրովի անտառ» արգելոցում։ Մյուս զույգերի կերային տարածքները գտնվում են «Շիկահող» արգելոցում և «Դիլիջան» ազգային պարկում։ Գրանցված է CITES-ի Հավելված 2–ում և Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։